Արգելափակել կամուրջները, փողոցները, մետրոն․ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ապրիլի 15-ին

2001

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 15-ի երեկոյան հանրահավաքին շարժման առաջնորդ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց և ներկայացրեց գործողությունների ծրագիր։

Փաշինյանը կոչ արեց ապրիլի 16-ի առավոտյան 8։15-ից արգելափակել Երևանի երեք խոշոր կամուրջները, իչպես նաև փողոցները, մետրոն, կաթվածահար անել երթևեկությունը և ոտքով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք, շրջափակել այն։ «Տասնյակ հազարներով պետք է մտնենք Բաղրամյան պողոտա։ Ձեր մասնակցության չափից է կախված այս գործընթացի ողջ ճակատագիրը»,- հայտարարեց նա։

Փաշինյանը ուսանողներին կոչ արեց սկսել դասադուլ, իսկ աշխատողներին՝ գործադուլ։ Ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին չուղարկել դպրոց։

«Վաղը առավոտյան 8։15 րոպեից պետք է սկսվեն զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների գործողություններ և այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ, դուք՝ ձեր, ես՝ իմ մասով, այդ գործողությունները որևէ մեկին վտանգի և ռիսկի տակ չեն դնում։

… Խոսքը հատկապես Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջների մասին է։ Այն քաղաքացիները, ովքեր, օրինակ, երթևեկում են Դավթաշենի կամրջով, նրանց մեքենան փչանում է և նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են և ոտքով շարժվում են Բաղրամյան պողոտա։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում։ Սա շատ կարևոր է։ Կարա բենզինը պրծնի, ակումլյատորը նստի, անվադողը նստի։ Հաջորդը՝ արգելափակել բոլոր հնարավոր փողոցները. ով տնից դուրս եկավ, փողոցի կենտրոնում ավտոն պատահաբար փչանում է, նույն կերպ դռները փակում է, իջնում Ազգային ժողով։ Վաղը Երևանի Մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, եթե դռները չեն փակվում, գնացքը չի գնում։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա և ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, եթե փողոցները փակ լինեն, ոստիկանները չեն կարող մոտենալ:

… Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», – հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակի նկատմամբ ինչ-որ գործողություններ տեղի ունենան։

Ավելի վաղ Ֆեյսբուքում գրառում էր արել հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը՝ նույնպես կոչ անելով քաղաքացիական անհնազանդության։ «Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից է եղել: Իմ սիրտն ու սերը` բոլոր նրանց Հայաստանում, ովքեր պայքարում են հանուն բարգավաճ ապագայի»,- գրել է Թանկյանը:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը գումարելու է նիստ, որտեղ Հանրապետական խմբակցությունը, ըստ նախատեսվածի, վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Քվեարկությունը նախատեսված է ապրիլի 17-ին։

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ցույցերը Երևանում շարունակվում են երրորդ օրը։ Հանրահավաքները տեղի են ունենում քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ երթևեկությունը արգելափակված է։

Հետևեք ՍիվիլՆեթի ուղիղ եթերին։