Սերժ Սարգսյանը ումի՞ց էր թաքնվում՝ բռնության բոլոր ձևերը մերժող «Մերժիրսերժին» շարժումի՞ց

1547

Հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է իշխող Հանրապետական կուսակցության Ծաղկաձորում այսօր հրավիրած խորհրդի նիստին։ Հանրության և լրատվամիջոցների ուշադրությունից հեռու՝ կուսակցության այսօրվա խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն առաջարկել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընդունվել է։

Իր ֆեյսբուքյան էջում Հրանուշ Խառատյանը գրել է․

«Վարչապետի իր թեկնածուին առաջադրելու գործողությունն իրականացնելու համար այսօր ՀՀԿ-ն ընտրեց ՛«այլ տարածք»՝ թաքուն (գաղտնի) պահելով թե նիստի վայրը, թե ժամանակը: Փաստացի՝ ինքնարտաքսված պայմաններում: Վախեցա՞վ իր հայրենիքում, իր գրասենյակում անցկացնել իր գործողությունը: Պատմությունն անշուշտ կարձանագրի, որ սա փախստական ՀՀԿ-ի նիստն էր (թե՞ ՀՀԿ-ի փախստական նիստը):

Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն առայժմ փախստական դառնալու որևէ անհրաժեշտություն չուներ, թերևս փախստականի ինքնաանհրաժեշտություն էր զգում վարչապետության թեկնածուն, բայց ՀՀԿ-ի վարչությունն ինքն իրեն ինքնանույնականացրեց իր թեկնածուի հետ: ՀՀԿ-ի շարքային անդամնեի մի մասը, գուցե, համաձայն չէր սրա հետ, մի մասը, թերևս, նույնիսկ չգիտի այս ամենի մասին:

Ումի՞ց էր թաքնվում, բռնության բոլոր ձևերը մերժող «Մերժիրսերժին» շարժումի՞ց, ՀՀ-ի իշխանության իրավատիրոջից՝ ՀՀ-ի ժողովրդի՞ց, թե՞ իր փոքրացած հայրենիքում վերջնականապես ընտրեց իր ՛«փոքրագույն հայրենիքը»՝ Ծաղկաձոր քաղաքը: Կարծեք թե Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետի թեկնածություն էին առաջադրում: Ծաղկաձորը վաղուց է ընտրվել Հայաստանի օլիգարխիկ կուտակումների համար: Այստեղ են նրանց թանկարժեք, ազդեցիկ հյուրանոցները, առանձնատները, սպորտային համալիրները, զվարճանքի բազմաթիվ վայրերը, այստեղ է հրավիրվում արտաքին և ներքին «էլիտար զբոսաշրջությունը», այստեղով խոշոր փողեր են հոսում, և այստեղ փաստացի շեշտված ընդդիմադիր բնակչություն չկա: Եղած փոքրաթիվ բնակչությունը սպասարկում է «թանկագին հյուրերին»:

Ծաղկաձորը, կարելի է ասել, արդեն իսկ հայկական օլիգարխիայի սեփականությունն է: Գուցե՞ «Մերժիրսերժին» շարժումը հայտարարի, որ ինքը համաձայն է հայկական օլիգարխիայի ընտրությանը և Ծաղկաձորը պետության կարգավիճակով հանձնում է ՀՀԿ-ի իշխանությանը՝ հայրենիքի մնացած մասում ընտրություններ կազմակերպելու և ՀՀ-ում ժողովրդի իշխանություն ստեղծելու պայմանով: Հանձնեց, չէ՞, Իտալիան Հռոմի մի մասը պետության կարգավիճակով Վատիկանին: Կունենան Ծաղկաձորի պետություն: Կարելի է ասել՝ առաջին քայլն արել են, առաջադրել են «Ծաղկաձորի պետության» առաջին վարչապետի թեկնածուին:

Շատ ուզենան՝ կարող են անվանել նաև «Ծաղկաձորի օլիգարխիկ պետություն»: Պատկերացնու՞մ եք, կընտրեն իրենց իշխանությունը առանց «արտաքին բողոքների», իրենց ոստիկանությունը, կկազմավորեն իրենց պետական բյուջեն, իրենց հարկային մարմինները, իրենց ԴԱՀԿ-ն, իրենց պետական կարիքների համար կօտարեն իրենց ունեցվածքը և այլն: Միակ պայմանը՝ իրենց հետ տանեն ՀՀ արտաքին պարտքը: Ի վերջո այդ պարտքը իրենց վրա է ծախսվել և մասամբ «թաղվել» և կասկածելի բիզնես ծրագրերով հարություն է առել հենց Ծաղկաձորում: