Կարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից․ ՍիվիլՆեթ

907

Անկարայի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը միջնորդություն է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 անդամների դեմ՝ «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու համար։ Նրանց թվում է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Ինչպես փոխանցում է Turkish Minute կայքը, այդ պատգամավորներն են Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլյուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիղիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը, Միզգին Իրգաթը և Կարո Փայլանը։ Նրանք մեղադրվում են «թուրք ազգին, թուրքական պետությանը, կառավարությանը, զինվորականությանը ու ոստիկանությանը նսեմացնելու», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու» և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար։

Դատախազը միջնորդություններ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որոնք պետք է փոխանցվեն խորհրդարանի նախագահությանը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Ապրիլի 9-ին թուրքական վերաքննիչ դատարանը HDP-ի փոխնախագահ Բուրջու Չելիք Օզքանին դատապարտել է ազատազրկման՝ «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով։ Օզքանը դատապարտվել էր յոթ տարվա, երեք ամսվա և տասն օրվա ազատազրկման։

2016-ի մայիսին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել օրենքի, որը թույլ է տալիս հետապնդում սկսել պատգամավորների նկատմամբ։

Քրդամետ HDP-ի դեմ ճնշումները սկսվել էին 2016-ին, երբ ազատազրկվեցին կուսակցության բարձրաստիճան անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահաթթին Դեմիրթաշը։ Ձերբակալվել է առնվազն 5000 կուսակցական, այդ թվում՝ 80 քաղաքապետ։

ՍիվիլՆեթ