ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն միմյանց մեղադրում են կեղծիքների մեջ. Հայաստանի 1918-1919 թթ. ընտրությունների մասին

1782

Ներկայացնում ենք մի քանի հրապարակումներ Հայաստանի Հանրապետության՝ 1918-1919 թվականներին տեղի ունեցած ընտրությունների մասին: 1918-ի դեկտեմբերին տեղի ունեցան Երևանի քաղաքային ընտրություններ, որոնց մասնակցում էին 4 կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, Հայ ժողովրդական կուսակցությունը, սոցիալիստ-հեղափոխական և սոցիալ-դեմոկրատ կուսակցությունները: 1919-ի ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որը բոյկոտեց հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը: Երկու ընտրություններում էլ, հատկապես խորհրդարանական, բացահայտ առավելությամբ հաղթեց ՀՅԴ-ն:

Եթե ՀՅԴ-ն Հայ ժողովրդական կուսակցությանը մեղադրում էր 1918-ի քաղաքային ընտրություններում ընտրակաշառք՝ դրամ բաժանելու մեջ, ապա ընդդիմադիր ՀԺԿ-ն 1919-ին ՀՅԴ-ին մեղադրում էր որպես ընտրակաշառք ամերիկյան օգնության ալյուրը բաժանելու, այլ զեղծարարությունների մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության շրջանում՝ 1918-1920/21 թթ., երկրում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, որը երկու անգամ կոալիցիոն կառավարություն կազմեց, մեկ անգամ ՀԺԿ-ի, երկրորդ անգամ՝ սոցիալիստ-հեղափոխականների՝ էսեռների հետ: Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդդիմադիր ուժը ՀԺԿ-ն էր, այսօրվա ռամկավարների նախնիները:

Ներկայացվող հրապարակումները ՀՅԴ Զանգ և ՀԺԿ Ժողովուրդ պարբերականներից են:

ԱՆԻ կենտրոն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Երևանը պատրաստւում է քաղաքային իրաւասուների ընտրութիւնները կատարելու:

Իսկապէս, ճիշտ չէ ասել պատրաստւում է, որովհետև համարեա ոչ մի շարժում, նախընտրական ոչ մի պայքար չի նկատւում: Թէ հասարակական լայն խաւերը և թէ քաղաքական կուսակցութիւնները անտարբեր են ու սպասողական վիճակի մէջ: Կուսակցութիւններից Հայ ժողովրդականն է միայն, որ, ինչպէս ասում են, Թիֆլիսից առատ փողեր է բերել և այդ փողով փորձում է մոբիլիզացիայի ենթարկել իր “բանակները”՝ կամենալով փողով ձեռք բերել քաղաքային ինքնավարութեան աթոռները:

Թէ փողը ինչ յաջողութիւն կը տայ “ժողովրդականներին”, չգիտենք, բայց գիտենք մի բան, որ քաղաքային ընտրութիւնների շուրջ մեր հասարակութեան ցոյց տւած անտարբերութիւնը վերին աստիճանի դատապարտելի է: Աւելի ևս պախարակելի ու ցաւալի է կուսակցութիւնների թոյլ վերաբերումը:

Ներկայ քաղաքային ընտրութիւնները կրկնակի նշանակութիւն ունեն. նախ՝ զուտ մունիցիպալ և ապա՝ քաղաքական:

Երևանը իրերի բերումով դարձել է Հայաստանի մայրաքաղաքը: Նրա այսօրւայ վիճակը չի համապատասխանում ոչ միայն մայրաքաղաքի, այլև հասարակ գաւառական քաղաքի վարկին: Նրա տնտեսութիւնը քայքայւած է: Փողոցներն ու բակերը գարշելիօրէն աղտոտ: Շինարարութիւնը կանգ է առել: Ներքին կեանքը խանգարւած է: Քաղաքի դրամարկղում մկներն են խաղում: Քաղաքային բոլոր գործերը համարեա առաջ են գնում անկազմակերպ, իներցիայով:

Ի հարկէ, այս վիճակի համար սխալ է որևէ մէկին մեղադրելը և ամենից քիչ կարելի է  մեղադրել այժմւայ դումայի կազմը: Չնախապաշարւած մարդու համար հասկանալի է, որ ստեղծւած աննախանձելի դրութեան պատճառը այն առարկայական պայմաններն են, որոնք տիրում են մեր ամբողջ երկրում, բայց այդ բացատրութիւնից քաղաքի վիճակը չի բարւոքւի: Երևանը պետք ունի հիմնական բարեփոխութեան ու վերաշինութեան: Երևանը պետք է դարձնել կուլտուրական մի քաղաք՝ վայել Հայաստանի մայրաքաղաք  կոչւելու: Եւ այս պէտք է անի այն քաղաքային դուման, որ նոր է ընտրւելու: Եւ այս տեսակէտից, իւրաքանչիւր քաղաքացի, ով սիրում է իր քաղաքը և նախանձախնդիր է նրա բարգաւաճման, պարտական է հետաքրքրւել ընտրութիւններով ու նախապատրաստւել:

Պարզ պիտի լինի և մի այլ հանգամանք, որ քաղաքային գործերը արմատապէս կարող են փոխել միայն դեմոկրատիկ՝  ժողովրդական տարրերը, որոնք և մտքի աւելի թռիչք ունին, և՛  նախաձեռնութեան ոգի և աւելի են ընդունակ եւրոպական մտքի նւաճումները մեր կեանքում պատւաստելու: Թիֆլիսից եկած փողերով ընտրութիւն կատարողները, հարուստները, որոնց համար ամեն բանից թանգ է իրենց գրպանը, ի հարկէ, ինչպէս ամեն տեղ, այնպէս և քաղաքային գործերում նախ և առաջ իրենց անձնական ու դասակարգային շահերին պիտի հետամուտ լինեն: Ուստի և ահագին պարտականութիւն կայ դեմոկրատիկ տարրերի և առաջին հերթին Հ. Յ. Դաշնակցութեան վրայ, ջանալու քաղաքային ինքնաւարութիւնը դեմոկրատիայի ձեռքը տալու:

Այս ընտրութիւնները, սակայն ունին և որոշ քաղաքական նշանակութիւն: Վաղուց է, որ ձախից և, մանաւանդ, աջից խօսում են Հայաստանի քաղաքական ուժերի յարաբերութեան փոփոխութեան մասին: Ղազախի զեմստւոյական ընտրութիւնները պերճախօս կերպով ցոյց տւին, որ Հայաստանի կենտրոնում էլ այդ մարդիկ աւելորդ են և չեն վայելում ժողովրդի վստահութիւնները: Ընտրութիւնները պիտի մի աւելորդ անգամ ևս հաստատեն, որ Հայաստանի թէ գիւղի, թէ քաղաքի աշխատաւորութիւնը ընթանում է Դաշնակցութեան դրօշի տակ և չնայած կեանքի հասցրած դառնագոյն հարւածներին՝ հաւատում է նրան և ապրում նրա հետ:

Երևանի դաշնակցական ընկերները պէտք է գիտակցեն, թէ ինչպիսի կարևոր նշանակութիւն ունեն ներկայ ընտրութիւնները և ամբողջ թափով նետւեն նախընտրական պայքարի մէջ: Անհրաժեշտ է շարժման մէջ դնել քաղաքիս կուսակցական մարմինները, հարկաւոր է աւելի եռանդ և աւելի ուշադիր վերաբերում:

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիւ 75, կիրակի, 1 դեկտեմբերի, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(75).pdf

Քաղաքացիներ. մի մասնակցէք առաջիկայ [1919 թ] պարլամենտական ընտրութիւններին և այսպիսով արտայայտեցէք ձեր բուռն բողոքը Դաշնակցութեան Մայիսի 28-ի ակտի դէմ, որով մեծ հարւած ստացան օրէնքի և ժողովրդական ներկայացուցչութեան սկզբունքները: Կեցցէ Ազատ և Միացեալ Հայաստանը, կեցցէ պարլամենտարիզմը, կորչի դաշնակցական օլիգարխիան:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հ. Յ. Դաշնակցութիւնը տագնապի մէջ է ընկել. Պարիզից ստացած տեղեկութիւնները նրան շշմեցրել են՝ նա նկատելով, որ հասնում է ժամանակը իր ոտքի տակի հողը կորցնելու, ճիգ ու ջանք է թափում փրկելու իր դրութիւնը ամեն գնով ու ամեն միջոցներով իր կուսակցական նպատակներին հասնելու համար, ոտնատակ է անում եւ ազգայի շահը եւ օրինականութիւնը:

Տարիներից ի վեր հայկական դատի ջերմ պաշտպանն ու վարողը՝ Պողոս Նուբար փաշան այսօր դաշնակցականների աչքին ներկայանում է որպէս մի վտանգաւոր անձնաւորութիւն, որպէս մի խոչընդոտ դաշնակցական նեղ կուսակցական տրամադրութիւնների:

Դաշնակցութիւն կազմակերպութիւնը, որ իր գոյութեան ամբողջ ընթացքում ցոյց է տուել նեղ կուսակցական և անհանդուրժող ոգի, մեր պատմական այս վերջին խորհրդաւոր օրերին իսկ չկարողացաւ զիջել իր թայֆայական նեղսրտութիւնը յօգուտ համայն հայութեան համերաշխութեան գաղափարին, իր կուսակցական տիրապետութեան տենչը նրան կուրացրել է և աւելի հեռուն նայելու կարողութիւնից զրկել:

Այսօր, երբ իւրաքանչիւր հայ մարդ սրտատրոփ սպասում է իր քաղաքական կատարեալ ազատութեան, երբ վերջապէս բոլոր հայերը կունենան մի ընդհանուր հայրենիք և այլևս չեն լինելու տաճկահայ և ռուսահայ յորջորջումները, ահա այդպիսի պահուն Դաշնակցութիւնը երկպառակտութեան որոմն է ցանում հայութեան երկու հատուածների միջև:

Նա ձգտում է ապօրինի, գաղտագողի միջոցներով բռնաբարել արևմտահայութեան գերագոյն իրաւունքները:

Այժմեական կառավարութիւնը թոյլ է տուել իր իրաւունքների սահմանից ելնել և հակառակ ամեն տեսակի իրաւական և բարոյական սկզբունքների՝ Հայաստանի խորհուրդ մտցնել 12 դաշնակցական թիւրքահայ “տղէրք”, դրանով իբրև թէ փաստի առաջ կանգնեցնելով ամենքին, թէ ամբողջ հայութիւնը Դաշնակցութեան կողմն է, հետևապէս և նրանից ընտրուած կառավարութիւնն է Միացեալ Հայաստանի կառավարութիւնն…

Դաշնակցութիւնը այսօր մոռանալով մեր սովալլուկ ժողովրդիս, մոռանալով մեր քարուդանդ եղած օջախները, քափ ու քրտինք է մտել և հաց խնդրող տառապեալ հայութեան կառկառող ձեռքում քար է դնում, ձուկ տալու տեղ՝ օձ հրամցնում:

Հայ ժողովրդի ղեկավարները այսօր միացեալ ուժերով պիտի ձգտին նրա ֆիզիքական գոյութիւնը պահպանելու համար միայն:

Ի՞նչ ընտրութիւն կարող է լինել այնտեղ, ուր տակաւին սովն ու հիւանդութիւնն է իշխում համատարած:

Ի՞նչ ընտրութիւն կարող է լինել այնտեղ, ուր երկրի մէջ հաղորդակցութեան միջոցներ չկան:

Ի՞նչ ընտրութիւն կարող է լինել այնտեղ, ուր ազգաբնակութիւնն ինքը զզուած դաշնակցական դաստիրակութիւնից՝ դուրս է անում գիւղերից ընտրութիւնների համար ցուցակագրողներին:

Ի՞նչ ժողովրդական ընտրութիւն էսա, երբ մասնակցելու իրաւունքից զուրկ են Նախիջևանի, Կարսի, Շարուր-Դարալագեազի շրջանների ազգաբնակութիւնը:

Ի՞նչ ընտրութիւն է սա, երբ ընտրութեան չեն մասնակցելու քաղաքական դրութիւնը չպարզւած լինելու հանգամանքով՝ Ախալքալակի շրջանը, Ղարաբաղը, Զանգեզուրը:

Ի՞նչ ընտրութիւն կարող է լինել, երբ ընտրական ապարատը անկանոն է ու թերի:

Եւ վերջապէս ինչո՞ւ շտապել ընտրական կօմեդիաներ սարքելու, երբ մինչև հոկտեմբեր ամիսն անշուշտ մեր քաղաքականութիւնը բոլորովին կպարզուի: Հայութիւնն ամբողջապէս կը տեղաւորւի և այն ժամանակ ընտրութիւնները կը լինեն տեղին և նպատակայարմար:

Սակայն այդպէս է կամենում “ամենազօր” դաշնակցութիւնը, չէ որ նրան հետաքրքրողն իր կուսակցական հեգեմօնիան է և ոչ թէ ժողովրդի բարիքը:

Հայ ժողովուրդ, մի մասնակցիր պարլամենտական ընտրութիւններին, ոչ մի պայմանով մի համաձայնիր, որ քեզ ծաղրէն՝ քո տունը քանդող դաշնակցական աջ ու ձախ տղէրքը:

Կեցցէ՜ Պարիզի արևմտահայ խորհրդից ընտրուած՝ Պօղոս փաշայի յանձնաժողովի և Հայաստանի Հանրապետութեան փոխադարձ համաձայնութեամբ ստեղծւելիք կառավարութիւնը:

Կեցցէ՜ Հայաստանի ապագայ սահմանադիր ժողովը:

Կորչի շտապողական, կուսակցական միտումներով նշանակուած յունիսի 21-ի պարլամենտական ընտրութիւնը:

Կեցցէ՜ իրաւակարգի և օրինականութեան միակ պաշտպան Հայ Ժողովրդական կուսակցութիւնը:

Հայ ժողովրդական կուսակցութեան Հայաստանի կօմիտէ 

ԲՌՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԶԵՂԾՈՒՄՆԵՐ

Պարլամենտական ընտրութեանց շուրջը

(Սեփական հեռագիր)

Նոր-Բայազէտ, 28 յունիսի, 1919

Ըստ զեկուցման, գաւառից վերադարձած մեր ագիտատօրների՝ պարլամենտական ընտրութիւնները կատարւել են բռութեամբ և ապօրինութեամբ: Դաշնակցութեան կօմիտէները, ընտրական յանձնաժողովները բռնի միջոցների են դիմել, սպառնացել են և ալիւրի բաշխման խոստումներ տւել, նոյնպէս սպառնացել են մեր ագիտատորներին: Ղշլաղում միլիցիանէր Հայկ Ասմարեանը ծեծելու սպառնալիք է տւել Քոչարեանին, փաստաթղթերն ու արձանագրութիւններն ուղարկում ենք: Իւրաքանչիւր  գիւղում ընտրութեան մասնակցել են ոչ աւելի 50 հոգուց:

Կօմիտէ

—-

Իգդիրից մեզ հաղորդում են, որ Իգդիրում և Սիւրմալուի շրջանի գիւղերում ընտրութիւնները շատ անկանոն են անցել: Շատ գիւղերում արձանագրութիւններ են կազմւած: Օրինակ՝ Ալիջան գիւղում ձայնի իրաւունք են ունեցել 223 հոգի, մինչդեռ ընտրութիւններից յետոյ արձանագրել են, որ Դաշնակցութիւնը ստացել է 350 ձայն, իսկ երբ բացել են արկղը, մէջը եղել է չը ծալւած մաքուր 331 քուէ, ինչպէս երևում է, սովից և տիֆից մեռածները էն աշխարհում էլ չեն մոռացել Դաշնակցութեանը և նրան են ձայն տւել:

Դաշնակցականները ամենուրեք ալիւր են խոստանում գիւղացիներին, եթէ միայն ձայն տան Դաշնակցութեան, աչքի է ընկնում պարենաւորման մինիստրութեան ներկայացուցիչ Լևոնիկ…

Այս շրջանում հաւանական էսէրները ձայներ բաւականին ստանան, սակայն հետաքրքիր է դրա պատճառը, էսէրների ռուսական օրիէնտացիան այստեղ պարզ կերպարանք է ստացել. նոյն գիւղացիներին ասում են՝ եթէ կամենում ես որ ռուս թագաւորը գայ, ձայնը տուր  թիւ 3-ին, իսկ թիւրքերը ասում են՝ “բըզ վերըրախ նօմէր 3, իստարախ Նիկոլայ գեալսըն”, այսպիսով ուրեմն այս շրջանի էսէրների ստացած ձայները միանգամայն կարելի է վերագրել [ցար] Նիկոլային:

Հայ ժողովրդական Կուսակցութիւնը Սուրմալուի շրջանում մեծ հող ունի, ժողովուրդը զզւած է Դաշնակցութիւնից, որի քաղաքականութեան հետևանքով աւերւեց նրա տունն ու տեղը և տեսաւ սով ու հիւանդութիւններ: Փաստօրէն ժողովրդի ահագին տոկոսը չի մասնակել ընտրութիւններին. ժողովրդի կամքը կեղծւած է ամենագռեհիկ կերպով:

—-

Վաղարշապատից գրում են, որ ընտրութեան առաջին օրը գիւղում ձայն են տուել մի քանի տասնեակ հոգի միայն, դաշնակները ստիպւած են եղել հրապարակ բերել իրենց յայտնի միջոցները, որպեսզի չը խայտառակւեն: Գիւղում բռնի կերպով ձայն տւածների մեծ մասը եղել են գաղթական խեղճ ու կրակ կիներ. նրանց յայտնել են՝ մինչև որ ձայն չտան թիւ 1-ին, նոքա չեն ստանայ հաց: Կիրակի օրը քւէատուփի մօտ ահագին կարգով շարւած են եղել կանայք կերակրի ամաններով, եկել են ձայն տան, յետոյ գնան կերակուր ստանան: Այդպիսի ծաղր և անամօթ հեգնանք գիւղացիների ընտրական իրաւունքների և ազատ կամքի վրա դժւար է  երևակայել աշխարհիս երեսին:

Ի՞նչ հեղինակութիւն կարող է ունենալ այս կերպով ընտրւած պարլամենտը: