Արմեն Սարգսյանի բիզնեսները․ ՀԵՏՔ-ի հետաքննությունը

5213
16:42, 9 ապրիլի, 2018

 

Քրիստինե ԱղալարյանԷդիկ ԲաղդասարյանDOSSIER

Ապրիլի 9-ին կայացավ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը հայտնի գորածարար է։ Միլիոնատեր նախագահը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում, իհարկե, բիզնեսների մասին ոչինչ չի նշել։ «Հետք»-ը իր գործընկերների միջոցով փորձել է պարզել՝ ինչ բիզնեսների մեջ է ներգրավված ՀՀ 4-րդ նախագահը և  Investigative Dashboard-ի օգնությամբ ձեռք է բերել նրան առնչվող ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերը։ 

Մաս 1

Մեկ տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևին։ Սակայն այս հանդիպումը որեւէ առնչություն չուներ Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների հետ։ Հայաստանի կառավարությունը նրան չի գործուղել Ղազախստան։ Դեսպան Արմեն Սարգսյանն այնտեղ ներկայացել է որպես անդրազգային «Inalca Eurasia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

Երբ սկսեցինք ուսումնասիրել դեսպան Արմեն Սարգսյանի գործունեությունը, ակնհայտ դարձավ, որ նրա հանդիպումների հիմնական մասը կապված է զանազան բիզնես ծրագրերին։

Արմեն Սարգսյանը պնդում է, որ ինքը բիզնեսներ չունի, և դրա համար իր հայտարարագրում չի գրել այդ մասին, ավելին` նրա կինը՝ Նունուֆար Սարգսյանը, եկամուտներ չի ունեցել 2013 թվականից սկսած։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում Արմեն Սարգսյանն ասում է, որ զանազան բիզնեսներում իր ունեցած բոլոր բաժնեմասերը փոխանցել է ընտանեկան հիմնադրամին, որի բաժնետեր չէ ստեղծման օրվանից, և բիզնեսով ոչ թե ինքն է զբաղվում, այլ ընտանեկան հիմնադրամը։

Արմեն Սարգսյանն, ըստ երեւույթին, աշխարհում այն եզակի պաշտոնյաներից է, ով բիզնես ընկերությունների համար աշխատում է «անվճար»։ Իրականությունն այն է, որ Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպանը տարիներ շարունակ պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար։ Իսկ երբ նրան ազատել են դեսպանի պաշտոնից, նա միանգամից հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից ու դարձել Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սովորական անձնագիրն այլեւս «պիտանի» չէր, դրանով  դժվարություններ կունենար այդ բիզինեսներն անելիս։

Արմեն Սարգսյանի անունը կարելի է հանդիպել զանազան խոշոր կորպորացիաների, ընկերությունների, միությունների ղեկավարների կամ ներդրողների ցանկում: Որպես կանոն` նա ներկայացել է Բրիտանիայի քաղաքացի։ Մի քանի ընկերություններում մինչեւ 2015 թվականը նա այդպես է ներկայացել։

Թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից և երբ է նորից դարձել ՀՀ քաղաքացի, առայժմ դժվար է ասել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասում է, որ 2011-ին Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2000թ. ապրիլի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանին ազատել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պարտականություններից։

Սակայն, Արմեն Սարգսյանն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չներկայացրեց Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ Մեր բոլոր հարցումներին Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցներ, անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքին հղում անելով, մերժում են տեղեկություն տրամադրել, իսկ «Հետքը» շարունակում է բողոքարկել դրանք՝ նշելով, որ Հայաստանի համար այս դեպքում միանգամայն այլ տիրույթում է հարցը, Հայաստանի հանրային շահն ավելի կարեւոր է, որովհետև Արմեն Սարգսյանը դարձել է ՀՀ նախագահ և Մեծ Բրիտանիայի հետ այլեւս առնչություն չունի։

Մսամթերք արտադրող իտալական ընկերության մատակարարը ԱՊՀ երկրներում

Սարգսյանների բիզնեսի մի շարք ընկերություններ հիմնադրվել են Ավստրիայում: Ավստրիայի ընկերությունների գրանցման պետռեգիստրը հաստատում է, որ Արմեն Սարգսյանն ավստրիական Inalca Eurasia Holding GmbH ընկերության տնօրենների խորհրդի անդամ է (managing director): Ընկերությունն իր 2014-2015թթ. հաշվեկշռում ցույց է տալիս 120 մլն եվրո արժողությամբ ֆինանսական միջոցներ: Inalca Eurasia Holdings-ը հոլդինգային ընկերություն է, որը եվրասիական շուկայում իր դուստր ձեռնարկությունների միջոցով սննդամթերքի բաշխում է իրականացնում: Արմեն Սարգսյանը Inalca Eurasia Holding-ի տնօրենների խորհրդի անդամակցությունը ստանձնել է 2014 թվականի հունվարի 24-ին: Իսկ ընկերության հիմնադրման օրվանից մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում է նաև որդին՝ Հայկ Սարգսյանը: Inalca Eurasia Holdings-ի բաժնեմասերի 60%-ը պատկանում է իտալական Inalca S.P.A. ընկերությանը: Սա մսամթերքի արտադրություն և արտահանում իրականացնող հայտնի իտալական ընկերություն է, որը վերահսկում է Քրեմոնինի գերդաստանը և Քրեմոնինի ընկերությունների խումբը:

Inalca Eurasia Holding GmbH-ի բաժնետոմսերի մնացյալ 40%-ի սեփականատերը ավստրիական Cascade International Holding GesmbH ընկերությունն է:

Cascade International Holding GesmbH-ն հիմնադրվել է 2007-ին: Ներկայիս բաժնետերերը երկուսն են՝ Ամստերդամում գրանցված Cascade International B.V.-ն՝ 62,5% և Նոր Զելանդիայի Օքլանդ քաղաքում գրանցված Oakura International Limited-ը` 37,5%: Հետաքրքիրն այն է, որ համաձայն հոլանդական ընկերությունների ռեգիստրի փաստաթղթի՝ Cascade International BV-ն 2010 թվականից լուծարված է:

Oakura International Limited-ը 100 տոկոսով պատկանում է նորզելանդական մեկ այլ ընկերության՝ Bromsgrove Limited-ին: Իսկ սրա միակ բաժնետերը ֆիզիկական անձ է՝ Ջոն Վիլսոն Հարթը (John Wilson Hart), որը հարկերի գծով իրավաբան է և, ըստ ամենայնի, ընկերությունը գրանցող և սպասարկող անձն է, այլ ոչ թե իրական բաժնետերը: Bromsgrove Limited-ի 100-տոկոսանոց զելանդական Powerhouse Holdings Limited-ի միջոցով Սարգսյանները նաև գործունեություն են ծավալում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Օքլանդի նույն հասցեում և նույն անձի կողմից գրանցած այս ընկերությունը բաժնետեր է ռուսաստանյան «Корпорация Ленинград» (ООО “Корпорация Ленинград”) ընկերության, որը գրանցվել է 2010 թվականին և զբաղվում է կոմերցիոն գործունեության և կառավարման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով: Իր հերթին «Корпорация Ленинград»-ը 2017-ին նոր ընկերություն է հիմնադրել ՌԴ Պրիմորյան շրջանի փոխմարզպետ Գագիկ Զախարյանի հետ:

Նախկինում Cascade International Holding GesmbH-ի բաժնետերերը եղել են Ջիբրալթարում և Շվեյցարիայում գրանցված այլ ընկերություններ, այդ թվում՝ Ամստերդամում գրանցված Knightsbridge Global B.V.-ն:

Որքան էլ Սարգսյանները փորձել են թաքցնել իրենց ներկայությունը բիզնես-ոլորտում, այդուհանդերձ, պաշտոնական փաստաթղթերում մի կարևոր արտահոսք է եղել: Իտալական պետռեգիստրից մսամթերք արտադրող Inalca S.P.A.-ի վերաբերյալ մեր ձեռք բերած փաստաթղթում Սարգսյանների ազգանվան հետ հետևյալ նշումը կա.

«Cascade International Holding GesmbH, հիմնադրված 2014-ին, ենթահոլդինգային ընկերություն է` ստեղծված գործընկեր ներդրող Սարգսյանի հետ, Եվրասիայում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, փաստացի ծրագրված է ընդարձակում Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնության տարածքում»:

 

Մսամթերքի արտադրության և առաքման բիզնեսը՝ Ռուսաստանի Դաշնությունում

Սարգսյան ներդրողի հիմնադրած ավստրիական Cascade International Holding GesmbH-ն 100-տոկոսանոց դուստր ձեռնարկություն ունի ՌԴ-ում: 52,5 մլն դոլար կանոնադրական կապիտալ ունեցող «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունը (ООО “Торгово-производственная фирма “Каскад” կամ ООО ТПФ “Каскад”) ՌԴ Օդինցովո քաղաքում գրանցվել է դեռևս 2004-ին և տարբեր ոլորտներում է գործունեություն ծավալում: Որպես ընկերության գործունեության հիմնական տեսակ պաշտոնական փաստաթղթում նշվում է սեփականության կամ վարձակալության իրավունքով անշարժ գույքի վարձակալումն ու կառավարումը, ինչպես նաեւ` մսամթերքի տարատեսակ մշակման գործունեությունը, բնակելի և ոչ բնակելի շենքերի կառուցումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, մեծածախ վաճառքը, մսամթերքի և կաթնամթերքի, խմիչքի, շաքարավազի, շոկոլադի, հրուշակեղենի, ալյուրի, մակարոնեղենի, թռչնամթերքի ու ձկնամթերքի վաճառքը, բեռնափոխադրումները և պահեստավորման ծառայությունների իրականացումը:

Բնապահպանական, տեխնոլոգիական և միջուկային վերահսկողության դաշնային ծառայության կենտրոնական վարչությունը (Ростехнадзор) մեկ տարի առաջ պլանային ստուգումներ է իրականացրել «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունում՝ արդյունաբերական անվտանգության պահանջների պահպանման վերահսկողության նպատակով: Բացահայտվել է պարտադիր պահանջների 31 խախտում: «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունն ու դրա պաշտոնատար անձը վարչական պատասխանատվության են ենթարկվել, սահմանվել է 220 հազար ռուսական ռուբլու տուգանք:

Օդինցովո քաղաքի «Կասկադ» առևտրաարտադրական ընկերության արտադրամասը

«Կասկադ» առևտրաարտադրական ընկերության գործող հասցեում գրանցված է նաև մեկ այլ ընկերություն՝ «Մառռ Ռուսիա» (ООО “Марр Руссия”) ընկերությունը: Կանոնադրական կապիտալը 1,7 մլն դոլար է: 75% բաժնեմասի սեփականատերը  «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունն է: Բաժնետոմսերի 25%-ի սեփականատերը գլխավոր տնօրենն է՝ Իգոր Ստարոստենկոն:

Գործունեության հիմնական տեսակը ոչ մասնագիտացված սննդի, ապրանքների, խմիչքի և ծխախոտի մեծածախ առեւտուրն է:

«Մառռ Ռուսիա»-ն, սակայն, առավել մասնագիտացած է հասարակական օբյեկտներին սնունդ մատակարարելու և կիսաֆաբրիկատներ արտադրելու մեջ: Այն ՌԴ-ի ռեստորանների, այդ թվում` McDonald’s ցանցի մսամթերքի, թռչնամթերքի, ձկնամթերքի և ծովամթերքի, կաթնամթերքի խոշոր մատակարարն է: Իր ավտոպարկում ընկերությունը 100-ից ավելի ջերմակարգավորող մեքենա ունի, որոնցով ՌԴ տարբեր քաղաքներ և ԱՊՀ երկրներ մթերք է տեղափոխում: «Մառռ Ռուսիա»-ն մասնաճյուղեր ունի Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Սամարայում և Եկատերինբուրգում:

Այն մուտք է գործել նաև Ղազախստան և մասնաճյուղեր բացել Ալմաթի և Աստանա քաղաքներում:

«Մառռ Ռուսիա»-ն մասնակցում է նաեւ պետգնումներին: Անցյալ տարի 9,5 մլն ռուսական ռուբլու մսամթերքի մատակարարման պայմանագիր է կնքել ՌԴ կառավարության հետ:

2010 թվականին «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունը ՌԴ-ում հիմնադրել է «Օրենբիֆ» ՍՊԸ-ն (ООО “Оренбив”): 11,5 մլն դոլար կանոնադրական կապիտալ ունեցող այս ընկերությունը 2014 թվականից Օրենբուրգում սպանդանոց է կառուցել և տարեկան 100 հազար գլխաքանակ անասուն է գլխատում: Անցյալ տարի առաջին 8 ամիսներին ընկերությունը 10 հազար տոննայից ավելի մսամթերք է իրացրել:

2016թ. «Կասկադ» առևտրաարտադրական ընկերությունը ևս մեկ ընկերություն է հիմնադրել` «Ագրոսակմարա» (ООО “АгроСакмара”) ՍՊԸ-ն, որտեղ 99% մասնակցություն է ապահովել` 1%-ը թողնելով տնօրենին: Այն խոշոր կաթնատու կենդանիների անասնապահական և կաթնամթերք արտադրող ընկերություն է:

Inalca Eurasia Holding GmbH-ն 2017-ի նոյեմբերին դուստր ձեռնարկություն է գրանցել նաև ՌԴ հանրապետություններից Բաշկորտոստանում (Башкирия)՝ «ԱգրոՍակմարա Բաշկիրիա» ՍՊԸ-ն (ООО «Агросакмара Башкирия»), որը պետք է խոշոր եղջերավոր անասունների պահման տնտեսություն հիմնադրի:

Դեսպան Արմեն Սարգսյանը բանակցություններ է վարել ղազախական շուկա մուտք գործելու համար

Իտալական մայր ընկերության հաշվետվությունում Ղազախստանի և Սարգսյան ներդրողի մասին նշումը պատահական չէր: Ավստրիական Inalca Eurasia Holding GmbH-ն 2016 թվականին մուտք է գործել նաև Ղազախստանի Հանրապետություն՝ գրանցելով Inalca Eurasia Kazakhstan ՍՊԸ-ի դուստր ընկերությունըՂազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Inalca Eurasia-ն 100 մլն եվրո ներդրում է իրականացնում Ղազախստանի մսի արդյունաբերության ոլորտում: Ղազախստանի երեք շրջանում նախատեսվել է 44 հազար գլխաքանակի միաժամանակյա սնուցման հնարավորությամբ անասնապահական ֆերմա կառուցել, ինչպես նաև` արդիականացնել երկրի մսի կոմբինատներից մեկը:

2017թ. ապրիլի 25-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր, Ղազախստանում հանդիպել է երկրի վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ՝ որպես Inalca Eurasia Holding GmbH տնօրենների խորհրդի նախագահ:

Ղազախստանի վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ հանդիպմանը քննարկվել են Ղազախստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք մի շարք ներդրումային ծրագրեր:

Հայաստանյան գույքը և Լոնդոնի տան օֆշորային սեփականատերը

Արմեն Սարգսյանը դեսպանի պաշտոնում նշանակվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին: Ըստ ներկայացված հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու ժամանակ Արմեն Սարգսյանն ունեցել է 3 առանձնատուն և 2 բնակարան, իսկ որպես դրամական միջոց՝ 8 մլն եվրո:

2017 թվականին Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 5,5 մլն եվրո դրամական միջոց:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկանքը հաստատում է, որ Արմեն Սարգսյանի Դեմիրճյան փողոցի 26 հասցեի բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է 2010 թվականից: Եվ միայն այս տարվա փետրվարի 1-ին այդ սեփականության նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք է գրանցվել նաև քրոջ՝ Կարինե Վարդանի Սարգսյանի անվամբ: Այս անշարժ գույքը բնակելի տուն է, երկու ավտոտնակ և հողամաս (գույքի նկարագրությունն առավել մանրամասն՝ այստեղ) ունի: Այս հասցեում է գրանցված նաեւ Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

11 Cheyne Walk, London

Լոնդոնի այս հասցեում է գրանցված Արմեն Սարգսյանը: Այն Թեմզայի ափին է, Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:

Այս հասցեում են բնակվում նաև նրա ընտանիքի անդամները: Նշված հասցեի տունը 1999թ. վաճառվել է 2,4 մլն ֆունտ ստերլինգով: 2000 թվականի հուլիսին սեփականության իրավունքը փոխանցվել է օֆշորային ընկերության, որի վերաբերյալ որևէ տվյալ ձեռք բերել չհաջողվեց:

Լոնդոնի գույքային իրավունք գրանցող պետական ռեգիստրից մեր բրիտանացի գործընկերները ձեռք բերեցին գույքի մասին փաստաթուղթը, համաձայն որի՝ նշված հասցեի սեփականատերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Փեթերման փրոփերթիզ լիմիթիդ» ընկերությունն է (Peterman Properties Limited):

Բրիտանական Eurasia House International ընկերությունը, որի տնօրենը 2002-ից եղել է Արմեն Սարգսյանը, նույն հասցեում է գրանցված: Այս ընկերությունը լուծարվել է 2015-ի հունիսին, և մինչ լուծարումն ընկերության գրանցման վայրը չի փոխվել:

Ի դեպ, Eurasia House International ընկերությունում Արմեն Սարգսյանի գործընկեր տնօրենը 2002-2005թթ. եղել է Ղազախստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան: Վերջինս հասարակական-քաղաքական գործիչ է և 2015-16թթ. եղել է Ղազախստանի վարչապետի տեղակալը: 2002-ից Արմեն Սարգսյանը Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիրն է։ Ֆորումի կազմկոմիտեի նախագահը Դարիգա Նազարբաեւան է:

Արմեն Սարգսյանի բրիտանական գործունեությունն այս ամենով չի ավարտվում: Դեղագործական ապրանքների մեծածախ վաճառքով զբաղվող և 2003-ից գործող Cambridge Pharmaceuticals Limitedում նույնպես տնօրեն է եղել՝ հիմնադրման տարվանից մինչև 2008 թվականը:

Անշարժ գույքի բիզնես՝ Ֆրանսիայում

Տան սեփականությունն անհատույց օգտագործման իրավունքով քրոջը փոխանցելը բնավ էլ պատահական չէ, քանի որ Կարինե Սարգսյանը կարևոր դերակատարություն ունի Արմեն Սարգսյանի ընկերությունների թնջուկում:

2010 թվականին Արմեն Սարգսյանը և Կարինե Սարգսյանը Փարիզում գրանցել են VH Estate ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի առք ու վաճառքով և վարձակալությամբ: Այստեղ Արմեն Սարգսյանը ոչ անմիջական բաժնետեր-մասնակից է, սակայն մասնակցում է կառավարմանը, անմիջական բաժնետեր-մասնակիցներ են քույրը և քրոջ դուստրը՝ Կարինե և Տաթևիկ Սարգսյանները:

VH Estate-ը գրանցված է Փարիզի կենտրոնի այս հասցեում: Այն նոտարական գրասենյակ է՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծառայություններ մատուցելու մեջ:

Կարինե Սարգսյանը նաև ստանձնել է մսամթերքի բիզնեսում ներգրավված Cascade International Holding GesmbH-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը 2016 թվականի ապրիլից: 2008-2014թթ. նա եղել է նաեւ նորզելանդական Bromsgrove Limited-ի դուստր ընկերության՝ Foxton Limited-ի տնօրենը:

Արմեն Սարգսյանի բիզնեսը Հայաստանում

Մամուլի հրապարակումներում և նրա վիքիփեդյան կենսագրությունում նշվում է, որ Արմեն Սարգսյանը ղեկավարում է նաև Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «Highbury Group» ընկերությունների խումբը: Այդ խմբի ընկերություններից մեկը՝ «Հայբրի ֆուդ ընդ Բևրիջ լիմիտեդ»-ը, կրկին գրանցված ԲՎԿ-ում, 2013 թվականից այն տնօրինում էր Արսենյաններին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը: Ընկերությունը «Պեպսի»-ի, ինչպես նաև այլ հյութերի արտադրությամբ է զբաղվում: 2017 թվականի հունվարից այն ամբողջապես անցել է Սարգսյաններին՝ ԲՎԿ-ում գրանցված մեկ այլ՝ «Էլսու ինք» ՍՊԸ-ին:

Արմեն Սարգսյանը նաև Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավարն է: Նա տարբեր երկրներում այդպես է ներկայացել: Knightsbridge-ը ընկերությունների խումբ է՝ գրանցված տարբեր օֆշորային գոտիներում, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ նորագույն տեխնոլոգիաներ: Այս խմբի ընկերությունների մեծ մասը լուծարվել է:

Այդ խմբից դեռևս գործում է Knightsbridge Natural Resources (Armenia) Holding GesmbH-ը: Գրանցված է Ավստրիայում: Բաժնետերերն են` Fortress Holdings Limited-ը՝ 25% և Knightsbridge Global B.V.-ն՝ 75%: Knightsbridge Global B.V-ի ամբողջ բաժնեմասը Չինաստանում գրանցված Knightsbridge Global (Asia) Limited-ինն է:

Fortress Holdings Limited-ի բաժնետերը Նոր Զելանդիայի նույն՝ Bromsgrove Limited-ն է: Նոր Զելանդիայում գրանցված ընկերություններում երկու հայազգի տնօրեն է եղել՝ Երևանում գրանցված Գեղամ Մխիթարյանը և Արտավազդ Բաբայանը:

Ավստրիական Knightsbridge Natural Resources (Armenia) Holding-ը 2012-ին Հայաստանում գրանցել է «Գրինթեք» ՍՊԸ-ն: Այն, ըստ ՊԵԿ-ի, գործող ընկերություն է և բնական գիտությունների բնագավառում զբաղվում է գիտական հետազոտություններով և փորձարարական մշակումներով: Տնօրենը Գարիկ Նալբանդյանն է: Վերջինս նաև «Արև» գիտաարտադրական ՓԲԸ-ի տնօրենն է: Knightsbridge-ի պաշտոնական կայքում «Արև» գիտաարտադրական ՓԲԸ-ի նախագիծը ևս ներկայացված է որպես սեփական նախաձեռնությամբ նորարար տեխնոլոգիա: Մասնավորապես` այդ նախագծով ստեղծվել է հեղուկ ռադիոակտիվ թափոնների մշակման համար մասնագիտացված սարքավորումներ արտադրելու տեխնոլոգիա, որը կիրառվում է Մեծամորի ատոմակայանում եւ փորձարկվում Ղազախստանի Սեմիպալատինսկի շրջանում (ԽՍՀՄ-ի միջուկային զենքի փորձարկման տարածքն էր):

Ռուսական մամուլը գրել է, որ Knightsbridge Natural Resources-ը ներդրումներ է կատարելու նաև ՌԴ-ում: Մասնավորապես՝ Լենինգրադի շրջանի ջրամատակարարման Նովոլադոժսկի ջրագծի նախագծի քննարկման նպատակով Արմեն Սարգսյանը դեռևս 2012-ին հանդիպել է Լենինգրադի մարզի ՏԻՄ ղեկավարների հետ և հուշագիր ստորագրել:

Առայժմ այսպիսի տեսք ունի Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների ներգրավվածությունը տարբեր բիզնես նախագծերում և ընկերություններում:

Սարգսյանների Knightsbridge ընկերությունների խումբը Եվրոպայի տարբեր երկրներում և օֆշորային գոտիներում երկու տասնյակից ավելի ընկերություններ է ստեղծել 2006-2007թթ.` համանուն անվանման մասնակցությամբ: Դրանց մեկ տասնյակից ավելին արդեն լուծարված է: Թե ինչ նպատակներով են դրանք հիմնադրվել և մի քանի տարի անց լուծարվել, գիտեն միայն Սարգսյանները:

Այդ խմբից մի քանիսը ներգրավված են Սարգսյանների ռուսաստանյան բիզնես-նախագծերում: Մասնավորապես` Ջիբրալթարում գրանցված Knightsbridge Holding Limited-ը մինչ օրս 30% բաժնեմաս ունի «Ներդրումա-շինարարական ալյանսում» (ООО “Инвестиционно-строительных альянс”): Հոնկոնգում գրանցված Knightsbridge Associates (Asia) Limited-ը Սանկտ Պետերբուրգում 2012-ին գրանցված ООО “РС Электроникс”-ի միանձնյա սեփականատերն է: Ռուսաստանյան մի շարք այլ լուծարված ընկերություններում ևս Knightsbridge խումբը մասնակցություն է ունեցել:

Շարունակելի