Վեհափառ Տեր,
Մեծարգո պարոն Նախագահ և տիկին Սարգսյան,
Արցախի Հանրապետության մեծարգո Նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ և հարգելի պատգամավորներ,
Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
Ձերդ Գերազանցություններ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
Թանկագին հայրենակիցներ և հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև:
Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաև այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչև պարզ քաղաքացիներ, ինչպես նաև Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ և ուշադիր հետևում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:
Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ,
հավատը Հայաստանի քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, և անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի: Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:
Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք` փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաև արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:
Հենց դրա շնորհիվ մեզ՝ մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլև կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:
Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր և հզոր բանակ:
Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:
Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար.
Երեկ, այսօր և վաղը:
Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին:
Փա՛ռք Հայոց հաղթական բանակին:
Թանկագին բարեկամներ,
Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:
Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:
Սիրելի բարեկամներ,
Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու և հավատի, մենք չէինք կարող խոր հնադարից հասնել այսօր, և այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու մեր նպաստը բերել համաշխարհային առաջընթացին:
Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում՝ սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչև մեր օրերը:
Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։
Ժամանակային և տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:
Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:
Ահա թե ինչու, Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները և քաղաքական խնդիրները խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը:
Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:
Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը և ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան:
Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:
Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին:
Բարեկամներ,
Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:
Մեր ազգային միասնության ամենակարևոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։
Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:
Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձևի ընկալմանը ու կենսագործմանը:
Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը:
Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:
Սակայն, ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:
Աշխարհը, ուր ապրում ենք մենք և ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին:
Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների և լուծումների կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Սա’ է ապագան։ Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրև երկրի Նախագահ, այլև այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով և մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաև նոր և գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:
Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, և դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան:
Դինամիկ, ճկուն և ստեղծագործ Հայաստան:
Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին և կդառնա բոլորիս հպարտության և ոգևորության աղբյուրը:
Հայրենիք՝ աշխարհի բոլոր հայերի համար:
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՜ռք Արցախին:
Փա՜ռք հայ ժողովրդին:
Աստված պահապա՛ն բոլորիս: