Լոզանը դարձավ Հայկական դատի ողբերգական փուլերից մեկը, բայց ոչ երբեք՝ նրա վախճանը

1501

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Տասնիններորդ գլուխ

(հատված, վերնագիրը ԱՆԻ կենտրոնինն է)

Այն օրից, երբ հայկական հարցը հանգեց իր տխուր վախճանին, մենք աշխատեցինք հայտնել դաշնակից բոլոր պատվիրակներին, որ հայկական հարցն իր էությամբ մեզ համար մնում է նույնը և որ Լոզանը, դաշնակիցների թուլության պատճառով, դարձավ հայկական դատի ողբերգական փուլերից մեկը, բայց ոչ երբեք` նրա վախճանը:

Այդ ուղղությամբ մենք աշխատեցինք Փարիզում, Լոնդոնում, Լոզանում և, որ գլխավորն է, հայ ժողովրդի մեջ՝ նրա քաղաքական և հանրային կազմակերպությունների միջոցով: Մենք բոլոր պատվիրակություններին խնդրեցինք, որ մեր բողոքը հայտնեն իրենց կառավարություններին: Դաշնակցությունը շրջաբերականով դիմեց իր բոլոր անդամներին՝ արծարծելով նույն տեսակետները:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էլ հանդես եկավ իր պաշտոնական հայտարարությամբ: Եվ մեր հարցը այսօր էլ մնում է ուժի մեջ: Գուցե միջոցներն են փոխվել, բայց նպատակը մնում է նույնը:

Մենք շարունակեցինք մեր աշխատանքը: Հունիսի 20-ին ֆրանսիական կառավարությանն ուղղեցինք հետևյալ հեռագիրը.

«Նախարարների խորհրդի պարոն նախագահին,

Լոզանի խորհրդաժողովը որոշել է խաղաղության դաշնագրից հանել Հայկական օջախի հարցը: Թուրքիայից փախած 700 հազար հայեր, ովքեր թափառում են օտարության մեջ, իրենց հայացքներն ուղղել են խորհրդաժողովին: Որպես պատասխանատուներ հայ ժողովրդի առաջ, որին հայտնել ենք ձեր բազմաթիվ անգամներ արած խոստումները, մենք չենք կարող համակերպվել, որ հայկական հարցը լքվի այս ձևով: Հանուն դաշնակիցների համար զոհված մեկ ու կես միլիոն հայության, հանուն մի քանի հարյուր հազար տառապյալ հայ փախստականների, կոչ ենք ուղղում ձեզ՝ հրահանգել Լոզանում ձեր ներկայացուցիչներին՝ չստորագրել դաշինք, որը չի լուծում հայկական հարցը՝ անապահով վիճակի մատնելով արևելքի խաղաղությունը և որը կլինի մեծ անարդարություն դաշնակիցներին հավատարիմ մնալու պատճառով զոհված մարտիրոս ժողովրդի հանդեպ:

Միացյալ հայկական պատվիրակությունների նախագահներ՝ Ահարոնյան, Նորատունկյան»:

***

Ազգերի լիգայում Հայկական օջախի գաղափարը վառ պահելու նպատակով նույնանման հեռագիր ուղղեցինք և Մուսոլինիին:

«Հռոմ, 19 փետրվար, 1923

Ձերդ Գերազանցություն,

Որպես հետևանք մեր այս առավոտյան խոսակցության, պատիվ ունեմ հաղորդելու Ձերդ Գերազանցությանը հետևյալ առաջարկները, որոնք կարող են դյուրին դարձնել Հայկական օջախի ստեղծման խնդիրը: Եթե դաշնակիցները անկարող են որոշակի մի վճիռ տալու Հայոց Ազգային օջախի համար, չնայած իրենց անվերջ հանդիսավոր խոստումներին, նրանք պիտի կարողանան գեթ՝

  1. Լոզանի դաշնագրի մեջ մտցնել մի հոդված, որով դաշնակից պետությունները կընդունեն սկզբունքով Հայոց Ազգային օջախի ստեղծումը, թողնելով նրա գործադրությունը Ազգերի լիգային:

Կամ թե՝

  1. Հաստատելով Հայոց Ազգային օջախի անհրաժեշտությունը և սկզբունքով ընդունելով այդ հարցը՝ նրա գործադրությունը հանձնում են դեսպանախորհրդին կամ թե այս առթիվ կազմված հատուկ հանձնախմբին:

Հայտնելով Ձերդ Գերազանցությանը մեր խորին շնորհակալությունները այն ընդունելության համար, որ դուք ցույց տվեցիք մեր հարցի նկատմամբ՝ խնդրում ենք Ձեզ անկեղծորեն հավատալ, որ Ձերդ Գերազանցության միջամտությունը Դաշնակիցների առաջ լավագույն կերպով կգնահատվի համաշխարհային խղճի և տառապյալ ժողովրդի կողմից:

Հաճեցեք, Ձերդ Գերազանցություն, ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը:

Միացյալ հայկական պատվիրակությունների »:

Նույնանման դիմում եղավ և անգլիական պատվիրակությանը Հայասերների լիգայի կողմից, հանձինս վերջին ծերունազարդ նախագահ Էդ. Նավիլի, 1924-ին: Ի պատասխան ստացվեց հետևյալ նամակը.

25 հունվար, 1923

Բրիտանական պատվիրակություն

Լոզան

Սիրելի պարոն Նավիլ,

Բրիտանական պատվիրակությունը լուրջ ուշադրության է արժանացրել Հայրենասերների լիգայի գործադիր կոմիտեի այն երկու առաջարկները, որոնք դուք հանձնեցիք ինձ հունվարի 20-ին Ձեր՝ ինձ տված այցելության ժամանակ:

Այդ առաջարկներն են.

  1. Որ դաշնակիցները, նախքան խորհրդաժողովի ցրվելը, պարտավոր են հայտարարել, թե ինչո՞ւ հայկական հարցը չստացավ իր վերջնական լուծումը:
  2. Որ պիտի հաստատվի միջազգային հանձնախումբ՝ զբաղվելու զանազան երկրներում ցրված հայ փախստականների անցագրային և նյութական խնդիրներով:

Բրիտանական պատվիրակությունը գտնում է, որ եթե ինքը ընդունի և ընթացք տա այդ խնդիրներից մեկն ու մեկին, կամ երկուսին միասին, իր առաքելության գլխավոր նպատակից դուրս գործ պիտի արած լինի մի խորհրդաժողովում, որը կոչված է խաղաղություն հաստատելու Դաշնակիցների և Թուրքիայի միջև:

Հայկական շահերը պաշտպանելու եւ Փոքր Ասիայի տարածքում Ազգային օջախ հիմնելու համար բրիտանական պատվիրակությունը հանդես եկավ որոշ առաջարկներով, կշտամբեց թուրքերին, սակայն, իր բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Հետևաբար, բրիտանական պատվիրակությունը գտնում է, որ խորհրդաժողովի երեք նախարարներն էլ չպետք է կարողանան ընթացք տալ ձեր նոր առաջարկներին: Այս մասին ես խոսել եմ պարոն Խատիսյանի հետ, ով երեկ ինձ մոտ էր այս առիթով:

Անկեղծորեն ցավում եմ, որ չեմ կարող ձեզ տալ այնպիսի պատասխան, որ ձեզ բավարարեր և քաջալերեր:

Անկեղծօրեն Ձեր՝ Հորաս Ռումբոլտ

Լոզանը թողնելուց առաջ որոշեցինք բողոք-դիմում ներկայացնել բոլոր պատվիրակներին՝ իրենց կառավարություններին հանձնելու համար:

Այդ բողոքի ընթերցման ժամանակ պետք է նկատի ունենալ երկու հանգամանք. առաջին՝ այն խառնուրդ է երկու պատվիրակությունների կողմից ներկայացված տարբեր մտքերի և արտահայտության եղանակների, երկրորդ՝  ՀՀ Պատվիրակությունը որոշել էր խորհրդաժողովի ավարտից հետո հանդես գալ առանձին բողոքով:

Այդ բողոքը մենք ներկայացրեցինք փետրվարի 2ին: Բողոքում արտահայտված են այն մտքերը, որոնցով համակված էր հայ ժողովուրդը Լոզանի օրերին: Ահա այդ բողոքը.

Ծանուցագիր

(Ուղղված Դաշնակիցներին՝ միացյալ Պատվիրակության կողմից)

Լոզան, 2 փետրվար, 1923

Լոզանի խորհրդաժողովի հանձնախմբերի հայտարարություններից և նորերս մամուլում լույս տեսած խաղաղության դաշնագրի ծրագրից Պատվիրակությունս իմացավ, որ Հայկական հարցը դաշնակիցների կողմից լքված է:

Ներկա պայմաններում հայ պատվիրակությունները չեն ուզում փնտրել կամ վիճել այդ հարցի լքման պատճառների մասին, որ շատ ցավալի է, ինչպես դաշնակիցների, հայերի, նույնպես և իրենց՝ թուրքերի համար:

Հայ պատվիրակությունները պարտք են համարում նկատելու, որ Հայկական հարցը դարձյալ մնաց չլուծված և որ դժբախտ ազգի վիճակը ավելի ու ավելի ողբերգական կերպարանք ստացավ:

Մեծ պետությունները հիշում են, անշուշտ, իրենց խոստումը, երբ ստանձնեցին թուրքահայերի ազատության հարցը՝ տալով նրանց այդ իրավունքը ոչ միայն քաղաքական և մարդասիրական տեսակետով, այլև այն պատճառով, որ հայերը մասնակցել են մեծ պատերազմին և անթիվ ծառայություններ մատուցել Դաշնակիցներին:

Դաշնակիցների կոչն էր պատճառը, որ հայ կամավորները, խումբ-խումբ հավաքվեցին նրանց դրոշի տակ: Այդ հայ կամավորները, երբ ստորագրեցին այն պայմանաթուղթը, որում իրենց հայրենիքի ազատությունն է  խոստացվել, դարձան կորիզը Արևելյան բանակի, որ այնքան հռչակվեց Պաղեստինում և Կիլիկիայում: Հայկական զորամասն էր , որ մենակ 1918-ին կռվեց Կովկասյան սահմանագլխին և արգելեց թուրքերի առաջխաղացումը դեպի բրիտանական բանակը, դեպի Միջագետք: Վերջապես, հայերն էին, որ Բաքվում իրենց հերոսական դիմադրությամբ արգելեցին, որ նավթը հասնի արևմտյան սահմանի գերմանական բանակին՝ զրկանք, որ արագացրեց պատերազմի ավարտը՝ ըստ գերմանական զորապետերի վկայության:

Այս գնահատելի գործերը շատ թանկ արժեցան հայ ժողովրդի համար, որի զոհողություններն անհամեմատելի են, որովհետև, եթե հայացք նետենք նրա  նյութական և ֆիզիկական կորուստներին, կտեսնենք, որ մեկ ու կես միլիոնը սպանվել են ջարդերից և տեղահանություններից, որ 700 հազարը դեռ թափառում են անապաստան, որ 100 հազար որբեր բեռ են դարձել բարեգործական ընկերությունների վրա և որ Թուրքիայում ավելի քան տասը միլիարդ ֆրանկի կորուստ ենք ունեցել: Այսպիսով, հայ ժողովուրդը իր զավակներից կորցրել է խոշոր թիվ, զրկվել է եկեղեցիներից, դպրոցներից, նաև՝ հայրենիքից:

Առանց կանգ առնելու Բեռլինի դաշնագրի վրա (1878թ), որին հաջորդեցին միջազգային ակտեր և որ մեծ պետություններն իրենց ձեռքն առան հայկական հարցը, թող թույլ տրվի հիշեցնել, որ մեծ պետությունները պատերազմի ընթացքում հայտարարեցին, որ խաղաղության շրջանում շատ բարեփոխություններ պիտի լինեն և որ մեծ պատերազմի նպատակներից մեկը արդարության իրավունքն է:

1919-ին Վերսալում կնքված դաշնագրի 22-րդ հոդվածի հիման վրա դաշնակիցները հանձն առան ազատել Օսմանյան կայսրությունում գտնվող մի քանի համայնքներ, որոնց մեջ առաջինը հայերն էին: Սևրի դաշնագրով, 1920-ին, Դաշնակիցները ընդգծեցին ազատ Հայաստանի սահմանները: 1921-ին Լոնդոնի խորհրդաժողովում վճռեցին Հայկական օջախի ստեղծման հարցը: 1922-ին Փարիզի ժողովում հայտարարեցին, որ «հայերի վիճակի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել. մեծ պատերազմի ընթացքում դաշնակիցներն այնքան պարտավորություններ ունեցան նրանց հանդեպ. ի վերջո, Ազգերի լիգայի օժանդակությամբ, բավարարելու հայերի ավանդական ձգտումները և որպես պաշտպանություն փոքր ազգերի, ստեղծել Հայկական օջախ»:

Թույլ է տրվում մեզ, անշուշտ, նկատել, որ Լոզանում 1923-ին Դաշնակիցները որևէ բան չորոշեցին, որը կնպաստեր հայ ժողովրդի հանդեպ իրենց խոստումների իրականացմանը, որը, սակայն, պատերազմի ընթացքում ճանաչվել է իբրև ռամիկ տարր և իբրև դաշնակից՝ պատերազմից հետո:

Այս պայմաններում կազմվեց ներքո ստորագրյալ պատվիրակությունը, որը, հանուն մարտիրոսված ազգի, մի անգամ ևս մեծ պատություններից խնդրում է որոշել հայ ժողովրդի բախտը՝ հանուն արդարության և ճշմարտության, որի տառապանքները քաղաքակիրթ աշխարհը չի կարող տանել: Մեզ մնում է ասել, որ Մերձավոր Արևելքում այսպիսի խաղաղությունը չի կարող հաստատուն լինել:

Ներքո ստորագրող պատվիրակությունը Ձերդ գերազանցությանը խնդրում է բարի լինել ընդառաջելու և լուրջ ուշադրություն դարձնելու իր ներկայացրած ակտին՝ պատասխանին սպասելով հասկանալի անհանգստությամբ:

***

Փետրվարի 5-ին մենք թողեցինք Լոզանը և անցանք Փարիզ: Լոզանում այլևս անելիք չունեինք: Խորհրդաժողովը շարունակում էր իր աշխատանքները: Դաշնակիցները գրեթէ բոլոր խնդիրներում զիջում էին թուրքերին, և 1923թ հուլիսի 24-ին վերջապես կնքվեց դաշնագիրը:

Այդ դաշնագրում ոչ միայն չկա որևէ հիշատակություն Հայաստանի և Հայկական հարցի, այլև ընդհանրապես հայերի մասին:

Փարիզում Պատվիրակությունը շատ ծանր օրեր էր ապրում: Հայ ժողովրդի զայրույթն անսահման էր: Ոտնատակ էին տրվել Դաշնակիցների բոլոր խոստումները: Գաղութահայությունը՝ Հնդկաստանից մինչև Ամերիկա, իրեն ծուղակի մեջ էր զգում, որից դուրս գալու ոչ ելք և ոչ էլ ուղի կար: Հայ ժողովուրդը, հասարակական իմաստով մի տեսակ շշմածություն էր ապրում և կարծես ընդհանուր անհրաժեշտություն էր արտայայտելու այդ ապրումները: Կամաց-կամաց մեր մտքերն սկսեցին կենտրոնանալ Ազգերի լիգայի վրա, որն ամեն տարի հայկական հարցի վերաբերյալ բանաձևեր էր քվերակում: Օգոստոսի 9-ին մենք գրություն ուղղեցինք Ազգերի լիգայի նախագահին:

«Պարոն նախագահ,

Հայկական Հանրապետության պատվիրակությունը, լիազորված հայ ժողովուրդի կողմից, չի կարող լռել այն դաշնագրի մասին, որը Դաշնակիցնրի և թուրքերի միջև կնքվել է 1923թ. հուլիսի 24-ին: Այդ դաշինքը, որ գալիս է գրավելու Սևրի դաշնագրի տեղը, ոչ միայն հաշվի չի առնում հայի իրավունքները՝ ստացված Սևրի դաշնագրի և նրան հաջորդող խորհրդաժողովների, ինչպես և դաշնակիցների խոստումների հիման վրա՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո, այլև պարզապես մերժում է հայերի գոյությունը: Սույն գրությամբ Հայկական Հանրապետության պատվիրակությունը դիմում է մեծ պետությունների կառավարությունների պետերին՝ հարգալիր խնդրանքով հրավիրելու Ազգերի լիգայի ամենալուրջ ուշադրությունը:

Հայկական հարցի վերաբերյալ բոլոր խնդիրները ներկայում առկախ վիճակում են: Համակված խորին երախտագիտության զգացմունքով այն հետաքրքրության համար, որ ցարդ ցույց է տվել Ազգերի լիգան հայ ժողովրդի հանդեպ իր միաձայն վճիռներով և միջամտություններով Դաշնակից պետությունների առջև, Հայկական Հանրապետության պատվիրակությունը խոնարհաբար խնդրում է ձեզ՝ բարեհաճել այս գրության մեջ հիշված հարցերը մտցնել Ընդհանուր ժողովի օրակարգ:

Հաճեցեք ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ահարոնյան»:

Դաշնակից պետությունների ներկայացուցիչներին ևս ուղարկեցինք պատճառաբանված բողոք, որը մինչև այսօր պահում է իր այժմեականությունը:

«Փարիզ, 8 օգոստոսի, 1923թ

Պարոն նախարար,

Լոզանի խորհրդաժողովից հետո Սևրի դաշնագրի փոխարեն ստորագրվեց նոր վավերաթուղթ, որում Հայկական հարցի վերաբերյալ չկա և ոչ մի խօսք:

Պատերազմող ժողովուրդներից ամենից շատ տուժողը, նա, որ վստահելով Դաշնակիցների առաջադրած մեծ սկզբունքներին, իր ազատությունը ձեռք բերելու համար նետվեց պայքարի մեջ՝ կորցնելով իր թվի ճիշտ մեկ երրորդը, այսօր ինքն իրեն զգում է մեկուսացած ու մոռացության մատնված:

Դաշնակիցների հանդիսավոր խոստումների շնորհիվ և որպես վարձատրություն անհամար զոհերի, Սևրի դաշնագիր մտցվեցին կետեր, որոնք պիտի ապահովեն Հայաստանի գոյությունը, որովհետև ազատության և արդարության համար կռվող ժողովուրդներից և ոչ մեկը, համեմատական չափով, իր անկախ ապրելու իրավունքը ձեռք բերելու համար այնքան թանկ չի վճարել, ինչպես հայերը:

Եթե ճիշտ է, որ ընդհանուր խաղաղությունը կարողացավ լուծել պատերազմից առաջ եկած բոլոր խնդիրները, ճիշտ է և այն, որ հայ ժողովուրդն է միայն, որի կացությունը աներևակայելի կերպով ծանրացավ, հայ ժողովուրդն է միայն, որ զրկավեց հաղթության պտուղներից և անմիջապես ճաշակեց դառը լքումի բոլոր հետևանքները:

Չանդրադառնալով Թուրքիայում և բոլշևիկյան ռեժիմին տակ ապրող երկու միլիոնից ավելի հայերին, պետք է ասեմ, որ դեռ կան մեկ միլիոնից ավելի հայեր՝ ցրված ամբողջ աշխարհի երեսին, որոնք ապրում են գաղթակայաններում՝ ենթարկված ծանր զրկանքների և հիվանդությունների: Նրանցից մեկ տասներորդն է միայն ապրում իր աշխատանքով և ունի քիչ թե շատ բարեկեցիկ վիճակ, մնացածները զրկված են օրենքի պաշտպանությունից՝ գաղթականի ցուպը ձեռքին:

Թուրքահայերը արտոնված չեն իրենց բնակավայրերը վերադառնալու կամ օգտվելու իրենց ունեցվածքի հասույթից: Տասը հազարից ավելի որբեր զրկված են իրենց ժառանգական իրավունքներից, դիմողը, եթե ծագումով հայ է, արդեն բավական է, որ օրենքից դուրս համարվի. ոչ հատուցում, ոչ վերահաստատում:

Ինչ վերաբերում է հայրենիքում թողած կալվածքներին, եկեղեցիներին, վանքերին, դպրոցներին, գրադարաններին, թանգարաններին, որոնց վնասները միլիարդների են հասնում, դրանք բոլորն էլ այրված, ոչնչացված են, իսկ եթե մնացել են, գրավվել են թուրք կառավարության ձեռքով:

Այս ամենն անհրաժեշտ է այսպես թռուցիկ կերպով հիշել, որպեսզի ըմբռնելի լինի այդքան շուտ մոռացության տրված հայ ժողովրդի ողբերգությունը: Բոլոր այս և դրանցից բխած բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պակաս գործնական արժեք չեն ներկայացնում, մինչև հիմա մնում են անլուծելի: Պարզ է, որ Հայկական հարցի վերաբերյալ Լոզանի դաշնագիրը դարձավ պատրանք: Այն կնքվեց, անտեսելով հայ ժողովրդին, կարծես նման ժողովուրդ գոյություն չունի: Լոզանի դաշնագիրը, արևելյան մի ժողովրդի բախտը թողնելով անորոշության մեջ, չի կարող ծառայել ոչ խաղաղության և ոչ արդարության համար:

Այս պարագաներում մեր Պատվիրակությունը, որպես դաշնագիրը ստորագրող կողմ, թույլ է տալիս վերապահում անել բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են իր իրավունքների պաշտպանությանը, ինչը դաշնակից պետությունները խոստացել էին մեզ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում և որ վավերացված է Սևրի դաշնագրով և հաջորդող խորհրդաժողովներով:

Այժմ, ինչպիսի վերաբերմունքի էլ արժանանալու լինի մեր հանդիսավոր բողոքը, ՀՀ պատվիրակությունը՝ հարգելով հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունը՝ իր ամբողջ ուժով դեմ է Լոզանի դաշնագրին:

Լիահույս ենք, որ պատմությունը կլինի լավագույն դատավորը:

ՀՀ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյան»: