Միացյալ, անկախ Հայաստանի փոխարեն «վայր»՝ հայերին կենտրոնացնելու համար. Լոզան, 1923թ

874

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Տասնիններորդ գլուխ

(հատված, վերնագիրը ԱՆԻ կենտրոնինն է)

Պետք է ասել, որ դեռ սկզբից ամերիկացիները բարենպաստ դիրք էին բռնել հայերի նկատմամբ, սակայն այդ դիրքը մեզ օգուտ չբերեց, որովհետև նրանք ազդեցիկ միջոցներից խուսափում էին:

Ինչ վերաբերվում է Խորհրդային Ռուսաստանին, որը առաջին անգամ էր, որ հանդես էր գալիս միջազգային թատերաբեմի վրա, ըստ մեր բարեկամների կարծիքների, կարող ազդակներից էր՝ իր ձայնը լսելի դարձնելու համար: Պետք էր այդ ձայնից ևս օգտվել:

Հայասերների միության ներկայացուցիչները հանդիպել էին Չիչերինի հետ և ներկայացրել հետևյալ հուշագիրը.

«Ինչպիսին էլ որ լինի Լոզանի խորհրդաժողովի արդյունքը, չպետք է կնքվի պատվավոր դաշինք, եթե հայկական հարցը վերջնականապես իր լուծումը չստանա: Քաղաքակիրթ աշխարհի հանրային միտքը, որ միլիոնավոր ստորագրություններով այսօր պահանջում է Հայոց ազգային օջախի ստեղծումը, չպետք է ընդունի մի խաղաղություն, որ վերջ պիտի դնի թուրքահայ ժողովրդի գոյությանը:

Հայրենասերների միությունը և նրա Լոզանի ներկայացուցիչները գիտեն, որ Խորհրդային Ռուսաստանը փրկել է Կովկասի Հայկական Հանրապետությունը, որն այսօր դուրս է թուրքական վտանգից, սակայն այն այնքան փոքր է, որ անկարող է իր մեջ ընդունել Օջախին սպասող 800 հազար հայ փախստականներին: Ռուսները թուրքահայությանը կարող են փրկել միայն թուրքերի հետ մասնավոր համաձայնությամբ, որով կարելի է ընդարձակել Կովկասահայաստանի սահմանները Վան, Բիթլիս ուղղությամբ: Այսպիսով, ռուսները կլուծեն հայկական հարցը, մի բան, որը դժվարանում են անել դաշնակից պետությունները, շնորհիվ թուրքերի դիմադրության, որն արգելում է իր սահմաններում ստեղծել այսպիսի անկախ պետություն»:

Չիչերինը հունվարի 26-ին այս նամակին պատասխանեց հետևյալ գրությամբ.

«Ձեզ և Ձեզ ընկերացող Հայաստանի Միջազգային Միության անդամների հետ ունեցած իմ տեսակցությունների ընթացքում ես առիթ ունեցա իմանալու, որ Լոզանի խորհրդաժողովում Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը անմասն են եղել հայկական հարցի քննությունից, չնայած որ մեր մասնակցությունը պիտի իսկապես ապահովեր այս հարցի լուծումը դրական իմաստով: Այժմ պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններն առաջարկում են իրենց սահմաններում տեղավորել հայ փախստականներին, որոնց թիվը դեռ պիտի ճշտվի: Մանրամասնությունները քննության կառնվեն իմ կառավարության և հայերի ներկայացուցիչների կողմից: Բարեհաճեք, խնդրեմ, հայտարարել այս առաջարկս շահագրգիռ կողմերին: Ընդունեք խորին հարգանքներիս հավաստիքը: Չիչերին»:

Այսպիսով, Չիչերինը հրապարակ էր գալիս ամրացնելու թուրքերի անհաշտությունը և Հայկական օջախը Ռուսաստան տանելով՝ ընդմիշտ սպանել Թրքահայաստանի դատը:

Այստեղ էլ ազգային ձգտումների համար ճակատագրական դեր խաղաց ռուսների և թուրքերի շահերի մերձեցումը:

Այս պարագան շեշտում եմ առանձնապես՝ լավ ըմբռնելու համար, թե որքան անհիմն էր այն հույսը, թե ռուսները կկարողանան ազդել թուրքերի վրա այն ուղղությամբ, որ օգտակար լիներ հայերիս համար: Նրանց քաղաքականությունը, որը բխում էր բոլշևիզմի էությունից, թույլ չէր տալիս իրենց որևէ քայլ անել օգուտ հայերի: Մդիվանին պարզ խոստովանեց դա: Կարճատես են նրանք, որոնք չեն կարողանում ըմբռնել ազգային և բոլշևիկյան գաղափարների տարբերությունը:

Սրանք էին, ընդհանուր առմամբ, ենթաժողովի շուրջ մեր կատարած աշխատանքները: Իսկ ենթաժողովում, դեկտեմբեր 20-իի նիստից հետո, մեր գործերը այնքան էլ լավ չէին ընթանում: Մեր բարեկամներն այդ ժամանակ տեսնվել էին Մոնանայի հետ: Իմացանք, որ այն վճռել է անպատճառ հանգել այնպիսի ելքի, որ ընդունելի լիներ թուրքերի համար: Բայց այդ ելքը չգտավ, որովհետև թուրքերը մերժեցին ընդունել այդ ուղղությամբ որևէ առաջարկ: Նրանք լավ էին ըմբռնում Դաշնակիցների հոգեբանությունը՝ հաշտություն կնքել, ամենամեծ զիջումների գնով: Եվրոպացի մի դիվանագետից, որի անունը չեմ կարող հիշատակել, իմացա, որ թուրքերի ձեռքն է անցել մեծ պետության մի տեսակետ՝ ուղղված Լոզանի իր ներկայացուցչին այն մասին, որ անհրաժեշտ է բոլոր զիջումների գնով թուրքերի հետ կնքել հաշտություն: Եվ այս տեսակետից՝ ենթաժողովի անդամների դրությունը միանգամայն ողբերգական էր: Մոնանան տեսնելով, որ իր անվերջ զիջումները ուշադրության չեն արժանանում թուրքերի կողմից, անցավ ամենանվազագույն առաջարկների: Ազգային օջախի գաղափարից նա հասավ կայսրության որևէ անկյունում հայերի կենտրոնացման մտքին: Սա եղավ նրա վերջին, խղճուկ և ծիծաղելի առաջարկը:

Այդ ժամանակ Լոզան հասան Ռոբերտ Սեսիլի անձնական քարտուղար Մելոնը, ով հատուկ հանձնարարություն ուներ՝ թուրքերին խնդրելու Քըրզընի աջակցությունը հայկական հարցի վերաբերյալ, համոզելու նրանց, որ զիջումներ անեն և համոզեն մեզ, որ մենք էլ հրաժարվենք մեր «առավելագույն» պահանջներից: Մի խոսքով, նա եկել էր գտնելու անհրաժեշտ ելք: Չնայած, որ մենք տվեցինք մեր համաձայնությունը այն մասին, որ մեզ համար ընդունելի է Հայկական օջախի ստեղծումը անգլիական գաղութների ձևով, այնուամենայնիվ, նա ոչ մի արդյունքի չհասավ, որովհետև թուրքերը շարունակեցին մնալ իրենց դիրքում: Հ. Յ. Դաշնակցությունը, սակայն, չմիացավ մեր այդ, ինչպես փորձը ցույց տվեց, անիմաստ առաջարկին:

***

Հունվարի 6-ին նշանակված էր ենթաժողովի նիստը, որը վերջնականապես պետք է բանաձևեր հայկական հարցը և ներկայացներ քաղաքական հանձնախմբին, որի նիստը նշանակված էր երեք օր հետո՝ հունվարի 9-ին: Այդ նիստում Մոնտանան ճառով դիմեց թուրքերին՝ խնդրելով հատկացնել մի «վայր» հայերին կենտրոնացնելու համար և հայտնելով, որ այդ վայրը և նրա վարչական ձևը կորոշվի Ազգերի լիգայի միջամտությամբ: Սա էր այն վերջին պահանջը, որ ներկայացվեց թուրքերին՝ անկախ և միացյալ Հայաստանի փոխարեն:

Նույն իմաստով խոսեցին նաև անգլիացի Ռըմբոլտը և ֆրանսիացի դը Լա Քրուան, բայց դեռ վերջին խոսքը չվերջացած, Ռիզա Նուրի բեյը՝ Թուրքիայի երկրորդ պատվիրակը, ոտքի ելնելով կտրականապես հայտարարեց, թե ինքը չի մասնակցի այնպիսի նիստի, որտեղ խոսք լինի հայկական հարցի մաին, քանի որ Դաշնակիցները շարունակում են մնալ հայերի պաշտպանի դերում՝ հակառակ նրան, որ հենց իրենք էին հայերին կորստյան մատնել՝ նրանց գրգռելով թուրքերի դեմ: Այդպես ասելով, Ռիզա Նուրին իր խորհրդատուների հետ դուրս եկավ ժողովասրահից՝ ուժգին զարկելով դուռը:

Այս միջադեպից հետո հայկական հարցի քննությունը քաղաքական տեսակետից դադարեց: Այլ պարագաներում նման քայլը բավական էր, որպեսզի խորհրդաժողովը պայթի: Բայց Լոզանում տիրող մտայնության համար, երբ թուրքերը հաղթական առաջ էին ընթանում , իսկ Դաշնակիցները նահանջում էին բոլոր ճակատներում, միանգամայն հասկանալի երևույթ էր:

Այսպիսով, խորհրդաժողովը իր օրակարգից հանեց հայկական հարցը: Մոնտանան քաղաքական հանձնախմբին հանձնեց մեր հարցը՝ մտցնելու «չլուծված հարցերի» շարքում: Այնտեղ լորդ Քըրզընը փորձեց վերջին անգամ համոզել թուրքերին, սակայն նրանք անդրդվելի մնացին: Հայկական հարցը պաշտոնապես մի կողմ դրվեց: Լոզանի արձանագրության մեջ հայերի մասին չկա անգամ փոքրիկ հիշողություն:

Երբ տեղեկացանք հունվարի 6-ի և 9-ի նիստերի մասին, մեր առաջին հարցը եղավ՝ «այժմ ի՞նչ անենք»: Մեր շարքերում երկու տեսակետ կար: Ոմանք պահանջում էին խիստ կերպով բողոքել և անմիջապես հեռանալ Լոզանից: Մյուսները գտնում էին, որ բողոքելով հանդերձ, անհրաժեշտ է խորհրդաժողովին ցույց տալ, որ մեզ համար հայկական հարցը միայն հետաձգված է, որ Լոզանը ի վիճակի չեղավ լուծելու այդ հարցը, բայց դաշնակիցները պարտավոր են նորից դառնալ դրան՝ այլ պատեհ առիթներով:

Երկրորդ տեսակետը հաղթեց: Որոշվեց շարունակել մեր քաղաքական հետապնդումները, չխզել մեր երկարամյա կապերը դաշնակիցների հետ, որովհետև մենք համոզված էինք, որ քաղաքական կացությունը մի օր պետք է փոխվի: Քաղաքականության մեջ հարաբերությունների խզումին անմիջապես հաջորդում է զենքի միջամտությունը, մի բան, որ անկարող էինք անել: Ուստի, վճռեցինք բռնել դիվանագիտական ճանապարհը, գործադրել նրա բոլոր ձևերն ու լեզուն՝ նոր ուղիներ փնտրելու նպատակով: