Հովհաննես Քաջազնունի և Արամ Մանուկյան. պետականության մոռացված հայրերը

2165

Այս հրապարակումը վերցրել ենք Chai-khana կայքից: Հրապարակման հեղինակը Սուրեն Ստեփանյանն է:

Պետականության մոռացված հայրերը. Chai-khana

Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ստեղծված 1918 թվականի մայիսի 28-ին, նշանավորեց Հայաստանի պետականության վերականգնումը 543 տավա անկախության բացակայությունից հետո: Այն ապահովեց ոչ միայն անկախություն, այլեւ երկիր, որտեղ Ցեղասպանությունից ու պատերազմից փրկված հարյուր հազարավոր մարդիկ գտան իրենց ապաստանը: Սակայն այսօր պատմության այդ ժամանակշրջանը շատ քիչ է հիշվում, կամ գրեթե չի հիշվում: Շատերը մտահոգված են, որ Առաջին Հանրապետության երկու հիմնադիր հայրերը` Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանն ու վարչապետ Հովհաննես Քաջազնունին պարզապես մոռացվել են:

Հավանական պատճառները բազմազան են. Առաջին Հանրապետությունը գոյատեւեց ընդամենը երկուսուկես տարի` մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Դրան հաջորդող տասնամյակներում Առաջին Հանրապետության մասին ընդհանրապես չէր խոսվում: Այս վերաբերմունքը փոխվեց, երբ 1991 թվականին Հայաստանը կրկին վերականգնեց իր անկախությունը: Չնայած`այսօր էլ շատ քիչ ուշադրություն է դարձվում պատմության այդ ժամանակաշրջանին:

Թեեւ ամեն տարի մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը, սակայն այն սահմանափակվում է զուտ համերգներով եւ տարատեսակ ելույթներով, շեշտադրվում է միայն թուրքական զորաբանակի դեմ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, եւ ետին պլան մղվում հանրապետության հիմնադրումը:

2017-ի մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված տոնակատարությունների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում նշեց.

«1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը»:

Նա, սակայն, ոչ մի բառ չասաց Առաջին Հանրապետության մասին:

Որոշ պատմաբանների համոզմամբ, Առաջին Հանրապետությունը եւ վերջինիս կարեւորությունը ստվերած հերոսամարտերը փոխկապակցված են: Արամ Մանուկյանը կազմակերպել է 1918-ի պաշտպանությունն Օսմանյան Թուրքիայի ներխուժման դեմ:

Նա Ներքին գործերի նախարար եղել է մինչեւ 1919 թվականի սկիզբը, երբ 39 տարեկանում մահացավ տիֆից:

Մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին հանրապետության վարչապետ դարձավ նույն քաոսային օրերին, երբ երկիրը անցնում էր դժվարին փորձությունների` հակառակորդի ներխուժման, սովի, համաճարակների, հազարավոր գաղթականներին ապաստան տրամադրելու խնդիրների միջով: Բազմակուսակցական կառավարության եւ Արեւմտյան իշխանությունների հետ լավ հարաբերություններին կողմնակից լինելով` Քաջազնունին այս պաշտոնում մնաց մինչեւ 1919 թվականը, նախքան Միացյալ Նահանգներ` որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ ուղարկվելը:

Բոլշեւիկների իշխանության գալուց հետո, Քաջազնունին սկզբից ապաստան գտավ Ռումինիայում, այնուհետեւ վերադարձավ Հայաստան` շարունակելու իր գործը որպես ճարտարապետ: Նա դասավանդում էր Երեւանի պետական համալսարանում եւ համագործակցում Ալեքսանդր Թամանյանի հետ: Քաջազնունին մահացավ 1937-ին` բանտային հիվանդանոցում` դառնալով ստալինյան բռնաճնշումների զոհ:

Սիվիլնեթի Լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը զբաղվում է նաեւ Հայաստանի Առաջին հանրապետության պատմության ուսումնասիրմամբ, չի հիշում մի դեպք, երբ պետական պաշտոնյաները մայիսի 28-ին այցելած լինեն Արամ Մանուկյանի եւ Հովհաննես Քաջազնունու գերեզմաններին կամ խոսեն պետականության հիմադրման գործում այս կերպարների դերի մասին:

«Այսօրվա պետական քաղաքականությունն ուղղակիորեն տանում է պատմության մոռացության: Միլիոնավոր դրամներ են ամեն տարի ծախսվում մայիսի 28-ի տոնակատարությունների համար` պաստառներ, հրավառություններ, համերգներ: Բայց նույն Քաջազնունու գրքերը, որոնք մեծ նշանակություն ունեն պատմության պահպանման համար, նոր հրատարակություններ չեն ունենում: Երկուսի գերեզմաններն էլ այսօր անտեսված ու լքված են, հարյուր հազարավոր այլ գերեզմանների հետ գտնվում են Երեւանի «Կենտրոնական» (Թոխմախի) գերեզմանատանը: Համոզված եմ, որ մեր բարձրագույն ղեկավարության ճնշող մեծամասնությունը անգամ չգիտի, թե որտեղ են դրանք, ինչ վիճակում են, որոշները գուցե չեն էլ լսել այս գործիչների մասին»,-ասում է Թաթուլ Հակոբյանը:

2017-ին Թաթուլ Հակոբյանն աղբի ու մոլախոտերի մեջ կորած գտավ Քաջազնունու ընտանեկան գերեզմանը: Շատ չանցած նախաձեռնեց տարածքի մաքրումը:

Մոռացված գերեզմանները

Միայն Մանուկյանի գերեզմանն է պահպանվել մինչ օրս` շրջապատված  տասնյակ այլ գերեզմանների անկանոն շարքերով Երեւանի ամենամեծ «Կենտրոնական» գերեզմանատանը: Թաթուլ Հակոբյանի հավաստմամբ, Քաջազնունու մարմինն ամփոփված է եղել «Կոզեռն» գերեզմանատանը, որը քանդվել է խորհրդային տարիներին` կորցնելով Քաջազնունու գերեզմանի հետքը:

Պատմագետ Մայքլ Բաբայանը արդեն մի քանի տարի ուսումնասիրում է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունն ու պետական գործիչների կենսագրությունները:  Նրա խոսքով, Քաջազնունու մահվան 80-րդ տարելիցին նրա գերեզմանին այցելեցին 10, իսկ ծննդյան 150-ամյակին` ընդամենը 5 մարդ:

«Պետական մակարդակով փորձում են մոռացության մատնել պատմությունը, քանի որ Քաջազնունու գործունեությունն ու համեստ կյանքը ուղղակի անհամեմատելի են այսօրվա իրականության հետ»,- կարծում է պատմագետը: 

Քաջազնունու ծոռը` Քսենիա Օռլովան, ով ապրում է Մոսկվայում, նշում է, որ իր մեծ պապիի անունն ու հիշատակը Հայաստանում անարդարացիորեն մոռացված է:

«Այս տարվա հունվարին լրացավ բանտում նրա մահանալու 80 տարին, փետրվարին էլ` 150-ամյակը: Մեզ համար զարմանալի էր, որ պետական մակարդակով այդ իրադարձությունները չհիշատակվեցին, ծննդյան օրը չնշվեց. հիշեցին միայն նրանք, ովքեր հարգանք ունեն Քաջազնունու ու նրա գործի հանդեպ»,-մեր նամակին ի պատասխան գրեց Քսենյա Օռլովան` ընտանիքի անունից հույս հայտնելով, որ մի օր Հայաստանում անպայման կկանգնեցվի նաեւ Հովհաննես Քաջազնունու արձանը: 

Արամ Մանուկյանի ընտանեկան գերեզմանը շրջապատված է տասնյակ այլ գերեզմանների անկանոն շարքերով:

Ոտքի ճանապարհ դեպի Արամի ընտանեկան գերեզման չկա, այն հնարավոր եղավ գտնել գերեզմանից գերեզման ցատկելով:

Արամի ու նրա զավակների կողքին թաղված է նաեւ վերջինիս կինը` Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր, բժշկուհի Կատարինե Զալյանը:

Զալյանի շիրմաքարը անհայտ անձանձ կողմից վանդալիզմի է ենթարկվել: Գողերը պոկել են քարին ամրացված` բժշկությունը խորհրդանշող բրոնզե քանդակները:

Առաջին Հանրապետության առաջին վարչապետի մարմինը ամփոփված է եղել «Կոզեռն» գերեզմանատանը, որը քանդվել է խորհրդային տարիներին` կորցնելով Քաջազնունու գերեզմանի հետքը:

Հետագայում այս շիրմաքարը տեղադրել է նրա դուստրը` Մարգարիտա Քաջազնունին` ի հիշատակ հոր եւ ընտանիքի մյուս անդամների:

Հայ հեղափոխական դաշնակցության անդամները պարբերաբար այցելում են Մանուկյանի շիրիմին, որն այժմ ուղիղ ժառանգներ չունի, բայց Քաջազնունու գերեզմանը գրեթե անտեսված է: Թաթուլ Հակոբյանի կարծիքով սրա պատճառը Քաջազնունու` գաղափարական հողի վրա դաշնակցության շարքերը լքելն էր:

Հայ հեղափոխական դաշնակցությունը համաձայն չէ այս պնդման հետ:

Թեեւ Երեւանի քաղաքապետարանն անցած տարի հայտարարեց Մանուկյանի արձանը կանգնեցնելու մասին, սակայն նման որեւէ պլան չկա կապված Քաջազնունու հետ:

ՀՅԴ մամուլի քատուղար Արտաշես Շահբազյանն Առաջին Հանրապետության նկատմամբ հետաքրքրության բացակայության մեջ մեղադրում է Սովետական Միությանը, որը հիմնադիրներին պիտակավորում էր որպես դավաճանների, իսկ Առաջին հանրապետությունը որպես արկածախնդիրների անհաջող նախաձեռնության։

Նա համաձայն է, որ այսօր շատ ավելին պետք է արվի Առաջին Հանրապետությունը հիշելու համար.

«Պատճառը միանշանակ կրթությունն է, մինչ օրս դպրոցներում ու բուհերում պատշաճ ներկայացված չէ Առաջին Հանրապետության պատմությունը, տոնական օրերին էլ խոսվում է միայն մայիսյան հերոսամարտերի մասին։ Այս տարի՝ 100-ամյակին ընդառաջ, Դաշնակցությունը քայլեր է ձեռնարկելու խոսելու առաջին հերթին հանրապետության գործիչների, պետականության երեւույթի ու դրա կարեւորության մասին։ Դա ներառելու է հեռուստատեսային հաղորդումներ, ֆիլմեր, քննարկումներ, դասախոսություններ եւ այլն»։

Պահպանված եւ անտեսված պատմությունը

Մանուկյանի եւ Քաջազնունու մասին պատմական փաստերն ու վերջիններիս որոշ անձնական իրերը պահվում են Դաշնակցության պատմության թանգարանում: Թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն ասում է, որ թանգարանով ու հատկապես Առաջին Հանրապետության պատմությամբ հետաքրքրվողները շատ չեն: Ոււնենում են հատուկենտ այցելուներ, ովքեր կամ կուսակցության պատմությամբ հետաքրքվողներ են, կամ էլ դպրոցականների խմբեր:

Այլ իրեղեն վկայություններ այս երկու քաղաքական գործիչների անցյալի վերաբերյալ, շատ քիչ են պահպանվել:

Առաջին Հանրապետության կանգուն վկա կառավարության շենքը՝ Հանրապետության 37 հասցեում, այսօր վերածվել է պիցերիայի: Հենց այս պատշգամբից է 1918-ին հայտարարվել Հայաստանի անկախության հռչակագիրը։ 1918-1920 թթ․ այստեղ է աշխատել երկրի կառավարությունը։

Իսկ Արամի անունը կրող Երեւանի կենտրոնական փողուցում գտնվող Մանուկյանի տնից մնացել է միայն շենքի ֆասադը: Բացառապես հուշատախտակից կարելի է գլխկի ընկնել, որ այս տանն ապրել ու մահացել է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից մեկը: Արամի փողոցը վերջին տասնամյակում «մաքրվեց» պատմական գրեթե բոլոր շենքերից. հիմա այստեղ մեկը մյուսի հետեւից նորակառույցների հիմքեր են գցվում`բիզնես կենտրոնների ու բնակելի շենքերի համար:

Արամի պատմական տունը պետության սեփականությունը չէ, պատկանում է մասնավոր անձի, ով պահպանման ու վերակառուցման քայլեր չի ձեռնարկում: Այն ներառված է«Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրի նախագծում: Թե ինչ ճակատագիր է սպասվում տանը` հայտնի չէ:   

Պուշկինի 4 հասցեում գտնվող Քաջազնունու տունը հիմա մասնավոր մի ընկերության գրասենյակ է։ Շենքն ու հողը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանի շինարարական ընկերությանը։ Պուշկինի 4-ը արդեն ճանաչվել է հանրային գերակա շահ։ Սա նշանակում է, որ բազմաթիվ պատմական շենքերի նման այն եւս կարող են քանդել՝ տեղում նոր բարձրահարկ կառուցելու նպատակով։

Ինչպես Արամի տունը, Քաջազնունու բնակարանի նախկին տարածքը եւս փլատակների ու աղբի մեջ է:

Խորհրդային տարիներին շենքը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում էր։ Հիմա այն ցանկից հանված է։

Քաջազնունու ծոռը` Քսենիա Օռլովան, մեզ հետ զրույցում նշեց, որ 1990-ականների սկզբին խոսվում էր Քաջազնունու տուն-թանգարանի հնարավոր ստեղծման մասին, ինչը տեղի չունեցավ (Քաջազնունու դուստրը` Մարգարիտա Քաջազնունին, հավաքել ու պահպանել էր հորը վերաբերող բազմաթիվ իրեր ու այլ թանգարանային նմուշներ): Նա հույս ունի, որ այդ թանգարանը մի օր կստեղծվի: Թեեւ կառավարությունն այսօր կարծես թե նման պլաններ չունի:

Սուրեն Ստեփանյան

Chai-Khana

https://chai-khana.org/hy/petakanowtyan-morhatsvats-hayrere

Լուսանկարում՝ Քաջազնունու բնակարանի նախկին տարածքը փլատակների ու աղբի մեջ է, Պուշկինի-4