Հայկական հարցի հոգեվարքը Լոզանում

978

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից

—–

Տասնիններորդ գլուխ

(հատված, վերնագիրը ԱՆԻ կենտրոնինն է)

Մեր խնդիրը մասնաժողովում դարձավ լուրջ ուշադրության առարկա:

Մենք շարունակեցինք մեր դիմումները բոլոր այն ուժերին, որոնք կարող էին որևէ օգտակարություն ներկայացնել մեր դատի համար: Միքայել Վարդանյանը դիմեց Ընկերվարական Միջազգային, և այս վերջինը փորձեց ազդել թուրքերի վրա: Ազգային պատվիրակության ներկայացուցիչները աշխատեցին ֆրանսիական խորհրդարանի արևելյան գործերի հանձնախմբի միջամտությունը հրավիրել և հաջողեցրին հատուկ բանաձև ի նպաստ Հայկական օջախի:

Օլիվեր Բոլդվինը մեկնեց Անգլիա՝ ազդելու բանվորական կուսակցության վրա, նույն իմաստով: Հուշագրեր ներկայացրեցին Ամերիկայի բողոքական միացյալ եկեղեցիների խորհուրդը, «Արմենիա-Ամերիկա միութիւնը» և այլն: Անուղղակի միջամտություն արեցին և ամերիկյան «դիտողները»: Մի առանձին գրությամբ, որը պատրաստված էր մամուլի համար, նրանք հայտնեցին իրենց տեսակետը հայկական հարցի վերաբերյալ:

«Ամերիկյան պատվիրակությունը,- ասվում էր այդ գրության մեջ, չմասնակցելով հանդերձ խաղաղության բանակցություններին, չառաջարկելով հանդերձ ոչ մի ծրագիր, քանի որ Միացյալ Նահանգների կառավարությունը չպիտի կարողանա վավերացնել այն, իր հավանությունը տվեց Լորդ Քըրզընի և Դաշնակիցների բոլոր այն գործնական առաջարկներին, որոնք նախատեսում էին հայկական անկախ Օջախի ստեղծումը: Ամերիկյան պատվիրակությունը, ունենալով Միացյալ Նահանգների բարենպաստ կարծիքը այդ Օջախը հիմնելու մասին, ներկայանում է այսօր ձեր առաջ որպես պաշտպանը այդ կարծիքի: Ավելին. ի պաշտպանություն հայ ժողովրդի և շահագրգռված ամերիկացիների, մենք հավաստիացնումներ ենք արել, որ Հայկական օջախի հարցը պետք է դրվի և քննության առնվի Լոզանի խորհրդաժողովում:  Մենք աշխատել ենք և պիտի աշխատենք համոզել թուրքերին, որ լուրջ ուշադրության առնեն այս խնդրի վերաբերյալ բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է առաջարկվեն ապագայում»:

Միաժամանակ, ամերիկյան պատվիրակությունը փոքրամասնությունների հանձնախմբին ներկայացրեց հետևյալ հայտագիրը.

Լոզան, 30 դեկտեմբեր, 1922

Հայկական անկախ Օջախի հաստատման առաջարկը առաջ է բերել Միացյալ Նահանգների մեծագույն մասի խորունկ հետաքրքրությունը և համակրանքը: Չպետք է մոռացվի և այն հանգամանքը, որ դաշնակից պետությունները բազմաթիվ առիթներով հայտարարլ են, որ Ազգային օջախը միակ բանավոր միջոցն է հայկական հարցի լուծման տեսակետից:

Ամերիկյան պատվիրակությունը այս առթիվ արել է մի շարք մարդասիրական առաջարկներ, որոնք մեզ համար միևնոյն ժամանակ և իրավական են: Ներկայում հանձնախմբի առաջ դնում ենք հարց, որով մեծապես հետաքրքրված է Ամերիկայի հանրային կարծիքը: Մենք դիմել ենք ամերիկյան միություններին և կազմակերպություններին, որպեսզի նրանք որոշեն, նախ երկրամասի խնդիրը, որը պիտի Հայոց Ազգային օջախի սահմանը կազմի, երկրորդ, ֆինանսական երաշխիքի խնդիրը, երրորդ՝ երկու շահագրգռված պետությունների միջև հաստատելու դրամական փոխառության արդար միջոց, հետո լուծելու հովանավորության խնդիրը և թե ինչպես պիտի ապահովել բոլորովին նոր երկրամասը արտաքին հարձակումներից և ներխուժումներից:

Խնդրում ենք նույնպես պարզել թիվը այն հայերի, որոնք կցանկանային հաստատվել նոր հայրենիքում և, վերջապես, ներկայացնել նոր գործնական առաջարկներ այս խնդրի վերաբերյալ:

Այս բոլոր տվյալները դնում ենք հանձնախմբի տրամադրության տակ՝ խնդրելով, որ նրանք առնվեն ամենալուրջ ուշադրության»:

Ամերիկյան հանրային կարծիքի ներկայացուցիչները ևս աշխատում էին հայկական խնդրի նպաստավոր լուծման համար և այդ մասին առաջարկում էին զանազան լուծումներ: Այսպես, Եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ Բարթընը դեկտեմբերի 14-ին հետևյալ դիմումը արեց Ամերիկայի պատվիրակ Չայլդին.

«Թուրքերի և մյուս պատվիրակությունների հետ ունեցած երկար ժողովներից հետո և հարցը մանրամասն քննության առնելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ հայկական փոքրամասնության խնդրի լավագույն լուծումը կլիներ հատկացնել երկրամաս, որտեղ կարող լինեին հաստատվել փախստական հայերն ու որբերը:

Մեզ թվում է.

  1. Օգնության գործը, այդպիսով, շուտափույթ լուծված կլինի: Այդ գործը ամերիկյան օգնության կոմիտեների համար ամենամեծ կարևորությունն ունի,
  2. Հայերը այդպես ավելի լավ ապահովված կլինեն, քան ցրված ամբողջ Թուրքիայի բնակչության մեջ,
  3. Թուրքերը, ի վերջո, գոհ պիտի մնան,
  4. Հայերի համար ընդունելի պիտի լինի այդ վճիռը, և նրանք հաճույքով պիտի գնան հաստատվելու Ազգային օջախում, մինչդեռ նրանք վախենում են վերադառնալ իրենց բնակավայրը՝ թուրք ազգաբնակչության մեջ,
  5. Մենք գտնում ենք, որ խնդրի նման լուծումը հնարավոր և գործնական է, մինչդեռ հայերը իրենց նախկին բնակավայրը վերադարձնելու փորձը առաջ պիտի բերի կասկած և անվստահություն,
  6. Դուք լավագույն դատավորն եք՝ ընտրելու հարմար րոպեն, ընթացք տալու այս առաջարկներին»:

«Արմենիա-Ամերիկա» միությունը մի հուշագրով տալիս է Ազգային օջախի մանրամասն ծրագիրը և նյութական միջոցների աղբյուրը:

«Ա. Օջախի հաստատման վայրը:

  1. Հայկական օջախի հաստատման վայրը կարող է ճշտել հանձնախումբը, որն ավելի լավ է ծանոթ խնդրին, քան որևէ մեկը, սակայն օգտակար են համարում առաջ բերել որոշ առավելություններ հօգուտ Սիրիայի հյուսիսային մասի՝ որպես Հայկական օջախի հաստատման լավագույն վայրի:
  2. Սիրիայի հյուսիսային մասում գտնվող այդ վայրը, որը որոշվել էր Ազգերի դաշնակցության կողմից, երբ Սիրիայի հոգատարությունը հանձնվում էր Ֆրանսիային և որի սահմանները գծվել են թուրքերի և Ֆրանսիայի մասնավոր համաձայնությամբ, կարելի է ասել, որ այսօր դեռևս բանակցությունների նյութ է: Նրա վերջնական լուծումը պետք է տա Լոզանի խորհրդաժողովը, որի բախտը այսօր պաշտոնապես իր ձեռքում է:
  3. Այդ ամբողջ շրջանի ապահովության տեսակետով անգամ, անհրաժեշտ է չեզոք գոտու ստեղծումը Թուրքիիայի և Սիրիայի միջև:
  4. Հեշտ պիտի լինի համոզել հայ փախստականներին՝ տեղավորվելու այդ գոտում:
  5. Այն ունի ելք դեպի ծով:
  6. Եթե Եփրատի արևմտյան մասում գտնվող հողամասը կարելի լինի լայնացնել Սսի և Ալբիստանի ուղղությամբ, որպես հատուցում արևելյան մասի, կստացվի երկիր չեզոք սահմաններով, 18 հազար քառակուսի մղոն մեծությամբ, որի անջատումը Թուրքիայից, չպիտի խանգարի նրա ներքին զարգացմանը:
  7. Ամերիկայում կարծում են, որ այդ երկիրը պիտի լինի անկախ՝ Ազգերի լիգայի հովանավորության ներքո:

Բ. Ֆինասնսական խնդիրը

Նման երկրամասի վարչական կազմի առաջին քայլը պիտի լինի սկզբնական գումարի պահանաջը: Այդ գումարը նրանց կտրվի որպես պարտք և անհավանական չէ, որ մի քանի տարում հնարավոր լինի վերադարձնել այդ գումարը: Անկասկած, դժվար է ապահովել այդպիսի գումարի հայթայթումը, սակայն պետք է ասել, որ այս առավոտ իսկ Ամերիկայից ստացված հեռագրի համաձայն, հայկական խնդիրը մտցվել է Կոնգրես մի բանաձևով, որն ապահովում է 20 միլիոն դոլարի փոխառություն: Սա այն գումարն է, որ քվեարկված էր ռուս սովյալների օգտին: Վստահ չենք, որ ծրագրի այս կետը անպատճառ պիտի անցնի, սակայն, պիտի շեշտենք, որ մեծ համակրանք կա ի նպաստ այս ծրագրի:

Հնարավորություն կլինի փոխառություն կնքել Ամերիկայի այն շրջանակներում, որոնք շահագրգռված են հայկական հարցով:

Բնական ենք գտնում կարծել, որ Ազգերի լիգան պետք է նկատի առած լինի խնդրի ֆինանսական հնարավորությունները, երբ կքվեարկի բանաձևեր հօգուտ Հայոց Ազգային անկախ օջախի:

Բնական է կարծել նույնպես, որ Ֆրանսիայի, Անգլիայի և Իտալիայի ներկայացուցիչները նկատի են ունեցել խնդրի ֆինանսական մասը, երբ հայտարարեցին մարտի 26-ի իրենց որոշումները Ազգային օջախի վերաբերյալ:

Գ. Պաշտպանության խնդիր

Ենթադրում ենք, որ Լոզանի դաշնագիրը ստորագրող բոլոր պետությունները պետք է ճանաչեն Ազգային օջախի չեզոքությունը: Նրա ապահովության տեսակետից կարիք չկա պահել մեծ քանակությամբ զորամասեր: Արդեն իսկ ճանաչված չեզոքությունը և Օջախի հարակից պետությունների մասնակցությունը Ազգերի լիգային ենթադրել են տալիս փոքրիկ բանակի գոյությունը միայն, որը կոչված պիտի լինի ապահովելու հանրային կարգը:

Դ. Փախստականների տեղավորումը

Մենք չենք կարծում, որ Պոլսի հայերը կթողնեն իրենց բնակավայրը, որպեսզի հաստատվեն Ազգային օջախում, սակայն գիտենք, որ այնտեղ կան 15 հազար հայեր՝ հողագործ փախստականներ, որոնք հաճույքով պիտի ցանկանան տեղափոխվել այնտեղ:

Զմյուռնիայի և Փոքր Ասիայի թվով 110 հազար վերջին տարագրյալները պիտի ցանկանան տեղավորվել նոր հայրենիքում, եթե կարողանան իրենց կյանքը վաստակել այնտեղ:

Սիրիայում, վերջին դեպքերից դեռ առաջ, կային 75 հազար հայեր, որոնց մեծագույն մասը տնտեսապես դեռ չեն հաստատվել այդ երկրում:

Ռուսաստանում և Կովկասում կան 400 հազար փախստականներ, որոնք իրենց մեծամասնությամբ պիտի վերադառնան այդպիսի ապահով մի երկիր, որտեղ նրանք պիտի կարողանան հայտնագործել իրենց շինարարական ոգին:

Եվ, վերջապես, այն որբանոցների ղեկավարները, որտեղ կան 50 հազարից ավելի հայ մանուկներ, իրենց գործը ուրախությամբ պիտի փոխադրեն այդպիսի մի երկիր, երբ նրա ստեղծումը իրագործվի:

Մենք չենք կասկածում, որ Ազգային օջախում հաստատվել ցանկացող հայությունը կանցնի 200-300 հարյուր հազարից:

Ամերիկայից նոր ստացված մի հեռագիր հաղորդում է, որ Կոնգրեսին առաջարկվել է հետևյալ նախագիծը. «Նախագահին թույլ կտրվի Հայկական օջախի համար փոխարինաբար հատկացնել 20 միլիոն դոլար այն պարագայում, երբ Լոզանի խորհրդաժողովը ստանձնի նրա կատարյալ հովանավորությունը»:

Ի դեպ, այս ծրագիրը չուներ մեր հավանությունը: