Թբիլիսիի Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան

1094

2018 թվականի մարտի 27-ին, Թբիլիսիի «Betsys» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված «Թանդոյանց» եկեղեցու հարցին և կրոնական միավորումների պաշտամունքային շինությունների ռեստիտուցիայի հիմնախնդրին:

Միջոցառումը կազմակերպել էին TDI Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը և EMC Մարդու իրավունքների հետազոտության և մոնիտորինգի կենտրոնը:

Հանդիպմանը հրավիրված էին դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական միավորումների առաջնորդներ, մարդու իրավունքների հարցերով հասարակական կազմակերպությունների, քաղաքաշինության ոլորտին առնչվող մասնագետներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Արտակ Գրաբսկին և Հարություն Հայրապետյանը:

Կլոր սեղանի նպատակն էր շահագրգիռ կողմերին ծանոթացնել «Թանդոյանց» հայոց եկեղեցու կապակցությամբ իրավական գործընթացին և պատմական ու ճարտարապետական հետազոտության արդյունքներին, ինչպես նաև քննարկել խորհրդային ժամանակաշրջանում կրոնական համայնքներից բռնագրավված պաշտամունքային շինությունների հիմնախնդիրը:

Բացելով կլոր սեղանը, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի վարչության անդամ Մակո Ղավթաձեն արձանագրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցի բովանդակությունը, այն Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին փոխանցելու որոշումը և այդ որոշման ապացույցներից և փաստարկներից զուրկ լինելը:

Կլոր սեղանին ընդարձակ, հիմնավորված և փաստացի տվյալներով ելույթ ունեցան վերոնշյալ կազմակերպությունների իրավաբաններ Թամթա Միքելաձեն, Գվանցա Լոմաիան և Էթո Գվրիտիշվիլին, ներկայանալով որպես Թանդոյանց եկեղեցու հարցով դատական գործի փաստաբաններ: Վերջիններս հենվելով արխիվային նյութերի և մանրամասն կատարված հետազոտությունների վրա, ներկաներին ծանոթացրեցին Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հայկական պատկանելությունը, տեսաբանեցին եկեղեցին Վրաց Պատրիարքարանին փոխանցելու իրավական մասի կեղծ լինելը, իսկ արվեստագետ Նատալիա Չիտիշվիլին սլայդների միջոցով ներկայացրեց եկեղեցու պատմա-ճարտարապետական տեսքը, Պատրիարքարանի կողմից ներկայացվող Սուրբ խաչի երևման եկեղեցու տեղադրության փաստացի վայրը: Արվեստաբան Նատո Ցինցարաձեն եկեղեցու փլատակների և տարածքում տարվող աշխատանքները գնահատեց որպես հուշարձանների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված նորմերի կոպիտ խախտում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում կարևորեց եկեղեցիները և պաշտամունքային շինությունները իրենց իրավական և պատմական սեփականատերերին վերադարձնելու կրոնական միավորումների պահանջը, ընդգղծելով, որ Վրաստանում գտնվող հայկական բազում եկեղեցիներից Թեմի պահանջը վեց տաճարների նկատմամբ տասնամյակներ շարունակ գտնվում է սառեցված վիճակում: Իսկ պատմական գիտությունների թեկնածու փորձագետ, Արուսյակ Տերչանյանը արձանագրեց ոչ Միայն Հայաստանի, այլև Վրաստանի արխիվներում պահպանվող այն փաստացի նյութերը, որոնք միանշանակ ապացուցում են Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հայկական լինելը:

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Թաթուլի Թոդուան իր խոսքում ընդգծեց, որ Թանդոյանց եկեղեցին և բռնագրավված պաշտամունքային շինությունները վերադարձնելու հարցը գտնվում է Ժողովրդական պաշտպանի ուշադրության ներքո: Գրասենյակի կողմից հանգամանալից ուսումնասիրվել է Թանդոյանցի եկեղեցու հարցը և արդարացի լուծման նպատակով ներկայացվել են հանձնարարականներ:

Կլոր սեղանին բարձրացվեցին նաև Վրաստանում Ռեստիտուցիայի օրենքի բացակայության, ընտրովի ժողովրդավարության և խտրականության հարցերը: Այդ հարցերի շուրջ կոնկրետ օրինակներով ելույթ ունեցան Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Կրոնական կազմակերպությունների խորհրդի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին: Խոսվեց նաև խորհրդային տարիներին բռնագրավված պաշտամունքային շինությունների մասնակի փոխհատուցում մյուս կրոնական համայնքներին նույնպես հատկացնելու, Կրոնի 
գործակալության իրավասությունները ընդարձակելու հարցերի շուրջ:

Հարց ու պատասխանի ձևաչափով մտքերի փոխանակությունից հետո, կլոր սեղանը հանրագումարեց իր աշխատանքը:

Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Վրաստանում Օրենքի գերակայության աջակցություն» (PROLoG) նախագծի աջակցությամբ, որն իրականացվում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI)կողմից:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ