Եվրասիական միության անդամ երկրում իշխանափոխություն անելը գրեթե անհնարին է

894

«Ելք» դաշինքը հանրությանը պետք է ճիշտ ճանապարհով տանի՝ առանց արկածախնդրության, առանց կոնկրետ ֆիքսված ժամանակահատվածում հաջողության հույսեր դնելու, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը՝ պարզաբանելով, թե ինչու իր ղեկավարած կուսակցությունը չի միանում Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին։

«Եթե հանրությանը հետաքրքիր է, որ մենք գնանք երկու օր միտինգ անենք, կանգնենք նախագահականի դիմաց ու ասենք՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», ու դրանից հետո նա հեռանալու է, դա այդքան հեշտ ու պարզունակ չէ», – ասաց Սարգսյանը՝ հավելելով, թե երբեք չի միանա մի գործընթացի, որն իր հետ նախապես համաձայնեցված չէ և որի հաջողությանը ինքը չի հավատում:

Սարգսյան. – Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միանա մեզ, ոչ թե մենք իրեն, որովհետև համարում եմ էն, ինչ որ մենք ենք առաջարկում, աշխատատար է։

«Ազատություն». – «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև կոնսենսուս կա՞։

Սարգսյան. – «Հանրապետություն» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մոտեցումների մեջ էլ կան տարբերություններ, բայց նմանությունները՝ գործունեության ձևն, ավելի մոտ է։

«Ազատություն». – Դուք ինչի՞ն եք դեմ, որ կարճաժամկետ նպատակներ պետք չէ դնել և ասել, որ այսինչ ժամկետից այսինչ ժամկետը պետք է իրականացնենք գործողություն և փորձենք հասնել արդյունքի։

Սարգսյան. – Ես կարծում եմ, որ իմ հիմնական խնդիրը և՛ դաշինքում, և՛ մեր հանրության մոտ, պետք է լինի այն, որ կարողանամ սպասելիքներն, ինչը կա «Ելք» դաշինքից, էդ սպասելիքները ոչ թե փոշիացնեմ, այլ էդ սպասելիքները «Ելք» դաշինքում ուժեղացնեմ։ Ես երբեք չեմ միանա որևէ գործընթացի, որը նախապես ինձ հետ համաձայնեցրած չի, որի հաջողությանը ես չեմ հավատում։ Խնդիրն էս հարթության մեջ է։

«Ազատություն». – Պարոն Սարգսյան, այդ չմիանալը, ի՞նչ եք կարծում, ճիշտ ընկալում կունենա՞ հանրության շրջանում՝ հատկապես հաշվի առնելով «Ելք» դաշինքի ձևավորումից առաջ և ձևավորումից հետո «իշխանական պրոյեկտ» լինելու մասին այդ բազմաթիվ խոսակցությունները։ Նկատի ունեմ՝ ընկալումը կարծում եք ճի՞շտ կլինի հանրության կողմից, երբ որ դաշինքի մի առանձին ուժ անում է մի գործողություն, մյուս ուժերը դրան չեն միանում և կողքից հետևելու են։

Սարգսյան. – Գիտեք, չեմ կարծում, որ լավ կընկալվի, բայց պարտադրված որևէ բան անել չեմ համարում ճիշտ։ Եվրասիական միության շրջանակներում փորձել մի երկրում իշխանափոխություն անել՝ Եվրասիական միության անդամ երկրում իշխանափոխություն անելը, գրեթե անհնարին է։ Խնդիրն էստեղից է սկսել լուծել պետք, սա գերկարևոր խնդիր է։ Հիմա, եթե հանրությանն էդ հետաքրքիր չէ, հետաքրքիրն էն է, որ մենք գնանք, երկու օր միտինգ անենք, կանգնենք Սերժ Սարգսյանի նախագահականի դռան դիմաց ու ասենք՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», ու դրանից հետո Սերժիկը հեռանալու է, լսելու է կոչը, եթե էդքան հեշտ ու պարզունակ են մտածում, էդ միանշանակ էդպես չի։ Էս իշխանությունները հասցրել են նրան, որ մարդիկ արդեն ծայրահեղությունների մեջ են տեսնում։ Էս իշխանությունների արածը՝ ընտրություններով կեղծելը, անընդհատ սեփական իշխանությունը պահելը, Հայաստանը Ղազախստանի վերածելը, նույնչափ վտանգավոր է, ինչքան կարճ՝ ուժային ճանապարհով իշխանություն փոխելը։ Իմ կարծիքով՝ «Ելք» դաշինքն էս երկուսից էլ պետք է տարանջատվի, «Ելք» դաշինքը պետք է ընտրի հանրությանը ճիշտ ճանապարհով տանելու՝ առանց արկածախնդրության, առանց կոնկրետ ֆիքսված ժամանակների մեջ հաջողության հույսեր դնելու։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի։ «Ելք» դաշինքում ընդգրկված կուսակցությունը ընդունել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը նախատեսվում է հրապարակել մարտի 31-ին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.