1919 թ. դեկտեմբերի 24-ի ժամի 1-ին Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութիւնը նաւով հասաւ Էնզէլի: Նահանգապետի ներկայացուցիչը և տեղական հայկական հասարակական և քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչները բարձրացան նաւը:
Նահանգապետի ներկայացուցիչը, շնորհաւորելով Հայաստանի դիւանագիտական միսիայի ժամանումը, յայտնեց որ նահանգապետը շատ ուրախ կը լինի նրանց տեսնել իւր մօտ: Յատուկ պատրաստւած նաւակով բոլորը ճանապարհւեցին դէպի նահանգապետի տունը, ուր և կայացաւ առաջին տեսակցութիւնը պարսկական իշխանութեան հետ. ներկայ էին բոլոր պաշտօնական անձիք: Նահանգապետը մի ընդարձակ սրահում ընդունեց Հայաստանի առաջին միսիայի ժամանումը Պարսկաստան:
Նա յիշեց դարավոր բարեկամութիւնը երկու դրացի ազգերի և յոյս յայտնեց որ այդ բարեկամութիւնը այսուհետև կամրապնդւի: Հայաստանի ներկայացուցիչ՝ Արղութեանը պատասխանեց մի ճառով, որից յետոյ հիւրերին մատուցւեց թէյ և խմորեղէններ:
Սրանից յետոյ հիւրերը ճանապարհւեցին Հայկական դպրոցի շէնքը, որ զարդարւած էր շքեղօրէն: Նրանց դիմաւորեցին երգեցիկ խմբով և երաժշտութեամբ:
Երգւեց երաժշտագէտ Անտոն Մայիլեանի յատուկ ձայնագրած ողջոյնի երգը: Հաւագւած էր խուռն բազմութիւն և ամբողջ աշակերտութիւնը:
Հետևեալ օրը հայկական ընկերութեան ակումբում տրւէց բանկէտ: Ներկայ էին նահանգապետը և պաշտօնական անձիք ու հայ համայնքի ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 26-ին միսիան ճանապարհւեց Ռեշտ:
Նահանգապետի օգնականը պատւաւոր պահակով և հայ համայնքի ներկայացուցիչների հետ քաղաքից երեք վերստ հեռաւորութեան վրայ դիմաւորեց հիւրերին: Ըստ տեղական սովորութեան իշխան Արղութեանը իւր օտոմոբիլից ելաւ և նստեց նահանգապետի օգնականի կառքը և հեծելազօրի առաջնորդութեամբ ուղեւորւեց դէպի քաղաք: Այնտեղ նրանք կանգ առին հայոց դպրոցի առջև, որ զարդարւած էր պարսկական և հայկական դրոշակներով. հիւրերը ընդոււեցին պարսկական և հայկական հիմներով, այնուհետև նահանգապետի օգնականը ողջոյնի ճառ ասաց, որին պատասխանեց իշխան Արղութեանը: Օրւայ ընթացքում եղան փոխ այցելութիւններ: Միսիան այցելեց հայոց և պասից դպրոցները:
Ամսի 28-ին միսիան ուղեւորւեց Ղազւին:
Դեկտեմբերի 29-ին հայկական միսիան երեկոյան ուշ հասաւ Ղազւին, քաղաքից մի քանի վերստ հեռաւորութեան վրայ, իշխանութեան և հայ գաղութի հասարակական կազմակերպութիւնների բազմաթիւ ներկայացուցիչները ընդունեցին նրան մեծ շուքով: Միւս օրը այցելութիւն տւին միսիային Ղազւինի նահանգապետը և ուրիշ բարձրաստիճան անձնաւորութիւններ, անգլիական հիւպատոսը, Թայմզ լրագրի թղթակիցը: Այստեղ ևս պարսկական իշխանութիւնը ցոյց տւեց սիրալիր ընդունելութիւն: Ի պատիւ միսիայի, հայոց դպրոցի թատերասրահի մէջ տրւեց մեծ բանկէտ, որը սկսուեց ներկայացումով: Նոր տարին միսիան անցկացրեց Ղազւինում, իսկ յունւար 3-ին ճանապարհւեց դէպի Թէհրան:
Յունւարի 4-ին ժամի 3-ին Հայաստանի ներկայացուցչութիւնը Պարսկաստանի մայրաքաղաք Թէհրան ժամանեց:
Այնտեղ նա հանդիպեց խանդաւառ և մեծ ընդունելութեան: Այդ միևնոյն օրը Պարսկաստանի ամեն մի անկիւնից ստացւել էին անհամար շնորհաւորական հեռագիրներ և պարսկական մամուլը լեցւած էր համակիր յօդուածներով: Ամբողջ օրը անցաւ պաշտօնական փոխ այցելութիւններով: Հայաստանի միսիային այցելութիւններ տւին հասարակական և պետական հիմնարկութիւնների ներկայացուցիչները ևայլն:
Յունւարի 11-ի երեկոյան ժամի 4-ին Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Իշխան Արղութեանը ներկայացել է Պարսկաստանի Մինիստր նախագահին, որի կողմից սիրալիր ընդունելութիւն է գտել և որի հետ մի ժամի չափ խօսակցութիւն է ունեցել կարևոր հարցերի շուրջը:
Թէհրանի պարսկական բոլոր թերթերը բարի գալուստ են մաղթել Հայաստանի ներկայացուցչի ժամանման առթիւ և առաջարկում են Հայաստանի և Պարսկաստանի միջև սկիզբ դնել մտերիմ եղբայրական և բարի դրացիական յարաբերութիւնների:
Հայկական առաքելութեան նախագահ Իշխան Արզութեանը իր խորհրդականի և քարտուղարի հետ յունւարի 2-ին ներկայացան արտաքին գործոց մինիստրի փոխանորդ Աղա-Էլթազա-Ուլ-Մուլքին, որ ցոյց տւեց սիրալիր ընդունելութիւն:
Ժողովուրդ, թիւ 29, հինգշաբթի, 4 մարտի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/29.pdf
Լուսանկարում՝ հին Թեհրանը