«Մինչև 18 տարեկանը ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլ դիտել և գիրք կարդացել»

1918

Զրույց «Դովեղ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի հետ

Հարց- Մի քանի օր առաջ լրատվամիջոցներում հայտարարություն տարածվեց «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադրման մասին: Շատերի համար զարմանալի էր, որ ֆուտբոլով զբաղվում է մի մարդ, ում Հայաստանում և Սփյուռքում ճանաչում են որպես լրագրողի, գրքերի հեղինակի, գրքեր հրատարակողի ու հայկական հարցերով ուսումնասիրողի: Ի՞նչ կապ ունեք ֆուտբոլի հետ:

– Մինչև 18 տարեկանը, մինչև բանակ գնալը ես զբաղվել եմ հիմնականում երեք բանով՝ ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլ դիտել և գիրք կարդացել: Հիշում եմ՝ 80-ական թվականների կեսերին, երբ հայկական ֆուտբոլում փայլում էր Խորեն Հովհաննիսյանը, ես, երբեմն ընկերներիս հետ, երբեմն մենակ, Այրում կայարանում երեկոյան նստում էինք Թիֆլիս-Երևան գնացքը, առավոտյան հասնում Երևան, դիտում «Արարատի» հանդիպումը և խաղից անմիջապես հետո նստում Երևան-Թիֆլիս գնացքը և իջնում Այրում կայարանում, հասնում տուն: Այդ ժամանակ մենք 14-15 տարեկան էինք և ապրում էինք ֆուտբոլով: Դրանք երանելի ժամանակներ էին, երբ, հիմա եմ հասկանում, հայկական ազգայնականությունը և պահանջատիրությունը արտահայտվում էին նաև «Արարատին» երկրպագելով: Աննկարագրելի էներգետիկա կար «Հրազդան» ստադիոնում: Այդ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ էին ներկա լինում խաղերին: Շատ լավ հիշում եմ՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղին, թվականը հիմա չեմ հիշում, ներկա էր 64 հազար մարդ 70 հազարանոց «Հրազդան» ստադիոնում: Ես էլի է ներկա: Իսկ առաջին անգամ «Հրազդան»-ում դիտել եմ «Արարատ»- «Նեվթչի» (Բաքու) հանդիպումը 1985-ին, որն ավարտվեց 3-0 հաշվով:

Դպրոցն ավարտելուց հետո դիմեցի Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին, սակայն չընդունվեցի: Մեկնեցի բանակ, ծառայեցի երկու տարի: Բանակում ավելի շատ զբաղվում էի երկար տարածության վազքով: Բանակից վերադառնալուց հետո կրկին դիմեցի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն կրկին չկարողացա ընդունվել: Այդ ժամանակ 20 տարեկան էի, պարապում էի Նոյեմբերյանի «Պահածոյագործ» թիմում, որը հետո պետք է վերանվանվեր «Ազնավուր» և Հայաստանի առաջնության բարձագույն խմբում խաղար մինչև 1996 թվականը անընդմեջ: 1990 թվականին ես թիմի հետ մեկնեցի Ղրիմ՝ Եվպատորիա քաղաք, երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Մի քանի ընկերական խաղ անցկացրեցինք, և ես հասկացա, որ իմ ֆիզիկական տվյալները թույլ չեն տալու ինձ հաջողության հասնել ֆուտբոլում:

Երբ ծնողներիս ասացի, որ թողնում եմ ֆուտբոլը և ուզում եմ ընդունվել ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետ, նրանք որքան ուրախացել, այնքան էլ զարմացել էին: Ես դպրոցում լավ եմ սովորել: Շատ էի կարդում: Առաջին իսկ փորձից ընդունվեցի ԵՊՀ Բանասիրականի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որպեսզի դառնամ ֆուտբոլային մեկնաբան: Ես մի քանի սպորտային լուրեր և ռեպորտաժներ գրելուց հետո անցա Արցախին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, հայ-թուրք հարաբերություններին, որի մեջ եմ արդեն ավելի քան 25 տարի:

Հարց – Ֆուտբոլից անցում Արցախին…

– Ի դեպ, հենց  ֆուտբոլից եմ առաջին անգամ իմացել Արցախի մասին:  Այն ժամանակ Խորհրդային Միության ֆուտբոլի երկրորդ լիգայի 9-րդ գոտում խաղում էին անդրկովկասյան թիմերը և Թուրքմենիայից Աշխաբադի «Կոլխոզչին»: Ցածր դասարանից վիճակագրության սիրահար էի: Իմ մոտ արտագրում էի թիմերի կազմերը, ֆուտբոլիստների հասակն ու ծննդյան թվականները գիտեի անգիր: 9-րդ գոտում էր խաղում նաև Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը: Ես հավանաբար երրորդ դասարանում էի: Արտագրում էի «Ղարաբաղի» կազմը, երբ զարմանքով հայտնաբերեցի, որ ֆուտբոլիստների ազգանունները ավարտվում է յան-ով: «Ղարաբաղի» դիմաց գրվում էր Ստեփանակերտ և Ադրբեջան: Ես զարմացած էի. եթե «Ղարաբաղը» Խորհրդային Ադրբեջանի թիմ է, ապա ինչո՞ւ են ֆուտբոլիստների ազգանունները հայկական: Հիշողությանս մեջ մնացել է Հայրիյան ազգանունը: Ես կցնկանայի Հայրիյան ֆուտբոլիստի հետ հարցազրույց անել:

Հարց-  Ո՞վ է քո սիրած ֆուտբոլիստը:

– 80-ական թվականներին Սոկրատեսը, Մարադոնան, ապա՝ Մաթեուսը, Պլատինին, քիչ ավելի անց՝ Զիդանը: Նրանք շատ էին, բոլորին չես թվարկի: Հայ ֆուտբոլիստներից, անկասակած, Խորեն Հովհաննիսյանը: Այսօր՝ Մեսսին, դե Բրույնեն ու Սանեն և իհարկե՝ մեր բոլորի պարծանք Հենրիխ Մխիթարյանը:

Հարց- Ինչո՞ւ հիմնադրեցիր «Դովեղ» ֆուտբոլային ակումբը և ի՞նչ նպատակներ ունես:

– Ինձ համար կյանքի ամենահաճելի պահերից է այն, երբ ֆուտբոլիստները մտնում են դաշտ: Այսօր ես շատ եմ ուրախանում, երբ իմ կրտսեր որդին՝ 15 տարեկան, մտնում է դաշտ խաղալու: Ֆուտբոլը թատրոն է: Բայց, ի տարբերություն ավանդական թատրոնի, ֆուտբոլային ամեն խաղի ժամանակ գրվում է մեկ առանձին սցենար, որի բովանդակությանը հանդիսատեսները տեղեկանում են խաղի ընթացքում: Ֆուտբոլը աշխարհի ամենագեղեցիկ ստեղծագործություններից է: Այն կարելի է դիտել ամեն օր ողջ կյանքի ընթացքում և չձանձրանալ, որովհետև ամեն մի խաղ մի առանձին, անկրկնելի սցենար է:

Մեր գյուղի՝ Դովեղի անունով, ֆուտբոլային ակումբ եմ հիմնադրել, որովհետև ուզում եմ օգտակար լինել մանուկներին ու պատանիներին, ովքեր ուզում են ֆուտբոլ խաղալ և երազում են ֆուտբոլիստ դառնալ: Կարևոր չէ՝ կդառնան, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ նրանք երազում են, ինչպես ես եմ երազել ֆուտբոլիստ դառնալու մասին, երբ մանուկ ու պատանի հասակում ամեն օր մեր գյուղից հասնում էի Նոյեմբերյան և ֆուտբոլ պարապում:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ հիմնական նպատակն է Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում ֆուտբոլային թիմերի հիմնադրումը, օժանդակումը և պահպանումը, նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի միջազգային և Հայաստանի մրցումներին՝ սկսած մանկապատանեկանից մինչև մեծահասակների առաջնություններ, գավաթային և այլ խաղարկություններ։

Արդեն այս տարի, սեպտեմբերին, ջանալու ենք 2018-2019 թթ. Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան և պատանեկան առաջնություններում մասնակցել մեկ կամ ավելի թիմերով:

Մեր ուշադրության և գործունեության տարածքն ընդգրկելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը, այդ թվում՝ սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար բնակավայրերը, որոնք այսօր մաս են կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը ցանկություն ունի տարածվել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ այդ թվում Չինարի, Այգեձոր, Մովսես, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար և Ադրբեջանին սահմանակից մյուս գյուղերում: Ցավոք, Բերդի տարածաշրջանում այս պահի դրությամբ չկա գեթ մեկ ֆուտբոլի դաշտ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի մանկապատանեկան առաջնության մրցաշար: Ոչ այնքան մեծ ներդրումներով հնարավոր է կարգի բերել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի մարզադաշտը: Մենք պատրաստ ենք այս և մյուս հարցերում գործակցել տեղական իշխանությունների հետ, որպեսզի ֆուտբոլը գա նաև Բերդի տարածաշրջան: Մենք ցանկություն ունենք ֆուտբոլը բերել մի շրջան, որն ասոցացվում է առավելապես հակամարտության ու կրակոցների հետ:

Բայց մենք ունենք նաև ավելի մեծ նպատակ՝առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Սա իրատեսական է: Կրկնեմ, որ Նոյեմբերյանի «Ազնավուր» թիմը հինգ տարի անընդմեջ խաղացել է բաձրագույն խմբում: Ես ուզում եմ հիշեցնել, որ «Ազնավուր» թիմում են խաղացել Մանվել Ասատրյանը, Վրեժ Աբովյանը, Շիրակ Սառիկյանը, Հայկ Խասիկյանը և այլ հաջողակ ֆուտբոլիստներ:

Մենք ուզում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը բերել Նոյեմբերյան և ուրախացնել տեղի ֆուտբոլասերներին: Այդ նպատակին հասնելու համար երազանքը, ցանկությունները և ֆինանսական միջոցները դեռևս բավարար չեն: Մենք ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությունը և համագործակցությունը: Ֆուտբոլը թիմային խաղ է, որը պահանջում է նաև թիմային աշխատանք:

Մենք հուսով ենք, որ կազմակերպչական և այլ հարցերում, հատկապես սկզբանական շրջանում, մեզ կօժանդակեն և կոգևորեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Հարց – Որո՞նք են առաջիկա անելիքները:

– «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է մարզիչների ընդունելության մրցույթ: Մրցույթին կարող են դիմել նրանք, ովքեր հետաքրքրված են և ունեն կարողություններ մարզչական աշխատանք կատարել 12-ից 15 տարեկան մանուկների և պատանիների հետ Նոյեմբերյան համայնքում: Դիմողները պետք է մինչև 2018 թվականի ապրիլի 5-ը ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com կամ ֆեյսբուքի էջին՝ «Դովեղ»  ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club, ուղարկեն հակիրճ կենսագրական: Ապրիլի 7-ին տեղի կունենա հարցազրույց դիմողների հետ: Հուսանք, որ արդեն ապրիլի կեսերին կունենանք մարզիչներ: Ապրիլի վերջից, մայիսի սկզբից պետք է կատարվի մանուկների և պատանիների ընդունելություն, որից հետո կսկսվեն մարզումները: Այս ամենի մասին ես մանրամասն կտեղեկացնեմ Նոյեմբերյանի և Բերդի համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին, ֆուտբոլասերներին: Ինչպես նշեցի, արդեն սեպտեմբերին, «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ցանկություն ունի մեկ կամ երկու թիմերով մասնակցել Հայաստանի մանկապատանեկան առաջնություններին:

Հարց- Ինչպիսի՞ն է մարզադաշտերի վիճակը:

– Նոյեմբերյանի տարածաշրջանում կա մանկապատանեկան առաջնությունների չափանիշներին համապատասխանող մի քանի դաշտ՝ Այրումում, Հաղթանակում, Բերդավանում, Կողբում և Նոյեմբերյան քաղաքում: Բերդի տարածաշրջանում չկա և ոչ մի դաշտ, որը կհամապատասխաներ չափանիշներին: Ներքին Կարմիր Աղբյուրի մարզադաշտը հնարավոր է կարգի բերել ոչ այնքան մեծ ներդրումներով: Սակայն պետք է նաև ասել, որ Ներիքն Կարմիր Աղբյուրի դաշտը ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից ապահովագրված չէ, ինչպես գյուղն ամբողջությամբ: Բերդ քաղաքում կա մարզադաշտ անմխիթար վիճակում, և լավ կլինի, որ այն կարգի բերվի:

Հարց-  Եվ վերջին հարցը. ո՞վ է հովանավորելու «Դովեղ» ֆուտբոլային ակումբին:

– Այս պահին որևէ հովանավոր չունենք: Ես պատրաստվում եմ դիմել իմ ֆուտբոլասեր ընկերներին ու բարեկամներին, ովքեր, հուսով եմ, կատարելու են առաջին ներդրումները: Բայց առաջին ներդնողը լինելու եմ ես: Դիմելու եմ նաև Սփյուռքի իմ բարեկամներին: Ֆինասնավորման այլ աղբյուրներ էլ կլինեն, հուսով եմ:

Հարցազրույցը՝ Ա. Մանուկյանի