Կանգ առե՛ք, պարոնա՛յք. իշխանությունը ջնջում է Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից

10867

Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանն անդրադարձել է Արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի անունը դպրոցական դասագրքերից հանելուն։ Այս մասին ուրբաթ տեղի ունեցած դատական նիստին հայտարարել էր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Ֆեյսբուքի իր էջում Հրանուշ Խառատյանը գրել է․

«Կանգ առե՛ք, պարոնա՛յք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հերոսներին:

Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մեղադրական եզրակացությունում գրված է, որ Լիբանանի քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու։ Պետք է հիշեցնեմ՝ մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարում հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանը անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»։

Անդրանիկ Օզանյանի, Մովսես Սիլիկովի, Գարեգին Նժդեհի անունները վաթսուն տարուց ավել բացակայում էին հայոց պատմության էջերից: Անդրանիկի անունը խորհրդահայ մամուլում առնվազն երեսուն տարի հանդիպում է «դաշնակցական վիժվածք», «բանդիտ» ուղեկցությամբ: Հայաստանում շատերը զոհ գնացին չեկիստական կառավարմանը՝ միայն Անդրանիկին ծանոթ եղած լինելու կամ նրա կողմից գլխավորված զորամասում ծառայած լինելու համար: Գնդակահարության դատապարտված Վահան Թոթովենցի մեղադրականում Անդրանիկի մտերիմը լինելու պատիվը ներկայացված է որպես հայրենիքի դավաճանություն: «Գրական թերթում» Նաիրի Զարյանը, Քոչարը, Աբովը Թոթովենցին որպես ծանրագույն մեղադրանք անվանում էին «Անդրանիկի համհարզ»: Մովսես Սիլիկովը Ռյազանի աքսորից հետո 1921-36 թթ. ընթացքում երբեմն նույնիսկ հնավաճառությամբ է զբաղվել, չորս անգամ ձերբակալվել է, հինգերորդ ձերբակալությունից հետո՝ 1937-ին գնդակահարության դատապարտվել տրոյկայի կողմից` հինգ այլ սպաների հետ միասին… որպես «ժողովրդի թշնամի»:

Գարեգին Նժդեհը մահացավ խորհրդային բանտում՝ Վլադիմիր քաղաքում: Նրա անունը հանրային հնչեղություն ստացավ միայն ԽՍՀՄ կազմալուծումից հետո: Ժողովրդի այս «թշնամիներին» ազգովի ենք պարտական Զանգեզուրի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի պաշտպանության համար: Մեծ հաշվով՝ նույնիսկ Բաթումի պայմանագրով ստեղծված Հայաստանի համար: Անդրանիկին՝ նաև Նախիջևանի, հազարավոր արևմտահայերի, արևմտահայ որբերի փրկության համար:

Արամ Մանուկյանին «ճիշտ ժամանակին» հաջողվեց մահանալ տիֆից: Նրանց դատողներից և դատապարտողներից ոմանք՝ Մուղդուսին, Ամատունին, Ակոպովը և այլք զոհ գնացին իրենց իսկ թակարդին, ոմանք էլ ծաղկեցին և առատ սերունդ տվեցին՝ այսօր Սեֆիլյաններին դատելու և դատապարտելու համար: Այսօր կրկին «զտելու ժամանակն է», հիսուն տարի հետո այս մասին կգրվի դասագրքերում: Մոնթե Մելքոնյանին նույնպես հաջողվեց ճիշտ ժամանակին զոհվել, այլապես ընթացիկ զտումներով մի այլ մեղադրականով նա էլ կդառնար «ԱՄՆ քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու»։ Եթե չգրվի՝ «ահաբեկչության համար»:

Աստված չանի, որ մի օր հերթական զտումների ընթացքում գրվի, թե «Անգլիայի քաղաքացին ՀՀ իշխանություններին և Ազգային ժողովի պատգամավորներին խաբելով դարձել է ՀՀ նախագահ»:

Կանգ առե՛ք, պարոնա՛յք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հայրենակիցներին և հերոսներին»: