«Դովեղ» ֆուտբոլային ակումբը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի մանուկների ու պատանիների համար

3582

Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2018 թվականի մարտի 15-ին գրանցվել է «Դովեղ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը, որի հասցեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ բնակավայրն է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Ակումբի Կանոնադրության մեջ ասվում է.

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ հիմնական նպատակն է Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում ֆուտբոլային թիմերի հիմնադրումը, օժանդակումը և պահպանումը, նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի միջազգային և Հայաստանի մրցումներին՝ սկսած մանկապատանեկանից մինչև մեծահասակների առաջնություններ, գավաթային և այլ խաղարկություններ։ Կազմակերպության նպատակներից են ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելը Հայաստանում և սահմանամերձ Տավուշի մարզում, սպորտի, առաջին հերթին՝ ֆուտբոլի միջոցով խաղաղության և համերաշխության տարածումը Հայաստանում, հարևան երկրներում և աշխարհում»։

Ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը նշել է, որ ակումբը ջանալու է արդեն 2018-2019 թթ. Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան և պատանեկան առաջնություններում մասնակցել մեկ կամ ավելի թիմերով:

«Մեր ուշադրության և գործունեության տարածքն ընդգրկելու է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանը, այդ թվում՝ սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար բնակավայրերը, որոնք այսօր մաս են կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի»,- ասել է Հակոբյանը:

Այս շրջանում ֆուտբոլը տարածված և սիրված մարզաձև է: 1990-ից 1996 թվականներին Նոյեմբերյանի «Պահածոյագործ», ապա «Ազնավուր» թիմերը մասնակցել են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններին և գավաթի խաղարկություններին՝ հասնելով հաջողությունների: Այսօր շրջանի երեք թիմեր մասնակցում են Հայաստանի մանկապատանեկան առաջնություններին:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը ծրագրել և նպատակադրվել է առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում:

«Մենք ուզում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլը բերել Նոյեմբերյան և ուրախացնել տեղի ֆուտբոլասերներին: Այդ նպատակին հասնելու համար երազանքը, ցանկությունները և ֆինանսական միջոցները դեռևս բավարար չեն: Մենք ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությունը և համագործակցությունը: Ֆուտբոլում հաջողության հասնելու առաջին նախապայմանը նվիրումն է»,- ասել է ակումբի հիմնադիր Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ցանկություն ունի տարածվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում՝ այդ թվում Չինարի, Այգեձոր, Մովսես, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար և Ադրբեջանին սահմանակից մյուս գյուղերում:

«Ցավոք, Բերդի տարածաշրջանում այս պահի դրությամբ չկա գեթ մեկ ֆուտբոլի դաշտ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի մանկապատանեկան առաջնության մրցաշար: Փոքր ներդրումներով հնարավոր է կարգի բերել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի մարզադաշտը: Մենք պատրաստ ենք այս և մյուս հարցերում գործակցել տեղական իշխանությունների հետ, որպեսզի ֆուտբոլը գա նաև Բերդի տարածաշրջան: Մենք ցանկություն ունենք ֆուտբոլը բերել մի շրջան, որն ասոցացվում է առավելապես հակամարտության ու կրակոցների հետ»,- ասել է Հակոբյանը:

Առաջիկա շաբաթներին ակումբը կկազմակերպի 12-ից 15 տարեկանների ընդունելություն: Այդ մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտարածենք՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի լրատվությունը հասանելի կլինի www.aniarc.am կայքում, ինչպես նաև՝ ակումբի ֆեյսբուքյան էջում:

Ակումբի հետ կապվելու համար պետք է գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ

16 մարտի, 2018 թ