Արամ Մանուկյանի տան վիճակը «ցույց է տալիս մեր վերաբերմունքը նրա վաստակի նկատմամբ». «Ազատություն»

1664

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ Նալբանդյան – Արամի փողոցների խաչմերուկում վեր խոյանա Արամ Մանուկյանի արձանը, մինչդեռ հայտնի չէ, թե երբ վերջապես կվերականգնվի այն տունը, որտեղ ապրել է Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը։

Երևանի ավագանու անցյալ ամսվա նիստերից մեկին «Ելք» խմբակցությունը բարձրացրեց այս հարցը. ինչո՞ւ է Երևանի քաղաքապետրանը փորձում սեղմ ժամկետում արձան պատվիրել արդեն վաղուց ավերակների վերածված տունը վերականգնելու փոխարեն․ – «Մենք մեր ունեցած հուշարձանները չենք պահում, պաթոսով նոր հուշարձաններ ենք բացում»:

Քաղաքապետի արձագանքը․ – «Սեփականություն է [Արամ Մանուկյանի տունը], անհատի սեփականություն է, և քաղաքապետարանը այդտեղ լիազորություններ չունի: Իսկ քաղաքապետարանի լիազորությունների մեջ է նման հուշարձաններ, արձաններ տեղադրելու թույլտվությունը: Մենք մեր լիազորություններից օգտվում ենք»:

Ճարտարպետ Անուշ Տեր-Մինասյանն ասում է, որ սրտի ցավով է ամեն անգամ անցնում Արամի 9 հասցեում գտնվող տան կողքով, որի օտարումից հետո դրա միայն դիմային մասն է կանգուն մնացել․ – «Ցանկացած լքված շենք շատ տխուր զգացմունքներ է առաջացնում»:

Ճարտարապետը եղել է այն խորհրդի կազմում, որը պետք ընտրեր Արամ Մանուկյանի արձանի մրցույթին մասնակցող էսքիզներից որևէ մեկը, հաղթած տարբերակը, նրա կարծիքով, անհաջող է և թույլ։ Արամ Մանուկյանը, նրա խոսքով, արժանի է և՛ լավ արձանի, և՛ վերականգնված ու խնամվող տան, սակայն քաղաքապետարանը ո՛չ առաջինն է անում, ո՛չ երկրորդը։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ծանոթ է Երևանի քաղաքապետի արդարացմանը, այդուհանդերձ վստահ է,որ ցանկության դեպքում Առաջին հանրապետության 100-ամյակի առիթվ կկարողանային վերականգնել նաև տունը․ – «Եթե իշխանությունները բուռն ցանկություն ունենային, ապա, ես կարծում եմ, հնարավոր կլիներ այդ սեփականատիրոջ հետ համաձայնության գալ: Հայաստանը այն պետություն չէ, որտեղ բիզնեսն ու քաղաքականությունը այնքան են տարանջատված, որ հնարավոր չի: Հակառակը, Հայաստանը այն երկիրն է, որտեղ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են»:

Հակոբյանը կարծում է, որ քաղաքային իշխանությունները անտարբեր են, որովհետև լավ չգիտեն 20-րդ դարասկզբի պատմությունը, ու լիովին չեն պատերացնում Մանուկյանի ունեցած կարևորագույն դերը Հայաստանի հասարական ու քաղաքական կյանքում, տեղյակ չեն, որ Արամի 9 հասցեում ժամանակին տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ ու բանակցութուններ․ – «Որևէ պետության համար պարծանք կլիներ [մայրաքաղաքի] կենտրոնում ունենալ մի տուն, որտեղ ապրել է [Առաջին] հանրապետության իրական հիմնադիրներից Արամ Մանուկյանը: Եվ տան վիճակը ցույց է տալիս հենց մեր վերաբերմունքը ոչ միայն Արամ Մանուկյանի վաստակի, նրա նվիրումի նկատմամբ, այլև ցույց է տալիս պետականության մեր ընկալումը»:

Արամի 9 հասցեում գտնվող կիսաքանդ ու փլատակ տունը «Հին Երևան» նախագծի մաս է կազմում, որի գրեթե մեկ տասնյակ կառույցների սեփականատերն ու ներդրողը 2015 թվականից ի վեր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է։

Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի խոսքով, աշխատանքները դանդաղ են առաջ գնում, որովհետև առաջին հերթին բարդ է ողջ թաղամասի օտարման գործընթացը, որպեսզի միանգամից սկսեն շինարարությունը։

Միևնույն ժամանակ ճարտարապետը ճիշտ չի համարում սևեռվելը Արամի 9-ի ուղղությամբ․ – «Դուք ֆիքսվել եք մի տան վրա․․․ Էս բոլոր շենքերը պատմություն ունեն»:

«Հին Երևան» նախագծով շենքերի մի մասը կառուցվելու է զրոյից, մյուսները, այդ թվում Արամ Մանուկյանի տունը, վերականգվելու են: Այդ աշխատանքները հատկապես բարդ և ժամանակատար կլինեն, դժվար է անգամ մոտավոր ժամկետներ նշել, թե Արամի 9-ը երբ վերջապես նորից կանգուն կլինի:

Այդուհանդերձ Լևոն Վարդանյանը լավատես է․ – «Հույս ունեմ, որ էս տարին լավ տարի կլինի: Էս տարի դուք երևի առաջին շենքերը կտեսնեք»:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ