Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը․ այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Խորհրդարանի կողմից չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի՝ 2rd.am-ի հարցին ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրված օրակարգի, գտնվելու է արտերկրում։
2rd.am-ը Սողոմոնյանին խնդրել է մեկնաբանել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին:
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- ասել է Սողոմոնյանը:
Կայքի մյուս հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը չի՞ պատրաստվում հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ 2009թ․ հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը դադարեցնելու Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ, Սողոմոնյանը պատասխանել է․
«Ո՛չ: Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»: