Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:
Սողոմոնյանը, մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը (ով գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին), ասել է.
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:
«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ «Ի՞նչ կարող եք ասել ներկայացված մեղադրանքներին Ձեր հասցեին, որ իրականում «Դուք եք «Մարտի 1»-ի կազմակերպիչը, սադրիչը», Փաշինյանը ասել է.
«Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, և ես դրա վերաբերյալ ասել եմ հետևյալը, որ հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել ընդդեմ քոչարյանասերժական պետական հեղաշրջման գործընթացի: Եվ ասել եմ, որ պատիվ ունեմ հետագայում նույնպես նման գործունեություն ծավալել և այսօրվա իմ գործունեությունը նույնպես համարում եմ դրան ուղղված գործունեություն՝ այսինքն ապօրինությանը և պետական հեղաշրջումների շարունակական գործընթացին դիմադրությունը: Բայց ես էլի եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա․ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի՝ որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենայի հետևից ցուցարարները դուրս էին գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում: Ո՞վ է իրեն տվել այդ տեղեկատվությունը, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ինչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին: Սա է գլխավոր թեման»: