Հայաստանը դիկտատուրա հաստատելու ռեսուրս չունի. Լևոն Տեր-Պետրոսյան, 11 մարտ, 2008թ

1835

Այս հրապարակումը տեղ է գտել Չորրորդ Իշխանություն թերթում՝ 2008-ի մարտի 21-ի համարում՝ հայտարարված 20-օրյա արտակարգ իրավիճակի ավարտին հաջորդող օրը: Իսկ այս լուսանկարում Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի Մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում է ժողովրդին բռնի ուժով ցրելուց անմիջապես հետո:

—-

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՍ ԿԱՐԵԿՑՈՒՄ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը մարտի 1-ից առ այսօր գտնվում է փաստացի տնային կալանքի տակ, [2008թ] մարտի 11-ի երեկոյան իր առանձնատանը ասուլիս էր հրավիրել: Ձեզ ենք ներկայացնում այդ ասուլիսի առավել ուշագրավ հատվածները: 

– Պարոն նախագահ, կարո՞ղ եք կոնկրետացնել, շարունակելո՞ւ եք պայքարել հանուն նոր ընտրությունների եւ եթե այո, ի՞նչ մեթոդներով: 

– Ես հիմա մեկ միջոց ունեմ պայքարելու` կլինի հնարավորություն հանրահավաքներ անցկացնելու, մամուլը կբացվի, կօգտագործենք մամուլը, կօգտագործենք հանրահավաքները, բոլոր օրինական միջոցները, որոնցով մենք հնարավորություն կունենանք ժողովրդի հետ շփվելու, խոսելու, այն, ինչ արել ենք 5 ամիս: Հինգ ամիս մեր կողմից որեւէ խախտում տեղի չի ունեցել: Այդքան երթեր եղան, մեծ հանրահավաքներ, որեւէ երթի ժամանակ որեւէ մեքենա չքերծվեց, մի ապակի չկոտրվեց, այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ մեկ օրում ժողովուրդը փոխվեց: Մի բան պատահեց` ժողովրդի վրա մահակ բարձրացրեցին, հետո տարերային բողոքներ եղան, հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայտնվեցին պրովոկատորներ, սկսվեց մի պրոցես, որը կառավարելիությունից դուրս եկավ: Բայց ես վստահ եմ, որ այդ պրոցեսը հրաշալիորեն կառավարվում էր իշխանությունների կողմից:

– Պարոն նախագահ, անընդհատ միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելում են Հայաստան, հետո մենք ստանում ենք տարբեր հաղորդագրություններ, միջազգային մամուլը բոլորովին այլ բան է ասում, իսկ մեր մամուլը հայտարարում է, որ եկան Սերժ Սարգսյանին շնորհավորեցին եւ գնացին: Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

– Դա հավատի խնդիր է: Ով ուզում է, հավատում է Սերժ Սարգսյանի պրոպագանդային, ով ուզում է` հավատում է միջազգային հանրությանը: Դա ինձ թվում է, ցույց է տալիս, թե մենք ինչ երկրի հետ գործ ունենք: Իսկապես, մարդկանց անհարմար վիճակի մեջ են դնում: Մարդիկ գալիս են, իրենց հետ մի բանի մասին են խոսում, դուրս են գալիս, այդ մարդու անունից ինչ-որ բաներ են հայտարարում: Նույնիսկ կոնֆլիկտներ… Դուք Բրայզայի այսօրվա հայտարարությանը ծանո՞թ եք, թե ոչ: Ես չգիտեմ, թե ինչ խոսակցություն է եղել նրանց միջեւ, բայց ես տեսնում եմ ինչ-որ անձնական վիրավորվածության տարր էլ կա այդտեղ: Նրանք մի բան են խոսել, արել են լրիվ հակառակը: Ես անգամ դա եմ տեսնում այս հայտարարության մեջ:

– Իսկ ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ: 

– Գալու ենք Բրեժնեւի շրջանին, երբ մեր ժողովուրդը մեր պաշտոնական հեռուստատեսության ոչ մի ասածին չի հավատալու: Կամ հակառակն է հասկանալու: Նրանք մի բան են ասելու, հակառակն են հասկանալու: Գալու ենք այս վիճակին:

– Ըստ էության, քանի որ գնում է ուղեղների լվացման պրոցես եւ մարդիկ կամ հասարակության մեծ մասը չունեն ինտերնետի հնարավորություն, տարվում են այդ ինֆորմացիայով եւ հավատում են նրան, ինչ տրվում է պետական հեռուստատեսության եթերով: Եւ նաեւ հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը` դուք կարծում եք, եթե հաջողվի հետագայում ստանալ հանրահավաքի թույլտվություն, ժողովուրդ կհավաքվի՞: 

– Ուղեղների լվացումն, իհարկե, նոր չէ, այս իշխանությունները 10 տարի դրանով էին զբաղված: Ալտերնատիվն էլ շատ թույլ էր: 17 հեռուստաընկերությանը դիմադրում էր ընդամենը 3-4 թերթ` ընդհանուր` 15-20 հազար տպաքանակով: Ալտերնատիվ դարձան մեր հանրահավաքները, մեր CD-ները: Դրանք շատ լուրջ ալտերնատիվ դարձան: Հիմա դա էլ կօգտագործենք, եթե հանրահավաքներ թույլ չտան: Մենք կհասցնենք ժողովրդին: Ժողովուրդն էլ սիրում է… արդեն ճաշակ է ձեւավորվել: Նույնիսկ պահանջում են` բա ո՞ւր է մեր կինոն: Ուղեղների լվանալը երբեք արդյունք չի տալիս: Ուղեղներ լվանալով հասարակությանը հնարավոր չէ խաբել: Կարող էին խաբել, եթե այս վերջին 6 ամսվա իրադարձությունները տեղի ունեցած չլինեին: Ես գտնում եմ, չգիտեմ, ինձ հետ համաձայն եք, թե չէ, այսօր մենք ունենք լրիվ ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան ունեինք 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: Իմ համակիրների, իմ թիմի հետ հրաշք ենք գործել: Մենք ստեղծել ենք նոր հասարակություն, քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած, պիտի հաշվի նստեն: Այո, ձերբակալություններով կարող է փորձեն չեզոքացնել մեզ: Այսօր ամենասուր հարցը դա է: Ձերբակալությունները շարունակվում են նույն թափով: Աշխարհը սա շատ լավ հասկանում է եւ սրա տակից դուրս չեն գալու: Ինչքան շատ ձերբակալեն, այնքան դժվարանալու է իրենց գործը: Իրենց թվում է, փակելո՞ւ են աչքերը: Ոչ: Քաղբանտարկյալն այսօր շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ աշխարհի շատ քիչ երկրներում կան: Դարն անցել է, եւ Հայաստանը չունի այն ռեսուրսները:

Հայաստանը դիկտատուրա հաստատելու ռեսուրս չունի: Կարող է ինչ-որ ժամանակավոր խրախճանք լինի նրանց մոտ: Բայց չեմ կարծում, նրանք խրախճանքի մեջ են այսօր: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը, որովհետեւ իրենք հասկանում են` ինչ են արել, ինչպիսի պատասխանատվության տակ են մտել: Արյուն է թափվել, մեծ արյուն է թափվել: Այս արյան պատասխանատվությունն իրենք շատ լավ զգում են: Այո, շատ վայրագ ընտրություններ են կատարվել: Դրա գնահատականն արդեն տրվեց ԵԱՀԿ-ի այս երկրորդ զեկույցում: 1995-ից մինչեւ 2007-ի ընտրությունները բոլոր զեկույցները եթե գումարեք, այսքան խիստ, այսքան կոշտ զեկույց չի եղել: Սրանք երեւույթներ են, որ չեն կարող անտեսվել: Ինչքան շուտ իշխանությունները գիտակցեն այս բանը եւ ավելի չծանրացնեն վիճակը, այնքան լավ: Մարտի 1-ից հետո մենք իրադրությունը սրող որեւէ քայլ չենք կատարել: Իսկ նրանց բոլոր քայլերն անընդհատ գնում են դեպի սրման: Այս ձերբակալությունները… անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն: …Եթե ժողովուրդը չի ընդունում այդ իշխանությունը, սրա հետ է հաշվի նստում աշխարհը: Ժողովուրդը հավատ չի տածում այս ընտրությունների նկատմամբ: Այդ հավատը չկա: Սա ամենակարեւոր հարցն է: Չկա, ժողովուրդը չի ընդունում, ծանր բան է Սերժ Սարգսյանի համար: Ես նրան կարեկցում եմ:

– Իշխանությունները փորձում են տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ անել եւ ասել, որ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն դուք եք: 

– Վերագրել ինչ ասես կարող են: Վերագրելով 20 միլիոն մարդ Սիբիրում կործանեցին: Բայց ոչ միայն ես, մեր այս ամբողջ շարժումը, այս բռնությունների մեջ, այս բախումների մեջ որեւէ պատասխանատվություն չունենք: Դա ամենաէլեմենտար բանն է, որ նրանք իհարկե պետք է փորձեն մեզ վրա բարդել: Կհաջողվի` կհաջողվի, դրանից էլ չենք վախենում: Ես ասել եմ, ոչ ոք չի կարող իմ առջեւ որեւէ պահանջ դնել, թե ես որեւէ օրենք եմ խախտել: Հինգ ամիս բացարձակապես չի խախտվել, այո, փետրվարի 21-ից հետո մենք անցկացրել ենք չիրազեկված հանրահավաքներ: Եթե սրա համար պատիժ է հասնում, ես պատրաստ եմ կրել այդ պատիժը: Դրա պատիժը գիտե՞ք ինչ է, 300-400 դոլար տուգանք. Գորբաչովը 88-ին 2 անգամ ինձ տուգանել է:

– Պարոն նախագահ, դուք իրադարձությունների նման ընթացք կանխատեսո՞ւմ էիք մինչեւ հանրահավաքային շարժում սկսվելը: 

– Չէ, ես չէի կանխատեսել այսպիսի բան եւ հանրահավանքներից մեկում ասել եմ, հիմնավորել եմ, ռացիոնալ հարթության վրա ես չէի պատկերացնում, որ այսպիսի բան հնարավոր է: Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է եւ իրեն բացարձակապես պետք չէր այսպիսի բանի տակ մտնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ եկող նախագահ էր, նրան պետք չէր սրանով սկսել իր 5 տարվա իշխանությունը: Ես մոտեցել եմ մեր երկրին ռացիոնալ կատեգորիաներով, այստեղ կարող եք ասել, ես սխալվել եմ: Մեր երկիրը շատ ավելի վայրագ է, քան իրեն կարելի էր այդ կատեգորիաներով դատել: Համարեք, որ սխալվել եմ: Ես ավելի լավ պատկերացում եմ ունեցել այս մարդկանց մասին, քան նրանք կան:

– Տասն օր առաջ, երբ օպերայի ջարդն էր տեղի ունեցել, դուք ասացիք, որ 10 օր չեն դիմանա, հրաժարական կտան: Դրան հետեւեցին ավելի վայրագ գործողություններ: Հիմա ի՞նչ եք կարծում, հրաժարական կտա՞ն, ե՞րբ, ի՞նչ պայմաններում: 

– Դա ոչ մի նշանակություն չունի. մի երկու շաբաթ, 10 օր, 20 օր: Ես մի բան գիտեմ, ստեղծվել է մի այնպիսի հասարակություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարող կառավարել այս հասարակությունը: Չեն կարող: Կարող է, Սադամ Հուսեյնի մեթոդներով, բայց դա էլ ռեսուրսներ է պահանջում: Այդ ռեսուրսները Հայաստանը չունի: Հայաստանը պիտի այս բանն անի, մյուս կողմից «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրն են դադարեցնելու: Չեն տալու այդ փողը: Վաղը չգիտեմ, ամերիկյան օգնություններն էլ կարող են կրճատվել: Չունի ռեսուրս այս երկիրը: Կամ, կամ:

No 735 (ինտերնետային No 895) Մարտի 21 2008 թ., ուրբաթ