Լեռնային Ղարաբաղի օրինակը. Գեղամ Բաղդասարյան

1119

Ղարաբաղյան հանրությունում միակարծիք չեն այն հարցում, թե հակամարտության փոխակերպման գործում որքանով է ազդեցիկ ու արդյունավետ եղել միջազգային աջակցությունը։ Կարծիքները տարատեսակ են ոչ միայն հանրության տարբեր շերտերում, այլև երբեմն էլ հենց նույն՝ այս կամ այն շերտում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունում։ Բանավեճերի հիմնական թեման հետևյալն է՝ որքանո՞վ է այդ ամենը համապատասխանել տեղերում մարդկանց իրական կարիքներին ու պահանջմունքներին։ Եւ արդյո՞ք բավարար էր աջակցությունը։

Վերջին տարիներին մի շարք փորձեր են ձեռնարկվել՝ գնահատելու հակամարտության փոխակերպման գործում միջազգային աջակցության օգտակարությունն ու արդյունավետությունը, ամփոփելու քաղաքացիական խաղաղարարության արդյունքները։ Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ փորձագետների ներգրավմամբ նմանատիպ ուսումնասիրություն է անցկացրել նաև International Alert կազմակերպությունը՝ Եվրամիության EPNK ծրագրի շրջանակներում (տողերիս հեղինակը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել այդ աշխատանքներին)։ «Խաղաղության հեռանկարի մերձեցում.  քաղաքացիական խաղաղարարության 20 տարին՝ ղարաբաղյան հակամարտության համապատկերում» վերտառությամբ ուսումնասիրությունում մեր թեմային առնչվող բավականին հետաքրքիր և ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել։Լեռնային Ղարաբաղում խաղաղարարության պատմության և ղարաբաղցի խաղաղարարների մասնակցության սկիզբ կարելի է համարել cross-border initiatives and grassroots initiatives ծրագրերը, որոնք խարսխված են եղել փոխադարձ այցելությունների վրա 1993-ից ի վեր։ Դրանք միտված էին ղարաբաղյան հակամարտության խաղաղ փոխակերպմանը։ Զուգահեռաբար տեղի էին ունենում այլ ընթացքներ՝ հակամարտության մեջ ներգրավված երկրների քաղաքացիական հասարակության արհեստավարժեցում, միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում այնպիսի հարցերի լուծման նպատակով, ինչպիսին էին թե հակամարտության կարգավորումը և թե հետպատերազմյան հանրությունների ժողովրդավարացումը (վերջինս դիտարկվում էր որպես հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումների ու մոդելների քննարկման անհրաժեշտ չափանիշ)։

1992-97 թվականներին խաղաղարար նախաձեռնություններն ուղղված էին հումանիտար հարցերի լուծմանը, վստահության կամուրջների ստեղծմանն ու երկխոսության կայացմանը։ Ըստ էության, դա խաղաղարարության ամենահաջող ժամանակահատվածն էր։ Հաջողությանը նպաստում էին պատերազմի պայմաններում ծագած խնդիրների լուծման անհետաձգելիություը, հակամարտող կողմերի միջև հաղորդակցության այլ խողովակների բացակայությունը կամ սահմանափակ լինելը (փոխկապերն իրականացվում էին հիմնականում ՀԿ-ների մակարդակով), կար հանրային աջակցություն, ինչպես նաև իշխանությունների կողմից քաղաքացիական նախաձեռնությունների սատարում, միով բանիվ՝ այդ նախաձեռնությունների վառ արտահայտված սոցիալական պատվեր։

Խաղաղարար նախաձեռնություններն առաջին հերթին միտված էին ռազմական գործողություններից ածանցյալ այն խնդիրների լուծմանը, որոնք իրապես անհետաձգելի էին և որոնց լուծումը թույլ էր տալիս ցույց տալու հակամարտության կողմերի միջև փոխադարձ վստահության դրսևորումները։ Սա նպաստում էր խաղաղարար գործընթացում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը։ Ուշադրության կենտրոնում էին ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև փախստականների ու ներքին տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնման խնդիրները։

Ռազմական գործողությունների սկզբնական փուլում հակամարտության կողմերի իշխանական կառույցների միջև անմիջական կապերի բացակայության պայմաններում քաղաքացիական հասարակությունների համագործակցությունն սկսել էր լուրջ արդյունքների հասնել։ Այդ համագործակցության մեջ ներգրավվում էին հանրության գրեթե բոլոր շերտերը՝ բժիշկներ, պրոֆեսորներ, ուսանողներ, արվեստի գործիչներ, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, նախկին կոմբատանտներ, կենսաթոշակառուներ, ռազմագերիների ու անհայտ կորած անձանց հարազատներ, հաշմանդամներ և այլք։

Ինչպես Լեռնաիյն Ղարաբաղի, անյպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները աջակցում էին նման նախաձեռնություններին, քանի որ, կրկնենք, կար վառ արտահայտված սոցիալական պատվեր, իշխանություններն ու հանրությունը օգնության կարիք ունեին այդ պատվերը կատարելու գործում։ Այդ պատվերի կատարման միակ խողովակը հակամարտության կողմերի քաղաքացիական հասարակություններում գործարկված կառույցներն էին։

Այսպիսով, պատերազմյան և առաջին հետպատերազմյան տարիներին քաղաքացիական հասարակությունը բավականին ազդեցություն ուներ թե իշխանությունների և թե միջազգային միջնորդների վրա։

Սակայն, 2000 թվականից ի վեր նոր միտումներ երևան եկան՝ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում պետական ինստիտուտների դերի մենաշնորհում,  քաղաքացիական հասարակությունների լուսանցքայնացում, հակամարտության մեջ ներգրավված երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահության միջոցների ստեղծմանը եւ համատեղ հումանիտար ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնությունների արդի օրակարգից քաղաքացիական հասարակության աստիճանական դուրսմղում, խաղաղարար նախաձեռնություններին միջազգային աննախադեպ դրամաշնորհային աջակցության համապատկերում քաղաքացիական հասարակության մարգինալացում,  հակամարտության մեջ ներգրավված երկրներում ռազմական հռետորաբանության ուժգնացում, լարվածության աճ (այդ գործընթացներում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մի մասի ներգրավում), ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող պաշտոնական բանակցությունների, այնպես էլ՝ այլ միջկառավարական ինստիտուտների ու ոչ կառավարական կազմակերպությունների շրջանակներում խաղաղարար գործընթացի համատարած լճացում, սառեցված հակամարտության թեժ փուլ թեւակոխելու սպառնալիքի աճ ։

Ներկայիս պայմաններում, երբ ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի մասնակցում բանակցային գործընթացին, ԼՂՀ իշխանությունները հասկանում են հանրային մակարդակով քննարկումներին ղարաբաղյան ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը, բայց երբեմն խանդով են վերաբերվում նրանց, երկյուղելով խաղաղարար տարբեր նախաձեռնություններում ծուղակներից։ Դրա հետ մեկտեղ նրանց հետաքրքրում է վստահության կամուրջների կառուցման գործում ոչ կառավարական կազմակերպությունների փորձը եւ Հայաստանում ու Ադրբեջանում հանրային տրամադրությունների մասին տեղեկատվությունը։

Ինչ խոսք, խաղաղարար նախաձեռնություններն անվիճելի ազդեցություն են թողել դրանցում ներգրավված շահառուների վրա՝ փոխվել է ներգրավված մարդկանց ներուժը (գիտելիքները, հոգեկերտվածքը, ակտիվությունը հանրությունում, հանդուրժողականությունը եւ այլն)։ Հակամարտության ու ընդդիմախոսների նկատմամբ շահառուների վերաբերմունքը զգալիորեն տարբերվում է նրանց վերաբերմունքից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու խաղաղարար նախաձեռնություններում։ Սա ավելի շատ ներքին, հոգևոր երևույթ է։ Սակայն եթե համեմատելու լինենք առաջին հանդիպումների մթնոլորտը վերջին տարիների խաղաղարար նախաձեռնությունների հետ, ապա փոփոխությունները տեսանելի կլինեն անգամ անզեն աչքով։

Խաղաղարար գործընթացին զգալի վնաս է հասցրել բանակցային գործընթացի համատարած գաղտնիությունը։ Ինչ խոսք, ցանկացած բանակցային գործընթաց ենթադրում է որոշակի գաղտնապահություն, սակայն չի կարելի թույլ տալ հակամարտող կողմերի հանրությունների կատարյալ անտեղյակություն։ Ավելորդ գաղտնապահությունը հանրություններին զրկել է իրենց համար ճակատագրական լուծումների նախապատրաստմանը մասնակցելու հնարավորությունից և հաղթաթղթերը տվել է իշխանություններին։

Ղարաբաղյան հանրությունում քննադատաբար են տրամադրված նաև միջազգային աջակցության աննշան չափերի  (դրանք համադրելի չեն Հայաստանում և Ադրբեջանում եղած աջակցության ծավալների հետ), «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին տարբեր ծրագրերում արհեստականորեն ներառելու փորձերի, ինչպես նաև խաղաղարարական զանազան ծրագրերի հստակ փոխկապակցվածության և համակարգման բացակայության նկատմամբ։

Այսպես թե այնպես, հանրություններում եզրակացությունները, մեղմ ասած, լավատեսական չեն։ Սակայն ամեն ինչ կախված է գնահատման չափանիշներից: Մարդիկ սովորաբար դատում են ըստ կոնկրետ ու շոշափելի արդյունքի, այլ ոչ թե ըստ ներուժի ու հեռանկարի: Մինչդեռ խաղաղարարությունը կամ, ինչպես ընդունված է ասել, ժողովրդական դիվանագիտությունը կամ Track-2-ը, այն ոլորտը չէ, որտեղ զգայարաններից ամենակարեւորը շոշափելիքն է: Ավելին, հաճախ հարկ է լինում այն զգալ հավելյալ՝ վեցերորդ զգայարանով: Այսպես, հյուսիսիռլանդական հակամարտությունում այդպիսի հավելյալ զգայարանով է նոր ժամանակներն զգացել քաղաքական գործիչ Ջոն Հյումը, ով, ինչպես Բելֆաստում են ասում, իր հոգու ու մտքի «ալեհավաքով» որսացել է խաղաղության ուղերձը:

Քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեության մասին մարդիկ դատում են ըստ առկա իրավիճակի: Սակայն, այս չափանիշով դժվար է տեսանելի դարձնել խաղաղարարության արդյունքները, քանի որ հակամարտության մեջ ներգրավված կողմերի ռազմական բյուջեն տարեցտարի մեծանում է (հայկական կողմերը ստիպված են ներգրավվել Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքում), ուժգնանում է ռազմատենչ հռետորաբանությունը, շարունակվում է տեղեկատվական պատերազմը եւ այդ պատերազմի ծնծղաների տակ պարբերաբար զինվորականներ են զոհվում սահմանի երկու կողմերում էլ: Այս ամենի համապատկերում էլ՝ բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, ինչպես չկա ոչ մի որակական փոփոխություն կամ դրա միտում նույն այդ գործընթացում:

Սակայն, ինչպես ասում են, նայած ով ինչպես է նայում կիսատ բաժակին: Խաղաղարարների համար այն կիսով չափ լիքն է, այն է` ակտիվ ռազմական գործողություններ չկան, մերթընդմերթ խոսվում է բանակցային գործընթացում ճեղքման կամ ոսկե հնարավորության մասին, տեղեկատվական պատերազմի պայմաններում համագործակցում են Ադրբեջանի, Հայաստանի ու ԼՂՀ-ի լրագրողական որոշ շրջանակներ` փորձելով հրաժարվել թշնամու կերպարի ու ատելության սերմանումից, հակամարտող այս կամ այն երկրում երբեմն-երբեմն հայտնվում են «սպիտակ ագռավներ», ովքեր հարգանքով ու համակրանքով են խոսում մյուս կողմի մասին եւ իրենց վրա վերցնում հանրության զայրույթը, իմա՝ «դիվերսիֆիկացնելով»  ատելությունը: Այս ամենը չափելը դժվար է, դա չես անի ոչ կիլոգրամով, ոչ մետրով, մեկ բնակչին հասնող ինչ-որ բանի հաշվարկով, մեկ հեկտարին բաժին ընկնող բերքի քանակով, լրագրային մակերեսով կամ մեկ այլ բանով: Զորօրինակ, ինչպե՞ս չափել այն, ինչ մի քանի տարի առաջ արել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին։

Սակայն, ամեն ինչից զատ, ինձ թվում է, որ խաղաղարարության արդյունքների թերագնահատման կամ սխալ գնահատման հիմնական պատճառը երեւույթի սխալ դեֆինիցիան է՝ ձեւակերպումը: Իրականում՝ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության եւ վստահության կամուրջների ստեղծմամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի  կարելի խաղաղարարություն որակել: Դա շատ հավակնոտ, պատասխանատու եւ այլ քաշային կարգ ունեցող ձեւակերպում է: Իրականում խաղաղություն արարում են պաշտոնական՝ Track-1-ի մակարդակով, հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարող էլիտաների կողմից: Քաղաքացիական հասարակությունն ավելի շատ կոչված է զբաղվելու խաղաղության արարումից հետո դրա ամրապնդմամբ ու հանրայնացմամբ կամ էլ քաղաքական էլիտաների կողմից խաղաղության ու հաշտեցման որոշման ընդունման համար բարենպաստ հողի ու հասարակական կարծիքի նախապատրաստմամբ:

Իսկ դրա համար մենք գործնականում լծակներ չունենք։

Օրինակ, մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պայմանավորվածությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:  Սույն պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարվա մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ։ Մենք ևս վստահ ենք, որ  սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը  զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների ռիսկը:

Ողջունելով նման սպասված որոշումը՝ ես միաժամանակ փորձեցի համանախագահների ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Լրագրությունում և խաղաղարարությունում իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը։ Ավելին՝ տեղեկատվական դաժան պատերազմի պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։ Ուստի, կարծում եմ, ժամանակն է ղարաբաղյան կարգավորումն անմիջականորեն առնչել տեղեկատվական դաշտի հրադադարին։

Ըստ այդմ էլ կոչ արեցի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շրջանակներում նախատեսել նաև հակամարտության կողմերի պատասխանատու լրատվամիջոցների մշտադիտարկում և ատելախոսության հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս հարցում նրանց կարող էին աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան փորձ ունեցող լրագրողական կազմակերպությունները։

Կարծում եմ, այսպիսի քայլը ոչ միայն կնպաստեր հակամարտող երկրների հանրությունների միջև վստահության կամուրջների կառուցմանը, այլև հնարավորություն կտար երևան հանելու ատելախոսության և ազգամիջյան թշնամանքի հիմնական պատասխանատուներին և համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Սակայն դրանից հետո իրական հետաքրքրվածություն չնկատվեց թե միջնորդների և թե հակամարտող երկրների իշխանությունների կողմից։ Իսկ որոշում ընդունողների վրա ազդեցութայա լծակներ մենք պարզապես չունենք։

Այո, ըստ տեսության՝ քաղաքական էլիտաները որոշում ընդունում են հանրության, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ազդեցության տակ: Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերում քաղաքական էլիտաների ու հասարակության այս կապը չկա, ինչը նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն բնականորեն զրկված է խաղաղություն արարելու հնարավորություններից, այլեւ անբնականորեն հեռացված է նաեւ քաղաքական էլիտաների վրա ազդելու լծակներից:

Ահա թե ինչու դժվար է շոշափուկներով դատել ժողովրդական դիվանագիտության ձեռքբերումների մասին: Բայց դրանք կան, միանշանակ կան:

Այս առնչությամբ կուզեի իմ սուբյեկտիվ ընկալմամբ անդրադառնալ քաղաքացիական հասարակության խաղաղարար գործունեությանը խոչընդոտած երեք հանգամանքներին:

Առաջին: Ընդունված է կարծել, որ քաղաքացիական ակտիվիստներիս ջանքերն անարդյունավետ են եղել այն պատճառով, որ մենք՝ ակտիվիստներս, փոքրաթիվ ենք: Կտրականապես համաձայն չեմ՝ առաջին հերթին եւ ավելի շատ պիտի բազմանան գաղափարները, այլ ոչ թե մենք: Գաղափարների մրցունակությունն է գաղափարակիրների ու համախոհների թվի աճի գլխավոր ռեսուրսը:

Երկրորդ: Խաղաղարարության նվազ արդյունավետության պատճառներից մեկն էլ այն է, որ այն իրականացվել է հակամարտության մեջ ներգրավված երկրների ժողովրդավարական բարեփոխումներից անջատ: Մինչդեռ միայն ժողովրդավարական բարեփոխումները կարող են  քաղաքացիական հասարակությանը օժտել կառավարող էլիտայի վրա ներազդելու լծակներով: Ուրեմն՝ խաղաղարար գործունեության մեջ միջազգային ակտորներն ու դոնորները շեշտը պետք է դնեն երեք երկրների ժողովրդավարացման վրա:

Եվ, վերջապես, երրորդ հանգամանքը հակամարտության կողմերի անպատրաստությունն է առանց միջնորդների ելք որոնելու ստեղծված իրավիճակից: Թե՛ պաշտոնական բանակցային գործընթացը, եւ թե՛ քաղաքացիական խաղաղարարությունը տեղի են ունենում միջնորդավորված՝ միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ: Հակամարտող կողմերը բավականին քննադատական մոտեցումներ ունեն միջնորդների գործունեության վերաբերյալ, եւ ինչ-որ տեղ դա արդարացի է: Սեփական խնդիրներով խճճված մեր հարաբերությունների գորդյան հանգույցին միջնորդները կամա թե ակամա ավելացրել են նաեւ իրենց իսկ խնդիրները: Ու մենք համատեղ փորձում ենք լուծել մեր ու իրենց խնդիրները:

Սակայն միջնորդներից բողոքելն ամենաազնիվ ճանապարհը չէ: Հարկ է ընդունել, որ մենք դեռեւս համապատասխան կամք, մակարդակ, անկեղծություն ու շահագրգռվածություն չունենք դեմ առ դեմ քաղաքակիրթ քննարկելու մեր խնդիրները: Միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները շատ բան են արել եւ շարունակում են անել հակամարտող կողմերի միջեւ երկխոսության ու վստահության կամուրջների ապահովման համար: Դժվար է միջնորդներից պահանջել ավելի սրտացավ ու հոգատար լինել մեր նկատմամբ, քան ինքներս ենք մեր իսկ նկատմամբ:

Անտիկ սրախոս Եզոպոսի տերը` փիլիսոփա Քսանթոսը, մի օր գինովցած վիճակում խոշոր գրազ է գալիս իր աշակերտների հետ, որ կարող է խմել ծովը: Առավոտյան երբ սթափվում է` հասկանում է, թե ինչ ահավոր սխալ է գործել: Ինչպես միշտ` անելանելի իրավիճակից ելքը հուշում է Եզոպոսը: Քսանթոսը գլուխը բարձր գնում է ծովափին քթների տակ ծիծաղող աշակերտների մոտ ու, կրկնելով-ճշտելով նախորդ օրվա գրազի պայմանը, պահանջում հեռացնել-տարանջատել ծովը մտած գետերի ջրերը, փակել ծովը մտնող գետերը, որպեսզի ինքը խմի միայն ծովը, ինչպես եւ պայմանավորվել էին: Բնականաբար, դա անել հնարավոր չէր, ու Քսանթոսը հաղթում է:

Ինչպես ծովն է մի բազմատարր ամբողջություն բնության մեջ, այնպես էլ էթնիկական հակամարտություններն են քաղաքականության մեջ:

Մերօրյա քսանթոսները նույնպես կարող են գրազ գալ, ասենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կարող են կես ժամում լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը եւ ապա մերօրյա եզոպոսների խորհրդով պահանջել ղարաբաղյան հիմնախնդրից հեռացնել-տարանջատել տարածաշրջանի պետությունների, իրենց իսկ` համանախագահող երկրների, մի խոսքով` աշխարհիս ուժային կենտրոնների շահերը եւ դրանից հետո իրենց կես ժամ ժամանակ տալ: Չէ, կարելի է նաեւ պահանջել, որ տարանջատեն-հեռացնեն հակամարտության կողմերի հանրային վերահսկողությունից դուրս գտնվող իշխանությունների եւ նրանց սպասարկու օլիգարխների-մենաշնորհատերերի շահերը, որից հետո խնդրի լուծումը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է լինելու:

Սակայն բոլորն էլ քաջ գիտակցում են, որ դա պարզապես անհնար է: Ղարաբաղյան հակամարտությունը տարաբնույթ ու տարամետ շահերի մի ամբողջություն է, շահեր, որոնք անհնար է տարանջատել: Այդ բազմաշերտ ու բազամաբեւեռ շահերն այնպես են իրար միահյուսվել ու գորդյան հանգույցի վերածվել, որ առնվազն ազնիվ չէ արդարանալը, թե մենք ընդամենը միջնորդ ենք, իսկ հիմնախնդիրը պիտի լուծեն իրենք` հակամարտության կողմերը: Ազնիվ չէ նաեւ միջնորդներին քավության նոխազ դարձնելը, պնդելով, թե նրանք անաչառ չեն, ավելին` թե նրանք կարող են, բայց չեն լուծում հիմնախնդիրը:  Ու պարզապես հիմար պիտի լինել (կամ էլ ուրիշներին հիմարի տեղ դնելու սովորություն ունենալ) ասելու համար, թե իշխանությունները պատրաստ են հաշտության ու խաղաղության, բայց ահա հանրությունները դեռ պատրաստ չեն: Այս գորդյան հանգույցում բոլորն էլ իրենց հստակ շահերն ունեն, եւ միայն հասարակ ժողովուրդը, շարքային քաղաքացիներն են, որ մնացել են այդ հանգույցում խճճված:

Իրականում այսօրվա վիճակի համար բոլորն էլ պատասխանատու են, եւ անմեղսունակ տեսք ընդունելու համար ոչ մեկն էլ բավարար հիմք չունի: Ինչ խոսք, պատասխանատվության չափերը չեն կարող հավասար լինել, բայց մի բան պարզ է` միայն համատեղ ջանքերով կարելի է քանդել այդ հանգույցը, իսկ քանդելու համար էլ համատեղ մոտիվացիա է պետք: Համատեղ մոտիվացիայի համար էլ ընդհանուր քաղաքակրթական հարթակ է պետք:

ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ, հունիս, 2017

Գեղամ Բաղդասարյանը Ստեփանակերտի մամուլ ի ակումբի (ՍՄԱ) նախագահն է։ ՍՄԱ-ն  լրագրողական կազմակերպություն է, որը Լեռնային Ղարաբաղում 1998 թվականից ի վեր դարձել է ազատ լրատվամիջոցների կենտրոն։ Գ. Բաղդասարյանը ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է։