Խորենացու «Ողբը»

21128

ԾԱՆՈԹ. – Պատմահայր Մովսես Խորենացին իր ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը ավարտում է հայտնի ՈՂԲ-ով: Պատմահայրը այն վերնագրել է ՈՂԲ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈԻՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ

—–

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։

Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դո’ւ ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնումը (Իսրայելացոց) ժողովուրդն ուներ, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեսուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբել, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուրջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։

Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ինչպե՞ս դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս (իմ պարտքս) հատուցեմ խոսքով, (իմ) ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորա՜վ ժողովուրդը, ծածկվե՜ց նավահանգիստը, լքե՜ց օգնականը. լռե՜ց խրախուսիչ ձայնը։

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտե՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ (մարդկանց): Ո՞վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնե խոսքի և լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ միտքը, լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս (ընթացքին) և սանձահարում էր օտարոտի (մտքեր հայտնող) լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։

Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը Իսրայելացիների համար։

Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։

Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։

Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Որից փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փառք բոլոր ստեղծվածներից, ամեն։