Քեմալական Թուրքիան ճանաչած առաջին երկիրը եղել է Հայաստանը 1920-ին. Սիմոն Վրացյան

2918

Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ», (Բոստոն, 1941, էջ 178-197) գրում է.

Պաշտոնի անցնելուց անմիջապես հետո ես հարաբերության մեջ մտա [Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս] Լեգրանի հետ։ Կառավարության նպատակն էր սերտ բարեկամություն հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ և ապահովել նրա աջակցությունը։ Այն օրերին բոլորի համար պարզ էր, որ Հայաստանը կամ Ռուսաստանի հետ պետք է լինի, կամ պետք է դառնա թուրքերի ձեռքին խաղալիք, եթե չբնաջնջվի իսպառ։ Ես խնդիրը դրեցի հստակ և վճռական կերպով. Ռուսաստանը կարո՞ղ է մեզ օգնել և եթե այո՝ ինչով և ինչպես։ Նույնքան պարզ և վճռական եղավ և Լեգրանի պատասխանը. նա առաջարկեց Ալեքսանդրապոլից հետ կանչել Խատիսյանի պատվիրակությունը, մերժել թուրքերի պահանջները և խորհրդային զորք մտցնել Հայաստան։ Իմ հարցին, թե ի՞նչ երաշխավորություն, որ մինչև խորհրդային զորքերի տեղ հասնելը թուրքերը չեն շարժվի Երևանի վրա և նոր կոտորածներ չեն իրականացնի, Լեգրանը պատասխանեց, թե թուրքերը այդպիսի քայլ չեն անի։ Ես ցույց տվի Լեգրանին, որ մինչև ռուսները կարողանան շոշափելի ուժ հասցնել Երևան, առնվազն մեկ շաբաթ պիտի պահանջվի, մինչդեռ թուրք բանակը կանգնած էր Արաքսի ափին, Մարգարայի կամրջի մոտ, հազիվ 20-25 մղոնի վրա Հայաստանի մայրաքաղաքից։ Եթե կառավարությունը խզի բանակցությունները, դա պիտի նշանակի պատերազմի վերսկսում. ի՞նչ ուժ կարող է արգելել թուրքերին Հայաստանի մնացած մասն էլ գրավելու։ Խորհրդային իշխանության խո՞սքը։ Ի՞նչ երաշխիք, որ թուրքերը կարևորություն կտան այդ խոսքին։

Կառավարությունը վախենում էր, որ եթե կարմիր բանակը Հայաստան մտներ հյուսիսից, թուրքերը առաջ կշարժվեին հարավից և ռուսների հասնելուց շատ առաջ կգրավեին Երևանը։ Այդ պատճառով, կառավարությունը աշխատում էր Ալեքսանդրապոլի բանակցությունները չխզել և հաշտության հարցը հասցնել իր տրամաբանական վախճանին։ Բայց դա էլ հեշտությամբ լուծվելիք խնդիրներից չէր. թուրքերը անզիջող էին և խոսում էին վերջնագրերով։

Ճակատագրի ի՜նչ հեգնանք. 1918թ. հունիսի 4-ին, Բաթումի դաշնագրով Թուրքիան եղավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այժմ Հայաստանը առաջին պետությունն էր, որ ճանաչում էր քեմալական Թուրքիայի անկախությունը։