Արտաշես Գեղամյանի անկոտրում պայքարը Արցախյան շարժման դեմ

5163

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Հայաստանի Կոմկուսի կենտկոմը հանձնարարական էր ուղարկել բոլոր շրջկոմներին՝ ուշադիր հետևել ծավալվող դեպքերին և զեկուցագրեր ներկայացնել իրավիճակի մասին։ Շրջկոմները զեկուցում են, թե իրենք ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկել «իրավիճակը կայունացնելու», մասնավորապես՝ ««Ղարաբաղ» ենթակոմիտեների գործունեությունը չեզոքացնելու» ուղղությամբ: Համապատասխան արխիվային փաստաթղթերը վկայում են, որ ոչ բոլոր շրջկոմներն են սույն հանձնարարությունը կատարել ջանասիրաբար և ըստ էության։

Մաշտոցի շրջկոմը, որ ղեկավարում էր Արտաշես Գեղամյանը, ամենապարտաճանաչների մեջ է, եթե չասենք՝ առաջինը։ Նրա զեկուցագրերը ավելի շատ մատնագրերի են նմանվում։

Արդեն 1988-ի մարտի 3-ին Գեղամյանը զեկուցում է վերադասին, որ հսկողության տակ է վերցրել ազգությամբ ադրբեջանցի հիվանդների բուժումը. «Շրջանի հիվանդանոցներում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց նորմալ բուժման համար» (խոսքը սովորական հիվանդների մասին է)։ Ինչ վերաբերում է Շարժմանը, ապա դրա դեմ շրջկոմի քարտուղարը «ոտքի էր հանել շրջանի ամբողջ ակտիվը» և՝ «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շրջանի 11 «Ղարաբաղ» ենթակոմիտեներից 7-ը դադարեցրել են իրենց գործունեությունը» (Տե՛ս Владимир Григорян, Армения 1988-1989, Ереван 1999 ст, 75-76)։

Գեղամյանի հաջորդ զեկուցագիրը վերաբերում է մինչև մարտի 28-ն ընկած օրերին (Տե՛ս ՀՔԿՊԿԱ, ֆ.127, գ. 355, թ. 2, 9-16)։ Նա հավաստիացնում է, թե իրեն հաջողվել է աշխատավորական կոլեկտիվներում կանխել հանրահավաքներն ու ժողովները և հասնել «այսպես կոչված՝ «Ղարաբաղ» կոմիտեների գաղափարական մեկուսացմանը»:

Նա նաև զեկուցում է, որ անհատական աշխատանք է տարվել շուրջ 400 հոգու հետ։ Սակայն, չնայած այս ամենին, մի շարք ձեռնարկություններում դրությունը չի կարգավորվել, ինչում «իրենց որոշակի բացասական դերն են խաղացել «Ղարաբաղ» ենթակոմիտեները, որոնք ընդլայնել են իրենց գործունեությունը, դիմում են սպառնալիքների և շանտաժի, հարձակումներ են գործում կուսակցական և խորհրդային մարմինների վրա, դուրս են եկել օրենքի շրջանակներից»։

Ուստի և շրջկոմը հանձնարարել է կուսակցական, խորհրդային, կոմերիտական կազմակերպություններին՝ «թույլ չտալ կոլեկտիվներում ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու հարցով կազմակերպական կառույցների ստեղծումը»։

Այնուհետև շրջկոմը Գեղամյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է թափել կանխելու մարտի 26-ին նշանակված հանրահավաքը։ Այդ նպատակով շրջկոմ են կանչվել և նախազգուշացվել «Ղարաբաղ» ենթակոմիտեների անդամները, դատախազությունն իր հերթին է «բացատրական աշխատանք» տարել 61 մարդու հետ և «պաշտոնապես նախազգուշացրել 7 հոգու (թվարկում է՝ Սուրիկ Սարգսյան, Հովհաննես Ստեփանյան, Ղուկաս Մեհրաբյան, Ալեքսան Ավունդյան, Էդուարդ Եգորյան, Ստեփան Գրիգորյան, Ալբերտ Պողոսյան)։

Շրջկոմի բյուրոն պատասխանատվության էր կանչել «Ղարաբաղ» ենթակոմիտեների 12 ներկայացուցչի։ Վեջիններս՝ «քանի որ գիտակցել են իրենց գործունեության սխալ լինելը, բյուրոն սահմանափակվել է խիստ զգուշացմամբ»։ Այս ամենի հետևանքով շրջանում մնացած 5 «Ղարաբաղ» ենթակոմիտեները ևս, ըստ շրջկոմի քարտուղարի, «հայտարարել են իրենց ինքնալուծարման և գործունեության դադարեցման մասին»։

Մի այլ դրվագ, որ արդեն վերաբերում է նույն՝ 1988թ. ամռանը։

Ինչպես հայտնի է, փետրվարի 27-ին Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի կողմից հանրահավաքների ցրումից հետո իշխանության ջանքերը, ընդհուպ Երևան զորք մտցնելը, չկարողացան կոտրել շարժումը։ Մայիսից այն կրկին հրապարակային բազմամարդ ակցիաների տեսքով դարձավ երկրի ներքաղաքական կյանքի հիմնական երևույթը։ Իսկ հունիսի 15-ին Շարժմանը հաջողվեց ստիպել Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նստաշրջան հրավիրել և ընդունել իր թելադրած որոշումը, այն է՝ համաձայնություն տալ ԼՂ մարզային խորհրդի՝ ՀԽՍՀ-ին միանալու դիմումին։

Գեղամյանը շարունակում էր իր անկոտրում ու համառ պայքարը Շարժման, նրա գաղափարների ու ակտիվիստների դեմ։ Ահա հետաքրքիր մի փաստաթուղթ՝ Երևանի Մաշտոցի շրջկոմի կայացրած որոշումը հուլիսի 16-ին , որում, մասնավորապես, հանձնարարվում էր՝  «Պարտադիր ձևով ստեղծել ինքնապաշտպանական բանվորական դրուժինաներ՝ դրանց անդամներին ազատելով իրենց ծառայողական պարտականությունների կատարումից», «խուզարկել շենքերի ձեղնահարկերը և ներքնահարկերը» և այլն։ Ակնհայտորեն՝ շրջկոմի քարտուղարը ինչ-որ բանից տագնապած է եղել։ Նույն որոշման մեջ հստակ արձանագրվում է նաև տագնապի պատճառը։ Նրա կարծիքով՝ հանրահավաքներում «Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս երկրորդ պլան է մղված», իսկ իրական նպատակը «իշխանության ձգտումն է և ազգամիջյան թշնամանքի սերմանումը» (ՀՔԿՊԿԱ, ֆ. 27. գ 554, թ. 22-23)։

Փաստաթղթերը խոսում են Գեղամյանի նաև հետագա գործունեության մասին՝ ամբողջացնելով նրա՝ որպես Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղի ինքնորոշման, Հայաստանին միանալու գաղափարի դեմ պայքարի առաջամարտիկի կերպարը, որը չի խորշել անգամ Շարժման ղեկավարների ու ակտիվիստների դեմ մատնագրեր գրելուց ու ցուցմունքներ տալուց։

Աշոտ Սարգսյան, http://www.ilur.am/news/view/31936.html

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը մասնակցում է Արտաշես Գեղամյանի հոդվածները և հարցազրույցները ամփոփող գրքի շնորհանդեսին