Փառահեղ հաղթանակից հետո պետականության կորստի շեմին. Ալբերտ Բաղդասարյան

1306

Արցախյան Շարժման 30 ամյակին նվիրված զեկույց

Այսօրվա իմ խոսքում չեմ անդրադառնա արցախյան Շարժման սկսման պատմությանը, փառահեղ հաղթանակի կերտելուն ու կերտողներին, Շարժման սկսողներին ու մասնակիցներին, հասարակական ու այլ կառույցներին, նրանցից յուրաքանչյուրի ունեցած ներդրմանը այդ հաղթանակում:
Դրան անդրադարձողներ շատ կան:

Հատկապես, որ այդ ասպեկտում՝ անհատական-մարդկային, շատ են ինքնագովությունն ու սուտը, փաստերի կեղծումն ու աղավաղումը ըստ օրվա քաղաքական կոնյուկտուրայի (համատեքստի):

Բացի դա էլ, կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է երկրորդ մասը:
Քաղաքական մասը:

Թե ի՞նչն է պատճառը, որ ունենալով փառահեղ, պատմական նշանակության հաղթանակ ռազմի դաշտում, այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, որտեղ վտանգված է մեր անկախ պետության գոյությունն իսկ, որը հղի է այդ հաղթանակը պարտության վերածելու, մեր հայրենիքի այս վերջին հողակտորը անվերադարձ կորցնելու հեռանկարով:

Այսօր ես կվերլուծեմ միայն քաղաքական ասպեկտները:

Շարժումն սկսվեց սովետական իշխանություններից, Կրեմլից Արցախյան խնդրի արդար լուծման ակնկալիքով, որը տրամաբանորեն ենթադրում էր մի կողմից հավատարմության երդումներ Կրեմլին (հիշեք՝ Լենին-պարտիա-Գորբաչով), մյուս կողմից՝ ինքնապահպանման բնազդով պայքար այդ նույն Կրեմլի դեմ: Հիշենք ի պատասխան Կրեմլ ուղղված մեր դիմումների՝ Կրեմլի կողմից ադրբեջանի ձեռքով կազմակերպած հայկական ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում և այլ հայաբնակ վայրերում, հատուկ դրությունը Երևանում և այլն:

Այս առաջին փուլն իր ոչ հակասովետական բնույթի պատճառով, ինչ-որ իմաստով համեմատաբար անվտանգ էր, ու դա ապահովեց Արցախյան Շարժման համաժողովրդական մասսայականությունը, էմոցիոնալ բարձր մակարդակը:
Սակայն եկավ Արցախյան հարցի արդեն համաժողովրդական դարձած Շարժման դրած «Միացում» խնդրի ու Կրեմլի քաղաքականության ու այդ խնդրի լուծման շուրջը նրա ունեցած պատկերացումների օբյեկտիվ հակասությունների բախման պահը, և

Շարժումը 1988-ի Մայիսի 19-ից դեն նետելով այդ քծնողական-սովետական լոզունգը՝ սկսեց որդեգրել այն գաղափարը, որ միմիայն անկախ, հզոր պետություն ունենալով է հնարավոր երբևէ լուծել այդ հարցը, հույսը դնելով բացառապես սեփական ուժերի վրա, դառնալով ոչ սովետական, առաջադեմ միջազգային հանրության մասնիկ:

Այստեղ ուզում եմ նշել, որ և՛ առաջին Ղարաբաղ կոմիտեն մինչև 1988-ի մայիսի 19-ը, և՛ Մայիսի 19-ից վերակազմավորված ու անվանափոխված Ղարաբաղյան Շարժման Հայաստանի կոմիտեն փայլուն կատարեցին իրենց գործունեության ժամանակահատվածում իրենց պատմական դերը:

Առաջինը համախմբեց ու ոտքի հանեց ողջ հայ ժողովրդին, երկրորդը ոտքի կանգնած հայությանը մղեց անկախ պետությամբ ու սեփական զինված ուժերով աշխարհին ներկայանալուն ու Կրեմլի մոտ որպես պարտնյոր (գործընկեր) և ոչ վասալ ընկալվելուն:

Դա ամրագրվեց 1988-ի օգոստոսի 8-ի միլիոնանոց հանրահավաքում ՀՀՇ ծրագրի հրապարակումով, որն արժանացավ հավաքվածների, և ոչ միայն, բուռն հավանությանը և որի առաջին կետը անկախ պետության կերտումն էր:
Իհարկե, այդ հաջողություններում իր որոշիչ դերն ունեցավ նաև միջազգային հանրության կողմից ընկալելի դառնալն ու համակրանքին արժանանալը, ՍՍՀՄ թուլացման ու տնտեսա-քաղաքական, արդեն վերջին փուլին հասած, փլուզման իրողության գիտակցումը ինչպես Կրեմլի, այնպես էլ Շարժման առաջնորդների մոտ:

Եթե պատկերավոր ասեմ, ապա Շարժումը կբաժանեմ երկու փուլի:

1988 փետրվարի 20 – մայիսի 19: Ժողովրդին միավորելու, ոտքի կանգնելու, ազգային ինքնագիտակցության մասսայական վերազարթոնքի փուլ.

1988 մայիսի 19 – 1990 օգոստոսի 4: Հայության մասսայական քաղաքական գրագիտացման, ապասովետականացման, կոմունիստադաշնակցական ապազգային կաղապարները մերժելու, դրանցից ազատվելու, ինքնուրույն քաղաքական մտածողություն ձեռք բերելու, քաղաքական գործոն դառնալու, անկախ պետություն ունենալու անհրաժեշտության գիտակցման փուլ:

Այս երկու փուլերի արդյունքում հայության մեջ այնքան կուտակվեց, ամբողջացավ ու հզորացավ անկախության, ազատության գաղափարները, այդ ազատության ու անկախության համար զոհվելու պատրաստակամությունը, որ այն դարձավ հիմք Արցախյան ճակատում շատերի համար անհավատալի հաղթանակին:
Այդ ժամանակվա հայ գործիչների մեծ մասը ձեռք բերեց ինքնուրույն քաղաքական

մտածելակերպ ու սառը հաշվարկներ անելու, ազգամիջյան ու միջպետական հարաբերություններում զգացմունքայնությունից ու քծնանքից ազատ մտածելու քաղաքական կարողություն:

Այդ շարժման քաղաքական հաղթանակների գագաթնակետը 1990թ.-ի մայիսի 20–ի ՀՀ գերագույն Խորհրդի ընտրություններն էին, որտեղ ՀՀՇ-ի վերաճած Կոմիտեությունը տարավ հաղթանակ կոմունիստադաշնակցական հակաշարժումային ուժերի դեմ:

Այս կոմիտեա – ՀՀՇ-ական համաժողովրդական վերելքի փուլն ավարտվեց 1990-ի օգոստոսի 4-ի ՀՀ գերագույն խորհրդի նախագահի ընտրությամբ:

Ու այստեղից սկսվեց ինչ- որ տեղ բնական, նաև արտաքին ազդեցություններով պայմանավորված դանդաղ հետընթացը, որն այժմ վերաճել է գահավիժումի:
Իմ՝ արդեն համոզմունքի վերածված կարծիքով, սկսվեց մի փուլ, որն ինքս բնութագրում եմ որպես անպետականության փուլ:

Ճիշտ է, ՀՀՇ-ն եկավ իշխանության հստակ ծրագրով, բայց դա պետության, իշխանության վարվելիք քաղաքականության ծրագիր էր, որը կարելի է ընդունել կամ մերժել:

Այդ ծրագրի հիման վրա մշակեցինք ու 90-ի օգոստոսի 23-ին ընդունեցինք Անկախության հռչակագիրը, որը ուղեցույց պետք է դառնար հետագա պետականաշինությանը ու վարվելիք քաղաքականությանը:

Բայց չկար պետական կառավարման համակարգի հստակ, դետալացված հայեցակարգ:

Ունեինք ու ունեցել ենք բազմաթիվ ազգային գործիչներ, բայց երբևէ չենք ունեցել չընդհատվող, սերունդներ դաստիարակող, ժառանգաբար փոխանցվող պետական կառավարման ինքնուրույն համակարգ, այդ համակարգի տրամաբանությամբ երկար ժամանակ գործող, այդ ոգով դաստիարակված քաղաքական-չինովնիկական ընտրախավ, պետական ինքնուրույն կառավարման ավանդույթ:

Շարժման ղեկավարներն, առանց բացառության, պետության կայացումն ու հզորացումը պայմանավորում էին բացառապես իրենց անձերով, վարվելիք քաղաքականությամբ:

Այսինքն չկար իշխանության թևերի տարաբաժանման, իրավասությունների, հակակշիռների ու զսպումների, համակարգային պատասխանատվության մեխանիզմների հստակ ու մանրամասնորեն մշակված հայեցակարգ:
Ավելին: Չկար դրա գիտակցումն ընդհանրապես: Այն, ինչը ես անվանում եմ անպետականություն:

Ու դրա չունենալը բերեց իշխանության համար ամեն գնով, պետականաքանդ պայքարի, որը շարունակվում է առ այսօր:

Այդ հայեցակարգը չունենալու առաջին հետևանքը ցայտուն դրսևորվեց առաջին վարչապետի՝ Վ. Մանուկյանի վարչապետության հենց առաջին օրերին, երբ ԳԽ որոշմամբ նրան տրվեց ժամանակավոր, վեց ամսով արտակարգ լիազորություններ:

Ու մեր աչքի առաջ, բոլորիս կողմից սիրված առաջնորդը, ձեռք բերելով առանց հակակշիռների իրավունքների հսկայական փաթեթ, սկսեց կառավարել՝ ելնելով բացառապես իր ու իր նեղ շրջապատի պատկերացումներից այս կամ այն հարցի մասին:

Դա դրսևորվում էր և՛ կադրային, և՛ տնտեսական, և՛ քաղաքական որոշումներ կայացնելիս, որի հետևանքով առաջացավ բնական հակամարտություն, ճեղք իր և իր նախկին Շարժումային շրջապատի միջև, որտեղ Կրեմլի խցկվելը նկատելի էր արդեն: Ու այդտեղից սկսվեց «Կրեմլից թագ բերելու», ուստի նաև կրեմլահաճ դառնալու պետականաքանդ պրակտիկան:

Արդյունքում ստացվեց, որ շատերի համար (նաև ինձ համար) նա դարձավ այնքան մերժելի, որ ընդամենը մի քանի ամիս անց նա նույնիսկ չմասնակցեց ՀՀ նախագահական ընտրություններին, որովհետև ժողովրդի հիասթափությունը և դրա հետևանքով պարտությունն ակնհայտ էր ու անխուսափելի:

Այդ լիազորությունները վարչապետին տվեցինք մենք, բոլորս: Այդ օրերի քաղաքական մեծամասնությունն իր լիդերների գլխավորությամբ ու նրանց առաջարկով՝ ԳԽ մեծամասնություն կազմող պատգամավորները:

Անպետականներս:

Այնուհետև անցանք պետականաՉկերտության հաջորդ փուլին:

Ներիշխանական պայքարը հոգուտ ճեղքված մեծամասնության վստահությունը վայելող ԼՏՊ-ին լուծելու համար 1991-ին հորինվեց ՀՀ նախագահի մասին օրենքը, որով անպետականներս քվեարկեցինք ու մեծամասնությամբ հաստատեցինք արտակարգ լիազորություններով, առանց հակակշիռների ու զսպումների մեխանիզմների կառավարման նախագահական համակարգը: Այս անգամ էլ նախորդիվ՝ վարչապետին տված արտակարգ լիազորություններին ավելացրինք ուրիշները, դրանցով օժտեցինք նորընտիր նախագահին ու ամրագրեցինք այդ օրենքում:

Այդ համակարգով կառավարման ընդամենը մեկ տարում ՀՀ նախագահը, որն ընտրվել էր Ժողովրդի 83,3 տոկոս քվեով, վերաճեց ինքնակալ, ինքնահավան, ինքնակամ մենիշխանի:

Ով արդեն որոշումներն ընդունում էր ոչ միայն իր և անձնական շրջապատի հայեցողությամբ, այլև արդեն իսկ նկատվում էր արտաքին թելադրանքը կամ պատվերը:

Նկատի ունեմ Ելցինյան Ռուսաստանը:

Կառավարման այդ նորաստեղծ համակարգով, որտեղ դեռևս կային ինքնակալությանը դիմադրող ժողովրդավարության իրավական նորմեր ու դեռևս Շարժման շունչը կրող ժողովրդական կամքի դրսևորումներ տասնյակ հազարավոր ցուցարարների տեսքով, ԼՏՊ-ն սկսեց իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, հընթացս ասպարեզն ազատելով անցանկալի, իրեն չենթարկվողներից, նաև անցյալի պատասխանատվությունը հիշեցնող ՀՀՇ-ից, ՀՀՇ-ն վերածելով կամակատարների վարկաբեկված «գեղի կլուբի», ինչպես ինքը գնահատեց հետագայում: Իսկ ժողովրդի ու իր միջև խորացող բաժանումը լցրեց կամ մոսկովյան գործակալներով, կամ միմիայն քծնելուն սովոր, նախորդ՝ սովետական իրենց վիճակին վերադարձած կուսնոմենկլատուրայով, կամ հանցագործ, պետության ու ապագայի վրա թքած ունեցող հանցավոր հակում ունեցող տարրերով:

Այդ անպետականությունը վերաճեց հակապետականության 1995-ի հուլիսի 5-ին կեղծիքներով ընդունված, նախագահին առանց հակակշիռների, միապետի լիազորություններով օժտող պետական կառավարման համակարգի սահմանադրական հանրաքվեով և ԱԺ առաջին ընտրությունների համապետական կեղծմամբ:

Հենց այդ կառավարման համակարգով իշխանությունների անպատասխանատու գործունեությունը հանգեցրեց նաև այն բանին, որ 1996-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններում առաջին անգամ, իշխանությունը պահպանելու համար ստիպված կիրառվեցին զինված ուժերն ընդդեմ սեփական ժողովրդի՝ «հարյուր տոկոս էլ ձայն ստանային, միևնույն է իշխանությունը չէինք տա» պետականաքանդ լոզունգի ներքո: Իսկ մեկ տարի անց, արդեն ստիպողաբար իշխանությունը զիջեց «իր գործը» շարունակող, իր անվտանգությունը երաշխավորած ժառանգորդներին:

Ու արդեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություններն իրենց վրա կարելը, իրար «գցելը», ըստ իրենց կարած սահմանադրություններով սահմանված պետական կառավարման համակարգի լիազորությունների պետությանն ու ժողովրդին անպատիժ թալանելը, մարտի մեկով ժողողովրդին գնդակահարելը, Սարի թաղի ու այլ դեպքերում ցուցարարների դեմ առանց վարանելու անհամաչափ ուժի կիրառելը, պետական դավաճանական ապրիլյան հողհանձնման արտաքին հրահանգի իրականցնելը դարձավ ընդամենը տեխնիկայի հարց:

Հենց կառավարման այդ ավտորիտար համակարգը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի կառավարության ու ԱԺ ղեկավարության սպանդը, Արցախյան հարցը Կրեմլին ձեռնտու հուն տեղափոխելու նպատակով:
Այն Կրեմլին հնարավորություն է ընձեռում կամ հավաքագրել արդեն այնտեղ նստածին, կամ կառավարման համակարգի բուրգի գագաթին դնել իր գործակալին ու նրա միջոցով իրականացնել իր պետականակործան ծրագրերը: Այն, ինչը որ կատարվում է այժմ:

Այդ սահմանադրական լիազորությունները իշխանություններին, կոնկրետ տվյալ պահին գործող նախագահին հնարավորություն է տվել ու տալիս «Ինչքան ուզես, էնքան խփենքի», զորքի, ոստիկանության, դատախազության, տեղական ու պետական կառավարման մարմինների, դատական համակարգի, ու նախագահին ուղիղ ու անուղղակի սահմանադրորեն ենթակա այլ կառույցների ու արդեն նաև մասնավոր բիզնեսի միջոցով:

Այս պետական կառավարման համակարգը, որի հիմքերը, կրկնում եմ, դրվեցին դեռևս 1990 թվականին, միակ պատճառն է, որ Հայաստանի իշխանությունները գործել ու գործում են առանց պատասխանատվության, որ պետական իշխանությունը իր բոլոր թևերով ենթարկվում է մեկ հոգու, որն էլ վայելելով Հայաստանը գաղութացնելու նպատակ ունեցող Մոսկվայի հովանավորությունը, Հայաստանը վերածել է ավազակային թալանի թիրախի:

Ովքեր որ կասկածի տակ կդնեն այս պնդումը, թող հիշեն Թրամփի ոդիսականը:
Այդ պետական կառավարման համակարգն է չինովնիկներին դարձնում իր ղեկավարի կամակատարը, նրանց վերածում անպատժելի լկտի հրոսակների ընդեմ ժողովրդի, իսկ ժողովրդին՝ դրա դեմն առնելուն անզոր, անպաշտպան զանգվածի, որն իր գոյությունը քարշ տալու համար դառնում է հեզ ու խոնարհ, պետությունը վաճառող ընտրաքվե:

Ու, ինչպես օսմանյան տիրապետության ժամանակ օտար իշխանություններն ու նրանց կամակատարները պարբերաբար ասպատակում էին ու թալանում հայերին, ստիպելով անզորությունից լքել իրենց հայրենիքը, այնպես էլ հիմա, պետական կառավարման համակարգը բուրգի գագաթին նստած օտարածառա գործակալով ու իր գործակատարներով պարբերաբար ավազակաբարո հարձակումներ է գործում հայաստանցիների վրա, ստիպելով լքել իրենց հայրենիք-պետությունը, դատարկելով այն ու հանձնելով իր տերերի ողորմածությանը: Արագաչափեր, հարկեր, տուրքեր, ծխախոտ, անարդար կամ քաղդատավարություններ, Քաղհալածյալներ և այլն:

Օրինակները բազմաթիվ են:

Իսկ դրա հետևանքը բոլորին է պարզ:

Դատարկ հողատարածք՝ ֆորպոստ:

Հայաստանն առանց հայերի:

Ավարտելով, ասեմ նաև, թե ինչպիսին եմ տեսնում լուծումն այս խորը՝ պետականակործան փոսից դուրս գալու: Փոս, որի մեջ հայտնվել ենք բոլորս և որը ոչ միայն Արցախը, այլ դրանով նաև բուն Հայաստանը անդառնալի կորցնելու վտանգներով է հղի:

Իմ պատկերացումներն ամփոփված են Հանուն Հայաստան Պետության ճակատի հռչակագրում:

Այն կուսակցության կամ որևէ այլ գաղափարախոսության շարադրանք չէ:
Այն պետականաստեղծ ծրագրի հռչակում է, որը բացակայել է 1990-ին, երբ Շարժումը եկավ իշխանության: Բացակայում է հայկական քաղաքական դաշտում առ այսօր:

Այն նորմալ, պետության ժողովրդավարական զարգացումն ապահովող, մարդկանց կորսնցված հավատը վերականգնելուն ուղղված, արդար, օրենքներով գործող պատասխանատու իշխանության ձևավորման համար անհրաժեշտ պետական կառավարման համակարգ ստեղծելու, այդ ուղղությամբ ջանքերն ու կարողությունը միավորելու մանիֆեստ է:

Համոզված եմ, որ ոչ մի գործիչ, ոչ մի ուժ միայնակ չի կարող հաղթահարել այս մարտահրավերները, համախմբել մնացած ժողովրդին:

Պետք է դեն նետել կուսակցական, մարդկային անձնական ամբիցիաները, ազատվել այլոց փաթաթած կապանքներից:

Ու այս դեպքում իշխանափոխությունը կլինի անխուսափելի հետևանք և ոչ չիրականացվող նպատակ:

Եւ այդ դեպքում հաղթանակը միավորված ժողովրդինը կլինի:

Կհարատևի Հայաստան միասնական Պետությունը՝ հայության գոյությունն ու շարունակականությունն ապահովող միակ պատվարը երկրի վրա:

Ալբերտ Բաղդասարյանը այս զեկույցը ունեցել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ 30. Փառահեղ հաղթանակից հետո պետականության կորստի շեմին…» թեմայով կլոր սեղանի ժամանակ՝ փետրվարի 17-ին: