ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ ՓԵՏՐՎԱՐԸ
Փետրվարի 15-ին Ասկերանում նշվեց Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը։ Իրապես Ղարաբաղյան Շարժումն այլընտրանք չուներ։ Ղարաբաղցու համբերության բաժակը վաղուց էր լցվել և պատեհ առիթ էր պետք, որ այն ժայթքեր։ Ժայթքեր, որպես հուրհրացող լավա, որն այլևս դեմ չէր առնի ընթացքը խոչընդոտող և ոչ մի արգելքի, այլ ճանապարհ պիտի հարթեր համառորեն։
Չնայած Ղարաբաղում պետական մակարդակով իրականացվող սպիտակ եղեռնը սեղմում էր յուրաքանչյուրիս սիրտը, բայց և այնպես, խիզախություն, ինչու չէ, նաև անձնուրացություն էր պետք, խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին նման մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով, ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։
Ասկերան քաղաքում թևածում էր հայրենասիրական խրոխտ երգ-երաժշտությունը։ Հավաքվել էին ասկերանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները տոնելու արցախահայության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան Շարժման 30-ամյակը։ Իսկ տոնական միջոցառումն սկսվեց Ասկերանի բերդի մատույցներից, որտեղից շարասյունով հաղթական երգով ու խորխտ քայլքով դեպի հրապարակ շարժվեցին զինվորականները, որոնց «Բերդ» շրջանային թերթի խմբագրատան կողքից միացան դպրոցականների հոծ շարքերը՝ զինված հայկական եռագույնով, «Միայն Հայաստանի հետ», «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ», «Ոգին ամենազոր է», «Հայկական հողերը՝ Հայաստանին» պաստառներով, Շարժման 30-ամյակը խորհրդանշող դրոշակներով, փուչիկներով։ Հեռավոր 88-ին հենց խմբագրատանն էին հավաքվում շարժման ակտիվիստները, այստեղ է ձևավորվել շարժման նախաձեռնող խումբն ու մշակվել հետագա պլանները։
Տոնական միջոցառմանը ներկա էր ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱԺ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, Շարժման նախաձեռնող խմբի անդամներ, ասկերանցիներ։ Ներկաներն այցելեցին պատմաերկրագիտական թանգարան՝ շարժման ակունքներից մինչև բաղձալի հաղթանակի մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսին, որի հեղինակն է Շարժման ակտիվիստ, «Բերդ» շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ինչպես նշեց Վ. Պետրոսյանը, Արցախյան Շարժումը համաժողովրդական գործ էր և յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով ու հնարավորությունների սահմաններում նպաստել է նրա ոտքի կանգնեցմանն ու զարգացմանը։ Այսօր, սակայն, շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը, հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ։
Հանուն Հայրենիքի ազատության ու անկախության իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին խոնարհումի ու հարգանքի տուրք մատուցելուց հետո պետական պաշտոնյաները շարժվեցին դեպի Փետրվարի 22-ի հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ Շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումը։
Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը շնորհավորելով ներկաներին խորհրդանշական տոնի առթիվ՝ հանդիսավոր միջոցառումը հայտարարեց բացված։ Զեկուցման համար խոսքը տրվեց Շարժման՝ Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանին։
– 1987-ի մայիսից սեպտեմբեր ամիսներին կազմավորվեց Ղարաբաղյան Շարժման Ասկերանի շրջանի նախաձեռնող խումբը, որն իր գործունեության ողջ ընթացքում ելնում էր այն բանից, որ Գորբաչովի վերակառուցման, ժողովրդավարացման ու հրապարակայնության կուրսն Արցախը սպիտակ եղեռնից փրկելու մեր վերջին հնարավորությունն էր։ 1988թ. փետրվարի վերջին, երբ պարզ դարձավ, որ շարժումն առաջ տանելու գործում ղեկավարության վրա հույս դնել չի կարելի, առաջ քաշեցինք նոր նախաձեռնություն՝ ոտքի կանգնեցնել ժողովրդին, Հայաստանի հետ վերամիավորման հռչակագիրը դնել համաժողովրդական քննարկման՝ օգտագործելով մարզում փետրվարին կայանալիք հաշվետու ընտրական ժողովները։ Սա արդեն նոր խոսք էր Արցախյան շարժման գործում։ Պետական միջոցառումները սկսեցինք օգտագործել շարժման նպատակների համար։ Առաջին գաղտնի ժողովը գումարվեց փետրվարի 1-ին՝ շրջանի 40 կոլտնտեսությունների նախագահների մասնակցությամբ՝ Նորագյուղի Հաղթանակ կոլտնտեսության Կուսկոմիտեի քարտուղար Հակոբ Պետրոսյանի գրասենյակում, որտեղ ներկայացվեց նախաձեռնող խմբի կողմից հաստատված օրինակելի որոշման նախագիծը և ժողովների անցկացման ժամանակացույցը։ Ժողովին «պատահաբար» ներկա էին Իգոր Մուրադյանն ու Վաչե Սարուխանյանը, որոնք իրենց հերթին ելույթ ունեցան և պատրաստակամություն հայտնեցին մեր փորձը տարածել մյուս շրջաններում։ Շատ կարճ ժամանակամիջոցում ժողովներն այնպիսի թափ ստացան, որ գերազանցեցին մեր սպասելիքներն ու ամենուր դրանից էին խոսում։
Այսօր ողջ հայությունը նշում է 30 տարի առաջ մեր ազգային զարթոնքի փայլուն հաղթանակը, իրենց հիացմունքն են արտահայտում տարբեր աշխարհամասերում առաջադեմ մարդկության հասարակական ու քաղաքական գործիչներ։ Սակայն Շարժման գնահատման գործում տեղ են գտել նաև խեղաթյուրումներ, մակերեսային մոտեցումներ և սիրողական գնահատականներ։ Կարծում եմ, ժամանակն է ստեղծել Արցախյան շարժման թանգարան, հավաքել գրավոր և բանավոր ամբողջ նյութը, ստեղծել պատմաբանների խումբ ու գիտական անկողմնակալ գնահատական տալ մեր ազգային ազատագրական հեղափոխությանը,- ասաց Ս. Առուշանյանը, հավելելով, որ ինչքան հեռանում ենք շարժման ակունքներից, այնքան ավելի ենք կարևորում նրա անհրաժշետությունը՝ փառք ու պատիվ տալով Շարժման փշոտ ու տատասկոտ ճանապարհին իրենց կյանքն ու առղջությունը զոհաբերած քաջորդներին։
1988-ը մեր կյանքում շատ բան փոխեց և՝ հիմնովին։ Ինչպե՞ս հանդուրժել, երբ մեր միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը սովետական Ադրբեջանի անվան էր, բազմաթիվ բնակավայրերի և մարզկենտրոն Ստեփանակերտի փողոցները հիմնականում ադրբեջանահունչ անուններով, հեռուստատեսությունը՝ ադրբեջանախոս, մեր գրքերը, թեև հայատառ, սակայն բաքվատիպ, մեր բոլոր մտահղացումները, երազներն ու ձգտումներն անպայման Բաքվում պլանավորված։ Իսկ Երևանի հետ ցանկացած կապ համարվում էր ազգայնամոլություն։
ԱՀ ԱԺ պատգամավոր, Շարժման առաջամարտիկ Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին, ասաց, որ 30 տարիների հեռավորությունից հայացք ձգելով հպարտությամբ է համակվում, որ հանուն այսօրվա ազատ, անկախ երկիր ունենալու համար արել են հնարավոր ամեն ինչ։
-Ղարաբաղյան Շարժումը ընդհանուր գործ էր, որի ամենակարևոր հաջողությունն այն է, որ այն պայքարի վերածվեց և ժողովուրդը կարողացավ իր կամքը թելադրել։ Եթե սկզբում ստորագրահավաքներ, պահանջատիրական այլ քայլեր էին ձեռնարկվում, այնուհետև ամենակարևորն ու ամենադժվարը ժողովրդին հրապարակ դուրս բերելն էր։ Ասկերանում առաջին հանրահավաքը տեղի ունեցավ 88-ի փետրվարի 12-ին։ Այնուհետև պետք էր, որպեսզի ամբողջ մարզում և մարզկենտրոնում հանրահավաքներ կազմակերպվեին։ Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 13-ին կազմակերպվեց, որտեղ մեծ դերակատարություն ունեցան Շարժման՝ մեր շրջանի ակտիվիստները։
30 տարի է անցել այդ պատմական օրերից։ Միասնության ոգին մեզ առաջնորդելով հասցրել է այսօրվա հանգրվանին՝ Հայաստան-Սփյուռք -Արցախ եռամիասնության հպարտ գոյությանը։ Մենք հստակ գիտենք, որ մեր ուղին անխոտոր է, նպատակը՝ վերջնական։ Ասածներիս վկան՝ այսօրվա սերունդն է, իր հայրենասիրությամբ, սահմանի անառիկությունը հսկող զինվորը։ 1988-ի փետրվարի անփոփոխ պատգամները որպես փարոս ունենալով՝ շարունակելու ենք միասնաբար կերտել մեր լուսավոր ապագան ու դեռ նորանոր հաղթանակներ ենք կռելու,-ասաց Ա. Գաբրիելյանը, ապա իր հետնորդների պահանջատիրությունն ու արդարության համար պայքար մղելու վճռականությունը որոշելու համար վանկարկեց 88-ի հայտնի կոչերը, որին հաջորդեց ներկաների խրոխտ կանչերը՝ «Մի-ա-ցո՛ւմ», «Հայկական հողերը հայերին», «Միայն մայր Հայաստանի հետ»։
Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը միանալով հնչած բոլոր շնորհավորանքներին ասաց, որ Աստված ստեղծել է մարդկանց ոչ թե միմյանց վրա, այլև բնության և կենդանիների վրա իշխելու համար:
-Աստված բոլոր ազգերին հավասար է ստեղծել և հատկացրել իրենց հասանելիք հողաբաժինը։ Եվ ոչ-ոք իրավունք չունի գալու և իշխելու մեզ վրա։ Հայ ժողովուրդը բազում զրկանքների միջով անցնելով, փաստորեն, պատվով է կրել այն խաչը, որը պատգամել է մեզ Աստված։ Մենք տեսանք և՛ Ավարայր, և՛ Սարդարապատ, իսկ Արցախյան Շարժումն ու դրան հաջորդած ազգային-ազատագրական պայքարը մեր նպատակների իրագործման գագաթնակետն էր, հայ ժողովրդի եռամիասնությունը։ Փառք ու պատիվ իրենց արյամբ մեր հողերը սրբագործած քաջորդիներին։ Աստված բոլորիս պահապան,-ասաց հոգևոր հովիվը։
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունելով ասկերանցի հերոսական ժողովրդին, կարևորեց Ասկերանի և ասկերանցիների դերն ու նշանակությունը ԱրցախÛան ազատամարտի տարեգրության ողջ ընթացքում ստաձնած ամրակուռ և անառիկ բերդապարիսպի դերը։
-Փետրվարի 22-ին Ասկերանում տեղի ունեցած իրադարձությունները դարձան Ղարաբաղյան Շարժման առաջին ամրության փորձությունը։ Ասկերանցիները Ղարաբաղյան Շարժմանը և ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ են նվիրվել։ 1988 թվականի փետրվար ամիսը բախտորոշիչ եղավ մեր ապագայի համար։ Ղարաբաղյան Շարժման 30-ամյա հոբելյանը մեր կյանքում այն լուրջ իրադարձություններից մեկն է, որի արդյունքում կերտեցինք ազատ ու անկախ երկիր, ստեղծվեց ազգային բանակ, և այլ կարևոր իրադարձությունները մեր տարեգրության մեջ շատ ճիշտ տարեթվեր են արձանագրում։ Շնորհավորելով բոլորիդ այս մեծ տոնի կապացությամբ մաղթում եմ ուժ, կամք ու եռանդ։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ 88-ի ամենակարևոր խորհուրդը մեր միասնականության մեջ էր։ Երբ ժողովուրդը մի բռունցք դարձած դուրս եկավ հրապարակ իր արդար պահանջն առաջ տանելու՝ նույնիսկ Խորհրդային պետության նման ուժեղ պետությունն ի զորու չէր դիմակայելու։
Ազգային ժողովի նախագահի ելույթից հետո հրապարակում կրկին թնդացին արդար պահանջի ու ճանաչման վանկարկումները։
Հանդիսավոր միտինգն ավարտվեց ԱՀ պետական օրհներգով։
Հիրավի, փետրվար ամսով սկսվեց մեր դարավոր փափագը՝ առաջին հաղթանակը, երբ Աղդամի կողմից թուրք խառնամբոխը ճանապարհին ավերելով ամեն ինչ շարժվեց դեպի Ասկերան, նպատակ ունենալով հասնել մինչև մարզկենտրոն Ստեփանակերտ։ Պատմական այդ օրը միաբանությամբ ու միակամությամբ թշնամին ետ շպրտվեց՝ դարավոր նենգ մտադրությունն անկատար թողած։ Դա 1988-ի փետրվարի 22-ն էր։ Պատմության մեջ այդ օրը մեր հիշողություններում մնաց անջնջելի, իսկ Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռուցքվեցին ասկերանցիները և որտեղ այժմ նշվում են պետական նշանակության տոներն ու իրադարձությունները՝ կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ։
Շարժման մի շարք ակտիվիստներ պարգեւատրվեցին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պատվոգրով։
Միջոցառման մշակութային մասը բացեց Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասարդության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը։ Ն. Գաբրիելյանի, «Բերդ» համույթի երգիչների և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների կատարմամբ հնչեցին արտասանություններ և երգեր՝ ձոնված Արցախին, նրա չքնաղ բնությանն ու անսասան մարդկանց, հերոսական զինվորներին։ Պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ասկերանի և Աստղաշենի արվեստի դպրոցների, ՄՊՍԿ Ասկերանի և Նորագյուղի մասնաճյուղի սաները։ Ի դեպ, Ասկերանի ՄՊՍ կենտրոնն ու արվեստի դպրոցը կազմակերպել էին նաև ձեռքի աշխատանքների տոնական օրվան նվիրված խորհրդանշական ցուցահանդես։
Փաստորեն, փետրվարին դրվեց մեր հետագա հաղթանակների սկիզբը, որը պատմության մեջ արժևորվեց նաև ասկերանցիների հաղթանակով։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ