«Հայաստանի Հանրապետություն-100, Հովհաննես Քաջազնունի-150». կանգառ Իջևանում

11872

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվարի 15-ին Իջևանում՝ Տավուշի մարզկենտրոնում, կազմակերպել էր ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի ունեցավ Իջևանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում։

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, ճարտարապետին, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։

Մարտահրավերները, որոնց դիմակայում էր Հայաստանը մեկ դար առաջ, այսօր էլ կանգնած են հանրապետության առաջ: Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի (այն ժամանակ՝ Օսմանյան կայսրություն և քեմալականներ) և Ադրբեջանի հետ, արդյոք պե՞տք է հենվել երրորդ ուժի վրա, որ 100 տարի առաջ Մեծ Բրիտանիան ու եվրոպացիներն էին, այսօր Ռուսաստանն է:

Հակոբյանը ներկայացրեց նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները, այդ թվում՝ Քաջազնունու երկու գրքերը:

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան:

Իջևանի ձեռնարկից առաջ ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ միջոցառում  կազմակերպել է Ստեփանակերտում և Վանաձորում:

Հովհաննես Քաջազնունուն նվիրված երեկո Արցախում

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն