Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրը՝ ծաղիկներ, մոմեր և խունկ. 14 փետրվար, 2018

1669

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 14-ին, չորեքշաբթի օրը, ժամը 13-ից 14-ը, կազմակերպում է խնկարկության և մոմավառության արարողություն՝ ի հիշատակ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ և ապա խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու։

2018-ի փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը:

Նրանք, լինեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շարքային քաղաքացիներ, հասարակական, քաղաքական, կուսակցական ու պետական գործիչներ, ովքեր գնահատում են Քաջազնունուն և նրա ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, կարող են փետրվարի 14-ին, ուղիղ ժամը 13-ին, մոտենալ Թոխմախի քաղաքային գերեզմանոցի դիմաց (ներքին մուտք)։

Նրանք, ովքեր ցանկանում են ծաղիկներ թողնել և մոմ վառել Քաջազնունիների ընտանեկան գերեզմանին, սակայն ցանկանում են դա անել առանձին, այլ նախաձեռնության շրջանակներում և կամ իրենց հարմար ժամի, սակայն չգիտեն գերեզմանի տեղը, կարող են հարցնել գերեզմանատան վարչության աշխատակիցներին: ԱՆԻ կենտրոնը ընտրել է ժամը 13-ից 14-ը, քանի որ դա աշխատանքային օրվա ընդմիջման ժամն է, ինչպես նաև ցանկանում է օգտակար լինել մարդկանց, ովքեր ուզում են խնկարկել Քաջազնունու հիշատակը, սակայն չգիտեն գերեզմանի տեղը:

Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից է: Նա և նրա ընտանիքը կյանքը նվիրել են Հայաստանին: Նրա որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Քաջազնունու վերջին լուսանկարը

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:

2018-ի Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է՝ հայոց պատմության ամենալուսավոր էջերից:

Կարդալ նաև՝

Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ արդեն համեմատաբար բարեկարգ վիճակում

80 տարի առաջ այս օրը՝ 1938-ի հունվարի 15-ին, բանտում մահացավ Հովհաննես Քաջազնունին