Աշոտ Սիմոնյան. «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում»

2211

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը անհատ հեղինակներից պարբերաբար ստանում է հայագիտական բնույթի ուսումնասիրություններ: Դրանցից մեկը ներկայացնում ենք այսօր:

Վերջին տարիներին Վայոց Ձորի՝ Շարուր-Դարալագյազի պատմությունը մանրամասնորեն ուսումնասիրում է Աշոտ Սիմոնյանը: 2008-ին նա ընթերցողի սեղանին դրեց իր առաջին հատորը՝ «Արփա-Արենին Վայոց Ձորի պատմության հոլովույթում»: Դրան հետևեցին նոր գրքեր, որոնցից երկրորդը՝ «Վայոց Ձոր. 20-րդ դարի քառուղիներում», հակիրճ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ավելի քան 700 էջանոց այս հաստափոր հատորում (Երևան, ԱՀԱ պոլիգրաֆ, 2011) արխիվային նորահայտ նյութերով, օրաթերթային հրապարակումներով, ժամանակակիցների անտիպ, արտերկրում հրապարակված քիչ հայտնի հուշագրություններով ներկայացվում է Լեռնահայաստանի, Արցախի և Լեռնային Նախիջևանի համար կյանքի ճանապարհ դարձած Վայոց Ձորում 1914-1921 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների համայնապատկերը:

Գրքում տեղ է հատկացված նաև այդ տարիներին Վայոց Ձորի՝ Դարալագյազի հետ մեկ գավառ կազմող Շարուրում (այսօր մաս է կազմում Նախիջևանի ինքնավար հանրապետությանը) տեղի ունեցած դեպքերին ու Շարուրի հայության՝ կոտորածների պատմությանը:

Հատորը հարուստ է նաև լուսանկարներով, ինչպես նաև այդ օրերի մամուլի մեջբերումներով:

Աշոտ Սիմոնյանը գիրքը նվիրել է իրենց կյանքը և իրենց հայրենիքում ապրելու իրավունքը 1917-1921 թվականներին հայրենիքի պաշտպանությանը նվիրած Վայոց Ձորի հերոս պաշտպանների հիշատակին: