Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է Հայաստանում սրել ներքաղաքական իրավիճակը, փետրվարի 9-ին խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Այս հարցերի քննարկման ընթացքում ես, ըստ, էության, պնդում արեցի, որ Հանրապետական կուսակցությունն արդեն դե ֆակտո ներքին որոշում ունի, որ Սերժ Սարգսյանին առաջադրելու է որպես վարչապետի թեկնածու, և դա, ըստ էության, չհերքվեց: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրում անել՝ եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է Հայաստանում կտրուկ սրել ներքաղաքական իրավիճակը»,- հայտարարեց Փաշինյանը: