«Ուկրաինան իմ կյանքում». հատված Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքից

1316

Այսօր Երևանի YANKEE PUB-ում կայացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Ներկայացնում ենք հատված «Ուկրաինան իմ կյանքում» գլխից, որը ավելի վաղ հրապարակվել է ՀԵՏՔ-ում։

* * *

Նվիրվում է բոլոր ուկրաինացիներին և վրացիներին, որ մեռան հանուն Ուկրաինայի ազատության, բոլոր վրացիներին և ուկրաինացիներին, որ մեռան հանուն Վրաստանի ազատության

ԿՄՀԻ-ը [Կիևի Միջազգային Հարաբերությունների ինստիտուտ-թարգմանչի ծանոթագրությունը] ավարտելուց հետո ես աշխատել եմ Վրաստանի մարդու իրավունքների հանձնաժողովում, փորձաշրջան եմ անցել Ստրասբուրգի «Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում», որպես Կոնգրեսի կրթաթոշակառու սովորել եմ Կոլումբիայի համալսարանում։ Այդ ամբողջ ընթացքում ես չեմ դադարել հետաքրքրվել այն ամենով, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայում։ Մշտապես լսում էի «Գոլոս Ուկրաինի» հաղորդումը՝ ինձ հարազատ հոսանքներ բերող ուկրաիներենով։ Հնարավորության դեպքում Ամերիկայից պոկվում էի Կիև։

Սկզբնական շրջանում Ամերիկայում ես միշտ ծանր դեպրեսիվ վիճակում էի։ Նյու Յորքը ինձ համար ծանր քաղաք դուրս եկավ։ Սարսափելի ռիթմ։ Դժվար ուսում։ Աշխատանքի շատ մեծ ծավալ։ Ջերմությունս հաճախ էր բարձրանում, անընդհատ հիվանդ էի։ Ինձ ասում էին՝ սթրեսի մեջ ես, դու չես ընդունում այս քաղաքը։ Ամբողջ առաջին կիսամյակում բարձր ջերմությունս պահպանվեց։ Արձակուրդներին թռա տուն, թռա մի քանի ինքնաթիռ փոխելով. Հելսինկի – Կիև – Թբիլիսի։ Հելսինկիում ջերմությունս նորից բարձրացավ մինչև 40 աստիճան։ Ես մինչև վերջ ջախջախված էի, բայց հերիք էր վայրէջք կատարեի Կիևում ու դուրս գայի օդանավակայանից՝ արդեն լավ էի ու հանգիստ՝ ես տանն եմ։ Ջերմությունս քուն մտավ ու էլ հետ չեկավ։

Դա ինձ համար պատվաստում էր՝ հայրենի հողը բուժեց։ Դրանից հետո Ամերիկայում ես ինձ արդեն նորմալ էի զգում։ Հաճախ էի լինում Ուկրաինայում նաև 1995 թվականից հետո, երբ վերադարձա Վրաստան։

1998 թվականին ծանոթացա Լեոնիդ Կուչմայի հետ։ Շևարդնաձեն այդ ժամանակ պաշտոնական այցով Ուկրայինայում էր։ Ես հայտնվեցի նույն սեղանի շուրջ Ուկրայինայի նախագահի հետ։ Հետո Կուչման ինձ ընդունեց առանձին. դա նրա կողմից ցուցադրական ժեստ էր, երևում էր՝ ես նրան ինչ-որ բանով գրավել էի։ Նա ինձ շատ ժամանակ տրամադրեց։ 2004 թվականի գարնանը նա ինձ շատ օգնեց. ուղղաթիռներ ուղարկեց Վրաստան, որոնցով մենք Շևարդնաձեի օրոք անջատված Աջարիայում վերականգնեցինք կարգը։

2001 թվականին Բորիս Նեմցովը Պետերբուրգում կազմակերպեց աջական ուժերի համագումար։ Այնտեղ ես առաջին անգամ տեսա Վիկտոր  Յուշչենկոյին։ Նա ինձ շատ դուր եկավ։ Դրանից հետո մենք անընդհատ շփվում էինք հեռախոսով։

2003 թվականի նոյեմբերին մեզ մոտ տեղի ունեցավ Վարդերի հեղափոխությունը։ Ես շատ էի հոգնել այդ բոլոր անքուն գիշերներից ու լարվածությունից և գնացի Կիև՝ բեռնաթափվելու։ Վերցրի ոչ մեծ համար «Պրեմիեր-Պալաս»-ում ու երկու օր քնեցի՝ առանց արթնանալու։ Հետո դուրս եկա Խրեշչատիկ ու հասկացա, որ մարդիկ ինձ ճանաչում են։

Սկզբում մտածում էի՝ դա ինձ թվում է։ Եվ հենց այդ պահին լսում եմ, ինչ-որ ալկաշներ մետրոյի կողմից ինձ ձայն են տալիս. «Է՜յ, Սաակաշվիլի, արի էստեղ, հետներս մի թաս բան խմի»։ Հասկացա, որ այդտեղ անճանաչելիությունը պահպանել չի ստացվի։ Իշխանությունն էլ աչքը ինձնից չէր կտրում։ Ինձ հետևողներ էին նշանակվել: Մտնում եմ լրիվ դատարկ խանութ, իսկ էնտեղ երկու տիպ՝  մեջքով դեպի ինձ, թերթ են կարդում։ Նման մի իրավիճակ կրկնվեց ուրիշ տեղում։

Յուշչենկոն ինչ-որ մեկից իմացել էր, որ ես եկել էի։ Նրա մոտ էլ հենց այդ ժամանակ նախատեսվում էր ընդդիմության խորհրդակցություն։ Յուշչենկոն հրավիրեց ինձ մասնակցելու։ Նրանց հետաքրքրում էր մեր փորձը՝ ինչպես ավելի լավ անցկացնել ընտրությունները։ Ես ասացի՝ ընտրություններ դուք, իհարկե, կանցկացնեք, բայց ձեզ, միևնույն է, պետք է գալու հեղափոխություն։

– Դե, ի՞նչ հեղափոխություն,- ասաց Յուշչենկոն։ – Սա Ուկրաինան է, ոչ թե Վրաստանը։

Ես հետո շատ անգամներ լսեցի, որ Ուկրաինան Վրաստանը չէ: Բայց այնտեղ կար մեկը, ում ես գիտեի ուսանողական նստարանից` Պորոշենկոն: Նա հետաքրքրված էր իմ հենց այդ խոսքերով: Ու հավաքից հետո խնդրեց ինձ պատմել` ինչպես հեղափոխություն անել: Թուղթ ու գրիչ նախապատրաստեց, ես սկսեցի թվարկել. պետք կգան վրաններ, ռոք խմբեր, տաք հագուստ, հարկավոր է ինչ-որ բրենդ հորինել: Նա այդ ամենը գրի առավ:

Երկու օր հետո Յուշչենկոն ու Տիմոշենկոն ինչ-որ առիթով հերթական անգամ վիճեցին: Պորոշենկոն խնդրեց ինձ միջնորդ դառնալ: Երեք ժամ շարունակ ես հաշտեցնում էի նրանց Բոլշոյ Ժիտոմիրսկիի «Դա Վինչի» ռեստորանում: Այդ ժամանակ ես ավելի մոտիկից ծանոթացա Յուլյային:

Երբ սկիզբ առավ Նարնջագույն հեղափոխությունը, ես սկսեցի ապրել այդ իրադարձությամբ: Ինձ մոտ մշտապես միացված էր 5-րդ ալիքը: Իսկ Պորոշենկոն, չէ՞ որ նա ամեն ինչ գրի էր առել, նա ամենապատրաստվածը դուրս եկավ: Ցուցարարներն ամեն ինչ ունեին. և՛ վրաններ, և՛ ռոք խմբեր, և՛ «Նարնջագույն հեղափոխություն» բրենդը:

Ի տարբերություն Ուկրաինայի՝ մեր հեղափոխության անվանումն ի հայտ եկավ ինքնաբերաբար: Երբ մենք պիտի մտնեինք Խորհրդարան, ես ուզում էի ցույց տալ, որ մեզ մոտ զենքեր չկան, և ընկերոջս ուղարկեցի ծաղիկներ գնելու: Վերջին պահին, երբ արդեն մտել էինք, նա եկավ մի մեծ գրկաչափ վարդերով: Ու ես բոլորին մեկական վարդ բաժանեցի: Երբ մենք մտանք դահլիճ, CNN-ի հաղորդավար Ռայան Չիլքոթը բացականչեց. «Սա իսկական Վարդերի հեղափոխությո՜ւն է երևում»։ Այդ ինքնաբուխ արտահայտությունից էլ առաջ եկավ անվանումը։ Դա տեղի է ունեցել CNN-ի աննախադեպ եթերի ժամանակ, երբ նրանք հինգ ժամ առանց կոմերցիոն ներդրումների հեռարձակում էին Թբիլիսիի իրադարձություններն ուղիղ եթերում։ Դրա շնորհիվ մենք լայն ճանաչում ձեռք բերեցինք ամբողջ աշխարհում։

Ընդհանրապես ամերիկյան լրագրողները մեզ կարգին աջակցեցին։ Պետդեպարտամենտը բոլորովին ուրախ չէր մեր հեղափոխության համար։ Ամերիկայի դեսպան Ռիչարդ Մայլզը ամեն կերպ մեզ խանգարում էր։ Նա մինչև հիմա էլ իմ մասին ամեն տեսակ կեղտոտ բաներ է գրում։ Բայց CNN-ը որոշել էր մեզ սատարել, այդ պատճառով էլ ես կարող էի ցանկացած պահի զանգել նրանց և եթեր մտնել։ Վրացական ալիքներից մեզ ցուցադրում էր հիմնականում «Ռուսթավի 2»-ը, այն էլ՝ ոչ ամենասկզբից։

Ուկրաինայում բրենդն ու նարնջագույնը մտածված են եղել նախապես։ Այնտեղ հեռուստատեսային շրջափակումն առանց CNN-ի աջակցության ավելի բարդ դուրս եկավ։ Ես Կիև ուղարկեցի Խորհրդարանի անդամ Գիվի Թարգամաձեին, որն ուներ մեր հեղափոխության փորձը։ Կիևում շատ էին վրացի լրագրողները։ Սկզբնական շրջանում աշխարհը հենց մեր ալիքներից էր իմանում այն մասին, թե ինչ էր կարտարվում Ուկրաինայում։ Օտարերկրյա թղթակիցներն օգտագործում էին իրենց flyway-ները։

Ինձ զանգահարեց Պորոշենկոն և խնդրեց օգնել 5-րդ ալիքի հարցով, որը միայն Կիևում էր հասանելի։ Աբաշիձեի փախուստից հետո մեր ձեռքն էր ընկել աջարական ոչ շատ մեծ մի ալիք, որը հեռարձակվում էր վրացերենով, ռուսերենով ու անգլերենով՝ ամբողջ աշխարհում։ Աբաշիձեն, մաքսանենգությամբ և թմրադեղերով փողեր աշխատելով, խելահեղ գումարներ էր ծախսում ինքնագովազդի վրա։ Ալիքը կար բոլոր արբանյակներում, ըստ պայմանագրի այն կարող էր հեռարձակվել ամբողջ աշխարհով ևս երկու տարի։ Մենք որոշեցինք 5-րդ ալիքը դնել աջարականի փոխարեն՝ բոլոր այդ հեռուստաարբանյակներով։ Ես զանգահարեցի Օդեսայի ու Խարկովի ծանոթներիս`Ձեզ մոտ 5-րդ ալիքը բռնո՞ւմ է։ Նրանք հաստատեցին։ Իսկ հետո այն սկսեցին դիտել բոլոր նրանք, ովքեր ունեին արբանյակային ալեհավաքներ։

Յուշչենկոյի թիմում մշտական հակասություններ կային. նա շատ ավելի զգուշավոր էր, քան բոլոր մյուսները։ Մի անգամ ինձ զանգ է տալիս Յուլյան. «Յուշչենկոն երեկոյան իննին տուն է գնացել, իսկ Մայդանում շատ լարված իրավիճակ է։ Կարո՞ղ եմ նրան հետ կանչել Մայդան, հեռախոսը չի վերցնում»։ Ստիպված եղա որոնել նրան ու խնդրել վերադառնալ։ Նրանք պարզապես տարբերվում էին խառնվածքով։ Մարտավարական պլանում իմ ու Յուլյայի մոտ ավելի շատ համընկնումներ կային։ Նա միշտ ուզում էր հարձակվել, ուզում էր պրովոկացիայի ենթարկել իշխանությանը, որպեսզի նրանք սխալներ գործեին։ Ինձ թվում էր, որ այդպես էլ պետք է։ Այդ կողմից նա շատ լավն էր։ Իսկ Յուշչենկոն ավելի շատ տրամադրված էր բանակցելու։

Նարնջագույն հեղափոխությունից մի քանի ամիս առաջ ես Ղրիմում Կուչմայի ծնունդին էի։ Պատրաստվում էի նրանից խնդրել 50 БТР, 6 ուղղաթիռ և նման այլ բաներ։ Մեր հանդիպման նախօրեին նրա մոտ Պուտինն էր եղել, ու Կուչման խնդրեց ինձ հաջորդ օրը գալ, որպեսզի չվրդովվեցնի ռուսներին և ինձ հետ առանձին զրուցի։

Օդանավակայանից մինչև կառավարական նստավայր ամբողջ ճանապարհը լցված էր Յանուկովիչի գովազդային վահանակներով ու զարդարված՝ նրա կուսակցության գույներով։ «Դե ի՞նչ, տեսա՞ր էդ ավազակի վահանակները»,- հարցրեց ինձ Կուչման շեմքից։ Ես, ասում է, հույս ունեմ, որ նրան չեն ընտրի, դե, իսկ եթե ընտրեն էլ՝ իրենց մուրն իրենց գլխին: Դրան դեռ չգիտեն։ Ու էդ ժամանակ մարդիկ ինձ հաստատ կգնահատեն։ Իսկ այ քո ընկեր Յուշչենկոն, նա բացարձակ անվանաս է։ Նա ինձ համար շատ ավելի  համակրելի է։ Նա իհարկե միայն մեղրի մասին, մեղուների մասին է խոսում, բայց ես, ասում է, կարծում եմ, որ Ուկրաինայի համար նա ավելի լավը կլինի։ Դա ինձ համար շատ անսպասելի էր։

Կուչման հաստատ Յանուկովիչի կողմից չէր։ Նա ամբողջ ժամանակ երկակի խաղ էր խաղում։ Կարծում եմ՝ նա աներևույթ մի հույս ուներ, որ քաոս կսկսվեր, ու մարդիկ իրեն կխնդրեին մնալ այս կամ այն ձևի մեջ ։ 2004-ի աշնանը մենք նրա հետ կապի մեջ էինք։ Շատ դիտորդներ էինք ուղարկել։ Կուչման դա ողջունեց։

«Նարնջագույնների» ու «սպիտակ-երկնագույնների» միջև բանակցություններում շատ օգտակար եղավ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու մասնակցությունը։ Նրա մեջ եզակիորեն համակցված են արևմտյան քաղգործչի և սովետական բյուրոկրատների լեզվին հրաշալի տիրապետող ու նրանց հետ հարաբերվել իմացող մարդու գծերը։

Հեղափոխությունից հետո ես Ուկրաինա վերադարձա Նոր տարուն։ Այդ օրերին մի օր մենք դուրս եկանք Բեսարաբկայի մոտ ու անցանք ամբողջ Խրեշչատիկը։ Յուլյայի, Յուշչենկոյի, Ռուսլանայի հետ ես բարձրացա բեմ։ Ռուսլանան երգեց հիմնը։ Հանկարծ իմ ուկրաիներենը բացվեց. ես ելույթ ունեցա ուկրաիներենով։

Երդմնակալությունից առաջ Յուշչենկոն հրավիրեցի ինձ Բուկովել։ Առողջարանը այդ ժամանակ նոր էր սկսել զարգանալ։ Առաջին օրը մենք ճոպանուղի նստեցինք ու այնտեղ հայտնաբերեցինք իսկական հետհեղափոխական մթնոլորտ, որ ինձ ծանոթ էր Վրաստանից։ Շատ մեծ թվով ջահելություն կար. բոլորը մեզ ձեռքով էին անում, ձգտում էին լուսանկարվել։ Այդպիսի մարդկանց հետ կարելի է հրաշքներ գործել, նրանք շատ ավելի բաց են նոր գաղափարների առաջ, քան վրացիները։ Պարզապես պետք է խթան հաղորդել, և այդժամ արդեն նրանց էլ չես կանգնեցնի։

Յուշչենկոն անընդհատ շատ վատ էր զգում։ Օրը երկու ժամ նրա վիրակապերն էին փոխում։ Մենք պայմանավորվեցինք, որ կստորագրենք համատեղ հայտարարություն ու մամուլի ասուլիս կկազմակերպենք։ Երեք անգամ մենք հրավիրեցինք լրագրողներին ու երեք անգամ պատրաստվեցինք հանդես գալ մամուլի առաջ։ Եվ ամեն անգամ Յուշչենկոն վատանում էր, ու ամենը՝ չեղարկվում։ Նա ոտքի վրա կանգնել չէր կարողանում, էլ ուր մնաց ինչ-որ որոշումներ կայացներ։ Ապշեցուցիչ իրավիճակ էր։ Նախարարության հավակնողները եկան Բուկովել, վարձեցին շրջակայքի բոլոր ամառանոցները, փորձում էին թափանցել Վիկտոր Անդրեևիչի մոտ, բայց նա ոչ ոքի չէր ընդունում։

Հենց Բուկովելում էլ ամեն ինչ որոշվեց։ Յուշչենկոն տատանվում էր՝ ո՞ւմ նշանակել վարչապետ. Յուլյայի՞ն թե՞ Պորոշենկոյին։ Նրա կինը՝ Կատյան, կտրուկ տրամադրված էր Յուլյայի դեմ։ Հնարավոր է՝ Պորոշենկոն լիներ լավագույն վարչապետը, բայց Տիմոշենկոն էր հեղափոխության իրական լիդերը։ Նա, միևնույն է, ոչ մի տեղ չէր կորչելու։

Երբ Տիմոշենկոն առաջին պաշտոնական այցով եկավ Վրաստան, ես նրան ուղղաթիռով տարա խաղողի այգիները։ Վերադարձի ճանապարհին վատ եղանակ էր ու ուղղաթիռն անընդհատ ցնցվում էր։  Ես արդեն ոչ մի բանի ցանկություն չունեի, իսկ նա անդադար խոսում էր գազի մատակարարումների մասին։ Նրա բնավորությունը լրիվ հակադիր է Յուշչենկոյի բնավորությանը, նա գիշատիչներից է։ Բայց խնդիրը ոչ միայն և ոչ այնքան նա էր։

2005 թվականին ես եկա Արտեկի հոբելյանին։ Յուշչենկոն բոլորին հավաքել էր Ղրիմում։ Տրանսպորտի նախարար Չերվոնենկոն հրավիրեց ինձ ու ուկրաինական նոր կառավարության մի քանի նախարարների իր զբոսանավը։ Լսելով նրանց խոսակցությունները՝ ես հասկացա, որ երկիրը ոչ մի շանս չունի։ Նրանք խոսում էին իրենց շահերի մասին. փայերի, հողերի, բիզնեսների։ Մեզ մոտ՝ Վրաստանում, բոլորովին այլ խոսակցություններ էին. երկինք ու երկիր։ Իսկ սրանք հին ձևվածքի մարդիկ էին՝ շատ ավելի ագահ, քան Կուչմայի մարդիկ, տպավորություն էր, որ խցկվել էին ու համարել, որ իրենց պահն է եկել։

Տարբերությունը Վրաստանի և Ուկրաինայի միջև սերնդային էր։ Ուկրաինայում Նարնջագույն հեղափոխությունից հետո իշխանության եկավ մի սերունդ, որը մեծ էր մերինից։ Հենց այդպիսի մի անջրպետ էլ մեր ու ավագ սերնդի վրացիների միջև էր, որի մաս էին կազմում օրինակ Նինո Բուրջանաձեն ու իր ամուսինը. նրանց միայն փողերն էին հետաքրքրում։ Ես մեր թիմում ամենաավագն էի, բայց ես էլ դեռ համալսարանում էի սովորում, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Դե իսկ նրանք, ովքեր հասցրել էին մի երկու տարի աշխատել Սովետի ժամանակ, դարձել էին համակարգի մասը։ Եվ հենց այդ մարդիկ իշխանության եկան Ուկրաինայում։

Զգացվում էր, որ սովետական ժառանգությունը նաև Յուշչենկոյին էր խանգարում։ Նրան անհնար է մեղադրել նյութապաշտության մեջ։ Նա իդեալիստ էր, բայց զուտ հոգեբանորեն նրա համար դժվար էր աշխատել հետսովետական սերնդի մարդկանց հետ։

Բայց այնուամենայնիվ նրանք շատ ավելի լավն էին ուկրաինական քաղաքական սպեկտրի մյուս հատվածից։

Հիշում եմ՝ 2004-ին ես առաջին պաշտոնական այցով եկա Ուկրաինա: Համերգ էր: Ինձանից աջ նստած էր նախագահ Կուչման, ինձանից ձախ` վարչապետ Յանուկովիչը: Ու Կուչման նրան հարցնում է, դե ի՞նչ Վիտյա՛, Զվյագիլսկին չհայտնվե՞ց: Չէ, ի՞նչ եք ասում, պատասխանում է Յանուկովիչը, եթե նա երևար, նրան վաղուց տղերքը սատկացրած կլինեին: Վարչապե՛տը նախագահի՛ն ասում է, որ ինչ-որ մեկին պետք է սատկացնել: Ու Յանուկովիչը ակնհայտորեն չէր կատակում:

Պետք է ասել, որ Կուչման ակնհայտորեն իրեն իր ափսեում չէր զգում Յանուկովիչի կողքին: Նա ամեն դեպքում Ուկրաինայի նվիրյալ էր՝ ի տարբերություն նախկին դոնեցկցի ավազակի:

Մի անգամ՝ «Նարնջագույն հեղափոխությունից» շատ տարիներ հետո, ես միքանիժամյա զրույց ունեցա Յանուկովիչի հետ: Զրույցի մեծ մասը նա նվիրեց Յուլյային: Թվարկում էր նրա բոլոր մտացածին ու իրական հանցավոր գործարքները, երկար բամբասում էր նրա անձնական կյանքից: Եվ միայն վերջում անցավ այլ թեմաների: Այդպիսի զրույցներ նա ունենում էր բոլոր արտասահմանցիների հետ: Ինքը տարված էր նրանով:

Յանուկովիչը պատմում էր նաև, որ ինքը երկար ժամանակ չի կարողացել որոշել՝ երկրորդ անգամ առաջադրվե՞լ նախագահությունում, թե՞՝ ոչ: Խորհրդի համար դիմել էր ծերուկ Զոսիմին, վերջինս ասել էր, որ պատրաստ չէ պատասխանել, բայց խոստացել էր նշան տալ: Որոշ ժամանակ անց ծերուկը մեռել էր: Յանուկովիչը գնացել էր հոգեհանգստին, հերթի կանգնել աճյունի մոտ և երբ, իր խոսքով, ինքը դիպել էր հանգուցյալի ձեռքին, այն բարձրացել էր, շոյել էր իր գլուխն ու նորից ընկել: Յանուկովիչի համար դա նշան էր: Նա դա ինձ պատմում էր ամենայն լրջությամբ, որպես անհերքելի մի փաստ: Բայց, միևնույն է, ես կարծում եմ, որ նա հորինում էր:

Յանուկովիչին դժվար էր վերաբերվել որպես նորմալ մարդու: Կիևի ճանապարհին ընկերներս ունեին փոքրիկ ռեստորան, որն սկսեցին ճնշել դոնեցկցի ռեյդերները: Ինձ խնդրեցին օգնել: Ես Վաշինգթոնի միջուկային գագաթնաժողովի ժամանակ այդ պատմությունը պատմեցի Յանուկովիչին: Պարզվեց՝ նա ամեն բան գիտեր այդ դեպքի մասին, սկսեց ինձ այնպիսի մանրամասներ պատմել, որ ես սկսեցի կասկածել, թե հենց ինքն անձամբ էլ կանգնած էր ռեյդերների թիկունքում: Բայց դա չափից ավելի էր նույնիսկ նրա՛ համար. զբաղվել փոքրիկ ռեստորաններով:

Ուկրաինան մեծ երկիր է, ոչ թե Վրաստանի պես։ Ես երբեք չեմ հետաքրքրվել, թե ում է պատկանում այս կամ այն առևտրային նախագիծն իմ երկրում: Եթե պետության առաջնորդը տարվում է  նման բաներով, հազիվ թե ժամանակ գտնի պետությամբ զբաղվելու:

Մի անգամ Նյու Յորքում ես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ճաշկերույթին էի: Ինձ նույն սեղանի շուրջ նստեցրին Իլհամ Ալիևի, Լեհաստանի նախագահ Կոմորովկու և Յանուկովիչի հետ: Ես չգիտեի, թե ինչի մասին խոսեմ Յանուկովիչի հետ: Կարդացել էի, որ Ուկրաինայում արդարադատության խորհուրդ են ստեղծում և հարցրի՝ լինելո՞ւ է արդյոք դատական բարեփոխում: Նա ասաց. «Նրանք բոլորը դեռ իմ առաջ պար են գալու», ու սկսեց պատմել Մեժիգորյեի մասին, այն մասին, որ Բարձրագույն դատարանի նախագահը իրենից 50 միլիոն կաշառք է պահանջել, իսկ ես, ասում է, վճարեցի նրան 20:

Յանուկովիչն առաջարկել էր փողերն օֆշորին փոխանցել, բայց դատարանի նախագահն ուզել էր, որ ամբողջ գումարը կանխիկով հասցնեն իր ամառանոց: Դրա փոխարեն Յանուկովիչն ամբողջ կաշառքը բերել էր ուղիղ Բարձրագույն դատարան: Բերել էր օրը ցերեկով, 20 դոլարանոցների կապոցներով ՝ մի քանի ճամպրուկում: Յանուկովիչն ասաց. «Նա կհամարձակվի՞ իմ դեմ դուրս գալ: Ո՛չ: Բոլորը դա տեսան»:

Նա դա պատմում էր բոլորի ներկայությամբ: Հիշում եմ՝ ինչպես էին արձագանքում այդ պատմությանը նրանք, ովքեր ռուսերեն հասկանում էին. Նրանք շփոթված նայում էին մեկմեկու:

2005-ին Յանուկովիչը դեռ ընդդիմության կազմում էր: Յուշչենկոն խնդրում էր ինձ չհանդիպել նրա հետ: Ես նրան չլսեցի և օդանավակայանի ճանապարհի «Կազաչոկ» սրճարանում հանդիպեցի Յանուկովիչին: Դրանից ոչ շատ առաջ ես ասել էի Յուշչենկոյին, որ մենք կուզեինք մի քանի ուղևորատար AH-142 ինքնաթիռ գնել: Բայց Ուկրաինան բավարար քանակությամբ պատրաստի ինքնաթիռներ չուներ: Պատմեցի այդ պատմությունը Յանուկովիչին, նա պատասխանեց, որ իր մոտ էլ հենց, ի դեպ, երեք AH-142 կա կանգնած, կարող է թեկուզ վաղն էլ վաճառել շատ ձեռնտու պայմաններով: Նա ավելի շատ ինքնաթիռ ուներ, քան պետությունը, Եվ դա ա՛յն դեպքում, երբ նրա դեմ քրեական գործ էր հարուցված:

Նա իրեն հրաշալի էր զգում: Պատրաստ էր ինքնաթիռները մեզ վաճառել: Իհարկե մենք, միևնույն է, նրանից չգնեցինք, բայց ինձ ապշեցնում էր նրա ինքնավստահությունը:

Երբ ես պատմեցի այդ մասին Յուշչենկոյին, նա ասաց՝ պետք է հաշտեցնել արևմուտքն ու արևելքը: Կարծում եմ՝ դա կապված էր այն բանի հետ, որ նա ինչ-որ կերպ պայմանավորվածության էր եկել Ախմետովի հետ: Յուշչենկոյի թիմի համար դա դեպի արևելք մուտքի տոմս էր:

Պուտինի հետ առաջին հանդիպումից հետո Յուշչենկոն ասաց, որ նրա հետ կարելի է աշխատել: Ես պատասխանեցի, որ ճիշտ այդպես էի մտածում դրանից մի տարի առաջ. «Սպասիր վեց ամիս, մենք նորից կվերադառնանք այս թեմային»: Չէ՞ որ Պուտինն էր թունավորել նրան 2004 թվականի աշնանը: Վստահ եմ՝ Յուշչենկոն այդ մասին գիտեր, նա ուզում էր դա անցյալում թողնել, և դա վկայում էր նրա հոգու մեծության մասին:

Պուտինը միշտ էլ մի քիչ վախենում էր Կուչմայից. վերջինս անընդհատ ծաղրում էր նրան: Իսկ այ Յուշչեկոյին Պուտինը հենց առաջին վայրկյանից արհամարհեց: Նրանք տարբեր մշակույթների մարդիկ էին: Նրանց միջև լուրջ պայմանավորվածություններ չէին կարող լինել: Ճիշտ այդպես էլ Պուտինը Յուլյային էր արհամարհում: Նրան «կոսով աղջիկ» էր անվանում: Պուտինը կարծում էր, որ քանի որ Յուլյան փող էր աշխատում Ռուսաստանում, ապա նրան մտահոգում են միայն փողերը, և միշտ էլ կարելի կլիներ մանիպուլացնել նրան:

Հետաքրքիր է. ես տեսել եմ, թե ինչպես Յացենյուկը կոպտեց Պուտինին: Նա այդ ժամանակ արտգործնախարար էր: 2007 թվականին Տաջիկստանում անցկացվում էր ԱՊՀ գագաթնաժողով: Յուշչենկոն այդ ժամանակ դադարել էր մասնակցել այդ գագաթնաժողովներին, իսկ Յացենյուկը եկել էր: Նա ներս մտավ ասեղնագործած հագուստով՝ քառասուն րոպե ուշացմամբ: Նստեց ու անմիջապես սկսեց վիճաբանել օրակարգի շուրջ: Պուտինի աչքերը ճակատը թռան. ի՞նչ է իրեն թույլ տալիս այս նենգ ջահելը, որին ինքն առաջին անգամ է տեսնում: Իսկ Յացենյուկը նաև խոսքի մեջ ուկրաիներեն բառեր էր գցում. այդպես նաև երբեմն Յուշչենկոն էր անում, կարծում եմ՝ միտումնավոր:

2013 թվականին ես վստահ էի, որ Ուկրաինայում հեղափոխություն է լինելու: Սեպտեմբերին ես հանդիպումներ էի ունենում ուկրաինացի ընկերներիս հետ: Նրանք բոլորը բողոքում էին ժողովրդի պասիվությունից. ոչ ոք ոչնչի չի հավատում, ընդդիմությանը ոչ ոք չի սիրում: Իսկ ես ասում էի, որ ամեն բան հենց հիմա էլ սկսվում է:

Երբ սկսվեց երկրորդ Մայդանը, ես Նյու Յորքից թռա Վարշավա՝ հավաքելու եվրոպացի պատգամավորների խումբ` Կիև մեկնելու համար: Իջևանեցի հյուրանոցում ու սկսեցի զանգահարել ծանոթներիս: Չորս օրում հավաքեցի տասը հոգու: Նրանց թվում էին Լեհաստանի նախկին վարչապետ Երժի Բուզեկը, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը, մի քանի լեհեր, անգլիացիեր և բելգիացիեր: Օդանավակայանում նրանք ինձ շրջափակեցին բոլոր կողմերից ու անցկացրին սահմանային անցակետով: Մենք գնացինք ուղիղ հանրահավաքին, բոլորը բարձրացան բեմ: Նրանք սկսեցին ելույթ ունենալ:

Իսկ ես գնացի հրապարակի մյուս կողմ: Այնտեղ քիչ ժողովուրդ կար` հիմնականում վատ հագնված տարեց մարդիկ, երիտասարդություն գրեթե չկար: Բոլորը սկսեցին ինձ շրջապատել ու ծափահարել: Բրոքը հետո հարցրեց ինձ, թե ինչո՞ւ են իրենք եկել այստեղ, եթե ես ինձ վրա եմ գրավում ողջ ուշադրությունն ու կրկես սարքում իրենց ներկայությամբ: Բայց ես իրոք դա հատուկ չէի արել:

Մենք Կիևում անցկացրինք երեք օր: Ամեն օր ես զրուցում էի Կլիչկոյի ու Պորոշենկոյի հետ:

Հանդիպումներից մեկի ժամանակ Յացենյուկը սկսեց վիճել ինձ հետ, իսկ Պորոշենկոն ասաց, որ ինքն արդեն ունի 2003-ի փորձը, և այն ամենը, ինչ Միշան ասում էր, ճիշտ դուրս եկավ, ավելի լավ է նրա հետ չվիճել: Ես անընդհատ ասում էի, որ պետք է ստիպել իշխանությանը սխալներ թույլ տալ: Պետք է նրանց սադրել: Ու միայն Պորոշենկոն և Տյագնիբոկն էին համաձայն դրա հետ:

Կլիչկոն անհանգստացած ներս մտավ: Ասաց, որ Յանուկովիչը հրաման է տվել մեզ բոլորիս ձերբակալել: «Բայց ախր դա հրաշալի՜ է»,- բացականչեց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Բարամիձեն: Բոլորը նրան նայեցին որպես խելագարի:

Շուտով ես ուկրաինական առաջնորդների հետ թռա Մյունխեն: Առաջին ուղևորությունից հետո ես ավելի քան երկու տարի հաշվառված էի սահմանային անցակետում: Ամեն անգամ ստիպված էի լինում երկար սպասել անձնագրային ստուգման կետում: Ուկրաինական բյուրոկրատիան այդպես էր աշխատում, նույնիսկ նոր իշխանության ժամանակ:

Այդպես շարունակվեց մինչև ես սկանդալ չսարքեցի: Նախագահն անձամբ միջամտեց ինձ հաշվառումից հանելու համար:

Թարգմանեց Միքայել Նահապետյանը