Ադրբեջան․ նախագահական (չ)ընտրությունների պատմությունից

1750

Ադրբեջանում նախագահական առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ընդամենը 10 օր անց այն բանից հետո, երբ երկիրը հռչակեց իր անկախությունը։ Ադրբեջանը հետխորհրդային այն
հանրապետություններից էր, որը ցանկանում էր մնալ Խորհրդային Միության կազմում անգամ օգոստոսյան հեղաշրջման օրերին։ Երբ Բաքվի կոմունիստական ղեկավարության համար պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ը փլուզվում է, օգոստոսի 30-ին Ադրբեջանը առանց հանրաքվեի՝ ժողովրդական քվեարկության, իրեն հռչակեց անկախ։

Նախագահական առաջին ընտրություններին առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը, որն ստացավ քվեների 98,5 տոկոսը։ Ըստ պաշտոնական տվյալների, նրա դեմ քվեարկեց 50 հազարից պակաս ընտրող։

Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունների պատճառով Մութալիբովը 1992-ի մայիսին հրաժարական տվեց։ Նախագահական ընտրություններ նշանակվեցին հունիսի 7-ին։ Քվեների ավելի քան 60 տոկոսով հաղթեց Աբուլֆազ Ալիևը, ով արդեն կրում էր Էլչիբեյ ազգանունը։ Երկրորդը Նիզամի Սուլեյմանովն էր՝ քվեների գրեթե 34 տոկոսով։

Ընտրություններին մասնակցում էին ևս երեք թեկնածուներ։ Նախագահության հենց առաջին շաբաթներին Էլչիբեյը հակահարձակում սկսեց ողջ ճակատի երկայնքով․ ադրբեջանական զինուժը գրավեց Շահումյանի շրջանը Արցախի հյուսիսում և Մարտակերտի շրջանը։ Սակայն արդեն տարեվերջին հայկական ուժերը սկսեցին հակահարձակումը, որն ավարտվեց Մարտակերտի ազատագրմամբ։ Մինչ այդ հայկական ուժերը վերահսկողության տակ էին առել նաև Հայաստանի և Արցախի միջև ընկած Քելբաջարի՝ Քարվաճառի շրջանը։

Ղարաբաղյան ճակատում կրած պարտությունների պատճառով Էլչիբեյը հրաժարական տվեց։ Նախիջևանից հունիսին Բաքու վերադարձավ Հեյդար Ալիևը, ով 1993-ի հոկտեմբերի 3-ին կազմակերպեց նախագահական ընտրություններ և
ստացավ քվեների գրեթե 99 տոկոսը։ Ընտրություններ կոչված միջոցառմանը մասնակցեցին ևս երկու թեկնածուներ, որոնց անունները ոչինչ չեն ասում։

1993-ի հունիսից, երբ Ալիևը ստանձնեց Ադրբեջան խորհրդարանի նախագահի և երկրի առաջնորդի լիազորությունները, Ադրբեջանում իշխանությունը ընկավ Ալիևների ընտանիքի ձեռքը և շարունակում է մնալ մինչև այսօր։

Ինչպես Էլչիբեյի, այնպես էլ Ալիևի ընտրությունները արտահերթ էին։ Իսկ նախագահական հերթական ընտրությունները տեղի ունեցան 1998-ի հոկտեմբերի 11-ին։ Հեյդար Ալիևը ստացավ քվեների գրեթե 77 տոկոսը։ Մասնակից մյուս թեկնածուներից ամենից շատ ձայներ ստացավ Էթիբար Մամեդովը՝ շուրջ 12 տոկոս։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում հաղթեց հոր կողմից վարչապետ նշանակված Իլհամ Ալիևը՝ առաջ անցնելով յոթ մրցակիցներից։ Իլհամ Ալիևը ստացավ քվեների 75 տոկոսը։ Երկրորդը Իսա Ղամբարն էր՝ 15 տոկոս։ Ինչպես այս, այնպես էլ Ադրբեջանի նախորդ և հաջորդ նախագահական ընտրությունները միջազգային հանրությունը որակել է կեղծված։

2008 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում Իլհամ Ալիևը ստացավ քվեների ավելի քան 87 տոկոսը, իսկ 2013-ի հոկտեմբերի 9-ի ընտրություններում՝ 84 տոկոսից ավելին։

2018-ի հոկտեմբերի 17-ին նշանակված էին նախագահական հերթական ընտրությունները։ 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում Ալիևը հնարավորություն է ստացել բազմակի մասնակցել
նախագահական ընտրություններին։ Երեկ՝ փետրվարի 5-ին, Ալիևը հրամանագիր ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Այդ ընտրությունների արդյունքները կանխորոշված են․ Ալիևը ևս 7 տարով ստանձնելու է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Հեյդար Ալիև ավագը հարսի՝ Մեհրիբանի հետ

Ալիևի որոշումը կապ ունի՞ Ղարաբաղյան կարգավորման հետ