Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):
Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում, Ջավախք:
1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում:
1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:
Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:
1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:
1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:
Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:
Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում:
1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:
1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Բուխարեստում գրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով: Նույն տարում լքում է ՀՅԴ շարքերը:
1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:
Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։
Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:
Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ:
Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։
Այժմ այդ վայրում եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են բոլոր քաջորդիները, իսկ նրանց անուններն էլ հրապարակված են ռուսերեն մի գրքում, որի հեղինակը զոհվածների հրամանատարի՝ գնդապետ Վասիլի Հովսեփյանցի թոռն է։
Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:
Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:
Քաջազնունին, ըստ որոշ, վերջնականապես չճշտված տվյալների, թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:
Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը՝ արդեն համեմատաբար բարեկարգ վիճակում