Թեղուտում 2018թ. հունվարի 12-ից դադարեցվել են հանքի շահագործումը և պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ «Վալլեքս»-ը միայն 12 օր անց՝ հունվարի 24-ին, ստիպված պաշտոնական հայտարարություն տարածեց այդ մասին, երբ տարբեր մարդկանց կողմից արդեն իսկ տարածվել էին այդ տեղեկությունները, Շնող և Դեբեդ գետեր լցվող հանքաթափոնների տեսանյութերը և նշվել էր նաև պոչամբարի լուրջ խնդիրների մասին։ Հունվարի 24-ից հետո «Վալլեքս»-ը կրկին լռում է ու ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Ինչպես միշտ լռում են նաև պետական բոլոր մարմինները։
Բայց մենք տեղեկություններ ունենք, որ պոչամբարի պատվարի կայունության և տեխնիկական խնդիրները շատ լուրջ են ու դրանք իսկապես վերացնելու համար անհրաժեշտ է մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում, որը չկա։ Հարց է նաև, թե արդյո՞ք ընդհանրապես հնարավոր է այդ և մնացած խնդիրները լուծել։
Ըստ տեղեկությունների Վալերի Մեջլումյանն արդեն իսկ հրաժարական է տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, իսկ աշխատակիցներին ապրիլի 1-ից ազատելու են։ Իսկ թե ի՞նչ է լինելու հետո՝ հայտնի չէ։
Հաստատվում են դեռևս 10-12 տարի առաջ արված բոլոր պնդումներն այն մասին, որ այս հանքը չի կարելի շահագործել։ Քանի դեռ շատ ուշ չէ, պետք է դադարեցնել այս էկոլոգիական աղետն ու վերականգնել ավերված բնությունը՝ հենց «Վալլեքս»-ի հաշվին։