ՀՀ նոր նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47, վարչապետինը՝ Բաղրամյան 26
Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Մաշտոցի 47, վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Հանրապետության նախագահի սպասարկումը» ենթաբաժնում նշվում է հետևյալը․
Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
«Վարչապետի սպասարկումը» ենթաբաժնի տակ առկա է հետևյալ տեղեկատվությունը․
Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:
Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:
Ի՞նչ է դա նշանակում
Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին։ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, որը, ներկայացնելով մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, ըստ ամենայնի, կստանձնի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը։ Նրա նստավայրը կլինի Մաշտոցի 47 հասցեում։
Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում նրա նստավայրը կշարունակի տեղակայվել Բաղրամյան 26-ում։
ՍԻՎԻԼՆԵԹ