Արցախում ողջունում են ԱՄՆ Կոնգրեսում Ֆրենք Փալոնի ներկայացրած բանաձևը

1218

Վաշինգոն – Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում ողջունում են Ներկայացուցիչների պալատի 697 բանաձևը, որը ներկայացրել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Օրենսդրությունն աջակցում է Միացյալ Նահանգներ-Արցախ հարաբերությունները, և կոչ անում ազատ ու բաց հաղորդակցության, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև այցելությունների՝ քաղաքացիական հասարակության և կառավարության բոլոր մակարդակներում:

«Ողջունում ենք կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի ու ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը», – ասել է Արցախի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը: «Համոզված ենք, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է»:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Համագումարի զարգացման ու քարոզչական հարցերով աշխատակից Մարիամ Խալոյանը նախորդ շաբաթ կոնգրեսական Փալոնի հետ քննարկել են բանաձևն` ընդգծելով, ի թիվս այլ խնդիրների, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության կարևորությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերջինիս շարունակական և մահացու խախտման դեպքերը:

Ներկայացուցիչների պալատի 697 բանաձևում կարևորվում է «շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող՝ զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումների տեղակայումը՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար»:

Բանաձևում այնուհետ նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը (1) հաստատում է իր հանձնառությունն՝ աջակցելու գործողություններին, որոնք խրախուսում են Միացյալ Նահանգների և Արցախի պաշտոնյաների այցելություններն ու շփումները բոլոր մակարդակներում, այդ թվում՝ կառավարական մակարդակով ազգային անվտանգության պաշտոնյաների, գեներալների և այլ գործադիր իշխանության պաշտոնյաների՝ Արցախ այցելել ու ազատ և անմիջականորեն շփվել Արցախի գործընկերների հետ, (2) խրախուսում է ազատ հաղորդակցություն, հանդիպումներ և այլ ուղղակի շփումներ Արցախի պաշտոնյաների և ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանությունների, դաշնային ​​և տեղական կառավարությունների ներկայացուցիչների ու ամերիկյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, և (3) Արցախի՝ ժողովրդավարական ուղով ընտրված կառավարության լիակատար և ուղղակի մասնակցության կոչ է արվում ԵԱՀԿ-ի բոլոր և նրա ապագայի վերաբերող այլ բանակցություններում»:

«Միացյալ Նահանգները պետք է օժանդակի երկխոսության և գաղափարների ազատ հոսքին աշխարհով մեկ», – հայտարարել է կոնգրեսական Փալոնը: «Արցախը հաջողված ժողովրդավարական կառավարություն ունի, և վերջինիս չպետք է արգելել ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ փոխգործակցել: Սեպտեմբերին Արցախ կատարած իմ այցը վերստին բացահայտեց այն հսկայական քայլերը, որ Արցախն է կատարել վերջին տարիներին, և մյուսներին էլ պետք է տրվի նույն հնարավորությունը, ինչ ես եմ ունեցել: Չճանաչման միջոցով Արցախի հետ մեր հարաբերությունները խոչընդոտելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է սատարի ծավալուն շփումներ և այցելություններ դեպի Արցախ», – նա հավելել է:

Կոնգրեսական Փալոնն այցելել է Ստեփանակերտ կոնգրեսական Թուլսի Գաբբարդի (դեմոկրատ, Հավայի), Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Արցախի [այդ ժամանակվա] արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի [ԱՄՆ արևմտյան շրջանի] նախագահ Մարիա Մեհրանյան հետ` դեպի Հայաստան Կոնգրեսական պատվիրակության այցի ժամանակ: Արցախում գտնվելու ժամանակ նա ընդգծել է Արցախի կարգավիճակի կարևորությունը՝ որպես ինքնավար և լիարժեք գործող ժողովրդավարական պետություն:

Կոնգրեսական Փալոնն առաջին անգամ այցելել էր Արցախ քսանմեկ տարի առաջ՝ Ամերիկայի հայկական համագումարի կողմից հովանավորված պատվիրակության կազմում: 1997թ. հունվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում իր պատմական ուղերձի ժամանակ կոնգրեսական Փալոնը հայտարարել էր. «Հուսով եմ, որ իմ այցը Ղարաբաղ, և, մասնավորապես, այսօր իմ ներկայությունը Ձեր օրենսդիր մարմնում, ինչ-որ չափով կխթանեն աճող միջազգային ճանաչմանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրականություն է»:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Լուսանկարում՝ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և կոնգրեսական Թուլսի Գաբբարդը (դեմոկրատ, Հավայի) «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ, Արցախում՝ Ստեփանակերտի հյուսիսում