Դովեղի բարեկամները՝ սահմանին կանգնած գյուղացու կողքին

1625

Հայաստան-Ադրբեջան սահմանային Դովեղ գյուղում 2017-ին կարևոր աշխատանքներ են կատարվել շնորհիվ «Դովեղ» բարեգործական հիմնադրամի և գյուղի բարեկամների:

«Մի քանի անհատներ և կազմակերպություններ արձագանքեցին իմ և դովեղեցիների նախաձեռնությանը, որպեսզի Հայաստանի սահմանամերձ հատվածում՝ գյուղերում, փորձենք մեր մասնակցությամբ, ներդրումով տեղի բնակիչներին ոգևորենք, որ նրանք կառչած մնան պապենական հողին»,- ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ծագումով դովեղեցի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստում, որը տեղի ունեցավ հունվարի 30-ին, Նազարյանը անուն առ անուն շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, ովքեր իրենց ֆինանսական օժանդակությամբ մասնակից են դարձել «Դովեղ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում:

Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Նաիրի Սարգսյանը մանրամասն ներկայացրեց հիմնադրամի՝ 2017 թվականին կատարված աշխատանքները, իրականացվելիք ծրագրերը 2018-ին: Նա նշեց, որ 2017-ին հիմնադրամին մուտք է արվել 8.7 միլիոն դրամ, որի մի մասը ուղղվել է մի քանի ծրագրերի: Գումարը անհատներին, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, տրվել է վարկի տեսքով՝ առանց տոկոսների: Եղել են նաև անհատույց օգնության դեպքեր:

Հիմնադրամի տարեկան ամփոփիչ ժողովում խոսք ասացին նաև Դովեղի նախկին գյուղապետերից Հայկ Ղազարյանն ու համայնքի գործող ղեկավար Սամվել Գորգինյանը: Ժողովին ներկաները, որոնց թվում էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հետաքրքրվեցին Դովեղի ոռոգման համակարգը վերագործարկելու հնարավորություններով:

Ժողովի ավարտին Ռոբերտ Նազարյանը շնորհակալագրեր հանձնեց հիմնադրամի և Դովեղի բարեկամներին, ովքեր նվիրատվություններ են արել 2017-ին՝ «Բեկոր» և «Էլիտ գրուպ» ընկերություններին, Մերուժան Միքայելյանին, Ալեքսանդր Եսայանին, Վաչիկ Քոքոբելյանին, Հայկ Եսայանին, Հրանտ Բեգլարյանին: Իսկ Սուրեն Սահակյանը և Ռալֆ Յիրիկյանը արժանացան «Դովեղի բարեկամ» հուշամեդալի: Սուրեն Սահակյանը 2017-ի ամենախոշոր նվիրատուն է, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բարելավել է գյուղի փողոցային լուսավորությունը:

Բարերարները հաստատեցին, որ այս տարի ևս իրենց նվիրատվություններն են բերելու «Դովեղ» բարեգործական հիմնադրամին:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/12/03/dovegh-1831-1931/

Ադրբեջանին սահմանակից Դովեղ գյուղի փողոցային լուսավորությունը բարելավվել է

Դովեղի այգին, տոնին ընդառաջ, բարեկարգվում է

Դովեղ. գյուղը, բարեկամները, բնակչությունը, 1984-ի կռիվը

Հայ-ադրբեջանական կռիվը 1984-ին` Դովեղի մոռացված պատմություն. տեսանյութ և տեքստ