Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

1871

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Հայաստանի 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ Սարգսյանի առաջադրման հետ կապված հարցերն են քննարկել:

«Խոսել ենք մեր պատկերացումների մասին, այս նոր էջը, որ պետք է բացվի Հայաստանի համար: Խորհրդարանական համակարգում, ըստ էության, հիմնադիր այս կառույցը ձեւավորելու խնդիրը կա, որովհետեւ հիմա բոլոր կառույցները պետք է նորովի ձեւավորվեն: Մեր համոզմամբ՝ լավ սկիզբը գործի կեսն է, եւ այդ լավ սկիզբը ձեւավորելու մասին ենք խոսել՝ կապված Հայաստանի թե ներքին, թե արտաքին խնդիրների հետ: Մեր համոզումն ենք փոխանցել, որ սա իսկապես պատմական առաքելություն է, որ նախագահը պետք է իրականացնի»,- ասել է Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ ծայրահեղ 2 մոտեցում կա նախագահի պաշտոնի հետ կապված. «Մի մասը կարծում է՝ սա նույն նախագահն է, որովհետեւ պետության գլուխն է, որովհետեւ ըստ Սահմանադրության է, նույն լիազորություններով, բայց էդպես չէ: Մյուս մասն էլ կարծում է՝ բացարձակապես որեւէ լիազորություն չունի: Սա էլ էդպես չէ: Այսինքն՝ կա հստակ դաշտ՝ սահմանադրորեն ամրագրված, որ նոր նախագահը այդ նոր դաշտը պետք է ամբողջությամբ յուրացնի: Մեր գնահատումն այդ առումով համապատասխանում է, եւ հենց ինքն էլ ասաց, որ խոսքը 4-րդ հանրապետության մասին է: Մենք էլ ժամանակին ասել ենք, որ այս փոփոխություններով կարելի է ասել Հայաստանը 4-րդ հանրապետությունն է ձեւավորում»:

Ռուստամյանի խոսքերով՝ հենց այդ 4-րդ հանրապետության հիմնադիր պաշտոնյաներից մեկն էլ լինելու է հանրապետության նոր նախագահն՝ այս որակով: «Մենք այս հանդիպման արդյունքները կամփոփենք, նա իր վերջնական որոշումը կկայացնի մյուս ուժերի հետ հանդիպումից հետո: Մենք որեւէ պատճառ չենք տեսնում, եթե ինքը համաձայնվի առաջադրվել, մենք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանենք, առաջ ընկնելով եմ ասում: Որոշումը կայացնելու խոչընդոտներ չեմ տեսնում հակառակն ասելու համար: Որովհետեւ նա ամբողջությամբ պատկերացնում է պատմական առաքելությունը, որ այսօր պետք է իրականացնի եւ լավագույն անձերից մեկն է, որը կարող է հայությունն իսկապես միավորելու մի կարեւոր գործընթաց իրականացնել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,- ասել է Ռուստամյանը:

Աղբյուրը՝ http://www.arfd.info/hy/?p=40366