Մահվան ճանապարհ և կյանքի ճանապարհ. Ռաֆայել Իշխանյան

3344

Հանգուցյալ լեզվաբան, հայագետ Ռաֆայել Իշխանյանի այս հոդվածը լույս է տեսել 1990 թվականի հունվարին ՀՀՇ կուսակցության ՀԱՅՔ թերթում:

Արեւմուտքին կամ Ռուսաստանին ապավինելը, ես կասեի՝ ոտով-գլխով նվիրվելը սկսվեց շուրջ 300 տարի առաջ, եւ դրա ռահվիրան Իսրայել Օրին էր, որը նախ համոզում էր Հռենոսի ափին բնակվող մի գերմանացի իշխանի՝ իր ջոկատով անցնել հազարավոր վերստեր, գալ հասնել Հայաստան, կռվել ու հաղթել Պարսկաստանին եւ Թուրքիային ու վերականգնել հայոց թագավորությունը։ Այս ցնդաբանությունը մենք անվանեցինք ազգային-ազատագրական շարժում։ Հետո այս նույն մարդը սկսեց նույն բանը համոզել Ռուսաստանի կայսրին, անշուշտ, դարձյալ ապարդյուն։

Այս օրինակը հիշեցի այն պատճառով, որ Օրիի հետեւորդներ հետո էլ եղան եւ այսօր էլ կան մեր մեջ։ Գրիգոր Արծրունին հայտարարեց․ Մենք՝ հայերս, քաղաքականապես ռուս ենք։ Ահա ազգի ստրկամտության բանաձեւը։ Սրա հետ է առնչված մշտական թշնամու եւ մշտական բարեկամի նույնպես ստրկամիտ, ժողովրդի գոյատեւելու կամքը ոչնչացնող մտայնությունը։ ՀՀՇ-ի ծրագիրը մերժում է մեր ժողովրդին դեպի կործանում առաջնորդած այդ գաղափարը։ Դրա ջատագովները այժմ էլ մեզ ահաբեկում են պանիսլամիզմի (համաիսլամականության) եւ պանթուրքիզմի (համաթուրքականության) գաղափարներով։ Հոդվածներ ու գրքեր են գրում, ելույթներ ունենում, հայտարարագրեր հրապարակում, սարքովի հարցազրույցներ եւ քարտեզներ տպագրում դրա վերաբերյալ, ահաբեկում, սարսափի մեջ գցում հայ ժողովրդին իր հայրենիքի մեջ։ Դուք ասում եք՝ «Ով Ռուսաստան, կա պանթուրքիզմ եւ պանիսլամիզմ, դրանք ձեր եւ մեր թշնամիներն են, մենք՝ հայերս, լավն ենք, նրանք՝ վատը, մեզ պաշտպանեք, մեր պատմական հողերը նրանցից վերցրեք, մեզ տվեք»։ Այս բանը վերջերս ասվեց ԽՍՀՄ վարչապետ պարոն Ռիժկովի առաջ, Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում, ռուսերեն՝ հասցեագրված Ռուսաստանին, այս բանն ասվեց Ռուսաստանի զորքերի սպայակույտի առաջ եւ այլուր։ Այպիսի խրատ մենք ռուսներին տալիս ենք ահա 300 տարի եւ միշտ ապարդյուն։ Զարմանում ես, ուրեմն, ռուս գեներալները, նրանց սպայակույտը, ռուսական փորձված պետությունը հետախուզություն չունեն, աշխարհից անտեղյակ են, մի երկու հայ նրանց պետք է խելք սովորեցնեն։ Ծիծաղելի է։ Սիրելիներս, հասկանանք՝ Ռուսաստանը հզոր պետություն է, ունեցել է եւ ունի պետական մտածողությամբ առաջնորդվող գործիչներ, նա երբեք իր պետական ազգային շահը չի զոհաբերի հանուն հայերի։ Երբեք։

Ես ոչ մի չափով չեմ հավատում մեր հայ պանթուրքապանիսլամիզմասերների քարոզչությանը։ Քաղաքականապես անգրագետ պետք է լինել հավատալու համար, որ Աֆրիկայի արեւմտյան ափից մինչեւ Ֆիլիպիններ ձգվող 300 միլիոն իսլամ ժաղովուրդները ուզում են եւ կարող են միավորվել մի պետության մեջ, երբ նույնիսկ արաբական Սիրիան ու Եգիպտոսը չկարողացան միավորվել, երբ տասը տարի իրար ոչնչացնում էին իսլամ․ երկու երկրները՝ Իրանն ու Իրաքը, երբ իսլամ․ Ալժիրը տասնյակ տարիներ է, ինչ օգնում է իսլամ․ Պոլիսարիային՝ իսլամ․ Մարոկկոյի դեմ կռվելու համար։ Նույնպիսի քաղաքական անգրագիտություն է մտածել, որ իբր Բալկանյան թերակղզուց մինչեւ Խաղաղ օվկիանոս ձգվող թուրանական կամ թուրքական ժողովուրդները ուզում են եւ կարող են միավորվել ու մի պետություն կազմել, որ քրիստոնյա թուրքական ազգերը՝ յակուտները, չուվաշները, խակասները, գագաուզները, կրյաշենները եւ մյուսները կամ բուդդայական կիրգիզները ուզում են միանալ մի պետության մեջ Թուրքիայի գլխավորությամբ եւ կամ, որ վերջերս թուրքերին կոտորող ուզբեկները երազում են այդ նույն թուրքերի գերիշխանությունը։

Բայց հարցը բնավ այն չէ, թե գոյություն ունե՞ն իրական պանիսլամիզմ եւ պանթուրքիզմ։ Հարցի էությունն այլ է։ Ենթադրենք գոյություն ունեն․ ի՞նչ եք առաջարկում, պարոնայք, որ այլեւս սարսափեցնում եք մեզ այդ երկու իզմերով։ Պարզ է, թե դուք ինչ եք առաջարկում՝ դարձյալ ու դարձյալ՝ ապավինել Ռուսաստանին, համոզել նրան, որ մեր կողմն անցնի։ Ահա պանթուրքապանիսլամիզմական խրտվիլակը թափահարելու միակ նպատակը։ Բայց, սիրելիներ, կրկնում եմ, երրորդում՝ դուք չէ, որ Ռուսաստանին պետք է քաղաքական խրատ տաք, խելք սովորեցնեք, ձեր ջանքերն անիմաստ են եւ միայն վնաս են բերում հայ ժողովրդին, մեծ վնաս, ճակատագրական։ Արդյունքը հետեւյալն է․

  1. Դուք ահաբեկում եք մեր ժողովրդին, նրան ահ ու դողի մեջ պահում, եւ խնդրեմ՝ ձեր ահաբեկման արդյունքն է, որ Հայաստանից հայերը զանգվածաբար փախչում են։ Գնացեք օվիր, տեսեք ինչ է կատարվում, մտեք Երեւան-Ռոստով գնացքը՝ հազար-հազարների է հասնում հայրենափախությունը դեպի Լոս Անջելես, դեպի Կրասնոդար, Ստավրոպոլ, Վոլգա եւ այլն։ Սա է ահաբեկման մի արդյունքը։
  2. Դուք մեռցնում եք մեր ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ, դուք այնպես եք անում, որ հայ ժողովուրդը հավերժորեն ամուր լծված մնա կայսրության սայլին։ Դուք մեր ժողովրդի վզին ավելի եք ամրացնում ստրկության լուծը։
  3. Ձեր քարոզչության արդյունքն է նաեւ հայ ժողովրդի ինքնառուսացումը, Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսը ռուսերեն վարելը, հանրապետությունում շուրջ 100 հազար հայ ընտանիքների լիովին ռուսախոս լինելը, Հայաստանում 80 հազար հայ երեխաների ռուսական դպրոց հաճախելը։
  4. Այդ քարոզչությունը, բնականաբար, չի կարող է՛լ ավելի չլարել մեր հարաբերությունները մեր մշտական մահմեդական հարեւանների հետ, որոնք ընդհանուր առմամբ 100 միլիոն են։ Ի՞նչ ենք շահում, սիրելիներ, նրանց հասցեին անվերջ հրապարակային հայհոյանքներ տեղալով, միայն ավելի մեծ թշնամություն։ Համենայն դեպս՝ ոչ մի թիզ մեր հողերից։

Ամերիկայի եւ Եվրոպայի բարգավաճող քաղաքներում ապրող որոշ պարոններ էլ են մասնագիտանում մեր մշտական հարեւաններին հայհոյելով եւ Ռուսաստանին հայկական հողերի պահանջատեր հայտարարելով։ Սիրելիներ, եթե այդքան հերոս եք հայհոյելու մեջ, եկեք ու բնակություն հաստատեք Հայաստանում, նաեւ հիշեք, որ Ռուսաստանը շատ որոշակի պաշտոնապես հայտարարել է, որ ինքը Թուրքիայից հողային որեւէ պահանջ չունի։

  1. Հակաթուրքական ու հակաիսլամական քարոզչությամբ դուք վիրավորում եք մեր շատ համակիրների ազգային եւ կրոնական արժանապատվությունը, եւ մեր շատ ու շատ համակիրներ այսօր երես են դարձնում մեզնից։ Շատերը գիտեն՝ մեզ մոտ էին եկել մահմեդական չեչեններ եւ դաղստանցիներ՝ որպես մեր ազգային շարժման բարեկամներ ու պաշտպաններ։ Լսելով մեր մարտական-աքաղաղային ճառասացներից մեկի ռուսերեն ելույթը իսլամի դեմ, հեռացան մեզնից հիասթափված։
  2. Իսլամի երկրներում հարյուր հազարավոր հայեր կան, որոնք շատ գոհ են իրենց հյուրընկալող մահմեդական ժողովուրդներից։ Ի՞նչ իրավունք ունենք մենք այդ ժողովուրդների սրբությունն անվերջ անարգելու։

Կարդում եմ 1919 թվականին Հայաստանի կառավարության նախագահի փոխանորդ Ա․ Խատիսյանին Հովհաննես Թումանյանի հղած ուղերձի վերջը․ «Եվ թող էդ մեծ ոգին (հայ ազգի հզոր ոգին) ու էդ անսասան հավատը (հայ ազգի ապագայի նկատմամբ) զորավիգ լինեն նրա կառավարությանը, որ կարողանա ժողովրդին հանել էս ծանր ճգնաժամից եւ տանել հաղթանակներից ամենամեծն ու ամենագեղեցիկը՝ եղբայրական սիրով տիրել հարեւան ժողովուրդների սրտերին՝ Հայաստանի երջանկության համար»։

Այսօրվա քաղաքական օվկիանոսում վրեժի զգացմունքը եւ առհասարակ զգացմունքը խախուտ կողմնացույց է, նավը դեպի խորտակում տանող։ Անհրաժեշտ է բանականության եւ ճշգրիտ դատողության կողմնացույց, որ փրկության է տանում։

Մեր ազգային շարժումը 1914-ին իր բոլոր ծրագրերը առնչել էր Ռուսաստանի հզորության հետ։ Մեր զավրիեւների մտքով չէր անցնում, որ Ռուսաստանը մի օր կարող է հեռանալ այստեղից։ Եվ երբ 1917 թվականի վերջից ռուսական զորքերը սկսեցին հեռանալ Հայաստանից, մեր զավրիեւները ծնկաչոք աղաչում էին մնալ։ Բայց նրանց լսող չեղավ։ Ռուսաստանի շահն այդ ժամանակ հեռանալ էր պահանջում։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ նույնը չի կարող կրկնվել։ Ոչ ոք։ Իսկ եթե կրկնվի, մենք մեր մշտական հարեւանների հետ երես առ երես ենք մնալու։ Մենակ։ Մեն-մենակ։ Ուրեմն, միշտ հիշենք հանճարեղ Արամ Մանուկյանի հայտնի խոսքը՝ ՄԵՆԱԿ ԵՆՔ։ Եթե սա հիշենք, եթե անընդհատ հիշենք, որ մենակ ենք, մեր քաղաքական գիծը լիովին կշրջենք, ինչպես ՀՀՇ-ի ծրագրում է ասված․ «Հայ ժողովրդի քայլերը պետք է համաչափ լինեն մեր հզորության աստիճանին»։ Այլ խոսքով՝ մեր ոտքերը մեր վերմակի չափով մեկնենք, առանց ապավինելու որեւէ երրորդ ուժի։ Սա քաղաքական հասունություն է։

Մեր պատմական հայրենիքից պահպանված այս փոքր Հայաստանում, առանց որեւէ արտաքին ուժի ապավինելու, եւ հենց դրա շնորհիվ, հայ ժողովուրդը կարող է հզորանալ եւ իր հարեւանների կողքին գոյատեւել։ Հայտարարում եմ՝ եթե մենք շարունակենք մեզ բազում պարտությունների բերած նախկին ճանապարհով գնալ, այսինքն՝ եթե շարունակենք ապավինել որեւէ երրորդ ուժի եւ ավելի ու ավելի սրել մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ, այս փոքր Հայաստանն էլ կկորցնենք։

Բայց եթե մենք շարժվենք Արամ Մանուկյանի գծով, ոչ մի հովանավոր չփնտրենք, ոչ մի երրորդ ուժի չապավինենք, մենք այստեղ հոգեպես եւ նյութապես հզորանանք, մեր հույսը դնենք Աստծո եւ մեր ուժերի վրա, կասկած չունենաք, ոչ մի պարտություն չենք կրի, կգոյատեւենք, եւ մեր ազգային իղձերն էլ կկատարվեն։ Մենք հզոր ազգ ենք, անպարտելի, եթե ազատվենք ստրկամտության, ուրիշին ապավինելու մահացու հիվանդությունից։

Այն ազգը, որ չի ձգտում անկախության, դատապարտված է վերացման։ Այսօր մեր առաջնահերթ նպատակը պետք է լինի վերահայացնել Հայաստանը, դարձնել այն լիովին հայախոս ու հայագիր, որ եւ մեր միասնության առաջին ու հիմնական պայմանն է, հասնել լեզվական ու հոգեւոր լիակատար անկախության եւ պատրաստ լինել քաղաքական անկախության համար, որը նաեւ արտաքին հանգամանքներով է պայմանավորված:

Հայք, N 2, հունվար, 1990թ.