2017թ․ Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է մատակարարել Եվրոպային՝ 194 մլրդ խմ։ Այս մասին նշված է նավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսում (հունվարի 22-29-ի համարը)։
Ռուսական գազի մատակարարումները եվրոպական երկրներին (չհաշված Թուրքիան և ԱՊՀ երկրները) 2017թ․ հասել են ռեկորդային 193,9 մլրդ խմ-ի կամ 8,1%-ով ավելի նախորդ տարվանից։
Ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմի» մատակարարումներն իր ամենամեծ շուկային՝ Գերմանիային, աճել են 7,1%-ով և կազմել 53,4 մլրդ խմ, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ 2017թ․ Ռուսաստանը արդյունավետորեն իրականացրել է Եվրոպայի գազի շուկայում իր մասնաբաժինը պահպանելու քաղաքականությունը, որը կազմում է 34%։ Այդ քաղաքականությունը ներառում է զուսպ գնային գործարքներ իր խոշոր հաճախորդների հետ։
«Գազպրոմը» փորձել է բավարարել նաև Եվրոպական հանձնաժողովի պահանջները՝ այդպիսով նպաստելով իր և Բրյուսելի միջև լարվածության թուլացմանը։ Ռուսական հսկան 2017թ․ Հյուսիսային հոսք (Nord Stream) գազատարն օգտագործել է դրա թողունակության 87%-ի չափով։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի տարածքով տարանցվող գազի ծավալը շարունակել է մնալ մեծ՝ ավելի քան 90 մլրդ խմ։ Ռուսական «Սբերբանկի» ուսումնասիրությունների համաձայն՝ այս մակարդակը կայուն չէ՝ հաշվի առնելով երկու երկրների միջև շարունակվող լարվածությունը։
«Գազպրոմը» ցանկանում է, որ 2018 և 2019 թվականներին գազի իր մատակարարումներն Ուկրաինայի տարածքով նվազեն մինչև 50-80 մլրդ խմ-ի։ Ռուսական գազային հսկան ծրագրում է այդ թիվը ավելի ուշ իջեցնել մինչև տարեկան 15-40 մլրդ խմ-ի՝ Ուկրաինան շրջանցող այլ գազատարների կառուցման միջոցով (Թուրքական հոսքի և հավանաբար Հյուսիսային հոսք 2-ի)։
Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա «Գազպրոմը» 2017թ․ 12,5%-ով ավելի է արդյունահանել՝ մինչև 456 մլրդ խմ։ Ընդհանուր «Գազպրոմ խմբի», այդ թվում՝ նրա դուստր ձեռնարկությունների արդյունահանումը հասել է 472 մլրդ խմ-ի կամ 12%-ով ավելի նախորդ տարվանից, ինչը նրան դիրքավորում է որպես աշխարհի խոշորագույն գազ արդյունահանող ընկերություն։
«Գազպրոմի»՝ գազի արդյունահանման թիրախային ցուցանիշն այս տարվա համար 471 մլրդ խմ է, որը 2019թ․ պետք է աճի մինչև 475 մլրդ խմ, իսկ 2020թ․՝ 483 մլրդ խմ։
«Սբերբանկի» ուսումնասիրություններով, սակայն, հնարավոր է, որ «Գազպրոմը» չափից ավելի լավատես է թե՛ ներքին շուկայում, թե՛ արտերկրում գազի ապագա պահանջարկի հարցում։
Եվրոպական շուկայում անորոշություններից բացի (եղանակային պայմաններն ու հեղուկ գազի օգտագործումը)՝ ԱՊՀ երկրներում գազի մատակարարումների հեռանկարները ոգեշնչող չեն։ Վերջապես, պետք չէ մոռանալ նաև, որ արևելաեվրոպական և բալթյան երկրները ջանում են նվազեցնել իրենց կախումը ռուսական գազից, մասնավորապես՝ հեղուկ գազ են ներկրում լիտվական Կլայպեդայի և լեհական Սվինոուշե (Swinoujscie) տերմինալներով։
Ավելին, ռուսական երկրորդ խոշոր գազային ընկերության՝ «Նովատեկի» արդյունահանումը 2017թ․ ընկել է 7,6%-ով՝ մինչև 62 մլրդ խմ։ Եթե այս թիվը համադրվի «Գազպրոմի» թվերի հետ, կարելի է տեսնել, որ Ռուսաստանի գազի ընդհանուր արդյունահանումը 2017թ․ հասել է 700 մլրդ խմ-ի (տարվա կտրվածքով աճը՝ 7,3%):
Տարեվերջին հեղուկ գազի արտադրության «Յամալ» գործարանի գործարկմամբ՝ «Նովատեկն» այժմ դեպի Եվրոպա արտահանելու հնարավորություններ ունի։ Սակայն այս ընկերությունը ռուսական շուկայում գործում է խիստ մրցակցության պայմաններում։
ՍԻՎԻԼՆԵԹ