Համեստ ու անշուք միլիարդատերը․ գիրք Քըրք Քրքորյանի կյանքի մասին

2561

Համեստ ու անշուք միլիարդատերը․ ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քրքորյանի կյանքի մասին գիրք
ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քրքորյանի կյանքի մասին գիրք, որը վերնագրված է «Խաղացողը» (The Gambler)։ Գրքի հեղինակը Los Angeles Times թերթի լրագրող Ուիլյամ Ռեմփելն է (William C. Rempel): Նրա հետ հարցազրույց է հրապարակել The New York Times-ը, որը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Քըրք Քրքորյանի կյանքն ավարտվեց աշխարհագրորեն ոչ հեռու այն վայրից, որտեղ սկսվել էր: Նա ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, մահացել Բևեռլի Հիլզում: Բայց ամեն առումով՝ նա անհավանական հեռու ճամփորդություն է անցել։ Քրքորյանը ծնվել է 1917 թ., աղքատության մեջ: Միրգ վաճառող նրա հայրը ԱՄՆ էր ներգաղթել Հայաստանից: Քրքորյանը ութերորդ դասարանից դպրոցից դուրս է եկել, բայց ի վերջո միլիոններ աշխատել ավիաընկերությունների ոլորտում՝ բռնելով միլիարդատեր դառնալու ճանապարհը: Նա երեք անգամ գնել և վաճառել է MGM Studios-ը: Քերի Գրանթն ու Ֆրենկ Սինատրան նրա լավ ընկերներն էին։

2015 թ. 98 տարեկան հասակում մահանալիս նրան էին պատկանում Լաս Վեգասի խոշոր հյուրանոցների և խաղատների մեծ մասը: Ուիլյամ Ս. Ռեմփելը, Քրքորյանի նոր կենսագրական գրքի՝ The Gambler-ի հեղինակը, 36 տարի եղել է The Los Angeles Times-ի լրագրող, որոնցից մեծ մասը՝ որպես հետաքննող լրագրող:

– Ինչպե՞ս առաջացավ այս գիրքը գրելու գաղափարը։

– Գաղափարը իմը չէր։ Ինձ զանգահարեց Ջուլիա Չիֆեթզը՝ «Հարփեր Քոլինզ» տպագրատան իմ խմբագիրը, ով կարդացել էր Քրքորյանի մահախոսականը The New York Times թերթում։ Ես սկսեցի ուսումնասիրել Քըրքի մասին տարիներ շարունակ լույս տեսած հոդվածները և իսկույն ևեթ մի քանի հետաքրքիր բան գտա: Ինձ իրոք գրավեց այն, թե որքան մեծ ճանապարհ էր նա անցել, որքան  համեստ և անշուք էր այդ ճանապարհի սկիզբը: Եվ ես դրաում ինձ էլ տեսա։ Իմ ու Քըրքի հայրերը ներգաղթյալներ են, որոնք իրենց փորձել են բիզնեսում ու մեծ հաջողությունների չեն հասել։ Հայրս հարավային Ուկրաինայից էր. Քըրքի ընտանիքը եկել էր Հայաստանից՝ 20-րդ դարի սկզբին: Նավը, որով իմ ընտանիքը հասել է ԱՄՆ, լի է եղել նաև հայերով:

Քըրքը և ես՝ երկուսս էլ անընդհատ տեղափոխվում էինք, ժամանակ առ ժամանակ արտաքսվում տնից։ Նա դարձավ միլիարդատեր, ես՝ ոչ։ Ահա մի մարդ, որը սկսել է Forbes- ի միլիարդատերերի ցանկից հնարավորինս հեռու: Քըրքը հինգ տարեկան էր, երբ նրա ընտանիքը վտարվեց Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտում գտնվող ագարակից: Հետաքրքիր պատմություն տեսնելուն պես իսկույն այն գնահատում եմ։

– Ո՞րն էր գրելու ընթացքում ամենազարմանալի բացահայտումը։

– Ես բացահայտեցի բաներ, որոնց մասին չգիտեի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա հերոսությունը։ Բրիտանիայի՝ օդանավեր տեղափոխող նավատորմի (Royal Air Force Ferry Command) [որը ամերիկյան ռազմական օդանավեր էր տանում պատերազմող Բրիտանիայի համար – խմբ․] օդաչուների հետ նա առաջինն անցավ բևեռային երթուղով։ Այդ օդաչուներից հինգ հարյուրը չվերադարձան, և Քըրքը նույնպես կարող էր ամեն ինչ կորցնել։ Նա նաև բռնցքամարտիկի կարիերա էր ունեցել՝ Rifle Right Kerkorian մականվամբ։ Մեր մագնատներից ու միլիոնատերերից քանիսի՞ն կարող եք պատկերացնել ռինգում: Նա քսան տարի անցկացրեց ավիաընկերություն կառուցելու համար, քսան տարի՝ մեծ հաջողության հասնելու համար։

– Որքանո՞վ է գրքի վերջնական տարբերակը տարբեր այն գրքից, որ պատրաստվում էինք գրել։

– Քըրքորյանի անձնական կյանքը, ընդհուպ մինչև նրա մահը, շատ գաղտնի է պահվում։ Ուստի ինձ համար հեշտ չէր լինելու հավաքել նրա կյանքի անձնական ուշագրավ դրվագները։ Այստեղ ինձ օգնեց հետաքննական լրագրողի իմ փորձը։ Ես կարողացա ձեռք բերել Քըրքի մտերիմներից ոմանց վստահությունը։ Նրա կյանքի պատմությունն անհավանականորեն ոգեշնչող է, և մարդիկ, որ նրան սիրում էին և շատ լավ ճանաչում, ցանկանում էին կիսել այդ ոգեշնչանքը։ Նրա իրավաբանները, մարմնամարզիչը և այլք, այդ թվում՝ մարդիկ, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունները։

– Կա՞ մեկը (ոչ գրող), որն էական ազդեցություն է թողել Ձեզ և Ձեր աշխատանքի վրա։

– Ես ֆիլմերի երկրպագու եմ, և ֆիլմ դիտելուց քաղածս դասերից մեկն այն է,  թե ինչպես են իսկապես մեծ կինոգործիչները, օրինակ՝ Դեյվիդ Լինը, իրենց ֆիլմերի ամեն մի կադրում ստանում ամբողջական պատկեր։ Լինի նման կինոգործիչները ինձ գաղափար են տվել, թե ինչպես կարելի է պատկերների միջոցով պատմություն պատմել: Նույնիսկ տեքստային մտածելակերպ ունեցող անձը կարող է սովորել դրանից: Իմ նպատակի մի մասը կինեմատոգրաֆիկ ոճով գրելն է:

– Ինչպե՞ս կարող եք համոզել մեկին կարդալ այս գիրքը՝ օգտագործելով հիսուն բառ կամ ավելի քիչ։

– Սա ամերիկյան այն ոգեշնչող պատմություններից է, երբ աղքատ ներգաղթյալի որդին համառ աշխատանքի ու համարձակության շնորհիվ թոթափում է չքավորությունն ու դառնում հարուստ։ Ներգաղթյալների դեմ հռետորաբանության այս օրերում սա հիշեցում է, թե որքան կարևոր են եղել ներգաղթյալները այս երկրի համար՝ ամեն առումով։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ