Իմ վերադարձը Վրաստան. հատված Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքից

1587

Փետրվարից գրախանութներում կլինի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանությունը։ Մինչ այդ ներկայացնում ենք հատվածներ գրքից։

* * *

1995 թվականի ամռանը ինձ մոտ` Ամերիկա եկավ իմ հին ծանոթ Զուրաբ Ժվանիան։ Այդ ժամանակ ես աշխատում էի մի նշանավոր իրավաբանական ընկերությունում՝ մինչ այդ արդեն ավարտած լինելով Ջորջ Վաշինգթոնի համալսարանը։

Ժվանիան գլխավորում էր կանաչների կուսակցությունն ու ձեւավորել էր թիմ` Շեւարդնաձեին խորհրդարանական ընտրություններում աջակցելու համար։ Զուրաբը դրական իմաստով խիստ տարբերվում էր այդ ժամանակի քաղաքական էլիտայից. կրթված էր, ժամանակակից, շփումների համար բաց։ Նա մեծաքանակ հետաքրքիր երիտասարդություն էր հավաքել։ Նախընտրական ցուցակ մտնելու առաջարկ նա ինձ էլ արեց։ Ես համաձայնեցի, եւ ինձ ընտրեցին որպես պատգամավոր։

1995-ի նոյեմբերին ես ժամանեցի Վրաստան, իսկ դեկտեմբերին ինձ ընտրեցին խորհրդարանի սահմանադրական եւ իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ։ Խորհրդարանի շենքը նոր-նոր էր վերականգնվել 1991-ի հեղաշրջումից հետո, երբ կրակ էին արձակում բոլոր կողմերից։ Փողոցում սառնամանիք էր ու ձյուն, իսկ մեր թեւում նույնիսկ պատուհաններ չկային, այդ իսկ պատճառով խորհրդարանի առաջին նիստը ես անցկացրի կանադական հին մուշտակով։

Իմ հանձնաժողովի նիստին մասնակցում էր հատուկ հանրույթ. նախկին գլխավոր դատախազը, ներքին գործերի նախկին նախարարը, տոնավաճառի տնօրենը, որի որդին կրկնակի սպանության մեջ էր մեղադրվում, եւ մնացածները` էլի նույն կերպ։ Վրացական «ավանդական» արժեքների այդ կրողները հրաշալի սազում էին մեկմեկու։

Հանձնաժողովում իմ տեղակալը դարձավ Նինո Բուրջանաձեն։ Նա ինձանից չորս տարով է մեծ։ Նրա հայրը լճացման ժամանակաշրջանի ամենահայտնի կոռուպցիոներն էր, բայց վերջինս փորձել էր դստերը համեմատաբար լավ կրթություն տալ։ Մյուս պատգամավորների հետ համեմատած՝ Բուրջանաձեն առավել քաղաքակիրթ էր։ Նա Մոսկվայի Պետական համալսարանն էր ավարտել, խոսում էր օտար լեզուներով, ու նրա հետ, չնայած իր քաղքենիությանն ու սնոբիզմին, գոնե կարելի էր ինչ-որ բանից խոսել։ Մնացածների հետ պարզապես ոչ մի բան չկար խոսելու։

Մեզ օրենքների նախապատրաստական ապարատ էր հարկավոր։ Մենք մրցույթ հայտարարեցինք, այդ ժամանակ դա արտասովոր բան էր։ Աշխատավարձերը մեզ մոտ ցածր էին` ամսական 50 դոլար։ Այդպիսի գումարով կարելի կլիներ սնվել, իսկ այ բնակարան արդեն չէիր վարձի։ Բայց այդ ժամանակներում դա էլ վատ չէր։ Թբիլիսիի մեծ մասում լույս չկար, չկային շատ այլ տարրական բաներ։ Հանցավորության մակարդակը չափն անցնում էր. մարդկանց առեւանգում էին, կրակում էին փողոցներում։

Մրցույթին մի տղա եկավ՝ այնքան նիհարիկ, որ ինձ թվում էր` հիմա վայր կընկնի։ Նա մայրաքաղաք էր ժամանել Ռուսթավիից (դա Թբիլիսիից կես ժամվա հեռավորության վրա է), այնտեղ շատ քիչ փողի դիմաց կարելի էր բնակարան վարձել։ Ծնունդով նա Վրաստանի արեւելյան մի գյուղից էր, բայց շատ կրթված դուրս եկավ, մի քանի օտար լեզու գիտեր։ Մենք նրան իհարկե վերցրինք։ Նա Զուրաբ Ադեիշվիլին էր` իմ ամենամտերիմ զինակիցներից մեկը։ Հետագայում նա աշխատեց որպես արդարադատության նախարար, պետանվտանգության նախարար, Վրաստանի գլխավոր դատախազ։ Այդ ժամանակ մենք ընդունեցինք նաեւ Գեորգ Պապուաշվիլուն, որը ավելի ուշ դարձավ Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ, եւ Կոտե Կուբլաշվիլուն` բարձրագույն դատարանի ապագա նախագահին։ Նրանք 21-23 տարեկան էին։

Ես որոշեցի դատական բարեփոխումներով զբաղվել։ Թե ինչ էին վրացական դատարանները, ես լսելով չէ, որ գիտեի։ Երբ ես Ամերիկայում մագիստրոսի աստիճան ստացա, փորձեցի Վրաստանում փոքրիկ իրավաբանական ընկերությունում աշխատանքի տեղավորվել։ Իմ առաջին հանձնարարությունն էր ընկերության մասնաճյուղերը դատարանում գրանցելը։ Դատարանը հավաբնի նման եւ ուռած հատակով մի շենքում էր։ Դատավորը, որն ինձ պետք էր, միշտ խմած էր։ Ես երկու թե երեք անգամ գնացի նրա մոտ եւ երկար բացատրում էի, որ ցանկանում եմ կազմակերպություն գրանցել։ Իմ երկրորդ այցելության ժամանակ նա ինձ վրա չար հայացք նետեց ու հարցրեց. «Բա ի՞նչ են քեզ ուղարկել, դու ո՞վ ես»։ Իրավաբան եմ, ասացի։ «Մենք, ի՞նչ է, իրավաբաններ չունե՞նք քո կարծիքով։ Թե՞ ես իրավաբան չեմ։ Ինչո՞ւ են քեզ վարձել։ Նրանք, ի՞նչ է, չէի՞ն կարող միանգամից ինձ վճարել։ Գրանցողը ես եմ, դու ախր էստեղ ի՞նչ կապ ունես ընդհանրապես։ Թող տերդ զանգի, գումարի դիմաց կգրանցեմ ինչ ուզի»։

Հիմա նման ընթացակարգը Վրաստանում կարելի է երկու-երեք րոպեում ավարտել առցանց։ Բայց այն ժամանակ ինձ ոչինչ չվճարեցին, ես վերադարձա Ամերիկա ու տեղավորվեցի նշանավոր իրավաբանական մի գրասենյակում` խիստ պատկառելի աշխատավարձով։ Վրացական դատավորներին ես դեռ երկար մտապահեցի։

Շեւարդնաձեն մեզ հրահանգել էր ոստիկանությանը չդիպչել։ Դատախազությունը եւս նա համարում էր իր ժառանգական սեփականությունը։ Ոստիկանական ու դատախազության մաֆիան շատ ավելի հեղինակավոր ու հարուստ էր, քան դատարանները։ Կային նաեւ բացառություններ. օրինակ` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի ղեկավարը կամ Բարձրագույն դատարանի նախագահի տեղակալը իսկական մաֆիոզներ էին։ Բայց դատարանն ամբողջությամբ ոչ ոք լուրջ չէր ընդունում։ Մեծ թվով քաղաքացիական գործեր լուծվում էին օրենքով գողերի միջոցով։ Քրեական գործերի վրա փող էին աշխատում ոստիկանությունն ու դատախազությունը։ Եվ միայն այն մարդկանց գործերը, որոնց համար ոչ ոք պաշտպան չէր կանգնելու ու կաշառք չէր տալու, հասնում էին մինչեւ դատարան։

Մի խոսքով, Շեւարդնաձեն մեզ թույլ էր տվել զբաղվել դատավորներով։ Մենք մշակեցինք մի օրենք, որը թույլ էր տալիս փոխել դատավորների 100%-ին, եւ ստեղծեցինք արդարադատության խորհուրդ, որին միացա եւ ես՝ որպես խորհրդարանի անդամ։ Ռեֆորմատորներն այնտեղ մեծամասնություն էին։ Նախագահում էր Շեւարդնաձեն, բայց նա առանձնապես չէր խորանում մանրամասների մեջ, եւ ես օգտվում էի դրանից։ Շեւարդնաձեն ուզում էր ռեֆորմատոր երեւալ ու կես ամիսը մեկ խորհրդակցություններ էր անցկացնում։ Դա հնարավորություն էր տալիս ինձ ասելու, որ մենք իրականացնում ենք Շեւարդնաձեի կամքը։

Մենք դատավորների համար քննություն հայտարարեցինք։ Դատավորները սկսեցին բողոքներ սարքել։ Նրանք բոլորը երկուսի էին, քննությունը ստանալու շանս չունեին, որովհետեւ ընտրվել էին բոլորովին այլ չափանիշներով։ Իմ մեծ պապը Թբիլիսիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ամբիոնի վարիչ էր, եւ դեռ նրա ժամանակ դատավորի պաշտոնին գնում էին ամենաթույլ շրջանավարտները։ Նրանք, որոնք ավելի լավ էին սովորում, տեղավորվում էին դատախազությունում, երբեմն՝ միլիցիայում։

Դատավորները բողոքում էին քննությունների դեմ, իսկ հասարակական ակտիվիստները՝ դատավորների։ Նրանք մեծ ակցիա կազմակերպեցին, այրեցին գլխավոր կոռուպցիոներ դատավորների նկարները։ Այդ կոռուպցիոներների համար դա սարսափելի տեսարան էր, բայց ստիպված եղան ենթարկվել, որովհետեւ Շեւարդնաձեն քննության գաղափարը սատարում էր։

Մեզ համար հարցեր կազմեցին 30 պրոֆեսորներ, որոնց մենք չէինք ասել, թե ինչի համար են դրանք պետք։ Իրավաբանների ամերիկյան ասոցիացիայում աշխատող Բարբարա Սվանը մեզ օգնեց ամերիկյան փողեր հայթայթել այդ բարեփոխման համար։ Քննական տոմսերը մենք տպեցինք անգլիական տպարանում, որպեսզի դրանք ոչ ոքի հասանելի չլինեն։ Տպագրված տոմսերը հանդիսավորությամբ բերվեցին Անգլիայից՝ ինքնաթիռով։ Քննությունը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով։ Հարցերն ու պատասխաններն էլեկտրոնային էին. 10 հարց եւ դրանց պատասխանի հնարավոր տարբերակներ, քննվողները ընտրում էին պատասխանի տարբերակը, եւ դա տեղի էր ունենում բոլորի աչքի առաջ։

Առաջին քննությանը գործող դատավորներից ոչ մեկը չեկավ, փոխարենը եկան մեծ թվով երիտասարդներ։ Մենք հայտարարել էինք, որ դատավորների աշխատավարձը կլինի 500-600 լարի, որ այդ ժամանակ 400 դոլար էր՝ շատ շահեկան գումար այդ ժամանակներում։

Քննություն տալ ցանկացողները հերթ էին կանգնել։ Մեր կոմիտեում կրտսեր մասնագետ մի իրավաբան կար, որը պստլիկ սենյակ էր վարձել, այն նույնիսկ բնակարան կոչել չէր կարելի. բարձրահարկ շենքի կիսանկուղային հարկում, իսկ սենյակի կենտրոնում՝ զուգարանակոնքը։ Նա գերպարկեշտ մարդ էր, ի վերջո դարձավ վերաքննիչ դատարանի նախագահը՝ փոխարինելով իր նախորդին, որ մերձքաղաքային գոտում բազմահարկ վիլլա ուներ։

Մեզ մոտ ատում էին դատավորներին, ինչպես եւ ողջ պետապարատին։ Նոր դատավորները լրիվ այլ էին, դրա համար էլ բարեփոխումը գերժողովրդական էր։ Դա ռեֆորմատորների մեծ հաղթանակն էր։

Առջեւում հերթական քննությունն էր։ Իմ դաշնակիցներից մեկը՝ արդարադատության նախարար Լադո Ճանտուրիան, առաջին տեղակալ ուներ, որից ազատվել էր ուզում։ Լադոն թուլություն դրսեւորեց, ու կամ ինքը տվեց տոմսերն այդ մարդուն, կամ էլ այնպես սարքեց, որ դրանք նրա ձեռքն ընկնեն։ Լադոն որոշել էր, որ ավելի լավ է նա քննությունը հանձնի, հեռանա։ Իսկ վերջինս կիսվեց տոմսերով մնացած բոլորի հետ, ու նրա հետ քննությանը հայտ ներկայացրին բոլոր կոռումպացված դատավորները։ Հասկանալի էր, որ ինչ-որ սխալ էր տեղի ունեցել, որովհետեւ առաջ նրանք չէին երեւում։ Երբ հայտարարեցին արդյունքները, պարզվեց, որ  ոչ մեկը 98 բալից պակաս չէր հավաքել հնարավոր 100-ից, այսինքն՝ նրանք բոլորը դարձան լավագույններից լավագույնը։ Հասկանալի էր, որ արտահոսք էր եղել։ Բարեբախտաբար, նրանց եւս մեկ՝ գրավոր, քննություն էր սպասվում։ Եվ երկրորդ քննությունից առաջ՝ երեկոյան իննին, ես, ոչ ոքի չզգուշացնելով, գնում եմ Ճանտուրիայի մոտ եւ ասում. «Լադո՛, բե՛ր քո պրոֆեսորներին, տոմսերը նորից ենք գրելու»։

Ես հոգացի, որ նա ոչ ոքի չզանգահարի, պրոֆեսորներին բերեցին, ես ինքս նստեցի նրանց հետ, ինքս մտա քաղաքացիական իրավունքի գծով հարցերի մեջ, որոնցից այնքան էլ լավ գլուխ չէի հանում. ուղղակի այլեւս ոչ ոք չկար, որ կգրեր։ Բոլորը գրեցինք ու տպեցինք առավոտյան ութին. քննությունն սկսվում էր իննին։ Ճանտուրիան վատ տրամադրություն ուներ, որովհետեւ հասկացել էր, որ իրեն եմ կասկածում։

Առավոտյան իննին մտնում ենք դահլիճ։ Բոլոր «գերազանցիկները» նստած են առաջին շարքերում։ Այնքան կոկիկ եւ գարշելի։ Ես ժպտում եմ եւ ասում. «Գիտե՞ք, մենք երեկ երեկոյան որոշեցինք վերակազմել տոմսերը։ Մենք պարզեցրել ենք դրանք, քանի որ շատ բարդ էին։ Կարծում եմ՝ ձեզ համար հիմա ավելի հեշտ կլինի դրանց պատասխանել։ Մենք ամբողջ գիշեր աշխատել ենք, տոմսերն ամբողջովին նոր են։ Քաշեք։ Գոհ կմնաք»։

Այս խոսքերի հետ նրանց դեմքերը ձգվեցին։ Մեծ մասը ուղղակի վեր կացավ ու դուրս եկավ։ Նրանք նույնիսկ չփորձեցին գրել։ Դա զանգվածային փախուստի զարմանալի պատկեր էր։ Էդպես մենք արմատախիլ արեցինք դրանց։ Բարեփոխման արդյունքում դատական կորպուսը թարմացվեց ավելի քան 90%-ով։

* * *

Միխեիլ Սահակաշվիլիի գրքի այս հատվածը լույս է տեսել «Հայկական ժամանակ»-ի հունվարի 23-ի համարում: Հաջորդ հատվածը կհրապարակվի գալիք երեքշաբթի՝ հունվարի 30-ի համարում։

Թարգմանիչ՝  Միքայել Նահապետյան