Հովհաննես Քաջազնունի՝ մարդը, քաղաքացին, գործիչը․ կանգառ Արցախում, 25 հունվար, 2018

1443

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, հինգշաբթի օրը, Ստեփանակերտում՝ Արցախի Ժուռնալիստների միության հետ և նրա հարկի տակ, կազմակերպում է քննարկում-երեկո նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը կսկսվի երեկոյան ժամը 19․00-ին Արցախի Ժուռնալիստների միությունում (Ստեփանակերտ, Թումանյան-63/15

ԱՆԻ կենտրոնի համակարգող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կներկայացնի Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կպատասխանի հարցերի։

Օգտագործելով առիթը, Հակոբյանը արցախահայ ընթերցողին կներկայացնի ԱՆԻ կենտրոնի հրատարակած վերջին երկու հատորները՝ Հնչակյան նշանավոր գործիչ Ստեփան Սապահ-Գյուլյանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ և ՀՅԴ երևելի դեմքերից Ռուբեն Տեր-Մինասյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ հատորները։

Միջոցառման ընթացքում ներկաները կարող են ձեռք բերել նաև Հովհաննես Քաջազնունու գրքերից երկուսը, որոնք վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ «Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս»«Ազգ և հայրենիք», ինչպես նաև ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորներ՝ Սիմոն Վրացյանի «Խարխափումները», Վահան Նավասարդյանի «Դաշնակցության անելիքը»։ 

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն