Սերժ Սարգսյանից՝ Վազգեն Սարգսյան. Արմեն Սարգսյանի նախարարները և սուպերնախարարները

2247

Հայաստանի հավանական չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին լրատվամիջոցների արձագանքը պայմանականորեն կարելի է տեղավորել երկու խմբում կամ՝ սև ու սպիտակ գույների տակ: Սևերը շրջանառության մեջ են դրել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի ձեռքերով ծեծվելու ու Լոնդոն փախչելու, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանի մոտ անգլիական թագուհու կարգավիճակին արժանանալու տխուր հեռանկարը, իսկ սպիտակները զբաղված են նրա փիառով ու շտապում են գովաբանել Սերժ Սարգսյանի հերթական փայլուն ընտրությունը:

Այսօրվանից սկսում ենք հրապարակումների շարք վարչապետ Արմեն Սարգսյանի 4-ամսյա (1996 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1997 թվականի մարտի 7-ը, թեև արդեն փետրվարի սկզբին նա մեկնեց Լոնդոն վիրահատության և չվերադարձավ՝ այնտեղից ներկայացնելով իր հրաժարականը) գործունեության մասին՝ բացառապես ներկայացնելով մեր անձնական արխիվում պահվող պաշտոնական նյութերը, որոնք գերազանցապես պատկանում են պետական Արմենպրես գործակալությանը, ինչպես նաև նախագահականի ու կառավարության հաղորդագրությունները:

Հոդվածաշարի առաջին հրապարակումը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Սարգսյանի նախարարների մասին է:

1996 թվականի նոյեմբերի 4-ին Տեր-Պետրոսյանը ստորագրեց միանգամից երկու հրամանագիր, որով, նախ Հրանտ Բագրատյանին, իր դիմումի համաձայն, ազատեց վարչապետի պաշտոնից, ապա վարչապետ նշանակեց Արմեն Սարգսյանին: Նույն օրը վարչապետ Սարգսյանը հանդիպեց նախկին վարչապետ Բագրատյանի հետ և ունեցավ երկարատև զրույց: Մեկ օր անց Տեր-Պետրոսյանը նախարարներին ներկայացրեց նորանշանակ վարչապետին:

Նոյեմբերի 8-ին Տեր-Պետրոսյանը ստորագրեց երկու հրամանագիր, որով փոփոխություններ մտցվեցին կառավարության կառուցվածքում, ինչպես նաև՝ վերանշանակվեցին կամ նշանակվեցին նախարարները: Մասնավորապես՝ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները միավորվեցին, իսկ նախարար նշանակվեց ազգային անվտանգության նախկին նախարար Սերժիկ Սարգսյանը: Մինչև 1996-ի աշուն պաշտոնական փաստաթղթերում Սերժ Սարգսյանը Սերժիկ Սարգսյան ձևով էր ներկայացվում, ինչը բնական է, քանի որ երրորդ նախագահի ծնննդյան անունը Սերժիկ է:

Ընդդիմադիր մամուլում հենց այս շրջանում էր օգտագործվում սուպերնախարար ձևակերպումը: Սուպերնախարարներից մեկը Սերժ Սարգսյանն էր: Մյուս սուպերնախարարը՝ Վանո Սիրադեղյանը, ով ղեկավարում էր ներքին գործերի նախարարությունը, նշանակվեց Երևանի քաղաքապետ: Այսպես ազդարարվեց ամենակարող Սիրադեղյանի քաղաքական անկումը, որն սկսեց Տեր-Պետրոսյանը, ավարտեց Ռոբերտ Քոչարյանը՝ նրան մղելով պանդխտության, անշուշտ, Վազգեն Սարգսյանի իմացությամբ ու ցանկությամբ նաև:

Վարչապետ Սարգսյանի, իսկ դրանից առաջ նաև Բագրատյանի կառավարության սուպերնախարարներից հզորագույնը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, ով երկու տարի անց սպանվեց խորհրդարանում իրականացված ահաբեկչության հետևանքով:

Սարգսյանի կառավարությունում առողջապահության նախարարը Արա Բաբլոյանն էր, այսօր խորհրդարանի նախագահ:

Վազգեն Սարգսյանի հետ հակասություններ ունեցող Վահան Փափազյանի փոխարեն արտգործնախարար նշանակվեց Ալեքսանդր Արզումանյանը, ով այսօր Հայաստանի դեսպանն է Դանիայում: Վահան Փափազյանը նշանակվեց դեսպան Ֆրանսիայում և պետական համակարգից ու քաղաքականությունից հեռացավ 1998-ի փետրվարին՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո:

Գառնիկ Նանագուլյանը ևս հեռացավ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Նա հեռացավ նաև Հայաստանից և արդեն տևական ժամանակ ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակը:

Արդարադատության նախարար Մարատ Ալեքսանյանը ևս 1998-ին հեռացավ կառավարման համակարգից, թեև կարճ ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր:

Վարչապետ Սարգսյանի կառավարության անդամներից միակը, ով այսօր էլ նախարար է, Հրանուշ Հակոբյանն է: Եթե 1996-ին Հակոբյանը սոցիալական ապահովության նախարարն էր, ապա այսօր, արդեն 10 տարի, Սփյուռքի նախարարն է:

Վարչապետ Սարգսյանի կառավարության չորս անդամներ, ինչպես Վազգեն Սարգսյանը, հեռացել են կյանքից. գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյանը,  վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար Էդուրադ Աղաջանովը, տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը:

Վերջինս նույնպես 1998թ. փետրվարին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից` ի համերաշխություն Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի:

Կապի նախարարը Գրիգոր Պողպատյանն էր, արդյունաբերությանը՝ Աշոտ Սաֆարյանը: Երկուսի մասին էլ ժամանակին մամուլում բազմաթիվ քննադատական հոդվածներ են հրապարակվել, հատկապես՝ կոռուպցիոն թեմաներով: Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը այսօր գործող վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդականն է:

Տրանսպորտի նախարար  Հենրիկ Քոչինյանը զբաղվում է դասախոսական, իսկ կրթության և գիտության նախարար Արտաշես Պետրոսյանը՝ գիտական գործունեությամբ:

Քաղաքաշինության նախարար Ֆելիքս Փիրումյանը և մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարար Արմեն Սմբատյանը աշխատում են Բաղրամյան 26-ում, երկուսն էլ Սերժ Սարգսյանի խորհրդականներն են:

Վարչապետ Սարգսյանի կառավարության մյուս նախարարներն էին. ֆինանսների՝ Լևոն Բարխուդարյան, էկոնոմիկայի՝ Վահրամ Ավանեսյան, սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների՝ Նորայր Խաչատրյան, բնապահպանության՝ Սուրեն Ավետիսյան, արտակարգ իրավիճակների պետ-նախարար՝ Ստեփան Բադալյան: Եվ վերջապես աշխատակազմի ղեկավար-նախարարը Գագիկ Շահբազյանն էր, ով նույնպես հեռացել է Հայաստանից:

Ահա այս մարդիկ էին վարչապետ Արմեն Սարգսյանի նախարարները: Կառավարության գլուխ գտնվելու 4 ամիսների ընթացքում նա չփոխեց և ոչ մի նախարարի, բայց կատարեց մի քանի կադրային փոփոխություն ավելի ցածր մակարդակում: Այսպես, 1997-ի հունվարի 28-ին նա Արտաշես Թումանյանին, ով այսօր Հայաստանի դեսպանն է Իրանում, նշանակեց հարկային տեսչության պետ Պավել Սաֆարյանի փոխարեն, իսկ մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանի փոխարեն նշանակեց Լևոն Խանոյանին: Փետրվարի 6-ին Պավել Սաֆարյանը նշանակվեց ֆինանսների նախարարի տեղակալ: Փետրվարի 4-ին վարչապետ Սարգսյանը իր խորհրդական նշանակեց Սարգիս Շահազիզյանին, այդ պաշտոնից ազատելով Արտավազ Զաքարյանին, իսկ Էդիկ Մարգարյանին ազատեց բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հաջորդ հրապարակման մեջ մենք կպատմենք, թե քանի երկիր հասցրեց այցելել վարչապետ Սարգսյանը 4 ամիսների պաշտոնավարության ընթացքում և ինչ հանդիպումներ ունեցավ այնտեղ:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Դիտել նաև՝

Արմեն Սարգսյան նախագահի թեկնածուն. ով է նա