Միացեալ Հայաստանի գաղափարը` Դաշնակցութեան գործունէութեան առանցք

1257

Հատուած Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատութիւնից:

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է Հ.Յ.Դ Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետութեան երրորդ ռազմական նախարարը:

Դաշնակցութեան գործունէութեան առանցքը կը կազմէր Միացեալ Հայաստանի գաղափարը, եւ Հայաստանի ու Անդրկովկասի որոշ մասերի հարցերը. սրանց շուրջն է, որ կը դառնային բոլոր դրսի մարմինների գոյութիւնն ու նրանց քայլերը:

Անդրկովկասում՝ 1918ին  ծնունդ էին առած երեք հանրապետութիւններ.- Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որոնք դեռ նոր իրենց կազմակերպման շրջանը կ’ապրէին. այդ հանրապետութեանց դեռ ո՛չ սահմաններն էին յայտնի եւ ոչ էլ իրենց ներքին ու արտաքին քաղաքականութեան սահմանները իրար վերաբերմամբ:

Անդրկովկասի երեք հանրապետութեանց գլխաւոր երեք ժողովուրդները՝ հայ, վրացի եւ թաթար, ունէին չլուծուած թէ՛ ազգային-մշակութային, թէ մանաւանդ սահմանային եւ տնտեսական վէճեր, որոնք անդրադառնում էին ոչ միայն իրանց փոխյարաբերութեանց վրայ, այլ նաեւ իրենց արտաքին օրիենտացիայի եւ հանրապետութեանց ներքին կեանքին վրայ:

Այդ դրութիւնը անխուսափելիօրէն ստեղծելու էր հակամարտութիւն եւ արիւնահեղ կռիւներ, որոնց առաջքն առնելու համար բարեացակամութիւնը պիտի մնային դատարկ եւ սին խօսքեր:

Հասկանալու համար ասածս, աւելորդ չէ վերյիշել Անդրկովկասի վիճակագրութիւնը եւ ժողովուրդների դասաւորումը: Անհրժեշտ է ուշադրութիւն դարձնել այդ թուերի վրայ, որովհետեւ իրօք որ Հայաստանի, Ադրբեջանի եւ մասամբ Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնները բխում են այդ տուեալներից:

Համաձայն ռուս պաշտօնական վիճակագրութեանց, 1915 եւ 1917 թուականներին՝ Անդրկովկասի 195.000 քառ. վերստ (1 քառ. վերստը հաւասար է 1.14 քառ. քիլոմեթրի) տարածութեան վրայ կ’ապրէին.-

Հայ                            1.786.000

Մահմետական          2.522.000

Վրացի                      1.784.000

Զանազան                  914.000

Գումար                     7.006.000

Ի՞նչ են ասում այս թիւերը: եթէ նկատի առնենք, որ վրացիների թուի մէջ մտնում են մօտ 130.000 մահմետական վրացիներ, իսկ 2.522.000 իսլամների մէջ մտնում են տաճիկներ, քիւրտեր, լեռնականներ, եւայլն (որոնք եթէ դուրս հանելու լինինք՝ մօտ 1. 600.000 թաթար է մնում Անդրկովկասում), ապա կարելի է եզրակացնել.

ա) Որ Անդրկովկասի թաթար, հայ եւ վրացի տարրերը համարեա հաւասար ոյժ կը ներկայացնեն.

բ) Որ հաւասար ուժերը պիտի ձգտում ունենային հաւասար կտորների բաժանել Անդրկովկասը:

Եւ իրօք, այս ուժերի հաւասարութիւնը ստեղծում էր երեք իրարու հաւասար հակադիր ուժեր, որոնցմէ իւրաքանչիւրը կը ջանար իր սահմանները գծել կամ ազգագրական իրաւացի հիմքի վրայ եւ կամ տնտեսական, զինուորական եւ քաղաքական շահերի նկատումներով:

Այդ պայքարի ընթացքում, 1919ի Ընդհանուր Ժողովի ատենը, երեք հանրապետութեանց իրական եւ փաստական դրութիւնը հետեւեալն էր.

Անդրկովկասի ազգաբնակչութիւնը 1919ի աշնան ըստ 1917-ի վիճակագրութեան

տար. (վերստ2)    Հայ     Վրացի   Մահմետական   Այլք    Գումարը

ՎՐԱՍՏԱՆ

Թիֆլիս       33.089          353.747   641.486    106.962       281.863   1.384.058

Քութայիս   19.776             4.605    993.412         281          36.113    1.034.411

Բաթում      6.540              15.182   75.839        16.079        12.741      122.841

Սոխում       6.179              20.743   50.383         2.799         135.746    209.671

Գումար      65.584            394.277  1.764.120   126.121      466.463  2.750.981

Թիֆլիսը նշուած է առանց Բորչալուի գաւառի

ԱԴՐԲԵՋԱՆ

Գանձակ    38.129            357.859    1.030       788.593     55.720   1.203.202

Բագու       36.572             120.087    9.004       934.616    217.798  1.281.505

Զաքաթալա 3.737                2.530      4.664       85.336           368       92.898

Գումար     78.438             480.476   14.698     1.808.545   273.886  2.577.605

Գանձակը նշուած է առանց Ղազախի գաւառի

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան    24.748            669.871     374         410.149       34.104   1.114.498

Կարս       17.569             123.170    4.231       158.804      118.100   404.305

Ղազախ   3.400               61.000      –              9.000            1.929     71.929

Գումար   45.717            854.041    4.605      577.953      154.133   1.590.732

Ի՞նչ են ապացուցում այդ թիւերը:

Երբ վրացիների թիւերին կը նայինք, մենք կը տեսնենք, որ համարեա ամբողջ վրաց ժողովուրդը ամփոփուած էր Վրաստանի սահմաններում, քանի որ Ադրբեջանում ընդհամէնը 15.000 վրացի էին մնացած իր սահմաններից դուրս: Ըստ երեւոյթին վրացիք պիտի իրագործած համարէին իրենց ազգային  ծայրահեղ պահանջնէրը: Սակայն, չբաւականանալով դրանով, անոնք կը հետապնդէին տնտեսական եւ ռազմական յարմար դիրքերի գրաւումը, կ’ուզէին միացնել իրենց՝ Բորչալուն ամբողջ (չէզոք գօտի), Ալեքսանդրապոլի շրջանի Բամպակ-Ղարաքիլիսէ գաւառը, եւ Կարսից Արտահանը, իսկ Ադրբեջանից Զաքաթալա գաւառը: Վրացիք այս ծայրայեղ պահանջներն ունէին, ոչ այնքան կարիքից դրդուած, կամ իրենց հզօրութիւնից, ուժից, այլ կ’օգտուէին այն հանգամանքից, որ հայերն ու թաթարները աւելի բարդ խնդիրներ ունէին լուծելու իրարու հետ, որոնք երկպառակտութեան, կռիւների պատճառ էին դառնում. օգտուելով պղտոր դրութիւնից, անոնք աւելորդ պատառներ փրցնելը նպատակայարմար կը համարէին:

Երբ կը նայինք մուսուլմանների թիւերին, մենք կը տեսնենք, որ Ադրբեջանում ամփոփուած էին 1.800.000 թաթար եւ իսլամ, Վրաստանում մնում էին 126.000 եւ Հայաստանում 577.000 իսլամներ, այսինքն Անդրկովկասի իսլամների մօտ մէկ երրորդը կը գտնուէր Հայաստանում, եւ մի շօշափելի քանակ Վրաստանում: Իրերի այդ դրութիւնը պիտի դրդէր Ադրբեջանի կառավարութեան եւ ղեկավարներին՝ աշխատել այդ իսլամ ազգաբնակչութեան, իրենց բնակուած հողամասերով, միացնել Ադրբեջանին: Նրանց այդ ձգտումը ոյժ պիտի առնէր եւ այն պատճառով, որ թաթարները ինքզինքնին կը զգային թիւով ամենից ուժեղը Անդրկովկասում (բոլոր իսլամները հաշուելով): Բացի դրանից, անոնք իրենց հարեւան ունէին Պարսից Ատրպատակնը, որին իրենց  երկրի հետագայ մասը կը համարէին. իսկ Թուրքիան կը նկատէին իրենց օժանդակ եւ դաշնակից, եւ անոր միանալը եւ սահմանակից դառնալը անմիջականօրէն, թէ՛ թուրքին եւ թէ ադրբեջանցիին ցանկալի եւ օգտակար կը համարուէր: Մի կողմ թողած տնտեսական եւ այլ պատճառները, բաւական պիտի լինէին իրենց ցեղակից իսլամներին իրենց միացնելու եւ քաղաքական իրենց հեռանկարները Պարսկաստանի եւ Տաճկաստանի վերաբերմամբ, որ Ադրբեջանում տիրող լինէր այն տրամադրութիւնը, որ պիտի ազատագրել Վրաստանի լուծից 126.000 թրքութիւնը եւ Հայաստանից 577.000 իսլամութիւնը: Այդ ձգտման հետեւանօք, Ադրբեջանի համար ոչ թէ Զաքաթալա գաւառը անվիճելիօրէն կը պատկանէր իրեն, այլեւ նա վիճելի կը համարէր Թիֆլիսի գաւառի մի մասը, եւ Բորչալուի մի մասը, որտեղ ամփոփուած էին իր 126.000 իսլամութիւնից մի խոշոր մասը (մօտ 80.000ը). այդ հողամասէրը ունենալով իր ձեռքը, Հայաստանի հիւսիսից նա պիտի միանար Աղբաբա եւ Չըլտըր իսլամներով բնակուած երկրամասերին եւ այդպիսով պիտի կապուէր Կարսի նահանգի եւ Տաճկաստանի հետ:

Որքան որ Ադրբեջանի ձգտումը ակներեւ էր, բայց թէ վրացիք շատ չէին մտահոգուած, քանի որ այդ խնդրում իրենց դաշնակից պիտի ունենային հայերին. արդարեւ, եթէ թաթարական ծրագիրը կը վնասէր Վրաստանին, անկէ խլելով որոշ հողամասեր, եւ մասամբ վտանգելով Թիֆլիսը, բայց թէ անոր իրագործումը բոլորովին պիտի խեղդէր Հայաստանը, նրան օղակելով իսլամական շղթայով մը. Հայաստանը պիտի դառնար մի փոքրիկ կղզեակ՝ սեղմուած ամէն կողմից թաթար եւ թուրք զինակիցներով: Թաթարները կը գիտակցէին, որ ուզենան, հայն ու վրացին պիտի միանան իրենց ծրագրին դէմ, ուստիւ, թէեւ 1918ին լուրջ կերպով էին դրած այդ հարցերը վրացոց առջեւ, բայց 1919ից դա յետաձգուեց, անոնք բաւականացան Զաքաթալայով, ու լռեցին Բորչալուի մասին:

Այս դրութիւնից օգտուեցին հայերը, որոնք միացած էին Հայաստանին Ղազախ գաւառի լեռնային մասը: Վրաստանը յաւկնութիւններ ունէր Ղազախը գրաւելու, իսկ Ադրբեջանը Ղազախ գաւառը ամբողջապէս իր հողամսը կը համարէր: Երբ, 1918ին, նրանք դրուեցան եղած փաստերի առաջ, երկուստեք լռելեայն ընդունեցին զայն. 1919ին եւ 1920ին լեռնային Ղազախի խնդիրը չյուզուեց եւ ոչ մի կողմից, քանի որ Վրաստանի համար աւելի ապահով էր, որ հոն նստէին հայերը՝ քան թաթարները, իսկ Ադրբեջանի համար աւելի ձեռնտու էր, որ Ղազախը հայուն լինէր, քան վրացուն: Այս բացատրութիւնները անցողակի կերպով յիշելուս նպատակն է ցոյց տալ Ադրբեջան-վրացական հակամարտութեան բնոյթը եւ պարզել մեր ու վրացիների հետագայ բանակցութիւնները, որոնց մասին պիտի անրադառնամ:

***

Եթէ Ադրբեջանը, իր ազգային եւ քաղաքական ձգտումներին հասնելու համար Վրաստանի կողմը՝ միացեալ ճակատ կարող էր գտնէլ յանձինս վրացիների եւ հայերի, նոյնը չէր լինելու եթէ նա նպատակ դնէր նախ միացնել իրեն Հայաստանի իսլամները, որոնց թիւը մեծ էր: Այս ծրագրին համար, նա իրեն աջակից պիտի ունենար թուրքին եւ Ատրպատականի թաթարին, իսկ դրա դէմ՝ միայն հայ տարրը պիտի ծառանար՝ մենակ: Ահա այդ պատճառով, Ատրպատականը, Հայաստանի վերաբերմամբ աւելի ազդու քաղաքականութիւն էր վարում, գործնական քայլեր էր առնում Հայաստանը պայթեցնելու ներսից, եւ միաժամանակ գրաւելու պետական ուժերով Հայաստանի թէ՛ անվիճելի, թէ վիճելի հողամասերը: Ցանկութեան եւ բանակցութեանց շրջանով չէր սահմանափակուած այս քաղաքականութիւնը. նա առած էր որոշ ձեւակեպում, դառնալով նշանաբան ինչպէս Ադրբեջանի կառավարութեան, նոյնպէս թաթար ժողովրդեան համար: Այդ նշանաբանը անցած էր կեանքի մէջ եւ իբրեւ գործողութիւն կատարւում էր, որի հետեւանօք հազար ու հազար զոհեր եղան երկուստեք եւ բազմաթիւ կռիւներ անվերջ ու կատաղի:

Նախքան մանրամասնութեանց անցնելը, տեսնենք թէ գործնական կերպով ի՞նչ կ’ուզէր Ադրբեջանը Հայաստանից:

Նախ կը պահանջէր, բացարձակ կերպով, որ Ղարաբաղից բոլորովին ձեռք քաշեն հայերը՝ ցանկանալով, որ Ջիւանշիր, Շուշի, Ջիբրայիլ Գանձակի լեռնամասը եւ Զանգեզուր գաւառները փաստօրէն եւ իրաւաբանօրէն ճանաչուէին իբրեւ Ադրբեջանի մաս: Այդպիսով, Գանձակի ամբողջ նահանգը պիտի անցնէր Ադրբեջանի սահմանների մէջ: Լռելեայն կ’ընդունէր միայն, որ Դիլիջան եւ Իջեւան շրջանները Հայաստանի մաս են, այն էլ վերապահութեամբ, որովհետեւ Բաշկէնտ եւ Կարակոյունլու շրջանները իրը կը համարէր:

Դրանով չէր բաւականանում Ադրբեջանը. դա միայն նախաբանն էր իր ձգտումների իրագործման: Նա կ’ուզէր իրեն միացնել Երեւանեան նահանգից՝ Նախիջեւան եւ Շարուր գաւառները, Երեւանի եւ Էջմիածնի գաւառներից՝ Սադարակի, Վեդիբասարի, Զանգիբասարի շրջանները եւ Արաքս աջ ափով, Մասիսի ստորոտներով՝ ամբողջ Սուրմալուն մինչեւ Կարսի նահանգը: Կարսի նահանգը եթէ տաճիկներին չէր լինելու, ապա նա պիտի տարածուէր մինչեւ Բաթումի շրջանը, որտեղից Ադրբեջանը դէպի ծովը ելք պիտի ունենար: Բացի դրանից, Սեւանի լճի հիւսիսային ափերը Կարակայունլու ձորի հետ միացնելով, Բասարգեչարի շրջանը կը պահանջէր Ադրբեջանը, որով Ղարաբաղի թիկունքը ամրացած կը լինէր եւ իրեն միացած իսլամ ազգաբնակչութիւնը: Այս հսկայական ծրագիրը ո՛չ դատարկ ցնորք էր եւ ոչ ալ զառանցանք. դա մատչելի եւ բնական մի ծրագիր էր համարւում թուրք-թաթարների համար, որը իբրեւ տեսութիւն չէր թողնուած դպրոցներին, այլ կեանքի մէջ կը գործադրուէր 1919ից, եւ այժմ էլ կը գործադրուի Անդրկովկասում:

Եթէ յիշեալ ծրագիրը թիւերի վերածենք կը տեսնենք հետեւեալ պատկերը.

Ադրբեջանի պահանջները Հայաստանէն

Տարածություն                        Հայ        Իսլամ       Այլք

Ղազախ*                            մոտ 1.500          –            8.000        –

Բասարգեչար                    մոտ 2.000        15.000    45.000      500

Սուրմալու                          մոտ 3.000        32.000    46.000      –

Զանգիբասար                   մոտ 1.000            –          35.000      –

Վեդիբասար, Սադարակ  մոտ 2.000          5.000     40.000      –

Շարուր                                   2.800          29.000   60.000     1.000

Նախիջևան                            4.200          54.000  81.000      1.000

գումար                                  16.500        135.000  315.000    2.500

*Ակսիբարա, Թաուզչալա, Կարակոյունլու գավառները

Կարսի նահանգ                     17.570       123.000   159.000   122.300

Զանգեզուր                              6.000        100.000   50.000          800

Կարեագին                               450          22.000        –               –

Շուշի                                        2.300         98.000    30.000          –

Ջիւանշիր                                 3.700        22.000     17.000         –

Գանձակ                                   4.000        52.000     16.000       8.200

գումար                                    16.450       294.000    113.000    9.000

Ընդհանուր գումար                 50.520      552.000    587.000   133.800

Ադրբեջանի այս պահանջների դիմաց Հայաստանը ունէր իր ձեռքին, անուանապէս, Երեւանի եւ Կարսի շրջանները, եւ ցնկութիւնը ունենալու Ղարաբաղի լեռնային մասը. ամբողջ գումարը հետեւելն էր.

Հայաստանը 1919-ին

Տարածք      Հայ          Իսլամ      Վրացի   Այլք

Հայաստան                 45.717      854.041    577.953      4.605   154.133

Ղարաբաղ

եւ Զանգեզուր             16.450    294.000     113.500        –           9.000

Ադրբեջանի ուզածը      50.520    552.000     588.000        –         132.800

Մնացորդը                     16.847    66.004       113.053     5.755     50.833

Ահա ա՛յդ էր ուզում թողնել մեզ  Ադրբեջանը՝  մի հողամաս, որը հազիւ 1/4ը կը կազմէր այն բաղձանքների, որ ընդունած էր Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր Ժողովը. մի հողամաս, որ հայ ազգաբնակութեան միայն մէկ երրորդը պիտի ամփոփէր իսկ երկու երրորդը, այսինքն 1.200.000 հայեր պիտի մնային Վրաստանի եւ գլխաւորապէս Ադրբեջանի սահմաններում: Այդ դրութիւնը հիմնովին չէր համապատասխանում ոչ հայ ժողովրդի ձգտումներին, եւ ոչ էլ Դաշնակցութեան որոշումներին, որը ասում էր արտաքին քաղաքական բանաձեւում.-

«Հրահանգել կառավարութեանը, պահպանելով Հայաստանի եւ հայ աշխատաւորութեան շահերը Ադրբեջանի սահմաններում, աշխատել բարի դրացիական յարաբերութիւն պահպանել անոր հետ»:

Այս առաձգական բանաձեւից յետոյ Ընդհանուր Ժողովը որոշ եւ յստակ հրահանգ է տալիս Ղարաբաղի եւ Զանգեզուրի մէջ:

«Ղարաբաղը եւ Զանգեզուրը համարելով անբաժանելի մաս Անկախ եւ Միացեալ Հայաստանի՝ հրահանգել.

1.- Որ միջոցներ ձեռք առնուին ապահովելու համար անոնց ազգային քաղաքական վիճակը:

2.- Որ կուսակցութեան բարձրագոյն մարմինը անմիջապէս լուրջ կարգադրութիւններ ընէ զօրացնելու կուսակցական գործունէութիւնը յիշուած երկու շրջաններու մէջ:

3.- Որ ուրոյն բարձրագոյն մարմին մը, յատուկ աշխատանքով եւ կառավարութեան միջոցով, օժանդակէ այդ շրջաններու դրամական պահանջներուն»:

Այս բանաձեւով, պարզ է, որ Դաշնակցութիւնը ոչ միայն Երեւանի եւ Կարսի նահանգները համարած է Հայաստան, այլեւ չի զիջում Ադրբեջանին Ղարաբաղն ու Զանգեզուրը. ուրիշ խօսքով ժխտում է Ադրբեջանի ձգտումները եւ պահանջում 67.000 քառակուսի վերստ տարածութեամբ Հայաստան՝ 1.200.000 հայութեամբ, ըստ վերեւի վիճակագրութեան: Այսպիսով Դաշնակցութիւնն ու Մուսաւաթը (Հայաստանի եւ Ադրբեջանի կուսակցութիւնները), եւ հայ ու թաթար ժողովուրդները իրարու դէմ են կանգնած լինում: Երկու կողմերի թէ՛ արտաքին եւ թէ ներքին քաղաքականութեան հիմքը պիտի դառնային այդ անհաշտելի սկզբունքները:

Ադրբեջանը տեսնում էր, որ հայերը չպիտի ընդառաջ գնան իր ցանկութեանց, բայց նա վճռած էր կանգ չառնել եւ ոչ մի միջոցի առջեւ: Ի՞նչ տուեալների վրայ նա յենուած կը մշակէր այդքան լայն ծրագիր, որի հետեւանօք հայ ժողովուրդը համարեա ստրկութեան պիտի դատապարտուէր եւ նրա անկախութեան ձգտումը պիտի դառնար մի ֆիքցիա: Ինչո՞ւ նա այդքան անողոք եւ վճռական էր Հայաստանի վերաբերմամբ:

Ադրբեջանի ցանկութիւնը՝ կրճատելու Հայաստանը, չունէր ոչ կրօնական բնոյթ եւ ոչ էլ թելադրուած էր ատելութիւնից եւ վրէժից, այլ պարզ հաշուի հարց էր, եւ բխում էր Ադրբեջանի քաղաքական եւ ազգային բնական պահանջներից: Մենք տեսանք, որ Անդրկովկասեան հայկական գաւառներում 700.000ից  աւելի իսլամներ կային, որոնցից 80 առ հարիւրը թաթար էին ցեղով, իրենց արիւնակից եւ կրօնակից: Ադրբեջանի ազգային արթնացման այդ շրջանում, բնական պիտի համարել, որ նա ձգտէր միացնել իրեն այդ 700.000 թուրք-թաթարութիւնը. սա բաւարար պատճառ էր, որ ինչ դրութիւն էլ լինէր Հայաստանում իսլամների վերաբերմամբ, միացման ծրագիրը առաջ գար նրանց մէջ, ինչպէս եւ առաջ էր եկած հայոց մէջ Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը՝ նոյն հոգեկան եւ ազգային հիմքերի վրայ:

Բացի դրանից, վերազարթնող Ադրբեջանի առջեւ բացուած էր մի այլ հեռանկար, այն է՝ միանալ ե՛ւ Պարսից Ատրպատականին, որտեղ 2 միլիոնից թաթարութիւն կ’ապրէր նոյն ցեղից եւ նոյն կրօնից. ինչո՞ւ այժմեանից ճանապարհ չբանալ այդ ուղղութեամբ: Բայց այդ ճանապարհի վրայ կանգնած էր Հայաստանը իր Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան, Շարուր եւ այլ գաւառներով, ուստի անհրաժեշտ էր այդ գաւառները նախ միացնել, ապագայի լայն ծրագիրների իրագործման նպատակով:

Այս երկուսը նրա ազգային հիմնական մղիչ ուժերն էին. դրա վրայ կարելի էր աւելացնել եւ տնտեսական պատճառներ, որոնք աւելի հրահրելու էին եւ արագացնելու նրա ազգային դիտաւորութիւնները: Օրինակ վերցնենք միայն արօտատեղիների, եայլաների խնդիրը, որը խիստ կենսական էր Ադրբեջանի համար. առանց փոքր Կովկասի լեռների խաշնարածութիւնը եւ կենդանիները մահուան են դատապարտուած Ադրբեջանի տափաստաններում. նոյնիսկ ազգաբնակչութիւնը կարիք ունի իր առողջութեան եւ տնտեսական կարիքների համար այդ լեռներին: Այդ հանգամանքը կպչում էր թաթարի գրպանին եւ աւելի գրաւիչ դարձնում Հայաստանի լեռնագաւառները կորզելու գաղափարը: Ազգային հարցը ձուլւում էր տնտեսականի հետ եւ աւելի ոյժ ու թափ էր տալիս Հայաստանի ոչնչացման գաղափարին:

Ադրբեջանն ունէր եւ մի ուրիշ հիմնական քաղաքական ուղղութիւն. նա կ’ուզէր յենարան ունենալ իր անկախութիւնը պահելու եւ ազատուելու ռուսի եւ այլոց յարձակումներից, եւ այդ յենարանը կը տեսնէր յանձինս Թուրքիոյ: Այսպէս թէ այնպէս, թուրքն էր նրան ազատել եւ անկախ դարձրել, եւ 1919ին, թուրքերն էին ղեկավարը Ադրբեջան երկրին՝ յանձինս Նուրի եւ Խալիլ փաշաների: Բնական էր, որ թուրք ղեկավարները ցանկային միացնել Բագուն՝ Մակուի եւ Կարսի վրայով, Անգորա-Պոլսի հետ, եւ թաթարներն էլ այդ պիտի ցանկանային, քանի որ այդ միջոցով միայն ամուր յենարան պիտի ունենային Թուրքիայի մէջ:

Այս երեք հիմնական պատճառներն էին Ադրբեջանի շարժիչ ուժերը. բայց կային հաւանականութիւններ յաջողութեան. կային պատճառներ, որ այս ծրագիրը համարուէր իրագործելի եւ նպատակայարմար:

Պիտի ասել, որ այդ ծրագիրը տեսականօրէն ամենից դիւրինն էր իրագործելու, եւ ըստ երեւոյթին, առանց մեծ զօրքերի Ադրբեջանը պիտի հասնէր իր նպատակներին, որովհետեւ բոլոր տուեալները անոր կողմն էին: Ոչ մի ուժ չէր երեւում, որ կարողանար դրմագրաւել իր ցանկութեանց: Ասածներս պարզելու համար ներկայացնենք 1918 թուի դրութիւնը:

Ադրբեջանին վտանգ սպառնացող Դենիկինեան եւ բոլշեւիկ ուժերը այնքան էին զբաղուած իրարու հետ, որ նրանք առանձին վտանգ դեռ չէին ներկայացնում: Յամենայն դէպս, Հայաստանը փրկելու համար օգնութեան չպիտի փութային՝ իրենց բան ու գործը թողած: Ընդհակառակն, լեռնային Դաղստանը համարեա անկախ էր եւ մի պատուար իրեն եւ ռուսի մէջտեղ: Իր արեւմուտքում, Վրաստանը չէր շահագրգռուած Ղարաբաղի, Նախիջեւանի եւ այլ խնդիրներով. նա, կա՛մ բարեացակամ կամ չէզոք պիտի մնար Հայաստանի կործանման հանդէպ, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հարաւից իրեն ճամբայ բանալով իր ազգային քաղաքական նպատակների համար, պիտի մոռնար Բորչալուն եւ այլ հարցերը: Եթէ Վրաստանը շատ հեռատես էլ լինէր, դարձեալ նա չէր կարողանալու ժողովրդական պատերազմ անել իր դէմ՝ յանուն Հայաստանի պահպանման:

Հարաւում, Պարսկաստանը, իր Ատրպատական երկար նահանգով, ինքը ընկած էր քեմալական ուժերի ազդեցութեան ներքեւ. Մակու եւ այլուր, տաճիկն [թուրքը-խմբ. ԱՆԻի] էր ուղղութիւն տուողը: Պարսկաստանը չէր որ իր չէզոքութիւնը խախտելով, պիտի յանուն Հայաստանին միջամուխ լինէր Ադրբեջանի գործերին:

Թուրքիան բարեկամ էր եւ օժանդակող, քանի որ թուրքի ծրագիրն էր որ կ’իրագործուէր, իսկ Դաշնակիցները՝ թաթարները տեսած էին հենց իրենց աչքով, որ գնում են եւ չեն ուզում ուժ գործադրել:

Էլ ո՞վ էր մնում այդ ծրագրի դէմ ելլելու. միայն հայութիւնը: Ադրբեջանը շատ լաւ գիտէր հայութեան թէ՛ հոգեկան եւ թէ ֆիզիքական վիճակը: Նա գիտէր, որ պիտի իր դէմ ծառանան, ամենից շատ, 1.200.000 հայերը, որ կ’ապրին Հայաստանում եւ վիճելի հողամասերում, բայց նա կարող էր հաշուել, որ այդ 1.200.000ից անց թաթարութիւն, ուրեմն, թիւի եւ քաղաքական դրութեան կողմից, բոլոր տուեալները իրենց կողմն էին:

Հայերը գուցէ դրամ եւ զէնք ունէին կռուելու համար: Բայց Բագուի մի հորը միայն՝ այնքան եկամուտ է տալիս որքան ամբողջ Հայաստանը իր ունեցածով: Ճիշդ է, հայերն ունէին պատրաստուած սպաներ եւ զինուորութիւն, բայց, դրան փոխարէն կային թուրք սպաներն ու չաւուշները: Դրա վրայ պիտի աւելացնել, որ Ադրբեջանի ձեռքն էր Հայաստանի հաղորդակցութեան բանալին. եթէ նա ուզենար կարող էր դադարեցնել երթեւեկը Հայաստանում՝ մազութ (քարիւղ) չտալով: Այս եւ բազմաթիւ այլ տուեալներ յօգուտ Ադրբեջանի յաջողութեան կը խօսէին, եւ բնաւ անհաշիւ չէր նրա կողմից չափուիլը Հայաստանի եւ հայ ժողովուրդի հետ:

Ադրբեջանը մի խիստ կարեւոր առաւելութիւն եւս ունէր, որ յաճախ աչքաթող ենք արած, բայց որը ամենավտանգաւոր զէնքը կարող էր լինել անոր ձեռքին: Մենք՝ վիճակագրութիւնը միայն ի նկատի առնելով ասում ենք.- «Հայաստանը Հայաստան է, որովհետեւ հոն ապրող ժողվուրդներիմէջ հայերը կա՛մ համեմատական կամ բացարձակ  մեծամասնութիւն են կազմում»: Այդ այդպէս է, երբ նկատի կ’առնենք ժողովուրդների թիւը, եւ մոռանում ենք նրանց բռնած տարածութիւնը: Եթէ Երեւան, Կարս նահանգների ոչ թէ ժողովուրդների թիւը, այլ նրանց բռնած երկրամասը ի նկատի առնենք, այդ պարագային պիտի գայինք, 1919ին, այն շատ տխուր եզրակացութեան, որ Հայաստան չկայ, որ Հայաստանը իր բռնած տարածութիւններով, գիւղերի քանակով, աւելի Թաթարիստան է քան թէ Հայաստան: Չպիտի վրդովուիլ փաստի առաջ, այլ հաշուի առնել: Եւ եթէ այդպէս մօտենանք հարցին, կը տեսնենք, որ Երեւանեան նահանգում կային հետեւեալ գիւղախումբերը.

ԵՐԵՒԱՆԵԱՆ ՆԱՀԱՆԳԻ ԳԻՒՂԵՐԸ

Զուտ հայ գիւղախումբ                                  28

թաթար                                                        18

քիւրտ                                                           6

ռուս                                                              9

Հայ եւ թաթար խառն գիւղախումբ                52

——

113

Դրանից պիտի եզրակացնել.

1.- Որ թէեւ Երեւանեան նահանգում հայերը մեծամասնութիւն էին կազմում, բայց նրանք համախմբուած են եղել խոշոր կեդրոններու. իսկ թուրքերն ու քիւրտերը աւելի փոքր կեդրոնների մէջ են տեղաւորուած եւ բռնած մեծ տարածութիւններ համեմատած իրենց թուի հետ:

2.- Որ գիւղախմբերի կէսը բնակուած լինելով հայ-թաթար խառն բնակչութեամբ, իսկ մէկ քառորդը լինելով զուտ թաթար կամ քիւրտ, Երեւանեան նահանգը իրօք վէճի առարկայ կարող էր լինել երկու ժողովուրդների միջեւ:

3.- Որ եթէ թաթարների կազմակերպումը լաւ տարուելու լինէր Հայաստանում, խիստ դիւրութեամբ այդ տարածութիւն բռնող թաթարները պիտի պայթեցնէին բերդը ներսից եւ զայն գրաւէին:

Եթէ ուսումնասիրելու լինենք գիւղերի դասաւորումը, էլ աւելի տխուր պատկեր պիտի տեսնենք: Պիտի տեսնենք, որ հայերը, լինելով հանդերձ երկրի տէրը, բնակւում են լեռների փէշերում, հեռու գլխաւոր ճանապարհներից, որոնք բռնուած են թաթարով եւ ռուսով: Մանրամասնութիւնների մէջ մտնել չ’արժեր, քանի որ վերեւի թիւերը բաւական են պարզելու այն դժուարութիւնները, որոնց առաջ պիտի կանգնէր հայն ու նրա կուսակցութիւնը՝ Դաշնակցութիւնը:

Աւելի սարսափելի պատկեր կը ներկայացնէր Կարսի նահանգը, որտեղ թէեւ մենք համեմատական մեծամասնութիւն էինք, բայց թէ երկիրը բնաւ մերը չէր: Տեսնես թիւերը.-

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԻ ԳԻՒՂԵՐԸ

Զուտ հայ գիւղախումբ                                                 2

Հայ, քիւրտ, թուրք խառն գիւղախումբեր                      2

Զուտ տաճիկ գիւղախումբ                                             8

Զուտ քիւրտ գիւղախումբ                                              13

Զուտ յոյն գիւղախումբ                                                   3

Զուտ ռուս գիւղախումբ                                                  8

Զուտ ղարափափախ գիւղախումբ                                  3

——-

39

Գոնէ պարզ էր այս նահանգի պատկերը: Եթէ Երեւանի նահանգը ըստ տարածութեան վիճելի ասպարէզ էր, Կարսի նահանգը անվիճելիօրէն, ըստ բռնած տարածութեան, յամենայն դէպս, հեռու էր Հայաստան լինելուց՝ 39ի վրայ 2:

Ազգաբնակչութեան այս ձեւի անհամաչափ դասաւորումը պատճառ պիտի դառնար, Հայաստանի զանազան անկիւներում, ապստամբութիւնների ծագելուն եւ անջատողական կամ ինքնիշխանական տենչերի զարգանալուն. այդպիսի պարարտ հողի մէջ, բնականօրէն, թէ՛ թաթար Ադրբեջանը եւ եւ թէ Տաճիկստանը պիտի կարողանային դիւրութեամբ իրենց ծրագիրները ամրացնել եւ պատուաստել:

Մի երկրի արտաքին եւ ներքին քաղաքականութիւնները այնքան են իրարու հետ շաղկապուած, որ դժուար է նրանց ճիշդ սահմանները որոշել: Առաւել եւս Հայաստանի Հանրապետութիւնը, որը ստոր էնտրիգների եւ գործողութեանց թատր է դարձած իր ծնած օրից իսկ: Այդ պատճառով էլ նախքան Հայաստանի ներքին քաղաքականութեան անցնիլը, պէտք է տեսնել, թէ Ադրբեջանը 1919ին իր ծրագիրները իրագործելու համար, ի՞նչ գործնական քայլեր էր առնում եւ ինչե՞ր էր դաւում Հայաստանի դէմ:

Այդ պարզելուց յետոյ, հասկանալի կը լինին ազգամիջեան կռիւները, թաթարների արտաքսումը եւ մասմբ կոտորումը, հայ-ադրբեջանական կռիւները, Ղարաբաղի եւ Զանգեզուրի կռիւները, Բիւրօ-Կառավարութեան երեւան գալը եւայլն…: Ուստի պէտք է ձանձրալի աշխատանք անել, եւ հինը վերյիշել:

Արդէն բերածս վիճակագրութիւնից եւ Ադրբեջանի ձգտումները պարզելիս, պիտի տրամաբանօրէն եզրակացնէինք, որ Ադրբեջանը, որը Տաճկաստանի քաղաքականութիւնը կը վարէր՝ հոն նստած Իթթիհատի ղեկավարների թելադրութեամբ, պիտի հետեւեալը ձեռնարկէր Հայաստանի վերաբերմամբ.

1.- Արտաքին աշխարհում պիտի վարկաբեկէր Հայաստանը, պիտի ջանար չէզոքացնել Հայստանին եւ կամ նրա թշնամիներին աւելացնել. միաժամանակ պիտի ձգտէր իր պահանջած հողամասերը դիպլոմատիական միջոցներով իրենց կցել:

2.- Հայաստանին, որը սովի էր մատնուած եւ միաժամանակ ոչ մի միջոց ունէր իր հաղորդակցութիւնները կանոնաւորելու, նա պիտի առեւտրական բոյկոտի ենթարկէր, չպիտի տար հաց, մազութ եւայլն, ու պիտի ջանար ամէն կերպով, որ ուրիշներն էլ չտային Հայաստանին, որպէսզի նա տնտեսական խիստ ծանր կացութեան ենթարկուի: Այդ յաջողցնելու համար, որտեղ հնար էր, պիտի փակէր ճանապարհները:

3.- Նա պէտք է կազմակերպէր իր բանակը, զայն համախմբէր Հայաստանի սահմաններում եւ պիտի ջանար ներս խուժել ու գրաւել:

4.- Հայաստանում ընկած 700.000 իսլամներին՝ նա պիտի կազմակերպէր, դրամ, զէնք եւ մարդ պիտի տար, որ չճանաչեն Հայաստանի իշխանութիւնը, քայքայեն նրան, ստեղծեն անկախ իշխանութիւններ (իր մարդկանց ղեկավարութեամբ եւ կամ ինքնիշխան ազգային խորհուրդներով): Այդպէսով, պիտի զբաղեցնէր հայ զօրքին եւ թուլացնէր Հայաստանը, որպէսզի, Ադրբեջանի զօրքի վերջնական մի հարուածով քանդէր Հայստանը եւ ընդունել տար իր ցանկութիւնները:

5.- Նա պիտի լրտեսէր Հայաստանը, կաշառելով ե՛ւ հայերին ե՛ւ ուրիշներին:

Հասկանալի է ուրեմն, որ Ադրբեջանի այս ձեռնարկներից մեծապէս պիտի ազդուէին մեր թէ՛ ներքին, թէ՛ արտաքին, թէ՛ զինուորական եւ թէ տնտեսական քաղաքականութիւնները: