Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց Հայաստանին. նա կստանա 2500 եվրո, թեև պահանջել էր 80 հազարից ավելի

1408

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Դրանով պատասխանող պետությունը պարտավորվում է հայցվորին վճարել 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում, տեղեկացնում է ՍԻՎԻԼՆԵԹը։

Արզումանյանը հայցադիմումի մեջ պահանջել էր ավելի քան 80 հազար եվրո:

2017թ․ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Ալեքսանդր Արզումանյանը Հայաստանի դեմ հայց էր ներկայացրել 2007թ․ դեկտեմբերի 29-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Որպես արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007թ․ մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։

Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է  հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ  իրավապահներից թաքնվելու հիմքերը։

Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007թ․ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է Հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։

Ալեքսանդր Արզումանյանը  համարում է, որ խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։

2007թ․ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում, և համաձայնության գալով 2005-ից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:

Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։