Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող վեց թիմերից երկուսը՝ Երևանի «Ալաշկերտն» ու «Փյունիկը», հաղորդագրություններ են տարածել, համաձայն որոնց այդ ակումբները գարնանային մրցաշրջանից առաջ նախապատրաստական հավաքներն անց են կացնելու նաև Թուրքիայի Միջերկրականի ափին՝ Անթալիայում և Ալանիայում:
Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական ֆուտբոլային ակումբները ձմեռային ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Թուրքիայում: Այսպես, 2015-ի փետրվարին բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ութ թիմերից հինգը ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ թիմերն էին Երևանի «Փյունիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Ալաշկերտը», ինչպես նաև Գյումրիի «Շիրակը»: Այդ տարի Երևանի «Արարատը» և «Միկան» ուսումնամարզական հավաքներն անցկացրին համապատասխանաբար Ռուսաստանի Սոչի քաղաքում և Կիպրոսում: Կապանի «Գանձասարը» ուսումնամարզական հավաք չանցկացրեց ընդհանրապես, քանի որ ակումբը տնօրինության հետ կապված խնդիրներ ուներ:
Այսպիսով, արձանագրենք, որ հայկական ֆուտբոլային ակումբները ձմեռային ուսումնամարզական հավաքները նախընտրում են անց կացնել Անթալիայում, որտեղ ձմեռը մեղմ է և արևոտ, հյուրանոցային և մյուս ծառայությունները անհամեմատ ավելի մատչելի են, քան այլ երկրներում: Բացի այդ, Թուրքիա մեկնելու համար այցագրի դժվարություն չի առաջանում, քանի որ Հայաստանի քաղաքացիները կարող են 25 դոլարով բազմակի այցագիր ստանալ թուրքական սահմանադռներին և օդանավակայաններում և այդ երկրի տարածքում մնալ մեկ ամիս:
Խորհրդային տարիներին Հայաստանի թիմերը ձմեռային ուսումնամարզական հավաքներն անց էին կացնում հիմնականում Սոչիում (Ռուսաստան), Գագրայում (Աբխազիա/Վրաստան), Եվպատորիայում (Ուկրաինա/Ռուսաստան):
Հայաստանի բնակլիմայական պայմանները, մեծ հաշվով, ֆուտբոլային ակումբներին հնարավորություն չեն տալիս հունվար և փետրվար ամիսներին բացօթյա մարզումներ անցկացնել, և թիմերը ստիպված են լինում, բավականին մեծ գումարներ ծախսել և ձմեռային ուսումնամարզական հավաքներն անցկացնել արտերկրում, տվյալ դեպքում՝ Թուրքիայում:
Վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զգալի աշխատանքներ է տարել աշխարհում ամենասիրված և մասսայական սպորտաձևը Հայաստանում ևս մասսայական դարձնելու ուղղությամբ: Ֆուտբոլի ակադեմիաներ են բացվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Տասնյակ փոքր դաշտեր են բացվել Երևանում և մարզերում:
Ժամանակն է, որպեսզի Հայաստանը ևս ունենա ֆուտբոլային ակումբերի համար ձմեռային մարզաբազաներ հանրապետության տարածքում: Դրա համար կարիք կլինի միլիոնավոր դոլարների ներդրումներ, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ ներդրումներն անհրաժեշտ և արդարացված են: Դրանից շահելու են ակումբները, մասսայական ֆուտբոլը և պետությունը:
Հայաստանում կա երկու շրջան, որտեղ ձմռանը ձյուն հազվադեպ է տեղում, հունվար և փետրվար ամիսներին ցերեկը օդի ջերմաստիճանը միջինը 0-ից բարձր է: Այդ շրջաններն են Դեբեդի հովիտը Նոյեմբերյանում՝ Տավուշ, և Արաքսի հովիտը Մեղրիում՝ Սյունիք:
Այս երկու շրջաններում ֆուտբոլային մարզաբազաներ ունենալու դեպքում Հայաստանի ակումբները հնարավորություն կստանան ձմեռային հավաքները կամ դրանց մի մասն անցկացնել երկրում՝ խուսափելով դրսում անհարկի միջոցներ վատնելուց: Ամենաէժան երկիր համարվող Թուրքիայում ֆուտբոլային ակումբները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու համար ծախսում են շուրջ 25 միլիոն դրամ, ինչը, հաշվի առնելով ակումբների ֆինանսական հնարավորությունները, զգալի ծախսեր են:
Դեբեդի և Արաքսի հովիտներում ֆուտբոլի (և ոչ միայն) ձմեռային մարզաբազաներ ունենալը կնպաստի ֆուտբոլի մասսայականացմանը ինչպես այդ շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանում:
Բացի այդ, Դեբեդը և Արաքսը Հայաստանը բաժանում են համապատասխանաբար Վրաստանից ու Իրանից: Երկու երկրներում էլ ֆուտբոլը, ինչպես Հայաստանում, թիվ մեկ մարզաձևն է: Նոյեմբերյանի և Մեղրիի շրջաններում որակյալ ֆուտբոլային մարզադաշտեր ունենալու դեպքում հնարավորույթուն կստեղծվի հունվար և փետրվար ամիսներին ընկերական հանդիպումներ անցկացնել Վրաստանի և Իրանի ֆուտբոլային ակումբների հետ:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարում՝ «Ալաշկերտի» թիմը՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ