Հայկական բանակում 2017-ին արձանագրվել է մահացության 60 դեպք. ՀՔԱՎ տեղեկանք

1040

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում արձանագրված մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանք:

Տեղեկանքում ներկայացված են 2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց կողմից:

1 դեպք լուսաբանվել է միայն լրատվամիջոցներով:

2017-ին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 38 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել արձանագրված դեպքերից 22-ը:

2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով:

Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:

Վերջին 7 տարիների կտրվածքով ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 2014 և 2015 թթ.-ին, իսկ 2016-ին ու 2017-ին կտրուկ աճել է: