«Փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես»

2625

Պատերազմի, ստատուս քվոյի և խաղաղության բանավեճը՝ 20 տարի անց

20 տարի առաջ այս օրերին՝ 1998-ի հունվարի 7-8-ին, Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որն էլ, ըստ էության, վճռվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

1997-ի սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում, ապա նոյեմբերի 1-ին «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման իր պատկերացումները և պաշտպանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած փուլային տարբերակը:

Այդ նիստին մասնակցած 20 պաշտոնյաներից միայն Տեր-Պետրոսյանն է, այն էլ՝ սեղմ ձևով, ներկայացրել բանավեճի մանրամասներ՝ դուրս թողնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Ինչքանո՞վ են իրականություն դարձել այն օրերի պաշտոնյաների կանխատեսումները: Այս հրապարակման մեջ հիմնականում կկենտրոնանանք Տեր-Պետրոսյանի տեսակետների վրա, քանի որ հենց նա էր պաշտպանում փուլային տարբերակը, որին դեմ արտահայտվեցին Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը պնդում էին. «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա։ Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից և ուժերի մոբիլիզացիայից», «Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ և խստացնելով հարկերի հավաքման գործընթացը», «Սփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն»:

Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, ի հակադրություն Տեր-Պետրոսյանի, ով կարգավորման կողմնակից էր, առաջարկում էին. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն»:

Քոչարյանը, ով տասն ամիս առաջ էր նշանակվել վարչապետ, ընդգծում էր. «Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար», «Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաև մեկուսացման պայմաններում», «Արտագաղթն այլևս չի սպառնում Հայաստանին, հակառակը՝ արդեն դիտվում են ներգաղթի միտումներ»:

Վազգեն Սարգսյանը, ով այն օրերի ամենակարող մարդն էր երկրում, պնդում էր. «Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել։ Մեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից», «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»:

Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնում. «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել»:

Արկադի Ղուկասյանն ասում էր. «Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ», իսկ «Ապաշրջափակումը հնարավոր չէ ապահովել, ցանկացած պատրվակով Ադրբեջանը կարող է խախտել այն»:

Ներկայացնենք Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները: Նա պատասխանում է ընդդիմադիրներին, ինչպես նաև՝ ընդգծում կարգավորման փուլային տարբերակի առավելությունները:

«Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաև հաղթահարելով շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավելով միջազգային աճող ճնշումները։ Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի»։

«Կարծիք արտահայտվեց, որ մեր ժողովուրդը հանուն Ղարաբաղի դեռ կդիմանա։ Ես էլ եմ կարծում, որ մեր ժողովուրդը հանուն իր սոցիալական վիճակի բարելավման չի վտանգի Ղարաբաղի գոյությունը։ Բայց նրա սոցիալական դժգոհությունը կարտահայտվի բոլորովին այլ կերպ՝ արտագաղթի վերսկսումով»։

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա»։

«Պնդմանը, թե իբր արտասահմանյան ներդրումների հոսքը կախված չէ ղարաբաղյան հակամարտությունից, և դրանք կարելի է ապահովել, եթե Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականություն վարեն, ես, չմերժելով այդպիսի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը, գտնում եմ, որ դրա արդյունքն այնուամենայնիվ չնչին է լինելու»։

«Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական և շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից և մասամբ՝ Իրանից։ Բնական և շահավետ նախ և առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարևաններն են։ Աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարևաններին։ Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի: Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն նաեւ որպես ամենակարճ տարանցիկ ճանապարհներ մի դեպքում՝ դեպի Եվրոպա և արաբական աշխարհ, մյուս դեպքում՝ դեպի Իրան, Ռուսաստան ու Միջին Ասիա»։

«Ամենացավալին ու վտանգավորը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից՝ դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման»։

«Հասկանալի չէ նաև, թե ինչի վրա է հիմնված Սփյուռքից ակնկալվող օգնության հսկայական չափը՝ տարեկան շուրջ 400–500 միլիոն դոլար։ Ասվում է, որ մինչև հիմա Սփյուռքի հետ լավ չենք աշխատել, նրա հետ հարաբերությունները ճիշտ չենք կառուցել, այդ պատճառով էլ առայժմ նրանից չնչին օգնություն ենք ստացել։ Եթե անգամ այս դիտողություններն արդարացի համարենք, չեմ կարծում, որ Սփյուռքին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը կարող է պնդել, թե նա Հայաստանին տարեկան 400–500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու կարողություն ունի»:

«Ինձ համար բաց է մնում նաև այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի և Իրանի հետ»։

«Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ»։

«Ինչ վերաբերում է այն բանին, թե՝ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները, մենք զենք կստանանք Իրանից, ապա կարծում եմ, դա էլ զուրկ է առարկայական հիմքից»։

«Չգիտեմ, որքա՞ն տեղին է նաեւ Իսրայելի և Հայաստանի իրավիճակների համեմատությունը։ Իսրայելն, այո, բոլոր հարեւանների հետ ռազմական առճակատման մեջ գտնվելով հանդերձ, կարողացել է ապահովել իր տնտեսական զարգացումն ու ռազմական հզորությունը, բայց նա երբեք չի ենթարկվել այնպիսի շրջափակման, որի մեջ գտնվում է Հայաստանը։ Իսրայելն ունի հարյուրավոր կիլոմետրանոց ծովային սահման և մի քանի հզոր ռազմա-առևտրային նավահանգիստներ։ Ինչպե՞ս կարելի է խոսել Իսրայելի մեկուսացման մասին, երբ նա նաև տարեկան շուրջ 4 միլիարդ դոլարի օգնություն է ստանում հրեական Սփյուռքից, մոտավորապես նույնքան էլ՝ ԱՄՆ-ից»։

«Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»։

«Ստիպված եմ կրկնել. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։

«Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ նախագահը»։

«Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։

1998-ի փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

Թաթուլ Հակոբյան

ՍԻՎԻԼՆԵԹ