«Հնչակ», «Երիտասարդ Թուրքիա», «Երիտասարդ Հայաստան». Ստեփան Սապահ-Գիւլեան

1632

Հատուած Ստեփան Սապա-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից

—-

ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄՆԵՐ.- Մինչեւ այդ ժամանակ՝ Ֆրանսիական Պարլամենտի մէջ մի խօսք անգամ չէր եղել Հայերի եւ Հայկական խնդրի մասին. թէեւ Բրիտանական Պարլամէնտը շատ անգամ նրանով զբաղուել էր: Հարկաւրո էր Պաշտօնական Ֆրանսիան էլ խօսէր: Այդ նախաձեռնութիւնը բացառապէս պատկանում է Ս. Դ. Հնչակեաններին. նա էր՝ որ Հայկական Խնդիրը Ֆրանսիական Պարլամենտի ամբիոնին վրայ հանեց մի քանի անգամ:

Նախ դիմուեցաւ Կոմս դը Մէօնին. հաւանութիւնը առնուեցաւ եւ պէտք եղած ամէն տեղեկութիւններ, վաւերաթղթեր տրուեցան. նոյնը եղաւ ե՛ւ Դընի Կոշէնին: Շաբաթների տքնաջան աշխատանքի արդիւնք էին դրանք: Դա աջ թեւն էր. – ֆրանսիական պահպանողականութիւնը: Հարկաւոր էր , որ պաշտօնական Ֆրանսիան, Կեդրոնն էլ խօսէր. Այդ մասից ո՛չ մէկը յանձն առեց. Պրն. Դէշանէլը մտածելու ժամանակ ուզեց, բայց վերջը յանձն չառաւ: Մեզ պէտք էր Ժորէսը: Թէ՛ Կոմս դը Մէօնը եւ թէ՛ Դընի Կոշէնը՝ կողմնակի կերպով հասկացրին, որ շատ թանկագին պիտի համարէին նրա աջակցութիւնը:

Ժօրէսի հետ մեր Կուսակցութիւնը մի թեթեւ պատմութիւն էր ունեցած:

Այդ ժամանակները, դեռ 1895ին, Ուլիամ Լիբկնեխտը «Ֆօրուարց»ի մէջ մի երկար յօդուած էր հրատարակել՝ պաշտպանելով այն միտքը, որ «Հայկական կոչուած Շարժումները», «Հայաստանի խլրտումները» ոչ այլ ինչ էին, եթէ ոչ ռուսական գործակալութիւնների ստեղծագործութիւններ. մի տեսակ քաղաքական արուեստական արտադրութիւններ, որպէսզի այդպիսով առիթ ստեղծուէր եւ Ռուսիան իր բանակները Հայաստան մտցնէր ու «Փոքր Ասիան» տիրէր. ուստի պրոլետարական շահի տեսակէտով, որ իր զարգացման համար խաղաղութեան պահանջ ունէր, թելադրում էր բոլոր սոցիալիստներին՝ որ Շարժումներին հակառակ դիրք բռնէին եւ թոյլ չտային որ Ռուսիա յառաջ խաղացում ունենար եւ ծանրանար ընդհանուր Եւրոպայի վրան՝ թէ՛ Եւրոպայի եւ թէ Ասիայի կողմից: Լիբկնեխտը, ուրեմն, Հայկական Դատի դէմ մաքառիլը «Ռուս բռնակալութեան» դէմ մաքառելու պայման էր համարում: Յայտնի սոցիալիստի աչքից Թուրք բռնակալութիւնը խուսափել էր. եւ Հայ Ազգի զարթնումի, դատի, նրա պահանջների մասին ա՜յդքան անիմաստ եւ անհեթեթ տեղեկութիւններ ունէր:

Ժօրէսը, որ իր փառքի գագաթնակէտին էր հասած որպէս հռետոր՝ եւ ա՜յնքան մեծ ձեռնհասութեամբ խօսում էր Ֆրանսիական ներքին եւ ընդհանուր պրոլետարական խնդիրների մասին, դեռ նոր սկսել իր ուժերը մարզել արտաքին քաղաքականութեան, նամանաւանդ օտար երկրների վերաբերյալ խնդիրների մէջ: Ժօրէսի այս վերջին ուղղութեամբ գրածները, սկզբներում կատարեալ մի համբակի տպաւորութիւն էին թողնում ընթերցողի վրան. երեւում էր, որ սեպհական  ջրի մէջը չէր լողում: Թէեւ շատ չանցած, իր արտաքոյ կարգի աշխատասիրութիւնը, կորովամտութիւնը՝ այդ սահմանների մէջն էլ նրան անմրցելի դարձրին:

Որովհետեւ Լիբկնեխտի հեղինակութիւնը անվիճելի էր եւ նրա անկեղծութիւնը վեր ամէն կասկածից, ուստի Ժօրէսը տպաւորուելով այդ յօդուածից, արծարծուած մտքերը ճիշդ համարելով, մի սուր յօդուած գրեց «Լա Պիտի Րէպիւպլիկ»ի մէջ, – որ այդ ժամանակ Միլլըրանի խմբագրութեամբ էր հրատարակւում եւ ֆրանսիական բոլոր սոցիալիստների բերանն էր համարւում, բացի Ժիւլ Գէտից եւ իր կողմնակիցներից.- եւ ինքն էլ «Հայ նացիոնալիստական» շարժման դէմ խօսեց, որպէս արդիւնք Ցարիզմի սադրանքներին:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան կողմից Ժորէսին մի մասնաւոր յիշատակագիր ներկայացուեց, որի մէջ՝ բաւականին ընդարձակ կերպով՝ բացատրուած էր Հայերի տնտեսական եւ քաղաքական վիճակը Թուրքիայում, Հայկական Դատի ծագումը եւ նրա աստիճանական զարգացումը, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան հիմնական սկզբունքները, գաղափարաբանութիւնը եւ իր ջանքերով ու ղեկաւարութեամբ արտադրած շարժումները, գործերը. մասնաւորապէս շեշտուած էր 1895, Մայիս 11ի Ծրագրի մասին: Բացատրուած էր որ Ս. Դ. Հնչակեանները մօտեցած էին խնդրին՝ սոցիալիստական գաղափարաբանութեամբ՝ սկզբից ի վեր. եւ նրանք չէին կանգնած իր կարծած «ազգայնական» հողի վրան եւ թէ ի՛նչպէս, ամբողջ սոցիալիստական աշխարհը, նոյն իսկ պրոլետարական շահի տեսակէտից, հրամայական պարտականութիւն ունէր օգնելու, որ Հայ Ազգը, Հայաստանը եւ նրա մէջ եղող այլասեռ բոլոր ազգաբնակչութիւնները իրենց ազատագրութիւնը ձեռք բերէին, թօթափելով Թուքր բռնակալութեան ստրկացնող լուծը: Յիշատակագիրը ոչինչ էր խնայած՝ խնդիրը, որքան կարելի է, պարզ կերպով ներկայացնելու եւ ցոյց տալու՝ որ ամէն երկիր սոցիալիստները նո՛յնը կ’անէին, նո՛յն դիրքը կը բռնէին, ինչ որ Հայ սոցիալիստները՝ յանձին Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան, եթէ իրենք էլ մեր տեղը լինէին եւ նոյնպիսի խնդիրների առաջ կանգնած լինէրին: Ու վերջը կոչ էր անում Ժորէսի սոցիալիստական, ընկերային պարտականութեանը՝ յառաջ մղուելու եւ Հայկական Դատի պաշտպանութեան մէջ բաժին ստանձնելու:

Սրանից յետոյ՝ Ժորէսը իր առաջուայ թէզը թողեց եւ մի քանի փոքրիկ յօդուածներով Թուրք բռնապետութեան դէմ յարձակում գործեց:

Երբ, ուրեմն, Ժորէսին ներկայացայ, խնդրելով որ ինքն էլ մասնակցէր Հայկական Խնդրի մասին լնիելիք հարցապնդումին, նա ամենայն պատրականութեամբ ընդունեց առաջարկս, միայն տատանուեց՝ թէ սոցիալիստական տեսակէտով ո՜րքան ուղիղ կը լինէր պահպանողականների, բուրժուաների հետ ընկերակցել՝ էն էլ հրապարակապէս. ուստի ժամանակ խնդրեց միւս  ընկերներին էլ տեսնելու: Մի քանի անգամ գնալ-գալուց, բացատրութիւններից եւ միւս խօսողների պաշտպանած գլխաւոր գաղափարների մասին տեղեկութիւններ առնելուց յետոյ՝ վերջապէս խօսք տուեց. միայն խնդրեց ծածուկ պահել եւ ոչ ոքի չասել իր մասնակցութիւնը՝ մինչեւ որոշեալ օրը: Հայկական հարցի, Հայ ժողովրդի մասին՝ պատմական, ազգագրական, տնտեսական, ընկերային, քաղաքական բազմակողմանի տեղեկութիւններ առնելուց եւ ծանօթագրելուց յետոյ՝ Ժորէսը խնդրեց տալ այն  Հայ Պատմագիրները, որ ամէնից լաւ են արտացոլացրել Հայ ժողովրդի բարքն ու վարքը, նրա միջազգային յարաբերութիւնները: Ես մատնանշեցի գլխաւորապէս Խորենացին եւ Եղիշէն ու տուեցի Վիկտոր Լանգլուայի երկհատոր, Նուբար Փաշայի ծախքով հրատարակուած, Հայ գլխաւոր պատմագիրների թարգմանութիւնը: Խորենացու «Առնական ոճը» եւ Եղիշէի «քնարերգութիւնը» ուղղակի նրան հիացրել էին:

Հայկական Խնդրի առթիւ՝ տեղի ունեցաւ, 3 Նոյեմբեր 1896, առաջին Հարցապնդումը: Խորհրդարանի սրահը մինչեւ բերան լիքն էր. Ժողովուրդը խռնուած էր շրջափակի չորս կողմը, որովհետեւ նախարարական տագնապ յառաջանալու շշուկներ կային: Դիւանագիտական օթեակը լեփ լեցուն էր: Խօսքը բացեց Դընի Կոշէնը. նրան յաջորդեց Կոմս դը Մէօնը: Երկու պահպանողական պատգամաւորներ, բացի պերճախօսութիւնից, մեր ցաւերի ճարտար պատկերացումից, ներկայացրին վեհոգի, ասպետական Ֆրանսիան՝ իր պատմական թռիչքովը. հրաշալի կերպով բացատրեցին, պաշտպանեցին մեր Դատը:

Երբ նախագահ Բրիսսոնը յայտարարեց թէ՝ «խօսքը քաղաքացի Ժորէսինն է», իրարանցումը սաստիկ եղաւ. դա մի անակնկալ էր ամէնքի համար: Ժորէսը արագ քայլուածքով ամբիոնի աստիճանից վեր բարձրացաւ եւ սեղանի վրայ դրեց Արգայիլ Դուքսի գիրքը ու բերանը բացաւ…: Ժորէսի այդ օրուայ ճառը կը մնայ մի գլուխ-գործոց՝ մարդկային լեզուի ճարտարախօսութեան պատմութեան մէջ: Դեմոսթենէս, Կիկերոն ունին հրաշակերտներ, բայց նրանցից եւ ո՛չ մէկը յաջողել է ա՛յնպիսի կենդանի պատկեր տալ, ինչպէս արաւ Ժորէսը՝ Սասունի 1894ի ժողովրդական ապստամբութեան եւ կռուի իրադարձութիւնները ներկայացնելիս. մէկը չկար, որ չզգածուէր. Ամէն աչք իր շրթունքից էր կախուած: Ու երբ դարձաւ դէպի աջ՝ համաձայնեց, որ ասպետական Ֆրանսիան իր պարտականութիւնը չի կատարել. Եւ քննադատութեան տարափը թափեց Ռուսական ու Ֆրանսիական միացեալ քաղաքականութեան վրայ, որ յառաջ չնետուեցան եւ Բռնապետի բազուկը չխորտակեցին ու թոյլ տուեցին, որ մի ազգ կոտորուէր. Ու իրենք ոճրագործ հանդիսատեսի դերի մէջ մնացին…: Նախապատրաստ Մէլիքը բողոքեց, ասաց՝ որ «իր երկրին վնաս է տալիս՝ այդպիսի խօսքեր անելով բեմից»: Նախագահ Բրիսսոնը զանգահարեց, պահանջեց, որ իր խօսքերը ետ առնի: Ժորէսը մի երկու անգամ ետ ու առաջ գնաց ամբիոնի վրայ, յանկարծ կանգնեց Բրիսսոնի առաջ, ծանր, չափերով, կէս ժպտուն հեգնանքով ասաց, որ ինքը «պատրաստ է իր խօսքերը ետ առնելու, եթէ ֆրանսիական իր այս չորս տարուայ պատմութիւնը ջնջէր»: Ու Ժորէսը մնաց Ժորէս, անփոխարինելին: Բեմից իջաւ նա՝ մօտ մէկ եւ կէս ժամ խօսելուց յետոյ: Հայ Յեղափոխականը, մեր նահատակները, մեր Ս. Գործը երբեք աւելի բարձր թարգման չէին կարող ունենալ:

Յետոյ բեմ բարձրացաւ «Իտտիհատ»ականների եւ Միւնիր Բէյի հռետոր՝ Հումբերտը, որի շէմքը օրեր շարունակ մաշել էր Ահմէտ Րզան: Այս այն պարոնն է, հիմա Ծերակոյտի անդամ, որ վերջին պատերազմից մի քանի շաբաթ առաջ՝ մատնանշեց Ֆրանսիական զինուորական պատրաստութեան անբաւականութիւնը, մանաւանդ ծանր հրետանիի տեսակէտով:

Հումբերտը խօսեց, բայց վարձկանի ոգւով, որովհետեւ Կ. Պոլսոյ քարափների արտօնատնէր էր, ուրեմն ամէն գնով իր տէրերի շահը պիտի պաշտպանէր. Եւ առանց կարմրելու, թէեւ ոչ համոզուած մարդու շեշտով, ասաց որ Հայկական Դատը սարքող, առաջ մղողը, այս բոլոր տակն ու վրայութիւնները անողը Անգլիան է. եւ Ֆրանսիայի ու իր դաշնակից Ռուսիայի պարտականութիւնն է միատեղ գործել եւ թոյլ չտալ որ Ալբիոնի խարդաւանքները յաջողութիւն գտնեն: Բացատրեց, որ Հայերը գոհ են իրենց վիճակից, վայելում են ամէն տեսակ խրաւունքներ, եւ միայն զանազան պետութիւնների ձեռքին գործիք եղող խմբակներն են, որ նրանց հաշուին խռովութիւններ են յարուցանում. Մինչդեռ Հայ Ազգի մեծամասնութիւնը ո՛չ մի գանգատ ունի Օսմանեան կառավարութեն դէմ: եւ պաշտօնական տեղեկութիւնների հիմունքից խօսելով՝ պնդեց որ կոտորածների բուն պատասխանատուն Հայերն են, որովհետեւ նախայարձակը նրանք են եղել եւ Թուրքերը միայն պաշտպանելու են, եւ այլն, եւ այլն, – տափակութիւններ՝ որ մի կաշառուած ուղեղ միայն կարող էր ստեղծել:

Դադարից յետոյ, պատգամաւորների զբօսասրահի մէջ ենք. խօսակցութեն ընդհանուր նիւթը՝ եղած հարցապնդումներն էին: Մի պատգամաւոր, Կեդրոնին պատկանող, իր գլխին հաւաքած լրագրողներին եւ պատգամաւոր ունկնդիրներին՝ ասաց. «Ժորէսը փիլիսոփայ է, հռետո, բայց ո՛չ թէ քաղաքագէտ. Նա ամենամեծ բնասը հասցրեց. Երբ ֆրանսիական ժողվուրդը ամէն բան իմանայ, նա զգացմուններով տարուող է, անմիջապէս յուզումի նոպանների մէջ կը մտնի եւ ահա՛ քեզ պատերազմ. սկ մենք, ներկայումս, ո՛չ ցամկացող ենք, ո՛չ էլ շահ ունինք այդպիսի պատերազմից. Լրագրութեան պարտականութիւնն է մեղմել ամէն բան»:

Մի ուրիշը պատասխանեց. «եթէ Ժորէսը քաղաքագէտ չէ, թող դուք ձեր քաղաքագիտութեամբ յառաջ մղուէիք եւ Ֆրանսիական արեւելյան աւանդութիւնները, նրա շահերը ոտնակոխ չանէիք եւ այդպիսի գծուծ դիրք չբռնէիք, որից ամէն ֆրանսիացի միայն պիտի կարմրի. Ժորէսի ասածը դեռ քիչ էր…»:

Այսպէս, Հայ Յեղափոխութիւնը, հակառակ իր կրած ժամանակաւոր ձախողանքներին, մնաց կենդանի ուժ. նա եղաւ պաշտօնական եւ անպաշտօն Եւրոպայի կարմիր ուրուականներից մէկը:

ԿՐԵՏԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ՕՐԵՐՈՒՄ.- Կրետէն ապստամբութեան դրօշ էր բարձրացրել. 1897, Յունաստանը պատերազմ էր հրատարակել Թիւրքիային: Սպասւում էր, որ Բալքանեան միւս պետութիւններն էլ պատերազմի դաշտ դուրս գան: Ի՞նչ պիտի լինէր մեր դիրքը: Հայ ժողովուրդը հակառակ իր ստացած ծանր վէրքին, դեռ կռուելու ուժ ունէր պատմական մի այդպիսի վճռական վայրկեանին: Եւ ահա՛ այդ վայրկեանը ամէն րոպէ կարող էր գալ. նա ստեղծելու վրայ էր. ի՞նչ պիտի անէինք մենք, ձեռքներս ծալած նայի՞լ թէ՝ հարուածող կողմ հանդիսանալ եւ առիթից օգտուել:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը՝ երկար տարիներ առաջ՝ մասնաւոր պայմանագրութիւն ունէր Կրետացի Յեղափոխականների հետ: Պայմանագրի տակը ստորագրողներից մէկն էլ եղել էր այսօրուայ տիեզերահռչակ Վենիզելոսը, իր այժմեան հակառակորդ Միխայելիտիսի հետ, որոնք այն ժամանակները պարզ Յեղափոխական վարիչներ եւ առաջնորդներ էին: Եթէ Բալկանեան ընդհանուր բոցավառում տեղի ունենար՝ Սերբիան, Բուլղարիան ասպարէզ մտնէին, մենք անպայման պիտի մասնակցէինք: Արդէն 1896ի Զէյթունի ապստամբութեան մասնակցող եւ արտասահման գտնուող ընկերներին իմաց էր տրուել, նոյնիսկ դրամական ձեռնտութիւն անելու՝ զինուելու գործի համար: Ընկեր Աւետիս Նազարբէկը եկաւ Պարիզ: Տեղի ունեցաւ ընդհանուր խորհրդակցութիւն: Հարկ եղաւ շօշափել ե՛ւ Նուբար Փաշայի կարծիքը, գիտնալ նրա տրամադրութիւնն էլ:

Նուբար Փաշայի կարծիքը եղաւ. «Հայկական մասնակի  Շարժումները այլեւս դադար պիտի առնեն, քանի որ Եւրոպական պետական խմբակցութիւնները սուր հակամարտութեան մէջ են եւ կարող են մեզ զոհել՝ Թուրքին հաճոյանալու իրենց քաղաքականութեան մէջ: Հայերը սպասողական դիրք պիտի բռնեն, նրանք ճկուն ժողովուրդ են, կարող են դեռ դիմանալ, մինչեւ որ Թուրքիայի դիրքերը աւելի ճշդուէին եւ գէթ մեծամասնութիւնը հակաթուրք ուղղութիւն ստանար. իսկ այս օրերիս մէջ հարկաւոր է չաճապարել, սպասել իրերի լիակատար զարգացմանը»:

Դիմեցինք ե՛ւ Հանրի Րոշֆորին. նա այդ ժամանակ մի քանի միլիոն ֆրանկով օգնութեան էր հասած Կուբայի ապստամբներին: Մեր մասնակցութիւնը նա բացարձակ անհրաժեշտութիւն համարեց՝ այն դէպքում, երբ Բուլղարիան եւ Սերպիան էլ առաջ կը գային եւ Թիւրքիան փշրուել կը սկսէր: Ինքը խոստացաւ, այդ պարագային, 25-30 հազար Ֆրանսիացի իր հաշուով զինել, պատրաստել եւ Ֆրանսիական ու հայկական դրօշակով, պէտք եղած ամէն պաշարով, Կիլիկիայի ափերը հանել: «Ես Հանոտոյին ցոյց պիտի տամ, որ իր կաղ ու կոյր դիւանագիտութիւնը արգելք չի կարող լինել, որ ասպետական Ֆրանսիայի դրօշակը չծածանուի իր ազատութեան համար կռուող մի ժողովրդի առաջին շարքերի մէջ…: Դա կը լինի իմ ազատագրական պայքարներիս պսակը, գլուխ-գործոցը: Ես պատրաստ եմ եւ այսօրուանից գործի կը սկսեմ, սրպէսզի յանկարծակի չգամ…»:

Այդ ժամանակ էր, որ Ռոշֆորը մեզ պատմեց, թէ ի՛նչպէս, մի քանի օր առաջ, Մելքոն Խանը եկել եւ իրենց խնդրել էր, որ ընդունէր Սուլթան Համիդի ուղարկած պատուիրակ Ճէմալէտտին Փաշային, որ նպատակ ունէր Եւրոպական մամուլը եւ Հայ Յեղափոխականներին կաշառել, եւ Տիրան Քէլէկեանին արդէն յաջողել էր իր ցանցի մէջն առնել ու իր գործակիցը դարձնել: Մելքոն Խանի թախանձանքին տեղի տալով, – որովհետեւ նրան էլ յանձնարարել եւ խնդրել էր Արթին փաշա Տատեանը, – վերջապէս զիջել էր ձեւականապէս նրան ընդունելու, որպէսզի՝ եթէ հնար էր՝ «խօսք քաշէր»:

«Նախ հարցրի, պատմեց, շա՛տ լաւ. միայն իմ լռելովս ի՞նչ կը լինի. չէ՞ որ ուրիշները կը գրեն: Ու Սուլթանի դիւանագէտը ժպտալով ինձ տուեց անունները ա՛յն բոլոր թերթերի, ու քաղաքական անձերի, որոնք արդէն կրծօն էին առել. յետոյ հարցրի, լա՛ւ, մի՞թէ իմ լռութեան գինն էլ նրանց չափով պիտի լինի. ու Փաշան այս անգամ ինձ ցոյց տուեց գումարների ցուցակը՝ ստացողների. եւ աւելացրեց որ՝ 6 միլիոն ֆրանկ էլ արդէն Վիլհէլմ Կայսրին ենք տուել: Ինձ մնում էր իմ գինը որոշել. եւ ինքը պատրաստ էր տալու ուզածս: Ես էլ ասացի. գնա, թող մտածեմ. վաղը ե՛կ եւ կը պատասանեմ: Ահա՛ վաղը «Էնթրանսիժան»ի մէջ իմ կաշառուելու փորձը երեւան պիտի բերեմ»:

Եւ կէս դար անընդհատ պայքարող այդ մարդը, Նապոլէոն Գ.-ին գլորող գլխաւոր ուժերից մէկը, այնքան նախարարութիւններ տապալող այդ հզօր միտքը, որ համայն ջիղ, անսպառ եռանդ էր ներկայացնում, եւ հակառակ իր յառաջացած տարիքին ոգեւորւում էր Յեղափոխութիւն, Յեղափոխական բառերը լսելիս,- արդարեւ իր խօսքը կատարեց. հետեւեալ օրը ամէն ինչ իր թերթի մէջը հրապարակ դրեց եւ պատգամաւոր Փաշային էլ ասաց՝ որ իր «գնի» մասին երթայ իր տիրոջը հարցնի ու նորից վերադառնայ:

Բալկանեան ընդհանուր բոցավառում տեղի չունեցաւ. Սերբիան եւ Բուլղարիան չշարժուեցան. Յունաստանը մինակ մնաց, եւ Արեւելյան Պատմութեան այդ մասնակի էջն էլ փակուեց: Մենք էլ մեր տեղը մնացինք եւ ետ կեցանք մեր մտադրութիւնից, քանի որ մեր ակնկալած պարագաները մէջտեղ չեկան:

Հայկական Դատը զօրեղ յենակէտ ձեռք բերեց Պարլամէնտի մէջ: Լայնածաւալ մամուլի, մտքերի մշակմանը է՛լ աւելի նպաստեցին՝ նրանից յետոյ եղող կուսակցական, խմբային եւ մասնակի ջանքերը, ինչպէս եւ յաջորդ հարցապնդումնները:

«Յառաջադիմութիւն եւ Կարգ» բնաբանով, Թիւրքիայի ազգայնական հողի վրայ վերածնեցնելու գաղափարաբանութեամբ յառաջ եկող «Իտտիհատ»ականութիւնը դարձեալ սմքեց: Միւնիր Բէյն էլ իր անկիւնը քաշուեց:

Պայքարը դադար չառաւ:

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.- Անուրանալի է, որ Թուրք սահմանադրութեան գաղափարը հետզհետէ ծաւալ էր առնում. «Երիտասարդ Թուրքեր»ը աստիճանաբար ազդեցութիւն էին ձեռք բերում եւ հող պատրաստում: «Մէշվէրէթ»ի ֆրանսերէն հրատարակութիւնն էլ քիչ գործ չէր տեսնում. բայց թոյլ կէտն այն էր, որ Հայերը, ինչպէս եւ Եւրոպացիներից շատ շատերը, Սահմանադրութիւն, Սահմանադրական Թիւրքիա ասելով՝ քաղաքական ա՛յլ դրութիւն, ա՛յլ կազմաւորութիւն էին հասկանում, քան՝ «Իտտիհատ»ականները, որոնց Սահմանադրական հասկացողութիւնը Միդհատի «Սահմանադրութիւն»ից այն կողմը չէր անցնում եւ հարազատ շարունակողներն էին թրքական յարձակողական ազգայնական այն քաղաքականութեանը, որ աւելի քան կէս դարու հնութիւն ունէր:

Խնդրի այդ մասը, առաջին անգամ, ձեռք առաւ Ս. Դ. Հնչակեան գրականութիւնը: Մեր Բ. րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովից յետոյ, երբ «Հնչակ»ը վերստին հրատարակուել սկսեց, – մօտ երկու տարուան դադարից յետոյ- Կեդրոնական Վարչութեան օրակարգի առաջին կարեւոր խնդիրներից մէկն եղաւ զբաղուել «Երիտասարդ Թուրքեր»ով: «ՀՆՉԱԿ»ը, 1899ից սկսած մինչեւ 1901ը, մանրամասնօրէն վերլուծեց, պատմական արաւ «Երիտասարդ Թիւրքիայ»ի, ցոյց տուեց նրա ներքին միտումները եւ «Սահմանադրութեան» ազգայնական էութիւնը: Մնացածը շարունակեց «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»ը:

Մեր կուսակցութիւնը, բացի իր անընդհատ պայքարից, կատարեց իր պարտականութիւնը ե՛ւ նրանով, որ Հայ ժողովրդին ներկայացրեց, գրեթէ իր ամբողջ էութեանը մէջ, Թուրք Կուսակցութիւնը. որ իր գործունեութեան շրջանակի մէջն էր ուզում առնել ե՛ւ Հայ Ազգը ու Հայկական Դատը: Այդ մասին մեր գրականութիւնը ծածուկ ոչինչ չէ թողած. ամէն ինչ բացատրած, պարզած է: